Գլխավոր տեղեկություն
Համար
N 575-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.09.22/6(81) Հոդ.12
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.09.2016
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 սեպտեմբերի 2016 թ.

N 575-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում առևտրային գործընթացի կազմակերպման պայմանները` համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2016 թվականի սեպտեմբերի 13-ի
N 575-Ն որոշման

ԵՐԵՎԱՆԻ Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում է Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում (այսուհետ` Տարածք) առևտրային գործընթացը կազմակերպելու պայմանները և սահմանափակումները:

2. Տարածքում առևտրային գործունեություն կազմակերպելու և իրականացնելու համար առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը (այսուհետ` Կազմակերպիչ) պետք է հաստատի միջոցառումների պլան, որն առնվազն պետք է պարունակի տվյալներ.

1) ցուցահանդես-վաճառքի մասնակիցներին վաճառակետերով և ըստ անհրաժեշտության առևտրատեխնոլոգիական սարքավորումներով ապահովման,

2) Տարածքում ըստ անհրաժեշտության աշխատանքի ընթացքում անվտանգության միջոցառումների կազմակերպման,

3) Տարածքում հակահրդեհային և սանիտարական կանոնների պահպանման, Տարածքի մաքրման և աղբի տեղափոխման կազմակերպման վերաբերյալ:

3. Կազմակերպիչը պարտավոր է`

1) Տարածքում տեղադրել տեղեկատվական ցուցատախտակ` Տարածքում ապրանքների վաճառքի համար կահավորված տեղերի (վաճառատեղի), Տարածքի ֆունկցիոնալ գոտիավորման պլանի և քարտեզի նշումով,

2) Տարածքում տեղադրել աղբարկղեր,

3) վաճառատեղն ապրանքների ընդունման, պահպանման և բաց թողնման նպատակով ըստ անհրաժեշտության ապահովել անհրաժեշտ քանակությամբ համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև այլ գույքով,

4) ապրանքների վաճառքի և վաճառատեղի տրամադրման նպատակով վաճառողների համար ապահովել հավասար պայմաններ,

5) Տարածքում տաղավարները կամ վաճառատեղերը դասավորել ըստ նմանատիպ ապրանքատեսականու,

6) Տարածքում նախատեսել առանձնացված հատվածներ` հաշմանդամ վաճառողների աշխատանքների համար,

7) Տարածքն ապահովել ռադիոհանգույցով, տեղեկատվական կետով, անվտանգության համապատասխան համակարգերով և տեսախցիկներով,

8) Տարածքն ապահովել զուգարաններով, այդ թվում` հարմարեցված հաշմանդամների համար,

9) Տարածքում ունենալ բուժկետ,

10) ապահովել տուրիստական ավտոբուսներն անհրաժեշտ կայանատեղերով,

11) ցուցահանդես-վաճառքի ներկայացված առարկաները (աշխատանքները) կանոնակարգել ըստ կերպարվեստի և ազգագրական նյութի (դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների) տեսակների`

ա. դեկորատիվ-կիրառական արվեստ`

● խեցեղեն նյութ

● փայտյա նյութ

● մետաղյա առարկաներ

● ապակյա նյութ

● գործվածք (գորգ, կարպետ, բատիկ, ասեղնագործություն, ժանյակագործություն, տարազ և այլն)

● քար

● ոսկր

● խառը կամ այլընտրանքային տեխնիկայով կատարված ստեղծագործություններ կամ ձեռագործ աշխատանքներ

● դեկորատիվ-կիրառական արվեստի այլ առարկաներ:

Նշված խմբում ներառվող առարկաները կանոնակարգել նաև ըստ ժամանակագրության` «Հնաոճ և ազգագրական նյութ» և «ժամանակակից ստեղծագործություններ» պայմանական խմբերի: «Հնաոճ և ազգագրական նյութ» խմբի համար ստեղծել համապատասխան հատուկ տաղավարներ` ցուցադրության և պահպանության նպատակով

բ. գեղանկար

● կտավ, յուղաներկ

● ակրիլ

● ջրաներկ

● պաստել (կավճամատիտ կամ յուղամատիտ)

● գունավոր մատիտ

● խառը կամ այլընտրանքային տեխնիկայով կատարված ստեղծագործություններ

● այլ գեղանկարներ

գ. գրաֆիկա`

● գծանկար

● փորագրապատկեր

● այլ գրաֆիկա

դ. քանդակ։

Նշված խմբերով կանոնակարգված ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքի համար նախատեսել համապատասխան տաղավարներ կամ վաճառատեղեր` մեկ ոճով և գունային տարբեր համադրություններով` հատվածում արվեստային մթնոլորտ ստեղծելու և ուշագրավ լինելու համար,

12) Երևանի քաղաքապետարանին անվճար տրամադրել տաղավար` Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման նպատակով, ինչպես նաև չխոչընդոտել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հանրային միջոցառումների իրականացմանը,

13) ապահովել հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի տեղաշարժման համար պայմաններ։

4. Տարածքում թույլատրվում է վաճառել ոչ պարենային ապրանքներ, ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք և այլ ապրանքներ (աշխատանքներ) հետևյալ տեսականիով`

1) փայտից քանդակներ, փայտյա նյութեր,

2) օբսիդիանից պատրաստված առարկաներ և իրեր,

3) արծաթից պատրաստված զարդեղեն և առարկաներ,

4) հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ,

5) նկարներ,

6) հնաոճ իրեր,

7) գորգեր, ձեռագործներ,

8) գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր,

9) հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ,

10) ոսկերչական գործիքներ,

11) որսորդական պարագաներ,

12) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,

13) բնական քարեր,

14) աուդիո և վիդեո արտադրանք։

5. Տարածքում արգելվում է վաճառել`

1) գյուղատնտեսական և պարենային մթերքներ,

2) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ,

3) ծխախոտային արտադրանք,

4) համակարգչային տեխնիկա,

5) կենցաղային տեխնիկա,

6) կենցաղային քիմիայի ապրանքներ,

7) կենդանիներ, բույսեր, ծաղիկներ,

8) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,

9) ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում` հնամաշ,

10) շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք,

11) պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնագիտական արժեք,

12) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Տարածքում արգելվում է երաժշտությունը և շրջիկ առևտուրը:

7. Կազմակերպիչը Տարածքում առևտրային գործունեությունը պետք է կազմակերպի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

8. Տարածքում առկա տաղավարների և (կամ) վաճառատեղերի դասավորվածությունը կարող է փոփոխվել Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ: