Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.406.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0009/01/13

ԵԱՔԴ/0009/01/13

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ՝

 Կ. Ղազարյան

Գ. Մելիք-Սարգսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

         

  նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

   
  քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

  մասնակցությամբ դատախազ

Դ. Կարապետյանի

  տուժող

Վ. Պապյանի

  ամբաստանյալ

Ն. Ափոյանի

  պաշտպան

Ա. Մարտիրոսյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Նելլի Խաչատուրի Ափոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ Ն.Ափոյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11143211 քրեական գործը:

2012 թվականի փետրվարի 6-ին քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին` նախաքննությունը շարունակելու համար:

2012 թվականի հուլիսի 21-ին Նելլի Ափոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Ն.Ափոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

2012 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Մնացական Կուրղինյանի կողմից Ն.Ափոյանի նկատմամբ վաշխառություն կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի իրականացվել` համաներման ակտի ընդունման պատճառաբանությամբ:

2. 2013 թվականի հունվարի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավճռով Ն.Ափոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ն.Ափոյանի` 2012 թվականի հուլիսի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 21-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` երեք տարի տասնմեկ ամիս քսանյոթ օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Տուժող Վիոլետա Պապյանի քաղաքացիական հայցը բավարարվել է, և վճռվել է Ն.Ափոյանից բռնագանձել 3.036.330 (երեք միլիոն երեսունվեց հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:

3. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Ն.Ափոյանը և տուժող Վ.Պապյանը, որոնք Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Ն.Ափոյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ն.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ 2007 թվականի հուլիս ամսին Երևան քաղաքի Շիրվանզադե 1 հասցեում գտնվող Վահան Ենգիբարյանի գրասենյակում վերջինիս ծանոթ Վիոլետա Պապյանի դուստր Անի Կուրղինյանին «Սանկտ-Պետերբուրգի» համալսարանի Երևանի մասնաճյուղից «Հայ-Ռուսական պետական սլավոնական» համալսարան տեղափոխելու պատրվակով, չարաշահելով Վ.Պապյանի վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խարդախությամբ հափշտակել է գումարը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 203-204):

6. Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին տուժող Վ.Պապյանի ամուսնու` Մ.Կուրղինյանի կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 2-3):

7. Տուժող Վ.Պապյանը նախաքննության ընթացքում հարցաքննվելիս նշել է, որ իր աղջկա` Ա.Կուրղինյանի համալսարան ընդունվելու կապակցությամբ իրենց ընտանիքի ծանոթ Վ.Ենգիբարյանը ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Այսպես` 2007 թվականի հուլիսի 24-ին ինքն Ա.Կուրղինյանի և Գ.Կուրղինյանի հետ գնացել է Վ.Ենգիբարյանի գրասենյակ, հանդիպել և ծանոթացել է Ն.Ափոյանի հետ: Վերջինս խոստացել է կազմակերպել Անիի ընդունելության հարցը և դրա դիմաց իրենից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար: 2007 թվականի հուլիսի 25-ին դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում ինքն անձամբ 9.000 ԱՄՆ դոլար գումարը հանձնել է Ն.Ափոյանին, վերջինս վերցրել է այն, դրել պայուսակի մեջ և խոստացել Սանկտ-Պետերբուրգի համալսարանի առաջին կիսամյակն ավարտելուց հետո Ա.Կուրղինյանին տեղափոխել Սլավոնական համալսարան (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 13-14, 45-47, հատոր 2, թերթեր 25-29, 85-91):

Դատաքննության ընթացքում Վ.Պապյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Ենգիբարյանի գրասենյակում Ն.Ափոյանն առաջարկել է, որ Անին սկզբում ընդունվի Սանկտ-Պետերբուրգի համալսարան, որտեղ մեկ կիսամյակ սովորելուց հետո կտեղափոխի Սլավոնական համալսարան: Նշված գործողությունների համար իրենից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար գումար: Հաջորդ օրը հանդիպել են դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում: Ինքը պայուսակից հանել է ծրարը և տվել Ն.Ափոյանին: Վերջինս վերցրել է այն, թերթելու նման հաշվել գումարը և դրել պայուսակի մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 79-80):

8. Վկա Ա.Կուրղինյանը նախաքննության ընթացքում հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականին ինքը ցանկանում էր ընդունվել Սլավոնական համալսարան, սակայն առաջին քննությունը չի ստացել, և իրենց ընտանիքի ծանոթ Վ.Ենգիբարյանը ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Հանդիպումը եղել է Վ.Ենգիբարյանի` Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, ներկա են եղել ինքը, մայրը` Վ.Պապյանը, հորեղբոր որդին` Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը: Ն.Ափոյանն առաջարկել է ժամանակավոր ընդունվել Սանկտ-Պետերբուրգի համալսարան, այնուհետև առաջին կիսամյակն ավարտելուց հետո տեղափոխվել Սլավոնական համալսարան: Վերոնշյալ գործողությունների համար նա իր մայրիկից` Վ.Պապյանից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար: Հաջորդ օրը դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում նույն մարդկանց ներկայությամբ Վ.Պապյանն այդ գումարը փոխանցել է Ն.Ափոյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 51-52, հատոր 2, թերթեր 16-19):

 Ա.Կուրղինյանը Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նշել է. «Դուք [Ն.Ափոյանը] մամայի ձեռքից վերցրեցիք [9000 ԱՄՆ դոլար գումարը] և անմիջապես դրեցիք ձեր պայուսակի մեջ: Ներկաներից ինչ-որ մեկը հարցրեց ձեզ` գումարը չեք հաշվում, իսկ դուք ասացիք, որ ոչ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 111):

Դատաքննության ընթացքում Ա.Կուրղինյանը հայտնել է, որ իր հորեղբոր որդու` Գ.Կուրղինյանի միջոցով ծանոթացել են Վ.Ենգիբարյանի հետ: Վերջինս ասել է, որ ծանոթ ունի, ով կարող է օգնել ընդունելության հարցում, և ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Առաջին հանդիպմանը գնացել են ինքը, քույրը, մայրը և Գ.Կուրղինյանը: Ինքը և քույրը սպասել են մեքենայում, իսկ մայրն ու Գուրգենը գնացել են Վ.Ենգիբարյանի գրասենյակ: Ն.Ափոյանի առաջարկով ինքն սկզբում պետք է ընդունվեր այլ բուհ և առաջին կիսամյակը ավարտելուց հետո տեղափոխվեր Սլավոնական համալսարան: Հաջորդ օրը Վ.Ենգիբարյանի գրասենյակում հանդիպել են Ն.Ափոյանի հետ: Այդ ժամանակ Վ.Պապյանը պայուսակից հանել է ծրարով գումարը և տվել Ն.Ափոյանին: Վերջինս ծրարը նայել է, հաշվելու նման մատով արել, փակել է և դրել իր պայուսակի մեջ: Ա.Կուրղինյանը պնդել է, որ ինքը Ն.Ափոյանի հետ Վ.Ենգիբարյանի գրասենյակում հանդիպել է մեկ անգամ (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 82):

9. Վկա Գ.Կուրղինյանը նախաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքները. «(...) Հորեղբորս աղջիկը` Անի Կուրղինյանը, (...) ցանկանում էր ընդունվել Սլավոնական համալսարան, սակայն չընդունվեց, և նրա մայրը` Վիոլետա Պապյանը, ասաց, որ ցանկանում էր մարդ գտնել, որը կօգներ ընդունվել համալսարան: Խոսակցության ժամանակ ես այդ մասին հայտնեցի աներոջս եղբայր Վազգեն Դեգիրմենջյանին, որը ասաց, որ իր ծանոթ Վահան Ենգիբարյանը հնարավոր է ծանոթ ունենա (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 12):

Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում Գ.Կուրղինյանը նշել է. «Գումարը Վիոլետան փոխանցեց Նելլի Ափոյանին ծրարով, Նելլին դրեց պայուսակի մեջ(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 113-114):

Գ.Կուրղինյանը դատաքննության ընթացքում հարցաքննվելիս հայտնել է, որ իր բարեկամ Վազգեն Դեգիրմենջյանն է խորհուրդ տվել դիմել Վ.Ենգիբարյանին: Վերջինիս գրասենյակում իրենք` Ն.Ափոյանը, Ա.Կուրղինյանը, Վ.Պապյանը, Վ.Ենգիբարյանը և ինքը, հանդիպել են երկու անգամ, գումարային խոսակցությունները` 9.000 ԱՄՆ դոլարի մասին, վարել և Ն.Ափոյանի հետ համաձայնության է եկել Վ.Պապյանը: Հաջորդ օրը նույն մարդկանց ներկայությամբ Վ.Պապյանը 9.000 ԱՄՆ դոլար գումարը ծրարով փոխանցել է Ն.Ափոյանին, վերջինս հաշվել է, նորից գումարը դրել ծրարի մեջ, այնուհետև դրել պայուսակը (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 83):

10. Վկա Վ.Ենգիբարյանը նախաքննության ընթացքում` 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հարցաքննության ժամանակ, տվել է հետևյալ ցուցմունքները. «2007 թվականին իմ ընկեր Վազգենը մեր տանն (...) ինձ ասաց, որ իր փեսայի` Գուգոյի հորեղբոր աղջիկը գալիս է (…) Սլավոնական համալսարան ընդունվելու համար (...): Քանի որ իմ ընկեր Վազգենն իմ կողմից շատ հարգված անձնավորություն էր, ես նրա խնդրանքը չմերժեցի և ասացի, որ վերջերս ծանոթացել եմ վերոհիշյալ համալսարանի պրոռեկտորի` Նելլի Ափոյանի հետ և կարող եմ ծանոթացնել նրան և փեսայիդ իրար հետ (...):

(...) Վիոլետայի աղջկան Նելլին հունվար ամսին պետք է տեղափոխեր Սանկտ-Պետերբուրգի համալսարանից Սլավոնական համալսարան և նրանից պահանջեց 9.000 ԱՄՆ դոլար: Ես ինձ այդ թիվը լսելիս վատ զգացի, բայց քանի որ Վիոլետան համաձայնվեց (...) Գուրգենի հետ եկան իմ օֆիս և այնտեղ իմ ներկայությամբ այդ գումարը հանձնեց անմիջապես Վիոլետան Նելլիին, Նելլին գումարը վերցրեց, հաշվեց և ասաց, որ հունվարի առաջին կիսամյակն ավարտելուց հետո անմիջապես կտեղափոխի Սանկտ-Պետերբուրգի համալսարանից Սլավոնական համալսարան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 62):

2012 թվականի փետրվարի 10-ի հարցաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը հայտնել է հետևյալը` «(...) [Ի]մ Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում ես Նելլիի հետ ծանոթացրեցի Վիոլետա Պապյանին, Անի Կուրղինյանին և Գուրգեն Կուրղինյանին, խոսակցությունից հետո Նելլին ասաց, որ այդ գործը ուրիշների համար կաներ 10.000 ԱՄՆ դոլարով, բայց ձեր համար կվերցնեմ 9.000 ԱՄՆ դոլար (...):

Մի քանի օրից կրկին իմ նշած գրասենյակում հանդիպեցինք: Վիոլետան իմ, Անիի և Գուրգենի ներկայությամբ Նելլի Ափոյանին փոխանցեց 9.000 ԱՄՆ դոլար, Նելլին հաշվեց գումարը և խոստացավ հունվարի առաջին կիսամյակն ավարտելուց հետո Անիին տեղափոխել Սլավոնական համալսարան, անգամ խոստացավ վճարել առաջին տարվա ուսման վարձը (...):

(...) 2011 թվականի հունվարին` օրը չեմ հիշում, ես, Մնացականը և Վոլոդյան հանդիպեցինք Նելլի Ափոյանի հետ նրա օֆիսում` Հ.Քոչար փողոցում: Հանդիպման ժամանակ ես Նելլիին ասացի, որ (...) ստացած 9.000 ԱՄՆ դոլարը հետ վերադարձրու, ամոթ է, և թող փակվի այդ խոսակցությունը (...):

(...) Դրանից հետո առաջին անգամ Մնացականենց տանը ես հանդիպեցի Անդրանիկի և Վոլոդյայի հետ: Հանդիպման ժամանակ տնօրեն Անդրանիկն ասաց, որ Նելլին կատարել է չարաշահումներ և բոլորս ընկել ենք կրակը (...):

(...) Դրանից հետո (...) ես, Վոլոդյան և Մնացականը գնացինք Նելլիի օֆիս, որտեղ պահանջեցինք աուդիտի արդյունքները, որ մեզ խոսք էր տվել Նելլին, նա ինձ վիրավորեց, պահանջեց, որ իր օֆիս ոտք չդնեմ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 9-10):

Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը հայտնել է` «(...) Ծրարի միջի պարունակությունը նման էր դոլարի կուպյուրի (...):

(...) Վ.Պապյանը փոխանցել է ծրար դոլարի կուպյուրով, գումարի հաշվելը կամ առաջին ամսվա վարձի վճարի մասին ամենայն անկեղծությամբ չեմ հիշում» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 111, 113):

Նշված հակասությունների կապակցությամբ քննիչի հարցին ի պատասխան` Վ.Ենգիբարյանը նշել է` «(...) իրական ցուցմունքս հանդիսանում է այն, որ ես տեսել եմ, թե ինչպես է Ն.Ափոյանը նշված գումարը` 9.000 ԱՄՆ դոլար, վերցրել, հաշվել և դրել է պայուսակը, իսկ առաջին հարցաքննության ժամանակ ես այդ մասին չեմ ասել, քանի որ խղճացել եմ նրան» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 152):

10.1. Վ.Ենգիբարյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Կուրղինյանների ընտանիքի հետ ծանոթացել է իր ընկերներից մեկի` Գ.Կուրղինյանի խնամի Վազգեն Դեգիրմենջյանի միջոցով, ով իր տանն այդ ժամանակ շինարարական աշխատանքներ է իրականացրել: Վերջինս իրեն խնդրել է օգնել Ա.Կուրղինյանի ընդունելության հարցում: Նշված դեպքից մոտ 1-2 շաբաթ անց ինքը ճշտել է Ն.Ափոյանի հեռախոսահամարը, նրա հետ հանդիպել Աբովյան փողոցում և պայմանավորվածություն ձեռք բերել: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել արդեն իր գրասենյակում: Ընդ որում, մինչև իր գրասենյակում հանդիպումը գումարի չափի վերաբերյալ ինքն արդեն խոսել էր Ն.Ափոյանի հետ և այդ մասին հաղորդել Վ.Պապյանին, ով համաձայնվել էր:

Ըստ Վ.Ենգիբարյանի դատաքննական ցուցմունքների` իր գրասենյակում իրենք` Ն.Ափոյանը, Գ.Կուրղինյանը, Ա.Կուրղինյանը, Վ.Պապյանը և ինքը, հանդիպել են միայն մեկ անգամ:

Վ.Ենգիբարյանը հարցաքննության ընթացքում հայտնել է նաև, որ Վ.Պապյանը գումարը` առանց ծրարի հանել է պայուսակից, հաշվել բոլորի ներկայությամբ` 9.000 ԱՄՆ դոլար, և տվել Ն.Ափոյանին:

 Նշված դեպքից մեկ տարի անց Վ.Ենգիբարյանը ծանոթացել է Մ.Կուրղինյանի հետ, այնուհետև նրա հետ հանդիպել է մոտ մեկ ու կես տարի հետո: 2010 թվականի դեկտեմբերին Մ.Կուրղինյանը զանգել է իրեն և ասել, որ ուզում է տեսնել: Այդ ժամանակ ոչ մի խոսակցություն չի եղել: Դրանից մեկ տարի անց Մ.Կուրղինյանն իր խնամու` Վ.Բեզոյանի հետ եկել է Վ.Ենգիբարյանի մոտ, և նրանք միասին գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, ով իրենց հայտնել է, որ սպասում է աուդիտի արդյունքներին: Նոր տարուց հետո նրանք մեկ անգամ ևս գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, սակայն աուդիտի արդյունքները չեն ստացել: Ըստ Վ.Ենգիբարյանի ցուցմունքների` այդ ժամանակ 9.000 ԱՄՆ դոլարի մասին խոսակցություն չի եղել, այլ եղել է այն ժամանակ, երբ ինքը, Վ.Բեզոյանը և Ա.Ղազարյանը հանդիպել են Մ.Կուրղինյանի տանը (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

11. Վկա Մ.Կուրղինյանը նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ տվել է հետևյալ ցուցմունքները.

Ն.Ափոյանի հետ ծանոթացել է 2008 թվականի մարտին:

2008 թվականի հոկտեմբերին Ն.Ափոյանին է փոխանցել 5000 եվրո գումար` համատեղ ընկերություն հիմնադրելու համար:

2008 թվականի դեկտեմբերին նրանք հիմնել են «Լինք-Ավիա» ՍՊԸ-ն, որի 60% բաժնեմասը պատկանել է Մ.Կուրղինյանին, իսկ 40%-ը` Ն.Ափոյանին:

2009 թվականին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին մաս-մաս տվել է ընդհանուր 27.700 ԱՄՆ դոլար: Մասնավորապես` մարտ-ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նա փոխանցել է 10.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո և 2.500 եվրո գումար:

2009 թվականի սեպտեմբերին Մ.Կուրղինյանը կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանի խնդրանքով նրա ամուսնուն է փոխանցել 2.000 ԱՄՆ դոլար:

2010 թվականի մայիսի 20-ին Մ.Կուրղինյանը ստացականով Ն.Ափոյանին է փոխանցել 8.000 ԱՄՆ դոլար:

2010 թվականի հոկտեմբերի վերջին Մ.Կուրղինյանը կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանին և նրա ամուսնուն` Ա.Սարգսյանին տվել է 3.000 ԱՄՆ դոլար:

2010 թվականի դեկտեմբերի սկզբին Մ.Կուրղինյանը դարձյալ կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանին է տվել 40.000 ռուբլի (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 49, հատոր 2, թերթեր 39-44, 92-95):

Բացի այդ, 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին տվել է լիազորագիր` նրան ներկայացնելու և նրա փոխարեն հանդես գալու համար` երեք տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 47):

Մ.Կուրղինյանը 2010 թվականի մայիսի 6-ի հայտարարությամբ նշել է, որ ոչ մի պատասխանատվություն (ո'չ նյութական, ո'չ բարոյական) չի կրում «Լինք-Ավիա» ՍՊԸ-ի տնօրինության և դրա 40% բաժնետեր Ն.Ափոյանի առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 11):

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մ.Կուրղինյանի և Ն.Ափոյանի ամուսնու` Ա.Սարգսյանի միջև կնքվել է բաժնեմասի առուծախի պայմանագիր, որով Մ.Կուրղինյանն իր 60% բաժնեմասը 30.000 ՀՀ դրամով վաճառել է Ա.Սարգսյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 10):

11.1. Մ.Կուրղինյանն իր ցուցմունքներում նշել է. «2009 թվականի ապրիլ ամսին Ն.Ափոյանը եկել է մեր տուն և ասել, որ Անին դիմում գրի Սլավոնական համալսարանի դեկանի անունով, որպեսզի ինքը Անիին տեղափոխի (...): Երրորդ կուրսում Անին արդեն չցանկացավ տեղափոխվել, ուստի մենք պահանջեցինք` Նելլին հետ վերադարձնի գումարը, սակայն նա ասաց (...) մեզ նոր դիմորդ գտնել, որին ինքը կընդունի Սլավոնական համալսարան (...): [Մ]ենք չհամաձայնվեցինք, քանի որ ես վստահ էի, որ Նելլին խաբում է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 39-40):

Քննիչի այն հարցին, թե ՍՊԸ-ից դուրս գալուց հետո ինչու է Ն.Ափոյանին կրկին տվել 8.000 ԱՄՆ դոլար, 3.000 ԱՄՆ դոլար և 40.000 ռուբլի, Մ.Կուրղինյանը պատասխանել է. «(...) նա ինձ վստահեցնում էր, որ գտել է սպոնսերներ, որոնք մեծ գումարներ են ներդնելու (...)»: Իսկ այն հարցին, թե ինչու ստացականներ չի վերցրել, պատասխանել է. «(...) Քանի որ (...) ես նրան վստահում էի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 45):

Մ.Կուրղինյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 2007 թվականին իր կինը` Վ.Պապյանը, և աղջիկը` Ա.Կուրղինյանը, Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, որպեսզի վերջինս ընդունվի Սլավոնական համալսարան, սակայն Ա.Կուրղինյանը չի կարողացել հանձնել քննությունները և չի ընդունվել: Վ.Պապյանը զանգահարել և հայտնել է իրեն, որ ծանոթացել է Ն.Ափոյանի հետ, ով պատրաստ է 9.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրենց դստերն ընդունել Սլավոնական համալսարան: Ինքը կնոջն ասել է, որ այդ գումարը փոխանցի նրան: Հաջորդ օրը Վ.Պապյանը զանգել և ասել է, որ գումարը տվել է Ն.Ափոյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 83):

12. Ամբաստանյալ Ն.Ափոյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ընդհանուր առմամբ ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի ամուսինը եղել է իր գործընկերը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը: Հարավ-չինական ավիաուղիների գործակալ դառնալու ցանկությունն իրականացնելու համար ինքը չուներ իրավաբանական տարածք, և այդ տարածքն իրեն է տրամադրել Մ.Կուրղինյանը: Մեղադրանքի անհեթեթությունն այն է, որ իբր իրեն 9.000 ԱՄՆ դոլար են տվել ապագայում կատարվելիք գործարքի համար, բայց ո՛չ ստացական են վերցրել, ո՛չ էլ կոնկրետ հասկացել են, թե ինչի համար են գումար տալիս (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 197-198, հատոր 10, թերթեր 78-79):

Նախաքննության ընթացքում Ն.Ափոյանը հայտնել է նաև հետևյալը. «(...) 2011 թվականի մայիսի 28-ին արդեն «Լինք-Ավիան» կնքել էր պայմանագիրը Հարավ-չինական ավիաուղիների հետ: Մացոն իր խնամի Վալոդի հետ եկել էր մեր օֆիս և սպառնալիքով ստիպում էր իրեն վերադարձնել իր 60%-ը: (...) Ես նրանց օֆիսից բոլորի ներկայությամբ վռնդել եմ: Դա եղել է 2011 թվականի հունիս ամսին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 117):

Ն.Ափոյանը նման ցուցմունքներ է տվել նաև 2012 թվականի ապրիլի 3-ի և 2012 թվականի ապրիլի 14-ի հարցաքննությունների ժամանակ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 67, 91):

Դատաքննության ընթացքում Ն.Ափոյանը նշել է, որ 2010 թվականի հոկտեմբերի 12-ից հետո իրենց օֆիս են գնացել Մ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը, Վ.Բեզոյանը: Մ.Կուրղինյանը պահանջել է գրավից ազատել իր տարածքը, վերադարձնել իր «ներդրած» գումարները և թույլ տալ, որպեսզի նա դուրս գա 60% բաժնետիրությունից: Վ.Բեզոյանը և Վ.Ենգիբարյանն իրենից պահանջել են աուդիտորի հեռախոսահամարը, ինքը տվել է:

Ն.Ափոյանի պնդմամբ Վ.Ենգիբարյանը նշել է, որ ինքը ներկայացնում է Մ.Կուրղինյանի շահերը` նրա փաստաբանն է (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

 2011 թվականի ամռանը, երբ իրենք արդեն մեծ մասշտաբով գովազդում էին չինական ավիաուղիների ներկայացուցչությունը, Մ.Կուրղինյանն իր խնամու` Վ.Բեզոյանի հետ գնացել է իրենց գրասենյակ և հայտարարել, որ կվնասեն Մարտակերտի դիրքերում ծառայող իր որդուն, եթե ինքը 60% բաժնեմասը չվերադարձնի Մ.Կուրղինյանին: Այդ միջադեպը տեղի է ունեցել իր գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ, ովքեր կարող են վկայություն տալ (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

Ն.Ափոյանը նշել է նաև, որ այդ անձինք հինգ տարի շարունակ լռել են և չեն հայտնել խոշոր չափերի հափշտակության մասին, որովհետև իրականում այդպիսի բան չի եղել, և այդ ամենը կազմակերպվել է իրեն և իր բիզնեսը կործանելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 79):

13. Վկա Անդրանիկ Ղազարյանի նախաքննական ցուցմունքների համաձայն` ինքը Ն.Ափոյանի առաջարկով աշխատել է «Լինք-Ավիա» ՍՊԸ-ում որպես տնօրեն: Այդ ընթացքում ծանոթացել է Մ.Կուրղինյանի հետ: 9.000 ԱՄՆ դոլարի մասին իմացել է Մ.Կուրղինյանի և Ն.Ափոյանի հետ ունեցած խոսակցություններից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 48-54, 137-140):

Ա.Ղազարյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 9.000 ԱՄՆ դոլարի մասին լսել է Մ.Կուրղինյանից: Վ.Ենգիբարյանի հետ ծանոթացել է Մ.Կուրղինյանի տանը` 2011 թվականի հունվարին, իսկ Վ.Բեզոյանին չի ճանաչում:

Հարցաքննության սկզբում Ա.Ղազարյանը նշել է, որ որոշակի տարաձայնություններ է ունեցել Ն.Ափոյանի հետ, և վերջինիս մեղադրել է իրեն զրպարտելու մեջ (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

14. Վկա Վոլոդյա Բեզոյանը նախաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքները. «(...) Մնացական Կուրղինյանը հանդիսանում է հարսիս հայրը (...): [Վ]երջինիս ընտանիքին ճանաչում եմ 2008 թվականից: (...) [Վ]երջինիս ընտանիքի հետ շփման ժամանակ լսել եմ, որ Մնացականի կինը` Վիոլետան, 9.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Սլավոնական համալսարանի նախկին աշխատակից Նելլի Ափոյանին (...):

(...) [Հ]ասկանալով, որ Մնացականը խաբվել է Նելլի Ափոյանի կողմից, ես և Մնացականը մեր փաստաբան Վահան Ենգիբարյանի հետ այցելել ենք Ն.Ափոյանի նոր գրասենյակ (…):

(...) Ավելացնեմ, որ ես երեք անգամ հանդիպել եմ ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Ղազարյանին, որը ինձ հայտնել է, որ Նելլի Ափոյանը գումարներ է վերցրել ՍՊԸ-ի դրամարկղից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 59-60):

Վ.Բեզոյանը դատաքննության ժամանակ հայտնել է, որ Մ.Կուրղինյանի հետ ունեցած խոսակցություններից տեղեկացել է, որ նրա կինը` Վ.Պապյանը, իրենց դստերը` Ա.Կուրղինյանին Սլավոնական համալսարան տեղափոխելու համար Ն.Ափոյանին տվել է 9.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և վերցրած գումարը չի վերադարձրել:

Ն.Ափոյանի հետ նրա գրասենյակում տեղի ունեցած խոսակցության ժամանակ ինքն առաջարկել է վերադարձնել Վ.Պապյանից վերցրած գումարը, սակայն վերջինս պատասխանել է, որ դա իր գործը չէ, թող չխառնվի: Այդ հանդիպմանը ներկա են եղել Մ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը, Ն.Ափոյանը և նրա ամուսինը (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 82):

15. Դատախազ Դ.Կարապետյանը (այսուհետ` նաև Դատախազ) ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Գ.Կարապետյանին ուղղված 2012 թվականի հուլիսի 27-ի գրությամբ արձանագրել է. «(...) Սույն քրեական գործով Վազգեն Դեգիրմենջյանը չի հարցաքննվել (...):

(...) [Չ]պարզաբանված է մնում մեկ հանգամանք, թե Ն.Ափոյանի կողմից խաբվելուց հետո ինչու է հետագա տարիներին Մ.Կուրղինյանը Ափոյանին վստահել և շուրջ 100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կրկին գումար տվել: Այս հանգամանքը պարզաբանելու նպատակով լիարժեք քննություն չի իրականացվել:

Բացի այդ, ըստ Մնացական Կուրղինյանի` ինքը 2010 թվականի դեկտեմբեր ամսին հրաժարվել է ընկերությունում իր ունեցած բաժնեմասից` հավատալով Ն.Ափոյանին, որ նշված ամսվա վերջին Ն.Ափոյանը կվերադարձնի պարտք մնացած ամբողջ գումարը:

Այս կապակցությամբ նույնպես պարզ չէ, թե երեք տարի խաբված լինելով ինչպես է համաձայնվել Ն.Ափոյանին հանձնել իր ունեցած բաժնեմասերը:

(...) Արդեն իսկ կատարված հարցաքննությունների և առերես հարցաքննությունների ժամանակ հիշյալ հարցերի պարզաբանմանը բավարար ուշադրություն չի դարձվել:

Բացի այդ հարցումներ չեն կատարվել Հայ-ռուսական սլավոնական համալսարան` պարզելու համար (...) երբևէ Ա.Կուրղինյանի անվամբ Հայ-ռուսական սլավոնական համալսարան տեղափոխվելու դիմում եղել է, թե ոչ:

(...) [Հ]ետաքննության մարմնին հանձնարարություն չի տրվել, որպեսզի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման եղանակով, մասնավորապես Անի Կուրղինյանի համակուրսեցիներից համապատասխան հարցումների միջոցով պարզվի, թե Անի Կուրղինյանը երբևէ այլ բուհ տեղափոխվելու մասին խոսել է, թե ոչ, այդ նպատակով որևէ մեկին, մասնավորապես Նելլի Ափոյանին 9.000 ԱՄՆ դոլար գումար տալու մասին նշել է, թե ոչ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 5-6):

16. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Գ.Սարգսյանի` 2012 թվականի հոկտեմբերի 5-ի գրության համաձայն` 2009-2012 թվականներին Ա.Կուրղինյանի անունով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան տեղափոխվելու դիմում չի եղել (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 103):

17. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Նելլի Ափոյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2007թ. հուլիս ամսին, Վահան Ենգիբարյանի Երևան քաղաքի Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, վերջինիս ծանոթ Վիոլետա Պապյանի դստերը՝ Անի Կուրղինյանին «Սանկտ-Պետերբուրգի» համալսարանի Երևանի մասնաճյուղից «Հայ-Ռուսական պետական սլավոնական» համալսարան տեղափոխելու պատրվակով, չարաշահելով Վ.Պապյանի վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խարդախությամբ հափշտակել է գումարը: Այսինքն` Ն.Ափոյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին, որով նա ենթակա է քրեական պատասխանատվության» (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 84):

18. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը վերլուծության և գնահատման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Նելլի Ափոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (...):

(...)

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանական կողմի փաստարկներն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ն.Ափոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս հիմք է ընդունել իրար հետ հարազատական կապեր ունեցող շահագրգիռ անձանց` տուժողի և վկաների, ցուցմունքները, որոնք ըստ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չեն կարող արժանահավատ համարվել և ապացուցողական նշանակություն ունենալ, գտնում է անհիմն, քանի որ առաջին ատյանի դատարանը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, ապահովել է քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 203):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

19. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն գնահատել նախաքննության ընթացքում և դատարանում տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա էական հակասությունները, ինչպես նաև հաշվի չեն առել տուժողի և վկաների միջև բարեկամական կապի առկայությունը և նրանց` գործի ելքով շահագրգռված լինելու հանգամանքը: Այսպես` Մնացական Կուրղինյանը տուժողի ամուսինն է, Անի Կուրղինյանը` տուժողի դուստրը, Գուրգեն Կուրղինյանը` տուժողի տեգրոջ որդին, Վոլոդյա Բեզոյանը` տուժողի խնամին, Վահան Ենգիբարյանը Մ.Կուրղինյանի փաստաբանն է և որպես փաստաբան վարձատրվել է նրա կողմից, իսկ Անդրանիկ Ղազարյանը և Վոլոդյա Բեզոյանը 9.000 ԱՄՆ դոլարի պատմությունը լսել են տուժողի ընտանիքի անդամներից: Վերոշարադրյալ հանգամանքներով պայմանավորված` բողոքաբերը կարծիք է արտահայտել, որ վերջիններիս ցուցմունքները ճշմարտացի ու արժանահավատ չեն և նպատակ են հետապնդում օժանդակելու տուժողին:

20. Բողոքաբերը, մեջբերելով Լ.Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ գործում բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևին համապատասխան որևէ գրավոր ապացույց, որը կհավաստի տուժողի կողմից Ն.Ափոյանին գումար փոխանցելու փաստը: Բացի այդ, դատական ակտերում իսպառ բացակայում են դատարանների իրավական վերլուծություններն այն մասին, թե կոնկրետ որ ապացույցների հիման վրա են հետևության հանգել Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու վերաբերյալ:

Հետևաբար ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` Ն.Ափոյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 358-րդ հոդվածների պահանջները: Այսպես` անտեսվել են նախաքննության և դատաքննության ընթացքում տուժողի ու վկաների ցուցմունքների միջև առկա էական հակասությունները, կայացվել է անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու համար:

Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել և Ն.Ափոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

22. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.

(…)

4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.

(…)»:

Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները բազմիցս վերլուծության է ենթարկել և կայուն նախադեպային իրավունք ձևավորել այն մասին, որ օբյեկտիվ կողմից խարդախությունը դրսևորվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, իսկ սուբյեկտիվ կողմից բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Այլ կերպ ասած` կատարվածը խարդախություն որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ի սկզբանե` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը, նպատակ հետապնդի չվերադարձնելու և հափշտակելու այն, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները (տե՛ս համապատասխանաբար Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 25-26.2-րդ և Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 26-27-րդ կետերը):

22.1. Վերահաստատելով և զարգացնելով Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված` յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներից առաջինը` հանցագործության դեպքը (ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը) և այն բնութագրող հանգամանքները (հանցագործության տեղ, ժամանակ, եղանակ, միջոցներ և այլն) բացահայտելու պահանջն է (հանցագործության օբյեկտիվ կողմը), ինչից հետո միայն անհրաժեշտ է անդրադառնալ դեպքին անձի առնչությանը և նրա մեղավորությանը քրեական օրենքով արգելված արարք կատարելու մեջ (հանցագործության սուբյեկտիվ կողմը): Հետևաբար խարդախության հանցակազմի առկայությունը հավաստելու համար նախևառաջ պետք է պարզել հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների առկայությունը, այնուհետև անցնել սուբյեկտիվ կողմի բացահայտմանն ու վերլուծությանը:

Այսպես` խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են հանրորեն վտանգավոր արարքը` ուրիշի գույքը հափշտակելը այսինքն` այն վերցնելը, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, և հանցագործության եղանակը` ուրիշի գույքը հափշտակելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

«(…)

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:

23.1. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը լուծվում է դրա մասին վկայող բավարար ապացույցների ամբողջությամբ: «Ապացույցների բավարարություն» հասկացությունը գնահատողական է և իրենից ներկայացնում է ապացույցների համակցության գնահատման վերջնական արդյունք (ապացույցների բավարարության չափանիշների` վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքի, դատավարական որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության, անմեղության կանխավարկածի մասին մանրամասն տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-19-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանն ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշների վերաբերյալ ձևավորած իրավական դիրքորոշումներն ամբողջացրել և զարգացրել է Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով որոշման շրջանակներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անձի դատապարտման համար անհրաժեշտ է ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար կլինի անմեղության կանխավարկածը հաղթահարելու, անձի մեղավորության առնչությամբ ցանկացած ողջամիտ կասկած բացառելու և ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի մոտ համապատասխան ներքին համոզմունք ձևավորելու համար: Ներքին համոզմունքը` որպես սուբյեկտիվ կատեգորիա, պետք է օբյեկտիվ հիմքեր ունենա, այն է` բխի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստական տվյալների ամբողջությունից, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կձևավորեն անձի մեղավորության վերաբերյալ համոզվածություն: Ընդ որում, ներքին համոզմունքն օբյեկտիվանում և իրավական նշանակություն է ձեռք բերում դատական ակտերի հիմնավորման և պատճառաբանման միջոցով (մանրամասն տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-32-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը քննարկվող որոշմամբ արձանագրել է, որ «[Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած» (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը):

24. Ընդհանրացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցագործության համար դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով, այլ պետք է բխի նրա կողմից տվյալ արարքը կատարելու հարցում դատարանի համոզմունքից: Միաժամանակ դատարանի համոզմունքը չի կարող կամայական և սուբյեկտիվ լինել. այն պետք է ձևավորվի պատշաճ ընթացակարգի շրջանակներում ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման և գնահատման արդյունքում:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(…)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...)

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները»:

Դատական ակտերի պատճառաբանվածության օրենսդրական պահանջը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

25.1. Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումն այն մասին, որ դատարանը պարտավոր է կայացվող դատական ակտում վերլուծության ենթարկել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատել բոլոր այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները: Ընդ որում, ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս կարևոր է դրա աղբյուրի հատկանիշների բացահայտումը (ցուցմունք տվող անձանց շահագրգռվածություն, ֆիզիկական ու հոգեբանական վիճակ և այլն), բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը, այլ աղբյուրից նույն տեղեկությունն ստանալու հնարավորության պարզումը և այլն: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-32-րդ կետերը):

26. Սույն որոշման 22-22.1-րդ և 23.1-25.1-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախության գործերով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն հանցագործության դեպքի և այն բնութագրող հանգամանքների (մասնավորապես` ուրիշի գույքը հափշտակելու և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակի) առկայության, դրանում անձի մեղավորության (մասնավորապես` հանցավորի մոտ ի սկզբանե ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայության) վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնելու հիմնավորված ու պատճառաբանված որոշում:

27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Վ.Պապյանի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ նրանից առանձնապես խոշոր չափերով` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջադրված մեղադրանքում Ն.Ափոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և բոլոր ցուցմունքներում` թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, հերքել է Վ.Պապյանից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հանգամանքը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, հաստատված է համարել Ն.Ափոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստը` նշելով, որ վերջինիս մեղքը հիմնավորվում է գործում առկա օբյեկտիվ և ճշմարտացի ապացույցների համակցությամբ (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ն.Ափոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, և նրա նկատմամբ կիրառվել է այն օրենքը, որը ենթակա է կիրառման, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը):

28. Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ Ն.Ափոյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած են միմյանց հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող այնպիսի անձանց ցուցմունքներ, ովքեր ինչ-որ չափով շահագրգռված են գործի ելքով: Մասնավորապես` Ա.Կուրղինյանը տուժողի դուստրն է, Մ.Կուրղինյանը` ամուսինը, Գ.Կուրղինյանը` ամուսնու եղբոր որդին, Վ.Բեզոյանը` նրանց խնամին: Բացի այդ, վերոնշյալ վկաների ցուցմունքներում առկա են մի շարք էական հակասություններ:

Հետևաբար արժանահավատության տեսանկյունից վերոնշյալ անձանց ցուցմունքները գնահատելիս կարևոր է դրանց բովանդակությունը հաստատող նույն տեղեկատվության ստացումը մեկ այլ` գործի ելքով չշահագրգռված անձից կամ այլ օբյեկտիվ աղբյուրից, որն առանց ներքին հակասությունների, գործում առկա մյուս ապացույցներին համահունչ կպարունակի ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ ճշմարտացի և արժանահավատ տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է վկաներից փաստաբան Վ.Ենգիբարյանի և Ա.Ղազարյանի ցուցմունքներին, ապա թեև գործի նյութերում առկա չեն տվյալներ նրանց` Կուրղինյանների ընտանիքի հետ ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելու վերաբերյալ, այնուամենայնիվ նրանց ցուցմունքներն արժանահավատության և գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելիս ստորադաս դատարանները համակողմանի վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի և տուժող կողմի հետ վերջիններիս ունեցած հարաբերությունների բնույթը, գործի ելքով շահագրգռված լինելու հավանականությունը, ինչպես նաև չեն պարզաբանել հանցագործության դեպքի ու հանգամանքների վերաբերյալ նրանց հաղորդած տեղեկատվության մեջ առկա էական հակասությունները, միջոցներ չեն ձեռնարկել նրանց հայտնած տեղեկություններն այլ աղբյուրներից ստացված տեղեկություններով հաստատելու կամ հերքելու ուղղությամբ:

28.1. Այսպես` վկա Վահան Ենգիբարյանն իր ցուցմունքներում նշել է, որ Կուրղինյանների ընտանիքի հետ որևէ առնչություն չունի, տուժող Վ.Պապյանի հետ ծանոթացել է 2007 թվականին իր ընկերոջ` Վազգեն Դեգիրմենջյանի միջոցով, իսկ Մ.Կուրղինյանի հետ ծանոթացել է դեպքից մեկ տարի անց` 2008 թվականին: Սակայն Վ.Պապյանն իր ցուցմունքներում բազմիցս նշել է, որ Ն.Ափոյանի հետ ծանոթացել են «իրենց ընտանիքի ընդհանուր ծանոթ» Վ.Ենգիբարյանի միջոցով: Նրան որպես «իրենց ընտանիքի ծանոթ» է ներկայացրել նաև Ա.Կուրղինյանն իր ցուցմունքներում (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):

Բացի այդ, գործում առկա տվյալների համաձայն` Վ.Ենգիբարյանը երկու անգամ Մ.Կուրղինյանի և Վ.Բեզոյանի հետ այցելել է Ն.Ափոյանի գրասենյակ: Ն.Ափոյանն իր ցուցմունքներում նշել է, որ Վ.Ենգիբարյանը ներկայացել է որպես Մ.Կուրղինյանի փաստաբան և իրենից պահանջել է աուդիտորի հեռախոսահամարը: Վ.Բեզոյանն իր նախաքննական ցուցմունքներում ընդգծել է, որ ինքը Մ.Կուրղինյանի և «իրենց փաստաբան» Վ.Ենգիբարյանի հետ այցելել է Ն.Ափոյանի նոր գրասենյակ: Վերոնշյալ հանգամանքը հաստատվում է նաև Վ.Ենգիբարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ երկու անգամ Մ.Կուրղինյանի և Վ.Բեզոյանի հետ գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, սակայն այդպես էլ աուդիտի արդյունքները չեն ստացել (տե՛ս սույն որոշման 10-10.1-րդ, 12-րդ, 14-րդ կետերը):

Վերանայվող դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանները չեն պարզել` տվյալ ժամանակահատվածում Վ.Ենգիբարյանն ինչպիսի հարաբերություններ է ունեցել Կուրղինյանների ընտանիքի հետ, ինչու և ինչ կարգավիճակով է նա երկու անգամ ներկայացել Ն.Ափոյանի գրասենյակ ու պահանջել աուդիտի արդյունքները, արդյոք նա եղել է Մ.Կուրղինյանի փաստաբանը: Մինչդեռ վկայակոչված հանգամանքների պարզաբանումն էական նշանակություն ունի Վ.Ենգիբարյանի անաչառության, նրա ցուցմունքների արժանահավատության և ճշմարտացիության գնահատման համար:

28.2. Գործի նյութերից երևում է, որ Վ.Ենգիբարյանին և Վ.Պապյանին ծանոթացրել է Վ.Ենգիբարյանի ընկերը` Վ.Դեգիրմենջյանը, ով Մ.Կուրղինյանի եղբոր որդու` Գ.Կուրղինյանի աներոջ եղբայրն է: Վ.Ենգիբարյանը դատաքննության ընթացքում նշել է, որ տվյալ ժամանակահատվածում Վ.Դեգիրմենջյանն իր գրասենյակում շինարարական աշխատանքներ է իրականացրել (տե՛ս սույն որոշման 9-10.1-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Ենգիբարյանի ցուցմունքների արժանահավատությունը ճշտելու, Կուրղինյանների ընտանիքի հետ ծանոթանալու հանգամանքները և հետագայում նրանց միջև ձևավորված փոխհարաբերությունների բնույթը պարզելու տեսանկյունից կարևոր էր Վ.Դեգիրմենջյանի հարցաքննությունը: Ընդ որում, դատախազ Դ.Կարապետյանը նախաքննության ընթացքում քննիչին ուղղված գրությամբ ցուցում է տվել Վ.Դեգիրմենջյանին հարցաքննելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն գործի նյութերից երևում է, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

28.3. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ստորադաս դատարանները չեն վերլուծել և պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել Վ.Ենգիբարյանի ցուցմունքներում մի շարք ներքին հակասությունների առկայությունը:

Այսպես` Վ.Ենգիբարյանը հանցագործության դեպքի և դրա հանգամանքների վերաբերյալ տվել է հակասական ցուցմունքներ, մասնավորապես`

- 2011 թվականի դեկտեմբերի 28-ի և 2012 թվականի փետրվարի 10-ի հարցաքննությունների ժամանակ նշել է, որ Վ.Պապյանը գումարը հանձնել է Ն.Ափոյանին, վերջինս այն հաշվել է և դրել պայուսակի մեջ,

- Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում հայտնել է, որ Վ.Պապյանը Ն.Ափոյանին փոխանցել է ծրար` դոլարի կուպյուրով, իսկ հաշվելու մասին չի հիշում,

- նշված հակասությունների վերաբերյալ հարցաքննվելիս ընդգծել է, որ իրականն այն է, որ Ն.Ափոյանը վերցրել է գումարը, հաշվել է և դրել պայուսակը,

- դատաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը նշել է, որ ծրար չի եղել, Ն.Ափոյանը գումարը հաշվել է բոլորի ներկայությամբ (տե՛ս սույն որոշման 10-10.1-րդ կետերը),

- նախաքննության ընթացքում վերջինս նշել է, որ Վ.Պապյանին, Ա.Կուրղինյանին և Գ.Կուրղինյանին Ն.Ափոյանի հետ ծանոթացրել է իր Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, որտեղ Ն.Ափոյանը Վ.Պապյանին հայտնել է, որ այդ գործն ուրիշների համար կաներ 10.000 ԱՄՆ դոլարով, բայց նրանցից կվերցնի 9.000 ԱՄՆ դոլար: Մի քանի օրից կրկին հանդիպել են վերոնշյալ գրասենյակում (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Մինչդեռ դատաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը սկզբում հանդիպել է Ն.Ափոյանի հետ Աբովյան փողոցում, պայմանավորվել գումարի չափի վերաբերյալ, այդ մասին հաղորդել Վ.Պապյանին, վերջինս էլ համաձայնվել է, իսկ իր գրասենյակում հանդիպել են ընդամենը մեկ անգամ, որի ընթացքում Վ.Պապյանը գումարը փոխանցել է Ն.Ափոյանին (տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկա Վ.Ենգիբարյանի ցուցմունքներում առկա են բազմաթիվ հակասություններ հանցագործության դեպքի` գումարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու, այն Ն.Ափոյանին հանձնելու հանգամանքների, տեղի ունեցած հանդիպումների թվի և վայրի հետ կապված, որպիսի հակասությունների պատճառները ստորադաս դատարանների կողմից չեն պարզվել և պատշաճ գնահատման չեն ենթարկվել:

28.4. Վկա Անդրանիկ Ղազարյանի ցուցմունքները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելիս ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել այն հանգամանքները, որ նա 9.000 ԱՄՆ դոլարի մասին լսել է Մ.Կուրղինյանից, բացի այդ, որոշակի գումարային հարցերի պատճառով նա Ն.Ափոյանի հետ գտնվում է լարված հարաբերությունների մեջ (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

28.5. Վկա Անի Կուրղինյանը հանցագործության դեպքի և հանգամանքների վերաբերյալ տվել է հակասական ցուցմունքներ: Մասնավորապես, նախաքննության ընթացքում` Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննվելիս, նա նշել է, որ Ն.Ափոյանը գումարը չի հաշվել, անմիջապես դրել է պայուսակի մեջ, ավելին` ներկաներից մեկը հարցրել է` չես ցանկանում հաշվել, նա էլ պատասխանել է, որ ոչ: Ա.Կուրղինյանը նշել է նաև, որ Վ.Ենգիբարյանի գրասենյակում հանդիպել են երկու անգամ, նեկա են գտնվել ինքը, Վ.Պապյանը, Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը, գումարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել իր մայրը` Վ.Պապյանը: Մինչդեռ դատաքննության ընթացքում Ա.Կուրղինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ առաջին հանդիպմանն իրենց հետ է եղել նաև իր քույրը. ինքը և քույրը սպասել են մեքենայի մեջ, իսկ Վ.Ենգիբարյանի գրասենյակ են գնացել Վ.Պապյանը և Գ.Կուրղինյանը: Հաջորդ օրը մայրը գումարը ծրարով փոխանցել է Ն.Ափոյանին, վերջինս հաշվելու նման մատով է արել, փակել և դրել պայուսակը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

28.6. Ըստ տուժող Վիոլետա Պապյանի և վկա Գուրգեն Կուրղինյանի ցուցմունքների` Վ.Ենգիբարյանի գրասենյակում Ն.Ափոյանի հետ հանդիպել են երկու անգամ, միևնույն անձանց ներկայությամբ: Մասնավորապես` ներկա են գտնվել Վ.Պապյանը, Ա.Կուրղինյանը, Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը, գումարի չափի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել Ն.Ափոյանը և Վ.Պապյանը: Վ.Պապյանը նախաքննության ընթացքում նշել է, որ Ն.Ափոյանը գումարը վերցրել և դրել է պայուսակի մեջ, իսկ դատարանում ցուցմունք է տվել, որ թերթելու նման մատով է արել, մինչդեռ Գ.Կուրղինյանը հայտնել է, որ Ն.Ափոյանը գումարը հաշվել է և նորից հետ դրել ծրարի մեջ (տե՛ս սույն որոշման 7-րդ, 9-րդ կետերը):

28.7. Վկա Մնացական Կուրղինյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել Մ.Կուրղինյանի ցուցմունքներում պարունակվող տեղեկություններն այն մասին, որ.

- հանցագործության ենթադրյալ դեպքից մոտ մեկ տարի անց` 2008 թվականի դեկտեմբերին, Ն.Ափոյանի հետ համատեղ ընկերություն է հիմնել, որի 60% բաժնեմասը պատկանել է իրեն, իսկ 40%-ը` Ն.Ափոյանին: Ընկերության հիմնադրման օրվանից ինքը ներդրումներ է իրականացրել, ինչպես նաև Ն.Ափոյանին է փոխանցել մեծ թվով գումարներ, որոնց համար, սակայն, ստացականներ չի վերցրել (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

- 2009 թվականի ապրիլին` այն բանից հետո, երբ իր դստերը` Ա.Կուրղինյանին Ն.Ափոյանն այդպես էլ չէր տեղափոխել Սլավոնական համալսարան, իսկ հետագայում արդեն Անին ինքը չէր ցանկացել տեղափոխվել, Ն.Ափոյանն առաջարկել է իրեն նոր դիմորդ գտնել, ինչին, սակայն, ինքը չի համաձայնվել, քանի որ վստահ էր, որ Ն.Ափոյանը խաբում էր: Մինչդեռ ապրիլ ամսից հետո շարունակել է Ն.Ափոյանին փոխանցել գումարներ` 2009 թվականի սեպտեմբերին` 2.000 ԱՄՆ դոլար, 2010 թվականի մայիսի 20-ին` 8.000 ԱՄՆ դոլար` ստացականով, 2010 թվականի հոկտեմբերի վերջին` 3.000 ԱՄՆ դոլար, 2010 թվականի դեկտեմբերի սկզբին` 40.000 ռուբլի (տե՛ս սույն որոշման 11-11.1-րդ կետերը):

Ստացվում է` այն բանից հետո, երբ Մ.Կուրղինյանը հասկացել էր և վստահ էր, որ Ն.Ափոյանն իրեն խաբում է, շարունակել է նրան մեծ թվով գումարներ տալ:

- 2010 թվականի դեկտեմբերի 16-ին բաժնեմասի առուծախի պայմանագրով իր 60% բաժնեմասը 30.000 ՀՀ դրամով վաճառել է Ն.Ափոյանի ամուսնուն` Ա.Սարգսյանին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել միայն 2011 թվականի հոկտեմբերի 3-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Այսպիսով, պարզ չէ` ինչու է Մ.Կուրղինյանն առանց ստացականի խոշոր գումարներ տվել Ն.Ափոյանին, երբ, ըստ իր ցուցմունքների, դադարել էր այլևս նրան վստահել, ինչու է իր բաժնեմասը վաճառել Ն.Ափոյանին, երբ նրանից դրամական պահանջներ ուներ, ինչու է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն իր բաժնեմասի առուվաճառքից հետո մոտ մեկ, իսկ հանցագործության ենթադրյալ դեպքից հետո մոտավորապես չորս տարի անց: Ընդ որում, նախաքննության ընթացքում նշված հանգամանքների շուրջ իր կասկածներն է հայտնել նաև դատախազը` նշելով, որ այդ ուղղությամբ լիարժեք քննություն չի իրականացվել և քննիչին ուղղված գրությամբ ցուցում է տվել պարզելու, թե Ն.Ափոյանի կողմից խաբվելուց հետո ինչու է հետագա տարիներին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին վստահել և շուրջ 100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կրկին գումար տվել, երեք տարի խաբված լինելով` ինչպես է համաձայնվել Ն.Ափոյանին հանձնել իր ունեցած բաժնեմասերը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն գործով բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու տեսանկյունից, ստորադաս դատարանների կողմից այդպես էլ չեն պարզաբանվել:

28.8. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Ն.Ափոյանը նախաքննության և դատաքննության ընթացքում բազմիցս պնդել է, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով և իրեն առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրելով` Մ.Կուրղինյանը ցանկացել է 60% վաճառված բաժնեմասը վերադարձնելուց հրաժարվելու համար վրեժխնդիր լինել իրենից: Այսպես` ըստ Ն.Ափոյանի ցուցմունքների` 2011 թվականի ամռանը Մ.Կուրղինյանը և Վ.Բեզոյանը այցելել են նրա գրասենյակ և սպառնալիքներով հետ պահանջել բաժնեմասը, ինչին Ն.Ափոյանը չի համաձայնվել: Վերջինս ընդգծել է, որ առկա են ականատես վկաներ և կարող են այդ դեպքի շուրջ վկայություն տալ (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացումն ապահովելու, Մ.Կուրղինյանի ու Ն.Ափոյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու տեսանկյունից կարևոր էր մատնանշված հանգամանքների իսկության ստուգումը, ինչին, սակայն, թե՛ նախաքննական մարմինները, թե՛ դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել:

29. Ամփոփելով սույն որոշման 28-28.8-րդ կետերում շարադրված փաստական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ն.Ափոյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն օբյեկտիվ են և արժանահավատ, բավարար գործի ճիշտ լուծման տեսանկյունից, չեն հաստատվում գործի փաստերով: Մասնավորապես` դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործում առկա ապացույցները, չեն պարզել դրանցում առկա և սույն որոշման 28-28.8-րդ կետերում արձանագրված հակասությունները, արժանահավատության տեսանկյունից չեն վերլուծել և իրավական գնահատականի չեն արժանացրել տուժողի և վկաների` գործի ելքով հնարավոր շահագրգռվածություն ունենալու հանգամանքը, այլ, բավարարվելով դրանց պարզ շարադրմամբ, հետևության են հանգել Ն.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայության վերաբերյալ:

30. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարանները, Ն.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները հաստատված համարելով, չեն հիմնավորել և պատճառաբանել նրա մոտ ի սկզբանե ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայությունը` դրանով իսկ անտեսելով Վճռաբեկ դատարանի նախկինում` Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները: Մասնավորապես, վերոնշյալ գործերով Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանն ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր չափանիշով պետք է հիմնավորի, որ հանցավորը, նախքան գույքը վերցնելը, ուղղակի դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու այն (տե՛ս Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 և Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշումները):

31. Սույն որոշման 27-30-րդ կետերում շարադրված փաստերը և եզրահանգումները գնահատելով 22-26-րդ կետերում մեջբերված նորմերի և ձևավորած իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

32. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 127-րդ, 126-րդ, 365-րդ հոդվածների պահանջները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Նելլի Խաչատուրի Ափոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Նելլի Խաչատուրի Ափոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան