ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2016 թվականի N 694-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 6 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են իրավաբանական անձին չափումների միասնականության ապահովման բնագավառում չափման միջոցների (բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի) ստուգաչափման իրավունքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ:
3. Այն իրավաբանական անձը (այսուհետ՝ հայտատուն), ով ունի միջազգային օրենսդրական չափագիտության կազմակերպության ուղեցույցներով, միջազգային, տարածաշրջանային կամ ազգային ստանդարտներով սահմանված (ստուգաչափման մեթոդներ) չափանմուշներ, շենքային պայմաններ, ինչպես նաև «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան վկայագրված ստուգաչափողներ, փորձաքննության ենթակա փաստաթղթերի լրակազմին և սույն կարգի ձևին համապատասխան հայտ է ներկայացնում չափագիտության լիազոր մարմին:
4. Սույն կարգում կիրառված են «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական հասկացությունները:
II. ՀԱՅՏԱՏՈՒԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Հայտատուին ստուգաչափման իրավունքի տրամադրման գործընթացը ներառում է`
1) հայտի ներկայացում՝ համապատասխան փաստաթղթերի հետ համատեղ.
2) հայտատուի չափման միջոցների ստուգաչափման իրավունքի տրամադրման նպատակով ներկայացված հայտի և ուղեկից փաստաթղթերի փորձաքննություն.
3) հայտատուի չափագիտական ապահովվածության փորձաքննություն.
4) հայտատուի չափման միջոցների ստուգաչափման իրավունքի տրամադրման որոշման ընդունում:
6. Չափման միջոցների ստուգաչափման իրավունքի տրամադրման գործընթացն սկսվում է կարգի ձևին համապատասխան ներկայացված հայտի և սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ և իրականացվում է չափագիտության լիազորված մարմնի կողմից սահմանված չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգին համապատասխան:
III. ՀԱՅՏԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
7. Հայտատուն չափագիտության լիազոր մարմին է ներկայացնում հայտը` համաձայն ձևի, և հետևյալ փաստաթղթերի երկու օրինակ (պատճեններից մեկը պետք է լինի թղթային՝ ստորագրված, համարակալված և կնքված իրավաբանական անձի ղեկավարի կողմից, իսկ մյուսը՝ էլեկտրոնային կրիչով), այդ թվում՝
1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
2) ստուգաչափման աշխատանքներ կատարող չափման միջոցի չափագիտական և տեխնիկական բնութագրերը, չափման միջոցի ստուգաչափման սխեման` հետևելիությամբ մինչև ազգային չափանմուշը.
3) իրավաբանական անձին պատկանող բոլոր էտալոնների, չափման միջոցների, օժանդակ սարքավորումների ցանկը` ուղեկցող փաստաթղթերով (տրամաչափարկման, ստուգաչափման, վկայագրման, տեսակի հաստատման).
4) որակի ձեռնարկը, որը ներառում է ստուգաչափվող չափման միջոցի և ստուգաչափման միջոցների մասին տեղեկություններ, այդ թվում` աշխատանքի, արդյունքների հաշվառման և վավերագրման համակարգի առկայության վերաբերյալ.
5) փաստաթղթեր չափման միջոցի ստուգաչափման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տարածքների, սարքավորումների առկայության և դրանց պահպանման պայմանների մասին.
6) փաստաթղթեր որակի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ.
7) փաստաթղթեր ստուգաչափման աշխատանքներ կատարող անձնակազմի, դրանց մասնագիտական կրթության և առնվազն 3 տարվա ստուգաչափում կատարելու աշխատանքային փորձ ունենալու վերաբերյալ.
8) ստուգաչափման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հետևյալ նորմատիվ փաստաթղթերի պատճենները և դրանց անվանացանկը (ստանդարտներ, մեթոդիկաներ, կարգեր)`
ա. չափման միջոցի ստուգաչափման գործող կամ հաստատված մեթոդիկաներ՝ չափման միջոցի ստուգաչափման աշխատանքներ կատարելու համար,
բ. փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են չափանմուշների` համապատասխան վիճակում պահպանման կանոնները (տրամաչափարկման, ստուգաչափման և սպասարկման ժամանակացույցերը, անձնագրերը, շահագործման փաստաթղթերը),
գ. փաստաթղթեր, որոնք սահմանում են ստուգաչափման արդյունքների վերաբերյալ ինֆորմացիայի պահպանումը (հաշվետվություններ, աշխատանքային մատյաններ և այլն):
8. Ներկայացված փաստաթղթերի ցանկի մեկ օրինակն ընդունման ամսաթվի և գրանցման համարի նշումով տրվում է հայտատուին:
9. Չափագիտության լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված հայտի և ուղեկցող փաստաթղթերի օրինականությունն ու ամբողջականությունը՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգի դրույթներին համապատասխան: Փաստաթղթերի օրինականությունն ու ամբողջականությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգի դրույթներին չհամապատասխանելու դեպքում չափագիտության լիազոր մարմինը այդ մասին 3 օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին և առաջարկում վերացնել թերությունները: Թերությունները չվերացնելու դեպքում հայտը մերժվում է սույն կարգի 15-րդ կետում սահմանված կարգով:
IV. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
10. Չափագիտական փորձաքննությունը ներառում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ հայտատուի չափագիտական ապահովվածության փորձաքննությունները:
11. Հայտատուի կողմից ներկայացված հայտի և անհրաժեշտ փաստաթղթերի օրինականությունն ու ամբողջականությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգի դրույթներին համապատասխանելու դեպքում 5 օրվա ընթացքում չափագիտության լիազոր մարմնի ղեկավարն ստեղծում է չափագիտական փորձաքննություն իրականացնող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
12. Չափագիտական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի լիազորություններն են`
1) փաստաթղթերի փորձաքննություն.
2) հայտատուի գտնվելու վայրում չափագիտական ապահովվածության փորձաքննություն.
3) փաստաթղթերի և չափագիտական ապահովվածության փորձաքննության արդյունքների հիման վրա եզրակացության կազմում.
4) սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքերում` հայտի մերժման հիմնավորման նախապատրաստում, հայտի մերժման մասին որոշման կայացում և որոշման տրամադրում հայտատուին:
13. Հայտի և ուղեկցող փաստաթղթերի դրական փորձաքննության դեպքում, հայտատուի գտնվելու վայրում, հանձնաժողովի կողմից իրականացվում է նրա չափագիտական ապահովվածության փորձաքննություն:
14. Հանձնաժողովը չափագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով փաստաթղթերի և չափագիտական ապահովվածության փորձաքննության արդյունքների հիման վրա 3 օրվա ընթացքում կազմում է եզրակացություն:
15. Չափագիտության լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի չափագիտական ապահովվածությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգի դրույթներին համապատասխան, որոնց չհամապատասխանելու դեպքում դրա մասին 3 օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին և առաջարկում վերացնել թերությունները: Հայտատուի չափագիտական ապահովվածության փորձաքննություն կատարելու արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է հայտի մերժման հիմնավորումը, որը 5 օրվա ընթացքում փոխանցվում է չափագիտության լիազոր մարմնին, որն էլ 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հայտի մերժման մասին որոշման նախագիծ և որոշման ընդունումից հետո 2 օրվա ընթացքում այն հանձնում է հայտատուին:
16. Հանձնաժողովի կողմից իրականացված փորձաքննության դրական արդյունքների դեպքում, առավելագույնը 6 օրվա ընթացքում, կազմվում է եզրակացություն, որի մեկ օրինակը ներկայացվում է չափագիտության լիազոր մարմին:
17. Ստուգաչափման իրավունքի տրամադրման գործընթացն իրականացվում է հայտը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 30 օրվա ընթացքում:
18. Չափագիտության լիազոր մարմինը հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հայտատուին ստուգաչափման իրավունքի տրամադրման վերաբերյալ որոշման նախագիծ:
V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
19. Չափման միջոցների ստուգաչափման իրավունքի տրամադրման մասին տեղեկատվությունը (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում ստուգաչափման իրավունքի դադարեցման մասին տեղեկատվությունը տեղադրվում է չափագիտության լիազոր մարմնի էլեկտրոնային կայքում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն ……………………
__________________________________
__________________________________
(հայտատու իրավաբանական անձի անվանումը)
__________________________________
__________________________________
(տնօրենի կամ տնօրենի կողմից լիազորված անձի
անունը, ազգանունը, հայրանունը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ներքոհիշյալ չափման միջոցների (չափման միջոցի) ստուգաչափման աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ՝
1. __________________________________
(չափման միջոցի անվանումը)
2. __________________________________(չափման միջոցի անվանումը)
3. __________________________________(չափման միջոցի անվանումը)
4. __________________________________(չափման միջոցի անվանումը)
5. __________________________________(չափման միջոցի անվանումը)
Առդիր` ներկայացվող փաստաթղթերը և դրանց անվանացանկը 2 օրինակից
« » թերթից, ինչպես նաև էլեկտրոնային կրիչը՝ մեկ օրինակից:
Հայտատու |
___________________________ (ստորագրությունը) |
_______________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
___ __________ 201 թ.
Կազմակերպության տվյալները |
______________________________________ (հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.10.2021, N 1743-Ն | 23.10.2021, N 694-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|