Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2016-11.05.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.21/57(931) Հոդ.1232
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1419-Ն

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կառավարման լիազոր մարմին):

3. Ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմում ներառվում են կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ և պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի մեկ ներկայացուցիչ:

4. Սահմանել, որ`

1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գրասենյակ) գործունեության առարկան և նպատակներն են`

ա. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման կազմակերպումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման հավաստագրումն իրականացվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից.

3) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար գրասենյակի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման չափանիշներին:

(4-րդ կետը փոփ. 02.06.16 N 579-Ն)

5. Թույլատրել գրասենյակին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծում և հարկ վճարողներին իրացում կամ տրամադրում, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում:

(5-րդ կետը լրաց. 02.06.16 N 579-Ն)

5.1. Թույլատրել գրասենյակին`

1) նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3600 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների համար (բացառությամբ գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների) մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 1200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) հաշվառված և գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) տեղադրված մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար:

(5.1-ին կետը լրաց. 02.06.16 N 579-Ն)

6. Գրասենյակին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գրասենյակին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

8. Գրասենյակի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում հաստատել գրասենյակին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմն ու արժեքը.

2) հաստատել գրասենյակի կանոնադրությունը.

3) ապահովել գրասենյակի պետական գրանցումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 15

Երևան