Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1283
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.619
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 հունիսի 2016 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 18 մայիսի 2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է Երևանում` 2016 թվականի փետրվարի 23-ին, որով նախատեսվում է ենթակառուցվածքային ծառայությունների և զբոսաշրջության համար ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 55.000.000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

2. Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրություն», Առդիր 2. «Ծրագրի իրականացում», Առդիր 3. «Մարման ժամանակացույց» և Հավելված: Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից՝ Մաս 1. «Ժառանգության կենտրոնի վերականգնում և զբոսաշրջային երթուղու մշակում», Մաս 2. «Ինստիտուցիոնալ զարգացում», Մաս 3. «Հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքում»: Ծրագրի նպատակն է ՀՀ տարածքում ընտրված շրջաններում բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և տեղական տնտեսությանը նպաստող` ավելացող զբոսաշրջության համար ինստիտուցիոնալ կարողությունները:

Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված Ծրագիրն իրականացվելու է Գորիսի և Մեղրու հին քաղաքներում և ժառանգություն հանդիսացող` Արենի, Տաթև և Տանձաթափ գյուղերում, Գառնու տաճարում և կիրճում, Գեղարդի վանքում, Դվինի թանգարանում, Խոր Վիրապի վանքում, Արենու շուկայում և քարանձավում, Մոզրովի քարանձավում, Զորաց քարերում (Քարահունջ), Խնձորեսկում, Հաղպատում և Սանահինում:

Ծրագրի իրականացման պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ստեղծում և պահում է Ծրագրի կազմակերպական հանձնաժողով, որը նախագահում է վարչապետի տեղակալը և կազմված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից (ԷՆ), ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ մշակույթի նախարարությունից (ՄՆ), ՀՀ ֆինանսների նախարարությունից (ՖՆ), ՀՀ բնապահպանության նախարարությունից (ԲՆ), ՀՀ քաղաքաշինության նախարարությունից (ՔՆ) կամ նրանց ցանկացած իրավահաջորդներից, Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ), ստեղծվել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի հմ. 1523-Ն որոշմամբ) ներկայացուցիչներից, և Ծրագրի իրականացման մարմնից, որը պատասխանատու է միջգերատեսչական համակարգման, բարձր մակարդակի ռազմավարական որոշումների, Ներդրումային ենթածրագրերի առաջարկների ընդունման և Ծրագրի ընդհանուր իրականացումը վերահսկելու համար:

3. Համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է, Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված ծրագիրը (Ծրագիր) ֆինանսավորելու նպատակով տրամադրել հիսունհինգ միլիոն (55,000,000) ԱՄՆ դոլարի չափով գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` Համաձայնագրի 2.08 բաժնի (Վարկ) դրույթներին համապատասխան: Մայր գումարի մարումն սկսվում է 2030թ. նոյեմբերի 15-ից և ավարտվում` 2040թ. նոյեմբերի 15-ին: Վարկի փակման ամսաթիվը 2021թ. ապրիլի 30-ն է:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վճարել սկզբնավճար Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով (հոդված II, կետ 2.03),

- վճարել Հանձնառության վճար Վարկի գումարի չառհանված մնացորդի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով (հոդված II, կետ 2.04),

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարել տոկոս, որը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Կողմնորոշիչ դրույքաչափին՝ ավելացրած Փոփոխական սպրեդը՝ պայմանով, որ Վարկի ողջ Մայր գումարի կամ դրա մի մասի Փոխարկման դեպքում ՀՀ կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսը կորոշվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի համապատասխան դրույթների համաձայն (հոդված II, կետ 2.05 և 2.06),

- կիսամյակային մուծումներով, սկսած 2030թ. նոյեմբերի 15-ից մինչև 2040թ. մայիսի 15-ը, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վերադարձնել Վարկի մայր գումարը` 4.76% վճարման մասնաբաժնով, իսկ 2040թ. նոյեմբերի 15-ին` 4.80% վճարման մասնաբաժնով (հոդված II, կետ 2.07 և Առդիր 3, կետ 1),

- հայտարարել Ծրագրի նպատակներն իրականացնելու հանձնառության մասին և այս նպատակով ապահովել Ծրագրի իրականացումը Ծրագրի իրականացման մարմնի կողմից` Ծրագրի կազմակերպական հանձնաժողովի և Աշխատանքային խմբի աջակցությամբ՝ Ընդհանուր պայմանների V հոդվածին և Ծրագրի համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև առանց վերոհիշյալ դրույթները սահմանափակելու և բացառությամբ այն դեպքի, երբ այլ համաձայնություն է ձեռք բերվում ՀՀ և Բանկի միջև, ապահովել Ծրագրի իրականացումը` Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթներին համապատասխան (հոդված III, կետեր 3.01 և 3.02),

- Ծրագրի բարձր մակարդակի համակարգման և քաղաքականության աջակցության պատասխանատվությունը պատվիրակել Էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև ստեղծել և Ծրագրի իրականացման ընթացքում պահել Ծրագրի կազմակերպական հանձնաժողով, որը նախագահում է վարչապետի տեղակալը և կազմված է ԷՆ, ՏԿԱԻՆ, ՄՆ, ՖՆ, ԲՆ, ՔՆ, ՀԶՀ ներկայացուցիչներից, և Ծրագրի իրականացման մարմին, որը պատասխանատու է միջգերատեսչական համակարգման, բարձր մակարդակի ռազմավարական որոշումների, Ներդրումային ենթածրագրերի առաջարկների ընդունման և Ծրագրի ընդհանուր իրականացումը վերահսկելու համար (Առդիր 2, Բաժին I, Կետ «Ա», ենթակետեր 1 և 2),

- ստեղծել, այնուհետև Ծրագրի իրականացման ընթացքում պահպանել Աշխատանքային խումբ, որը, ի թիվս այլնի, կազմված է ԷՆ, ՏԿԱԻՆ, ՄՆ, ՖՆ, ՔՆ, ՊԺՊԳ, ԲՆ և Ծրագրի իրականացման մարմնի, ՀԶՀ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Ծրագրի շահառու տեղական ինքնակառավարման մարմինների տեխնիկական ներկայացուցիչներից` նպատակ ունենալով ապահովելու արդյունավետ միջգերատեսչական հաղորդակցություն` պատասխանատու լինելով Ծրագրի իրականացման դյուրացման և Ծրագրի կազմակերպական հանձնաժողովին տեխնիկական առաջարկություններ տրամադրելու համար (Առդիր 2, Բաժին I, Կետ «Ա», ենթակետ 3),

- ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման մարմինն իրականացնի Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի «Ա» կետի 4-րդ ենթակետում սահմանված գործողությունները (Առդիր 2, Բաժին I, Կետ «Ա», ենթակետ 4),

- Ծրագրի իրականացումը դյուրացնելու նպատակով Վարկային միջոցները դրամաշնորհային հիմունքներով հասանելի դարձնել Ծրագրի իրականացման մարմնին` ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և Ծրագրի իրականացման մարմնի միջև կնքված Գործակալության պայմանագրի համաձայն` Բանկի կողմից հաստատված պայմաններով («Գործակալության պայմանագիր») (Առդիր 2, Բաժին I, կետ «Բ», ենթակետ 1),

- Գործակալության պայմանագրով սահմանված ՀՀ իրավունքներն ու պարտականություններն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն ՀՀ և Բանկի շահերը, և իրագործվեն Վարկի տրամադրման նպատակները. բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ այլ բան է համաձայնեցվել, չփոխանցել, չփոփոխել, ուժը կորցրած չճանաչել, չդադարեցնել Օժանդակ համաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ կամ չհրաժարվել դրանից և չապահովել դրա հարկադիր կատարումը (Առդիր 2, Բաժին I, Կետ «Բ», ենթակետ 2),

- իրականացնել և ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման մարմինը Ծրագիրն իրականացնի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան (Առդիր 2, Բաժին I, Կետ «Գ»),

- ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերվեն Գնումների ուղեցույցի I բաժնում սահմանված կամ նշված պահանջներին և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթներին համապատասխան (Առդիր 2, Բաժին III, Կետ «Ա», ենթակետ 1),

- ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք բերվեն Խորհրդատուի ուղեցույցի I և V բաժիններում սահմանված կամ նշված պահանջներին և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթներին համապատասխան (Առդիր 2, Բաժին III, Կետ «Ա», ենթակետ 2):

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նաև այլ պարտավորություններ:

Սահմանադրական դատարանը վարկային պարտավորությունների վերաբերյալ նախկին որոշումներում և դրանց կատարման մասին տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Համաձայնագիրը ևս պահանջում է լուրջ վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի կառավարման ու թափանցիկ հաշվեքննության կազմակերպման առումով՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար։

Ասվածի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարության կողմից կազմակերպվի և կոնկրետ պատասխանատու պետական մարմնի միջոցով իրականացվի մշտադիտարկում` արդյունքները հասանելի դարձնելով հանրությանը։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


21 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1283