Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1159-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.02.2006-25.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.853
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին`

- մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նոր հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և անցկացնել անհրաժեշտ այլ կազմակերպական միջոցառումներ.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել աշխատակազմի` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

ա) 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը.

բ) 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի բարելավման մասին» ՆՀ-361 հրամանագիրը.

գ) 2000 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մասին» ՆՀ-471 հրամանագիրը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 20
Երևան
ՆՀ-1159-Ն

 


 

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ Նախագահի
2002 թ. օգոստոսի 20-ի
ՆՀ-1159-Ն հրամանագրով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) պետական կազմակերպություն է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Աշխատակազմի հիմնադիրը ՀՀ Նախագահն է:

3. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

4. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:

5. Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում ՀՀ անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

7. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

8. Աշխատակազմն ունի ՀՀ զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Աշխատակազմի անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,

անգլերեն` Office to the President of the Republic of Armenia,

ռուսերեն` Аппарат Президента Республики Армения:

10. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26:

 

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են` կազմակերպել և պայմաններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ՀՀ Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար`

ա) ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու ՀՀ Նախագահի գործառույթի իրականացումը.

բ) ՀՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի գործառույթների իրականացումը.

գ) ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.

դ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.

ե) ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.

զ) իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.

է) ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված հարցերով ՀՀ Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացումը.

ը) ՀՀ Նախագահի` որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.

թ) («թ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.05 ՆՀ-229-Ն).

ժ) ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

ժա) միջազգային պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու գործառույթի իրականացումը.

ժբ) ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

(11-րդ կետը փոփ. 13.12.05 ՆՀ-229-Ն)

12. ՀՀ Նախագահի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախապատրաստում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների (այդ թվում` օրենքի ուժ ունեցող), ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.

բ) նախապատրաստում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.

գ) ապահովում և վերահսկում է ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.

դ) վերահսկում է ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և ՀՀ կառավարության որոշումների կատարումը.

ե) կազմակերպում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.

զ) ապահովում է ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.

է) ապահովում է կուսակցությունների և հասարակական միավորումների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.

ը) ապահովում է օտարերկրյա պետական մարմինների և պաշտոնատար անձանց, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.

թ) ապահովում է ՀՀ Նախագահի կողմից կադրային և պետական ծառայության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

ժ) ուսումնասիրում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

ժա) հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.

ժբ) պարբերաբար վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա իր նախաձեռնությամբ համապատասխան առաջարկություններ մշակում.

ժգ) կազմակերպում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և օգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.

ժդ) համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատական մարմինների, ՀՀ դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի, գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.

ժե) կազմակերպում և ապահովում է ՀՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.

ժզ) մասնակցում է ՀՀ կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

ժէ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար և այլ անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժը) իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց` ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում` դրանք համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ՀՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.

ժթ) կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ` դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.

ի) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

իա) ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում մարդու իրավունքների, տեղեկատվության միջոցների ազատության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների իրականացման վերաբերյալ.

իբ) ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում պետական շինարարության հարցերի վերաբերյալ.

իգ) ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

իդ) վերահսկում և տեղերում ստուգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և ՀՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ Նախագահին համապատասխան միջնորդություններ կամ զեկուցումներ է ներկայացնում:

Աշխատակազմն իրականացնում է օրենքով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:

 

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են`

ա) հետևյալ հայեցողական պաշտոնները` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Նախագահի խորհրդականները, ՀՀ Նախագահի առաջին օգնականը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ՀՀ Նախագահի օգնականները և ՀՀ Նախագահի ռեֆերենտները.

բ) ՀՀ Նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները (ծառայություն, վարչություն, քարտուղարություն, գործերի կառավարչություն, բաժին).

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն):

(13-րդ կետը լրաց. 18.01.06 ՆՀ-9-Ն)

Աշխատակազմը կարող է ունենալ իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

 

4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Աշխատակազմը կառավարում է ՀՀ Նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է ՀՀ Նախագահին:

15. ՀՀ Նախագահը`

ա) աշխատակազմի խնդիրներին համապատասխան սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.

բ) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը.

գ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի ղեկավարին, ՀՀ Նախագահի խորհրդականներին, ՀՀ Նախագահի առաջին օգնականին, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարին, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ՀՀ գլխավոր ռազմական տեսչին, ՀՀ Նախագահի օգնականներին և ռեֆերենտներին.

դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և ցուցումները.

զ) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

է) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.

ը) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(15-րդ կետը լրաց. 12.04.04 ՆՀ-56-Ն, 18.01.06 ՆՀ-9-Ն)

16. Աշխատակազմում ՀՀ Նախագահին անմիջականորեն ենթարկվում են` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Նախագահի խորհրդականները, ՀՀ Նախագահի առաջին օգնականը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ՀՀ Նախագահի օգնականները, ռեֆերենտները, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը:

(16-րդ կետը լրաց. 12.04.04 ՆՀ-56-Ն, փոփ. 13.12.05 ՆՀ-229-Ն, 18.01.06 ՆՀ-9-Ն)

17. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը`

ա) ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

բ) ՀՀ Նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.

գ) ՀՀ Նախագահի ստորագրմանը կամ վավերացմանն է ներկայացնում ՀՀ օրենքները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերի վավերագրերը, հայտարարագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.

դ) ստորագրում է ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.

ե) ՀՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը, ինչպես նաև ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունները, այդ թվում` դրանց փոփոխությունները.

զ) իրականացնում է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործունեության ընդհանուր համակարգումը.

է) համաձայնեցնելով ՀՀ Նախագահի հետ, հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը.

ը) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

թ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, և ՀՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժ) ՀՀ Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

ժա) արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

ժբ) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս ՀՀ անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ, ինչպես նաև տալիս է ՀՀ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ժգ) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին, հանձնարարականներ է փոխանցում ՀՀ նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին` ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.

ժդ) մասնակցում է ՀՀ կառավարության նիստերին, այդ թվում` դռնփակ.

ժե) վերահսկում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների պատշաճ կատարումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.

ժզ) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և համակարգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

ժէ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժը) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

ժթ) հաստատում է աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.

ի) ՀՀ Նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.

իա) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

իբ) իրականացնում է օրենքով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(17-րդ կետը լրաց. 12.04.04 ՆՀ-56-Ն, փոփ. 13.12.05 ՆՀ-229-Ն, 18.01.06 ՆՀ-9-Ն)

18. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալներ, որոնք գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

19. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նրա առանձին գործառույթները կատարում են աշխատակազմի ղեկավարի տեղակալները:

20. Աշխատակազմի ղեկավարի տեղակալները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ՀՀ Նախագահի որոշմամբ աշխատակազմի ղեկավարին փոխարինում է նրա տեղակալներից մեկը:

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ

 

22. ՀՀ Նախագահի խորհրդականները`

ա) ՀՀ Նախագահի հետ համաձայնեցնելով, կազմում են իրենց աշխատանքային ծրագիրը.

բ) պարբերաբար ՀՀ Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր` իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ` առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

գ) աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քաղաքականության լուսաբանմանը և իրականացմանը.

դ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

ե) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

զ) ՀՀ Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարել ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

է) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ` շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

ը) առաջարկություններ են ներկայացնում ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

թ) կատարում են ՀՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:

ՀՀ Նախագահի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ՀՀ Նախագահը:

23. ՀՀ Նախագահի առաջին օգնականը`

ա) ՀՀ Նախագահի հետ համաձայնեցնելով` կազմակերպում է ՀՀ Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում ՀՀ Նախագահի հաստատմանը.

բ) կազմակերպում է ՀՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը` համագործակցելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց հետ.

գ) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, այդ ուղղությամբ համակարգում նրանց գործունեությունը.

դ) կազմակերպում է ՀՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը և վերահսկում դրանց կատարման ընթացքը.

ե) աշխատում է ՀՀ Նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ.

զ) վարում է ՀՀ Նախագահի անձնական արխիվը.

է) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և պաշտոնատար անձանց է ուղարկում ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր` դրանք ուսումնասիրելու և ՀՀ Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

ը) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է ՀՀ կառավարության նիստերին, այդ թվում` դռնփակ.

թ) համակարգում է ՀՀ Նախագահի օգնականների և ռեֆերենտների ընթացիկ աշխատանքները.

ժ) կատարում է ՀՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:

24. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը`

ա) ներկայացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեսակետները ՀՀ և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

բ) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

գ) ՀՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.

դ) իր գործունեության ծրագրավորման մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկներ և վերլուծություններ է ներկայացնում ՀՀ Նախագահին, ՀՀ Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

ե) կազմակերպում է ՀՀ Նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

զ) ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս համագործակցում ՀՀ Նախագահի օգնականների, ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.

է) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

ը) կատարում է ՀՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:

25. ՀՀ Նախագահի խորհրդականները, ՀՀ Նախագահի առաջին օգնականը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը կարող են ունենալ աշխատակիցներ:

26. ՀՀ Նախագահի օգնականները կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ՀՀ Նախագահին:

ՀՀ Նախագահի օգնականները`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցելով, ՀՀ Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.

բ) առաջարկություններ են նախապատրաստում ՀՀ Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

գ) մասնակցում են ՀՀ Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

դ) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ.

ե) կազմակերպում և իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.

զ) առաջարկություններ են ներկայացնում ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

է) ծանոթանում են ՀՀ Նախագահի փոստին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ը) կատարում են ՀՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի և ՀՀ Նախագահի առաջին օգնականի առանձին հանձնարարականներ:

ՀՀ Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ՀՀ Նախագահը:

27. ՀՀ Նախագահի ռեֆերենտները`

ա) իրականացնում են ՀՀ Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

բ) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

գ) կատարում են ՀՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի և ՀՀ Նախագահի առաջին օգնականի առանձին հանձնարարականներ:

ՀՀ Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ՀՀ Նախագահը:

28. ՀՀ Նախագահի սահմանած գործառույթներն ու հանձնարարականները կատարելիս ՀՀ Նախագահի խորհրդականները, ՀՀ Նախագահի առաջին օգնականը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ՀՀ Նախագահի օգնականները և ռեֆերենտները համագործակցում են միմյանց, աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

29. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսվածների) գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

31. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

32. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`

ա) իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

բ) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են ՀՀ Նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին, ուղևորություններին, ինչպես նաև ՀՀ կառավարության նիստերին.

գ) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կարող են իրենց իրավասության շրջանակներում անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ կամ հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

դ) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում մասնակցում են հարցերի քննարկմանը.

ե) ՀՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված և իրենց փորձաքննությանը հանձնված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարող են պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր ու անհրաժեշտ տեղեկատվություն (փաստաթղթեր).

զ) իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ Նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին` վերջիններիս պահանջով, զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից սպասարկվող բնագավառներին առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

է) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ, հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր են պահանջում համապատասխան մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից.

ը) իրականացնում են ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ գործառույթներ:

33. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ` բաժիններ և այլն:

34. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:

35. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները համապատասխանաբար իրականացնում են հետևյալ գործառույթները`

35.1. Արտաքին կապերի վարչությունը`

- կազմակերպում է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.

- կազմակերպում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատանքը.

- հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում օտարերկրյա պետություններում քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն.

- ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող աշխատանքները.

- ուսումնասիրում է արտաքին քաղաքականության ոլորտում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ.

- ՀՀ Նախագահի արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ կատարում է ուսումնասիրություններ և պատրաստում հիմնական տեղեկատվություն:

35.2. Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը`

- լուսաբանում է ՀՀ Նախագահի գործունեությունը.

- ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

- ապահովում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

- կազմակերպում է ՀՀ Նախագահի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ինչպես նաև լրատվության միջոցների ղեկավարների հետ հանդիպումներ.

- ապահովում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի ճեպազրույցների, ասուլիսների, խորհրդակցությունների և այլ գործառույթների իրականացումը.

- լուսաբանում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ՀՀ Նախագահի կողմից ստորագրված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.

- Ինտերնետում կազմակերպում և պահպանում է ՀՀ Նախագահի էջը.

- կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ և դրանք ներկայացնում աշխատակազմի ղեկավարին ու ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարին:

35.3. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը`

- իր իրավասության շրջանակներում ապահովում է ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

- դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

- ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

- ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

- բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին ներկայացնելու համար:

35.4. Պետաիրավական վարչությունը`

- իրականացնում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.

- համակարգում է ՀՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի փորձաքննության աշխատանքները.

- իրավական փորձաքննություն է իրականացում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ՀՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի `ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ իրավական համակարգին և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ.

- ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր:

35.5. Տնտեսագիտական վարչությունը`

- իրականացնում է ՀՀ Նախագահին ներկայացվող փաստաթղթերի տնտեսագիտական փորձաքննությունը.

- համապատասխան մարմինների հետ համագործակցելով, քննության է ենթարկում սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերող ծրագրերի և իրավական ակտերի հիմնադրույթները և նախագծերը.

ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է տնտեսության համապատասխան բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

- ՀՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին վերլուծություններ և զեկուցագրեր է ներկայացնում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական կացության և երևույթների վերաբերյալ.

- ՀՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տնտեսական օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ:

35.6. Քարտուղարությունը`

- իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.

- իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների նախնական մշակումը, առաջարկությունների ներկայացումը, ՀՀ Նախագահին ներկայացվող` հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օպերատիվ տեղեկատվության հավաքումը.

- վերահսկողություն է իրականացնում քարտուղարության միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.

- ապահովում է ՀՀ Նախագահի ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացվող փաստաթղթերի լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը, սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է հիշյալ փաստաթղթերի (բացառությամբ` գաղտնի) նախապատրաստումը (խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում), անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնօրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանումը և արխիվ հանձնումը.

- ապահովում է Ազգային ժողովից ստացված ՀՀ օրենքների թարգմանությունների վերստուգումը և խմբագրումը, անհրաժեշտության դեպքում` ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և այլ ակտերի թարգմանությունը.

- կազմակերպում և վարում է արխիվային և գրադարանային գործը:

35.7. Գործերի կառավարչությունը`

- ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ և կապիտալ շինարարությունը, ավտոտրանսպորտային և բժշկական սպասարկումը.

- ապահովում է աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայության անխափան աշխատանքը.

- աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմին ենթակա կազմակերպությունների գործունեության վերահսկումը և համակարգումը.

- համապատասխան մարմինների, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է ՀՀ Նախագահի ղեկավարած պատվիրակությունների այցերի, ՀՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը.

- ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը:

35.8. Արարողակարգի բաժինը`

- ապահովում է ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը.

- իր իրավասության շրջանակներում ապահովում է ՀՀ Նախագահի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, ՀՀ-ում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգը.

- իր իրավասության շրջանակներում ապահովում է ՀՀ Նախագահի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացումը:

35.9. կադրերի վարչությունը`

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնում է ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.

- կազմակերպում և ապահովում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորման աշխատանքները.

- կազմակերպում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը.

- ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.

- նախապատրաստում և հաշվառում է աշխատակազմի ղեկավարի հրամանները:

(35.9-րդ կետը փոփ. 30.09.02 ՆՀ-1185-Ն)

35.10. Առաջին բաժինը`

իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումը աշխատակազմում, հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը:

35.11. Համակարգչային ծառայությունների բաժինը`

- ապահովում և սպասարկում է աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը, շահագործումը.

- աշխատակազմում կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերը:

35.12. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչությունը`

- աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

- ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.

- սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

- ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:

(35.12-րդ կետը փոփ. 26.06.03 ՆՀ-68-Ն)

36. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց իրավասության հարցերով նախապատրաստում են ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծեր, ինչպես նաև իրականացնում են ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով կամ աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրենց վերապահված այլ գործառույթներ:

 

7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

39. Աշխատակազմն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

40. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

41. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

42. Աշխատակազմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և իրավասու պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

 

8. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Աշխատակազմում գործավարության կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը` համաձայնեցնելով ՀՀ Նախագահի հետ:

44. Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ՀՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերը կամ դրանց նախագծերը, աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան, համաձայնեցվում են աշխատակազմի շահագրգիռ պաշտոնատար անձանց, կառուցվածքային ստորաբաժանումների և պետաիրավական վարչության հետ:

 

9. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:


ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար
Ա. Թումանյան

 

Հավելված 2

 


Հաստատված է
ՀՀ Նախագահի
2002 թ. օգոստոսի 20-ի
ՆՀ-1159-Ն հրամանագրով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Աշխատակազմի ղեկավար

2. ՀՀ Նախագահի խորհրդականներ

3. ՀՀ Նախագահի առաջին օգնական

4. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

5. ՀՀ Նախագահի օգնականներ

6. ՀՀ Նախագահի ռեֆերենտներ

7. Արտաքին կապերի վարչություն

8. Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

9. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն

10. Պետաիրավական վարչություն

11. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն

111 . ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն

12. Տնտեսագիտական վարչություն

13. Քարտուղարություն

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 13.12.05 ՆՀ-229-Ն)

15. Գործերի կառավարչություն

16. Արարողակարգի բաժին

17. կադրերի վարչություն

18. Առաջին բաժին

19. Համակարգչային ծառայությունների բաժին

20. Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն

21. Աշխատակազմին ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններ

22. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ

 

(Հավելվածը փոփ., լրաց. 30.09.02 ՆՀ-1185-Ն, փոփ. 26.06.03 ՆՀ-68-Ն, խմբ. 12.04.04 ՆՀ-56-Ն, փոփ. 13.12.05 ՆՀ-229-Ն, լրաց. 18.01.06 ՆՀ-9-Ն)


ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար
Ա. Թումանյան