Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1289
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.625
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 հունիսի 2016 թ

 

ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Գ. Պետրոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց՝ «Գևորգ Սաֆարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Գ. Սաֆարյանի՝ 2016 թվականի հունվարի 19-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013թ. դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Հակընդդեմ հայց ներկայացնելը» վերտառությամբ 87-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Գ. Սաֆարյանին (այսուհետ՝ դիմող) ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով) վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ դիմողը պահանջել է ոստիկանների՝ իր իրավունքների իրականացմանը միջամտող գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:

ՀՀ վարչական դատարանը 15.01.2015թ. որոշմամբ մերժել է հակընդդեմ հայցի ընդունումը` պատճառաբանելով, որ այն ներկայացվել է գործը դատաքննության նշանակելուց հետո:

ՀՀ վարչական դատարանի նշված որոշման դեմ դիմողի վերաքննիչ բողոքը մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.04.2015թ. որոշմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2015թ. որոշմամբ մերժվել է նաև վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերը նշված դատական ակտերով կիրառվել է իր նկատմամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին:

Վկայակոչելով սահմանադրական դատարանի դիրքորոշումները (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-902) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը` դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավադրույթը, որը սահմանափակում է պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքը, չի համապատասխանում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, անհամաչափ սահմանափակում է անձի արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները և խախտում դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը:

Դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների վերլուծության արդյունքում հանգել է այն հետևությանը, որ հակընդդեմ հայց ներկայացնելու` պատասխանողի իրավունքի իրականացման համար սահմանված վերջնաժամկետը՝ գործը դատաքննության նշանակելու պահը, կանխատեսելի չէ պատասխանողի համար: Դիմողը գտնում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում հնարավոր չէ կանխատեսել դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո գործը դատաքննության նշանակելու նվազագույն ժամկետը, քանի որ այն կախված է ինչպես հայցադիմումին պատասխան ներկայացնելու հանգամանքից, այնպես էլ նախնական դատական նիստ նշանակելու` դատարանի հայեցողական լիազորությունից:

Ըստ դիմողի՝ դատաքննություն նշանակելու մասին որոշումն ստանալու պահից պատասխանողն այլևս զրկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից, քանի որ այդ իրավունքը դադարում է ոչ թե դատաքննությունն սկսելու, այլ դատաքննությունը նշանակելու պահից: Պատասխանողը դատաքննությունը նշանակելու մասին որոշումն ստանալու պահին փաստացի իրազեկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իր իրավունքի իրականացման ժամկետի և հնարավորության սպառման մասին, մինչդեռ հայցվորը պահպանում է հայցի հիմքն ու առարկան փոխելու հնարավորությունը: Դիմողը կարծում է, որ նման իրավակարգավորումն անհամաչափ սահմանափակում է դատարանի մատչելիության` պատասխանողի իրավունքը՝ խախտելով նաև կողմերի իրավահավասարության սկզբունքը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը համակարգային առումով փոխկապակցված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 80-րդ հոդվածների հետ, և նույնիսկ այն պարագայում, երբ հակընդդեմ հայցի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվի` գործը դատաքննության փուլում գտնվելու պատճառաբանությամբ դատարանն այն բավարարել չի կարող:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, պնդում է, որ վիճարկվող իրավադրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Անդրադառնալով կողմերի իրավահավասարության սկզբունքին` պատասխանողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումն ավելի հավասարակշիռ է դարձրել կողմերի հնարավորությունները, քանի որ նախկին օրենսդրությամբ հայցի հիմքը և առարկան կարող էին փոփոխվել մինչև գործը դատաքննություն նշանակելը, իսկ հակընդդեմ հայց կարող էր ներկայացվել հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում: Գործող օրենսդրությամբ հայցի հիմքը և առարկան կարող են փոխվել մինչև դատաքննություն նշանակելը կամ դատաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, իսկ հակընդդեմ հայց կարող է ներկայացվել մինչև դատաքննություն նշանակելը:

Ըստ պատասխանողի` դատարանի մատչելիության սկզբունքի խախտում հնարավոր է, եթե սահմանափակվի անձի կողմից դատական պաշտպանությունից գործնականում օգտվելու իրավունքը: Մինչդեռ գործող իրավակարգավորումներն անձին հնարավորություն են տալիս ինչպես հակընդդեմ հայց ներկայացնել սկզբնական հայցի հետ միասին քննելու համար, այնպես էլ նման հայց չներկայացնելու դեպքում իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատավարական այլ վարույթի շրջանակներում՝ ներկայացնելով առանձին հայց:

Իրավական որոշակիության սկզբունքի առնչությամբ պատասխանողը նշում է, որ դատավարական ժամկետները կարող են սահմանվել ինչպես կոնկրետ ժամանակահատված նշելով, այնպես էլ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի հաշվարկի սկիզբը կամ ավարտը պայմանավորված լինի դատավարական որևէ իրադարձության վրա հասնելով՝ իրադարձություն, որի վրա հասնելու պահը դատավարության կողմերի կամքից անկախ է և անկանխատեսելի վերջիններիս համար: Պատասխանողը գտնում է, որ դա դեռևս չի նշանակում, որ խնդրո առարկա իրավակարգավորումները կարող են հանգեցնել անձի իրավաչափ սպասելիքների անկանխատեսելիության:

 

5. Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավադրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- վարչական դատավարությունում հակընդդեմ հայցի ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը և նպատակը,

- վիճարկվող իրավակարգավորման պայմաններում օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխավորվածությունը (ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդված),

- հակընդդեմ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետի բավարար չափով որոշակիությունը, որպեսզի պատասխանողն ի վիճակի լինի դրսևորել համապատասխան վարքագիծ և իրականացնել արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իր սահմանադրական իրավունքները` հատկապես դատարանի մատչելիության իրավունքը (ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասեր):

 

6. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ հակընդդեմ հայցը տվյալ դատավարության շրջանակներում սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար պատասխանողի կողմից ներկայացվող ինքնուրույն պահանջ է, որն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը կամ որի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ որը փոխադարձաբար կապված է սկզբնական հայցի հետ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը: Ակնհայտ է, որ սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով հակընդդեմ հայցի ինստիտուտն իմաստազրկվում է, եթե անհրաժեշտ ու բավարար դատավարական ընթացակարգեր նախատեսված չեն այն սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Հակընդդեմ հայցի ինստիտուտը հնարավորություն է տալիս մեկ դատավարության ընթացքում մեկ դատական ակտով լուծել կողմերի փոխադարձ պահանջները և դատավարական նվազագույն ուժերի ու միջոցների կիրառմամբ դատական գործընթացն իրականացնել առավել արդյունավետությամբ: Հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև փոխադարձ կապի առկայությունը պարտադիր պայման է, և երկու փոխկապակցված հայցերի առանձին քննությունը կարող է երկարաձգել վեճի ըստ էության լուծումը և լիարժեք չերաշխավորել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Հակընդդեմ հայցը` հանդիսանալով պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց, նպատակ ունի նպաստել արդյունավետ դատական պաշտպանության` նրա իրավունքի իրացմանը և ապահովել արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքի իրականացումը: Հետևաբար, օրենսդրորեն հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավակարգավորման հիմնական խնդիրն է դատավարական անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ նախատեսել դրա իրավաչափ իրացումը երաշխավորելու համար:

 

7. ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ բոլորը հավասար են օրենքի առջև, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում արտահայտվում է որպես դատավարական կողմերի իրավահավասարության պահանջ:

Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` 04.05.2010թ. ՍԴՈ-881 որոշման 5-րդ կետում ամրագրած իրավական այն դիրքորոշումը, համաձայն որի. «… օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ՝... սահմանելուն»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դատավարության ընթացքում կողմերի իրավահավասարության սկզբունքին, Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռում վերահաստատել է իր նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ «... դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջը, որը արդար դատաքննության հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի համեմատ չեն դնում էականորեն անբարենպաստ վիճակում» (Nikoghosyan and Melkonyan v. Armenia, app. no. 11724/04 and 13350/04, 06.12.2007,§37; Dombo Beheer B.V. v. the Netherlands, app. no. 14448/88, 23.09.1993, §33; Steck-Risch v. Liechtenstein, app. no. 63151/00, 19.05.2005):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վայնենն ընդդեմ Բելգիայի վճռով (Wynen and Centre Hospitalier Interregional Edith-Cavell v. Belgium, app. no. 32576/96, 05.11.2002) կողմերի իրավահավասարության պահանջի խախտում է համարել վճռաբեկ դատարանին լրացուցիչ միջնորդություններ ներկայացնելու` կողմերի համար տարբեր ժամկետների առկայությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը նախատեսում է վարչական դատավարության իրականացումը կողմերի իրավահավասարության հիման վրա, այսինքն՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։

Սույն գործով վիճարկվող իրավադրույթը համադրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի հետ` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրորեն վեճի առարկա դրույթով կողմերի համար գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու ժամկետի առումով հավասար հնարավորություններ չի ապահովվել: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, մինչդեռ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել միայն գործի դատաքննությունը նշանակելուն նախորդող ժամանակահատվածում:

 

8. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սույն գործով վիճարկվող իրավադրույթի համաձայն` վարչական դատավարությունում հակընդդեմ հայց ներկայացնելը հնարավոր է միայն գործով դատաքննություն նշանակելուն նախորդող ժամանակահատվածում: Բոլորովին այլ իրավակարգավորում է ամրագրում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել մինչև գործով վճիռ կայացնելը:

Եվ քաղաքացիական, և վարչական դատավարությունները կառուցվում են հրապարակայնության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա, և երկու դեպքում էլ առկա է գործը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրաիրավական պահանջ:

2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում, մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 և ՍԴՈ-1222 որոշումներում, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներից բխող` անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության շրջանակներում գտել է, որ. «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ»: Շեշտվել է նաև, որ «ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում... »:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա դրույթի սահմանադրականությունը նույնպես պետք է գնահատել հաշվի առնելով տվյալ իրավական դիրքորոշումը։

 

9. Սահմանադրական դատարանը, ինչպես և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել են, որ դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի ընթացակարգային և ժամանակային սահմանափակումներ, որոնք, սակայն, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Դատավարական ժամկետների սահմանումը գործով վարույթի կանոնակարգման և հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացման նպատակ է հետապնդում:

Դատավարական ժամկետների և հակընդդեմ հայցի ինստիտուտները փոխկապակցված են, և հակընդդեմ հայց ներկայացնելը նույնպես պետք է նախատեսվի այնպիսի փուլում, որպեսզի կողմերին տրամադրվի ողջամիտ ժամկետ իրենց իրավական դիրքորոշումը ձևավորելու համար:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական դատավարությունում գործը դատաքննության նշանակելու հստակ ժամկետ օրենսդիրը չի սահմանում: Վարչական դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին որոշում է կայացնում, երբ համարում է գործը դատաքննությանը նախապատրաստված (ՎԴՕ 90-րդ հոդված)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։ Նույն հոդվածը նախատեսում է նաև դատարանի իրավունքը` ելնելով գործի առանձնահատկություններից, սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։ Բացի դրանից, նույն հոդվածի 8-րդ մասի ուժով պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում, իսկ 9-րդ մասի ուժով՝ հակընդդեմ հայց ներկայացնելն անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս վարչական դատարանը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել մեկից ավելի նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, պարզում է հայցի առարկան և հիմքերը, սահմանում ապացույցներ ներկայացնելու ժամկետները, լուծում ապացույցների ապահովման կամ հակընդդեմ հայցի հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդություններ:

Միայն նշված դատավարական գործողությունների ավարտից հետո դատարանը կարող է գործը համարել նախապատրաստված և նշանակել դատաքննություն: Օրենսդրական նման կանոնակարգումը դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի իրացումն ուղղակի կախվածության մեջ է դնում նախնական դատական նիստ հրավիրելու և գործը դատաքննության նշանակելու` դատավորի հայեցողությունից: Ավելին, իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ առկա իրավակարգավորումը դիմողի համար նաև ստեղծում է իրավաչափ վարքագծի դրսևորման իրավական անորոշություն:

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և գտնում է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։ Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, վերադարձնելը կամ հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժելը կատարվում է նույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածներով սահմանված կարգով։ Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաև, եթե այն չի համապատասխանում նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին, այն է՝ ներկայացվել է գործը դատաքննության նշանակելուց հետո կամ փոխկապակցված չէ սկզբնական հայցի հետ:

Նման իրավակարգավորումը դատական պրակտիկայում կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, քանի որ օրենսդիրը մի դեպքում ժամկետի բաց թողումն ուղղակիորեն հայցադիմումը մերժելու հիմք է համարել, բայց նույն հոդվածում հղում է կատարել օրենսգրքի 79-րդ հոդվածին, որի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ հայցադիմում ներկայացնելու ժամկետը բաց է թողնվել և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, ոչ թե մերժվում է հայցադիմումի ընդունումը, այլ այն վերադարձվում է:

Բացի դրանից, չնայած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսել է դատավարության մասնակիցների կողմից հարգելի պատճառով բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանին միջնորդություն ներկայացնելու միջոցով վերականգնելու հնարավորություն, այնուամենայնիվ, վերը նշված իրավակարգավորման պայմաններում պարզ չէ` որքանով է այն կիրառելի հակընդդեմ հայցի պարագայում:

Պատասխանողի փաստարկն այն մասին, որ հակընդդեմ հայցը մերժվելու դեպքում պատասխանողը հնարավորություն ունի հայց ներկայացնել ընդհանուր հիմունքներով, հիմնավոր համարվել չի կարող, քանի որ չի երաշխավորվում հակընդդեմ հայցի ինստիտուտի արդյունավետ իրացումը, և առանձին հայցի հարուցումը չի կարող ապահովել դատական պաշտպանության արդյունավետությունը և երաշխավորել գործի քննությունը ողջամիտ ժամկետում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա վեճի առարկա հոդվածի կիրառմամբ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

 4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


23 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1289

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան