Գլխավոր տեղեկություն
Համար
N 1209-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.09.2016-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1232
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն

 

«ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը  փոփ. 08.09.16 N 929-Ն)

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակության միջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ստեղծել «Արևիք» ազգային պարկ` 33939.19 հեկտար ընդհանուր մակերեսով` ներառելով`

1) Մեղրիի անտառատնտեսության Լիճքի անտառապետության տարածքը (11496.39 հեկտար), այդ թվում` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 10-ի N 400 որոշմամբ ստեղծված «Բողաքար» (2728 հեկտար) արգելավայրը, ինչպես նաև «Արևիք» ազգային պարկի ամբողջականությունն ապահովող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները` 7930.8 հեկտար ընդհանուր մակերեսով.

2) Մեղրիի անտառատնտեսության Շվանիձորի անտառապետության տարածքը (14512 հեկտար):

(1-ին կետը փոփ. 02.07.15 N 731-Ն, 08.09.16 N 929-Ն) 

2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(2-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

3. Հաստատել`

1) «Արևիք» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

(3-րդ կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն, 08.09.16 N 929-Ն)

4. Սահմանել, որ`

1) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են պետական սեփականություն հանդիսացող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղին նախկինում ամրացված՝ 5.319.213 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, ինչպես նաև Լիճքի անտառապետության (11496.39 հեկտար) և Շվանիձորի անտառապետության (14512 հեկտար) համապատասխան հողատարածքները, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերը (7930.8 հեկտար)՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի` համաձայն N 3 հավելվածի, իսկ սեփականության իրավունքով` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի սեփականությունը հանդիսացող` նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող, 1.517.330 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

4) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

(4-րդ կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն, 02.07.15 N 731-Ն, 08.09.16 N 929-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել`

1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված` հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի գործունեության դադարման պետական գրանցումը:

6. (կետն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո երկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Արևիք» ազգային պարկի սահմանների ճշգրտման, ինչպես նաև «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողերի սահմանների հստակեցման, գործառնական գոտևորման և քարտեզագրման միջնաժամկետ ծախսային ծրագիրը.

3) «Արևիք» ազգային պարկի հողաշինարարական և անտառաշինական քարտեզների հիման վրա 2010 թվականի ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Արևիք» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, ազգային պարկի ու դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը օրենքով սահմանված կարգով հաստատել «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը և գործունեության ծախսերի նախահաշիվը:

(7-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողերի սահմանների ճշտման, գործառնական գոտևորման և քարտեզագրման միջնաժամկետ ծախսային ծրագրի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ու պահպանման 2010 թվականի ծախսերի վերաբերյալ:

(8-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

(վերնագիրը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արևիք» ազգային պարկը (այսուհետ՝ պարկ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի (Մեղրու տարածաշրջան) Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին` Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազաններում` Մեղրիի անտառատնտեսության և «Բողաքար» արգելավայրի բազայի վրա: Այն ընդգրկում է Մեղրի գետի ջրհավաք ավազանի վերին, միջին հատվածները` Տաշտուն գյուղից մինչև Լեհվազի և Վահրավարի գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի վրա գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով:

(1-ին կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

2. «Արևիք» ազգային պարկի ստեղծման նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը.

2) Մեղրիի լեռնաշղթայի հարավային լեռնալանջերի և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի տարածքներում հանդիպող էնդեմիկ, հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելավայրի (աճելավայրի) պահպանությունը.

3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, պարկին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

4) պարկի մոնիթորինգի կազմակերպման ու իրականացման, կադաստրի և բնության տարեգրության վարման, տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

5) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

(2-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

3. Պարկի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը` ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Պարկի տարածքի հողերի և բնական պաշարների օգտագործումն ու պահպանությունը, հողային հարաբերությունները, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պարկի տարածքն ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների բաժանվում է հետևյալ տարածագործառնական գոտիների`

1) արգելոցային.

2) արգելավայրային.

3) ռեկրեացիոն.

4) տնտեսական:

6. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Արևիք» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ՝ «Արևիք» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ՝ "Национальный парк Аревик".

4) ռուսերեն կրճատ՝ ПН "Аревик".

5) անգլերեն լրիվ՝ "Arevik" National Park".

6) անգլերեն կրճատ՝ "Arevik" NP:

(6-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

 

II. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

7. Պարկի արգելոցային գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունն ու շահագործումը` բացառությամբ արգելոցային գոտու գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն) և ճանապարհների շինարարության.

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) որսորդությունը, ձկնորսությունը.

5) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների թվի մեծացման կամ պակասեցման նպատակով կատարվող որևէ աշխատանք.

6) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը` բացի արգելոցային գոտու տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ` բացառությամբ պարկի և դրա աշխատողների կարիքների համար հատկացված հողակտորներում սահմանված կարգով խոտհնձի և մեղվաբուծության.

8) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

11) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

13) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է պարկի արգելոցային գոտու բնական համակարգերն ու օբյեկտները կամ սպառնում դրանց պահպանությանը:

8. Պարկի արգելոցային գոտու տարածքում թույլատրվում են`

1) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը:

9. Պարկի արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ դրա լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված անցագրերով:

(9-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն) 

10. Պարկի արգելավայրային գոտում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրային գոտու էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Պարկի արգելավայրային գոտում թույլատրվում են`

1) մարդածին գործունեության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումների իրականացումը.

2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքները.

3) ճանաչողական զբոսաշրջությունը.

4) տարածքին բնորոշ վայրի բույսերի և կենդանիների, այդ թվում` հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը.

5) գիտահետազոտական ուսումնասիրությունները:

12. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ այլ թունավոր նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

13. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են`

1) քաղաքացիների հանգիստը.

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

5) սիրողական և մարզական ձկնորսությունը՝ այդ նպատակով առանձնացված վայրերում.

6) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

7) սանիտարական և խնամքի հատումները.

8) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը՝ այդ նպատակով առանձնացված վայրերում.

11) վրանների տեղադրումը` դրանց համար առանձնացված վայրերում:

14. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

15. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը.

2) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.

3) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

4) պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսությունը.

7) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

9) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

10) սանիտարական և խնամքի հատումները.

11) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

16. Պարկի տարածքի օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների), և այն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԲՈՒՖԵՐԱՅԻՆ) ԳՈՏԻՆ

 

17. Պարկի պահպանման գոտին ընդգրկում է Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Մեղրիի լեռնաշղթայի հարավային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

18. Պարկի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

19. Պարկի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականատերերի հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Պարկի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(20-րդ կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն)

(հավելվածը փոփ. 19.12.13 N 1465-Ն, 08.09.16 N 929-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(հավելվածն ուժը կորցրել է 19.12.13 N 1465-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3 
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_7365

 

(հավելվածը խմբ. 02.07.15 N 731-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան