Գլխավոր տեղեկություն
Համար
N 1002-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.911
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1002-Ն

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 20
Երևան



 

Հավելված

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի

հուլիսի 13-ի N 1002-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր` հետևյալ դեպքերում`

1) հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով` սահմանված կարգով համայնքային ծառայողի գործուղման.

4) մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելու.

5) համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել`

1) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից.

2) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող համայնքային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցված անձի կողմից` իր համաձայնությամբ.

3) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից` իր համաձայնությամբ:

4. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից կարող է զբաղեցվել` մինչև վեց ամիս ժամկետով, սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` վեց ամիսը չգերազանցող ժամկետով գործուղման դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` համապատասխան իրավական ակտով:

5. Տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի փոխարինումը մեկից ավելի համայնքային ծառայողների կողմից նախատեսված լինելու դեպքում` նրանց փոխարինման ժամկետների հանրագումարը չպետք է գերազանցի վեց ամիսը:

6. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` կադրերի ռեզերվում գրանցված անձի, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձի կողմից կարող է զբաղեցվել`

1) սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` վեց ամիսը չգերազանցող ժամկետով գործուղման դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն ձևի, կնքելով.

2) սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փոխարինման ժամկետի ավարտից հետո համայնքային ծառայության տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանալու հիմքը չվերանալու կամ փոխարինողի բացակայության դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից` նրա հետ պայմանագիր կնքելով.

3) սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման և օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից` նրա հետ պայմանագիր կնքելով:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` եռօրյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին)` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` սույն կարգով նախապատվություն ստացած` կադրերի ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ պայմանագիր կնքելու համար:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում` գրավոր դիմումն ստանալուց հետո լիազորված մարմինը տասնօրյա ժամկետում առնվազն իր ինտերնետային էջում հրապարակում է հայտարարություն` կադրերի ռեզերվում գրանցված անձանց կողմից համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:

9. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) համապատասխան համայնքի անվանումը.

2) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

4) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.

5) դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող աշխատանքային յոթերորդ օրը.

6) լիազորված մարմնի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` համապատասխան համայնքում, իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան մարզի մյուս համայնքներում հաշվառված անձանց:

11. Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` համապատասխան համայնքում, իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան մարզի մյուս համայնքներում հաշվառված մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նախապատվության իրավունքը տրվում է տվյալ համայնքապետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված և կադրերի ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր համայնքային ծառայության դասային աստիճան կամ դրան համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ տվյալ աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և պաշտոնում չնշանակվելու հիմքով կադրերի ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` համայնքային ծառայության առավել երկար ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` կադրերի ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

(11-րդ կետը փոփ. 05.04.12 N 403-Ն, խմբ. 27.06.13 N 675-Ն, փոփ. 21.04.16 N 398-Ն)

12. Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, սակայն տվյալ մարզի համայնքներում չհաշվառված` կադրերի ռեզերվում գրանցված մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացված լինելու դեպքում` նրանց նախապատվության իրավունքը տրվում է սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով:

13. Լիազորված մարմինը սույն կարգի 10-րդ և (կամ) 11-րդ կետերով սահմանված կարգով նախապատվություն ստացած անձի մասին աշխատանքային երեք օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

14. Լիազորված մարմինը սույն կարգի 10-րդ և (կամ) 11-րդ կետերով սահմանված կարգով նախապատվություն ստացած անձին դրա մասին հայտնում է սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկացման օրը:

15. Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` կադրերի ռեզերվում գրանցված անձի կողմից դիմում չներկայացվելու կամ դիմում ներկայացրած` կադրերի ռեզերվում գրանցված անձի կողմից տվյալ պաշտոնի անձնագրի պահանջների չբավարարման դեպքում լիազորված մարմինը դրա մասին աշխատանքային երեք օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

16. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո աշխատանքային 7 օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ և (կամ) 11-րդ կետերով սահմանված կարգով նախապատվություն ստացած անձի` համապատասխան աշխատակազմ չներկայանալու (դրա մասին համապատասխան համայնքի ղեկավարը պարտավոր է եռօրյա ժամկետում տեղյակ պահել լիազորված մարմնին), ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող այլ անձի հետ կնքել պայմանագիր` հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ, 12-րդ, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

(16-րդ կետը փոփ. 05.04.12 N 403-Ն)

17. Չի թույլատրվում այլ անձի հետ պայմանագիր կնքել, եթե համայնքային ծառայության տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ե», «թ», «ժ», «ժթ» և «իբ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու կամ սույն կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով պայմանագիրը լուծվելու հետևանքով:

(17-կետը փոփ., լրաց. 27.06.13 N 675-Ն)

18. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում, իսկ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, պայմանագիրը կնքում է երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրի առաջին օրինակը պահվում է համապատասխան աշխատակազմում, երկրորդը եռօրյա ժամկետում ներկայացվում է լիազորված մարմին, իսկ երրորդը նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է պայմանագիրը:

(18-րդ կետը փոփ. 05.04.12 N 403-Ն)

19. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ պայմանագիր չկնքվելու, ինչպես նաև սույն կարգով սահմանված կարգով կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման և տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքը չվերանալու դեպքում համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցվում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով:

20. Պայմանագրի գործողության ժամկետը, մինչև սույն կարգի 21-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետի երկարաձգման դեպքում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է պայմանագիրը (դրա մասին համապատասխան համայնքի ղեկավարը պարտավոր է եռօրյա ժամկետում տեղյակ պահել լիազորված մարմնին):

21. Պայմանագիրը լուծվում է`

1) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում` անկախ պայմանագրի գործողության ժամկետից.

2) օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «ե», «թ», «ժդ», «ժթ» և «իբ» կետերով) նախատեսված դեպքերում.

3) սույն կարգի խախտմամբ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

4) տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի կողմից նույն պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում:

(21-րդ կետը փոփ., լրաց. 27.06.13 N 675-Ն)

22. Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի հիմքով, եթե առկա է սույն կարգով նախատեսված պայմանագրի լուծման որևէ այլ հիմք, որով և պետք է լուծվի պայմանագիրը:

23. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված անձինք օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում և կարգով չեն կարող գործուղվել:

24. Չի թույլատրվում համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված պայմանագրի լուծմանը:

 

Ձև

ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու կարգի

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _____

 

քաղ. (գ.) ______________

 ___ ___________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության ________________________________________, մի

(համապատասխան համայնքապետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի անվանումը)

 

կողմից, ի դեմս _____________________________________________ (այսուհետ`

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

գործատու) և ________________________________________________________

(համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի

անունը, ազգանունը, հայրանունը)

 

(ծնվ.` 19_______թ.___________ _______-ին, հաշվառման վայրը` _____________

անձնագիր` N_____________ տրված ______ կողմից _______ թ.___________-ին) մյուս կողմից (այսուհետ` պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործատուն հանձնարարում է, իսկ պաշտոնակատարն ապահովում է

___________________________________________________________ -ում

(համապատասխան  համայնքապետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի անվանումը)

_________________________________________________________-ի

(համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը

և պաշտոնի անձնագրի ծածկագիրը)

 

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Գործատուն պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ ___

_________________________________________________ դրամի չափով:

(գումարը նշել տառերով և թվերով)

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են համայնքային ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

6. Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերում:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից`__________ ամիս (տարի) ժամկետով:

9. Սույն պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կազմելու միջոցով, որը կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

10. Սույն պայմանագիրը կնքվել է երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

Պայմանագրի կողմերը`

 

 

Գործատու` ____________

Պաշտոնակատար` ___________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը փոփ. 21.04.16 N 398-Ն)

 

(հավելվածը խմբ. 05.03.09 N 228-Ն, փոփ. 05.04.12 N 403-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.06.13 N 675-Ն, փոփ. 21.04.16 N 398-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան