ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունիսի 2016 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՈՅԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՄԻՋԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի հունիսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի փետրվարի 3-ին Մակաոյում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի (այսուհետ` Պայմանավորվող կողմեր) միջև:
Համաձայնագրի նպատակն է զարգացնել բարեկամական հարաբերությունները, խրախուսել տնտեսական ու առևտրային կապերը և դյուրացնել մարդկանց տեղաշարժը Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի միջև:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վավեր անձնագիր կամ ճամփորդելու թույլտվություն ունեցողներն ազատվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի` մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից:
Յուրաքանչյուր այցի ժամանակ վերը նշված անձանց, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքում գտնվելու տևողությունը 365 օր ժամանակաշրջանում չպետք է գերազանցի 90 օրը (հոդվ. 1):
3. Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց մուտքի արտոնագրից ազատումը չի ընձեռում աշխատելու իրավունք: Մյուս Պայմանավորվող կողմի տարածք աշխատելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու, սովորելու կամ այնտեղ ավելի քան 90 օր գտնվելու նպատակով մուտք գործած անձինք պարտավոր են նախապես ստանալ անհրաժեշտ թույլտվություններ (հոդվ. 2):
4. Համաձայնագրով մուտքի արտոնագրային պահանջի վերացումը Պայմանավորվող կողմերի կողմից տրամադրված վավեր անձնագիր կամ ճամփորդելու թույլտվություն ունեցողներին չի ազատում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող, մասնավորապես, մուտքի, գտնվելու և ելքի հետ կապված օրենքներին ենթարկվելու պարտավորությունից (հոդվ. 3):
5. Սույն Համաձայնագիրը չի ազդի ինչպես յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների` մյուս Պայմանավորվող կողմի անցանկալի համարվող անձանց մուտքն իր տարածք կամ իր տարածքում նրանց գտնվելը մերժելու իրավունքի վրա (հոդվ. 4), այնպես էլ` միջազգային իրավունքի ներքո Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների վրա (հոդվ. 7):
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ցանկացած պահի հետ ընդունեն ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագիր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (հոդվ. 5, կետ 1),
- Հայաստանի Հանրապետության տարածքից անձին հետ ուղարկելու դեպքում հոգալ բոլոր տրանսպորտային ծախսերը (հոդվ. 5, կետ 2),
- Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով փոխանակել Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագրերի նմուշները` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ (հոդվ. 6, կետ 1),
- սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագրերի փոփոխման կամ նորերի ներդրման դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով մյուս Պայմանավորվող կողմին տրամադրել այդպիսի փաստաթղթերի նմուշներ` դրանք գործածության մեջ դնելուց առնվազն 30 օր առաջ (հոդվ. 6, կետ 2):
7. Համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածների վերլուծության արդյունքներից ելնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.
ա) Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն որպես առանձին արձանագրություններ, որոնք ուժի մեջ կմտնեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կկազմեն դրա անբաժանելի մասը,
բ) Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին, ընդ որում, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ կլինի անորոշ ժամկետով,
գ) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով, կարող է կասեցնել կամ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` հասարակական կարգի պահպանման, անվտանգության, առողջության կամ այլ արդարացված պատճառներով: Ընդ որում, դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, իսկ կասեցումն ուժի մեջ կմտնի այդ մասին պաշտոնական ծանուցման օրը` առանց խոչընդոտելու սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրականացմանը:
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի ուժով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաև դաշնային (կամ միջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող) օտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտը կամ ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմավորումը, եթե այդ սուբյեկտը, կազմավորումը, դաշնային պետության սահմանադրական դրույթների համաձայն, միջազգային պայմանագիր կնքելու իրավունք ունի: Սույն Համաձայնագրի շրջանակում` որպես Պայմանավորվող կողմ հանդես է գալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգը, որը Համաձայնագրի կնքման համար պատշաճորեն լիազորվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ժողովրդական կառավարության կողմից (Համաձայնագրի նախաբան):
9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1286 |