ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 14–րդ հավելված) 4-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակով և ի գիտություն ընդունելով Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների` 2014-2015 թվականների մակրոտնտեսական քաղաքականության` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 70 որոշմամբ (կցվում է որպես տեղեկատվական նյութ) հաստատված հիմնական կողմնորոշիչների իրագործման արդյունքների մասին հաշվետվությունը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 14–րդ հավելված) 4-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակներով որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության` կից ներկայացվող հիմնական կողմնորոշիչները:
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս հաշվի առնել սույն Որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների` 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` կատարել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն` սույն Որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներին դրանց համապատասխանության առումով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ) ընթացիկ տնտեսական իրավիճակը, որն ստեղծվել է անբարենպաստ արտաքին տնտեսական կոնյուկտուրայի ազդեցության և հումքի համաշխարհային շուկաներում դրության անկայունության, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսություններում առկա դիսբալանսների հետևանքով, բնորոշվում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների էական վատթարացմամբ և տնտեսական ակտիվության նվազմամբ:
Նավթի գների կտրուկ անկումը (2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հունվարը «Breոt» ապրանքանիշի նավթի միջին ամսական գինը նվազել է 51,4 տոկոսով) և հումքային ապրանքների համաշխարհային պահանջարկի կրճատումը բացասական ազդեցություն են ունեցել անդամ պետությունների վճարային հաշվեկշիռների վիճակի վրա, նպաստել են փոխադարձ առևտրի և երրորդ երկրների հետ առևտրի ցուցանիշների վատթարացմանը, ճնշող ազդեցություն են ունեցել միջազգային պահուստային ակտիվների և ազգային արժույթների փոխարժեքների վրա և, ընդհանուր առմամբ, բացասաբար են ազդել անդամ պետությունների տնտեսությունների վիճակի վրա:
Միության համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը 2014 թվականին նվազել են մինչև 1 տոկոս, ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում դրանք կազմել են 3,4 տոկոս, Բելառուսի Հանրապետությունում` 1,6 տոկոս, Ղազախստանի Հանրապետությունում` 4,3 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում` 0,6 տոկոս:
Միությունում 2014 թվականին գնաճն ընդհանուր առմամբ կազմել է մինչև 11,1 տոկոս, ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում այն կազմել է 4,6 տոկոս, Բելառուսի Հանրապետությունում` 16,2 տոկոս, Ղազախստանի Հանրապետությունում` 7,4 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում` 11,4 տոկոս:
2014 թվականի ընթացքում և 2015 թվականի սկզբին նկատվել է համաշխարհային առաջատար արժույթների նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների նվազման միտում, ինչը հատկապես ուժգնացել է 2014 թվականի վերջում և 2015 թվականի սկզբին: Արդյունքում, ռուսական ռուբլու միջին ամսական փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014 թվականի հունվարից մինչև 2015թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում նվազել է 84,4 տոկոսով (33,46–ից մինչև 61,7 ռուբլի` 1 ԱՄՆ դոլարի դիմաց), իսկ բելառուսական ռուբլին այդ նույն ժամանակահատվածում նվազել է 50,3 տոկոսով (գլխավորապես 2015 թվականի հունվարի ընթացքում փուլային արժեզրկման արդյունքում): 2015 թվականի հունվարին հայկական դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 16,8 տոկոսով, իսկ ղազախական տենգեն այդ նույն ժամանակահատվածում արժեզրկվել է 18,5 տոկոսով:
Անդամ պետություններում ընդհանուր տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում նվազել է արտահանումը երրորդ երկրներ, իսկ սահմանափակող միջոցների ձեռնարկման արդյունքում նվազել է նաև ներմուծումը. 2014 թվականին ապրանքների արտաքին առևտրի արժեքային ծավալը 2013 թվականի համեմատությամբ նվազել է 6,9 տոկոսով, ընդ որում, արտահանումը կրճատվել է 5,3 տոկոսով, իսկ ներմուծումը` 9,6 տոկոսով: Հատուկ մտահոգություն է առաջացնում ապրանքների փոխադարձ առևտրի արժեքային ծավալի կրճատումը, որը 2014 թվականի արդյունքներով հասել է 11 տոկոսի` 2013 թվականի մակարդակի համեմատությամբ (առանց հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տվյալները):
Անդամ պետությունների կառավարությունների կողմից մշակվել և իրագործվում են այնպիսի միջոցներ, որոնք ուղղված են ազգային տնտեսությունների համար անբարենպաստ արտաքին տնտեսական կոնյուկտուրայի բացասական հետևանքների հաղթահարմանը և դրա ներգործության մեղմացմանը:
Դրա հետ մեկտեղ, անդամ պետությունների տնտեսությունների փոխկապվածությունից և փոխկախվածությունից ելնելով, պահանջվում է դրանց կողմից հակաճգնաժամային միջոցների իրագործման համակարգում, ինչպես նաև համատեղ այնպիսի ինտեգրացիոն գործողությունների մշակում և ձեռնարկում, որոնք ուղղված են ստեղծված տնտեսական իրավիճակի հաղթահարմանը` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) սահմանված գործիքների օգտագործմամբ:
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները կոչված են լուծելու անդամ պետությունների տնտեսությունների համար առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ, 2015-2016 թվականների ժամանակահատվածում դրանք ուղղված են լինելու ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հաղթահարմանը`
մակրոտնտեսական կայունության ապահովման` գնային կայունության հասնելու, անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ակտիվացման, բյուջետային համակարգերի հավասարակշռվածության պահպանման, բանկային համակարգերի կայունության բարձրացման միջոցով.
կայուն զարգացման և տնտեսական աճի վերականգնման համար պայմանների ստեղծման` տնտեսության բազմազանեցման (դիվերսիֆիկացման) (այդ թվում` հաշվի առնելով Միության ինտեգրացիոն ներուժի իրագործումը), գործարար ակտիվության պահպանման, ֆինանսական միջոցների աղբյուրների ընդլայնման և վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացման, փոխադարձ առևտրի ակտիվացման, արտաքին առևտրի զարգացման և իրացման շուկաների բազմազանեցման (դիվերսիֆիկացման) միջոցով:
I. Մակրոտնտեսական կայունության ապահովում
2014 թվականին և 2015 թվականի սկզբին բոլոր անդամ պետությունները բախվել են ազգային մակրոտնտեսական համակարգերի կայունության վրա անբարենպաստ արտաքին տնտեսական գործոնների ապակայունացնող ազդեցությանը:
Էներգակիրների համաշխարհային արդյունահանման ավելացումը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում քանակական մեղմացման ծրագրի ավարտը, ինչը նպաստում է զարգացող երկրների շուկաներից կապիտալի արտահոսքին, հումքի շուկաներում առաջացրել են գների իջեցում և ճնշող ազդեցություն են ունեցել անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների ու գնաճի մակարդակի վրա:
Բելառուսի Հանրապետությունը 2014-2015 թվականներին շարունակում է գերազանցել Պայմանագրով սահմանված գնաճի մակարդակի սահմանային արժեքը (սպառողական գների ինդեքսը), իսկ Ռուսաստանի Դաշնությունում նկատվում է գնաճի զգալի աճ` 2013 թվականի համեմատությամբ:
Անկախ պետությունների համագործակցության անդամ պետություններում աճի տեմպերի դանդաղումը, ինչպես նաև ակնկալվածից ավելի ցածր աճը Եվրոպական միությունում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հանգեցրել են Միությունում արտադրվող արտադրանքի պահանջարկի նվազմանը, ինչն անդամ պետությունների` արտահանման համար նախատեսված հիմնական ապրանքների գների անկման հետ մեկտեղ մեծացնում է անբավարար բյուջետային եկամուտներ ստանալու ռիսկը` պլանավորված արժեքների հետ համեմատությամբ, և անդամ պետությունների բյուջեների եկամտային մասի ավելացմանը և ծախսային մասի օպտիմալացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացնում:
Միության` ամենախոշոր տնտեսություն ունեցող անդամ պետության` Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մի շարք երկրների կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցները (պատժամիջոցները) նպաստել են արտաքին ֆինանսական շուկաներին մուտք ունենալու հնարավորության սահմանափակմանը և ներդրումային ակտիվության կրճատմանը: Այդ միջոցները միևնույն ժամանակ առևտրային և ֆինանսական ուղիների միջոցով որոշակի բացասական ազդեցություն են ունենում մյուս անդամ պետությունների ազգային տնտեսությունների վրա:
Այդ գործոններն ստեղծում են մակրոտնտեսական ապակայունացման և անդամ պետությունների կողմից Պայմանագրով սահմանված մակրոտնտեսական այն ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման ռիսկեր, որոնցով որոշվում է տնտեսական զարգացման կայունությունը:
Այդ կապակցությամբ, ստեղծված բացասական իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ է անդամ պետությունների ջանքերի համախմբում` կապված համատեղ և ազգային այնպիսի առաջնային միջոցների ձեռնարկման հետ (հաշվի առնելով անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից անկախ դրամավարկային քաղաքականության իրականացումը), որոնք ուղղված են մակրոտնտեսական կայունության ապահովմանը` ըստ հետևյալ առանցքային ուղղությունների:
Գնային կայունության հասնելը` ներառյալ
սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների գների զգալի աճ թույլ չտալը,
անդամ պետությունների տարածքներում մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելը,
բնական մենաշնորհների ծառայությունների սակագների` տնտեսապես հիմնավորված կարգավորումը` հաշվի առնելով դրանք սպառողների և արտադրողների շահերի հավասարակշռության պահպանումը:
Անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ակտիվացում` ներառյալ
ազգային արժույթներով ավանդների ձևավորումը խթանող տնտեսական պայմանների ստեղծումը,
ներքին շուկայում պայմանական միավորներով կամ երրորդ երկրների ազգային արժույթներով գների սահմանման արգելքի սահմանումը,
արժութային իրավահարաբերությունների կարգավորման նկատմամբ մոտեցումների համաձայնեցումը,
արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու համար պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքների շարունակումը,
անդամ պետությունների ռեզիդենտների միջև վճարահաշվարկային հարաբերությունների մեխանիզմի կատարելագործումը,
անդամ պետությունների արժութային օրենսդրությանը համապատասխան իրականացվող արժութային վերահսկողության բնագավառում գործողությունների համակարգման ուժեղացումը:
Բյուջետային համակարգերի հավասարակշռվածության պահպանում` ներառյալ
հարկային համակարգի կատարելագործման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով անդամ պետությունների բյուջեների եկամտային մասի ավելացումը,
ապօրինի ֆինանսական գործառնություններին հակազդելուն ուղղված միջոցների մշակումը և իրագործումը,
զարգացման գերակա ուղղությունների վրա ռեսուրսների կենտրոնացման հաշվին բյուջետային ծախսերի օպտիմալացումը,
միջկառավարական փոխառությունների տրամադրման գործիքների կատարելագործումը,
երրորդ երկրներում գործող ցածր հարկային ռեժիմների օգտագործման հակազդումը։
Բանկային համակարգերի կայունության բարձրացում` ներառյալ
ազգային արժույթներով իրացվելիության պահպանման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, ի թիվս այլնի, կիրառվող գործիքների, ըստ անհրաժեշտության, ընդլայնման միջոցով,
խնդրահարույց ակտիվների կառավարման ինստիտուտների ստեղծման հնարավորության դիտարկումը,
համակարգաստեղծ բանկերի հավելյալ կապիտալացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
ավանդների ապահովագրական ծածկույթի սահմանային գումարների ավելացումը:
Նշված միջոցների ձեռնարկումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ինչն անդամ պետությունների կայուն տնտեսական աճի հիմքն է:
II. Կայուն զարգացման և տնտեսական աճի վերականգնման համար պայմանների ստեղծում
Անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների համար ռիսկեր պարունակող` ապակայունացնող գործընթացների ակտիվ դրսևորման պայմաններում կարևորագույն խնդիր է տնտեսական աճի ներքին աղբյուրների որոնումը, ի թիվս այլնի, անդամ պետությունների տնտեսությունների արդյունավետ փոխգործակցության և Միության ինտեգրացիոն ներուժի իրագործման միջոցով:
Ստեղծված իրավիճակում ծայրաստիճան կարևոր է դառնում տնտեսության առավել բազմազանեցված (դիվերսիֆիկացված) մոդելի անցման ուղղությամբ անդամ պետությունների համատեղ ջանքերի ձեռնարկումը` տարածաշրջանային համագործակցության շղթաների ձևավորման և ավելացված արժեքի ստեղծման միջազգային շղթաներում ներկառուցման հաշվին մշակող արտադրությունների զարգացման, բարձր ավելացված արժեքով արտադրանքի ներքին արտադրության ծավալների ավելացման միջոցով:
Էժան ֆինանսական միջոցների արտաքին աղբյուրների հասանելիության նվազեցման և անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածների անբավարար ներդրումային գրավչության պայմաններում հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրության բարելավմանը, գործարար ակտիվության բարձրացմանը և երկարաժամկետ ֆինանսավորման ազգային ու տարածաշրջանային ինստիտուտների զարգացմանը:
Ազգային արժույթների փոխարժեքների գրանցված արժեզրկումը` տարբեր արագությամբ, էական ազդեցություն ունի Միության ներքին շուկայում առևտրի գնային պայմանների փոփոխման ու արտադրողների մրցունակության վրա և նպաստում է փոխադարձ առևտրում անհամամասնության ուժեղացմանը: Այդ սահմանափակումների հաղթահարումը և փոխադարձ առևտրի զարգացումը կարող են հզոր խթան լինել անդամ պետություններում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության և տնտեսական գործունեության ակտիվացման համար:
Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կարևորագույն խնդիր է լինելու նաև Միությունում արտադրվող արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը, արդեն իսկ կայացած առևտրային գործընկերների հետ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների պահպանումը և երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ապրանքային և աշխարհագրական բազմազանեցմանը (դիվերսիֆիկացիային) նպաստելը:
Ներկայումս ձևավորված տնտեսական պայմաններն առաջադրված խնդիրների լուծման ճանապարհին որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն են առաջացնում` 2015-2016 թվականների ընթացքում հետևյալ գործողությունների իրագործման միջոցով:
Տնտեսության բազմազանեցում (դիվերսիֆիկացիա) (ի թիվս այլնի, հաշվի առնելով Միության ինտեգրացիոն ներուժի իրագործումը)` ներառյալ
Պայմանագրի իրագործման շրջանակներում Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման գերակա ուղղությունների ընտրության համար աշխատանքների իրականացումը,
Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակումը և համաձայնեցումը,
նորարարական ակտիվության խթանումը,
համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման մեխանիզմների մշակումը` բարձր տեխնոլոգիական արտադրությունների զարգացումը խթանելու նպատակով:
Գործարարական ակտիվության պահպանում` ներառյալ
տնտեսության իրական հատվածի և ծառայությունների ոլորտի ձեռնարկությունների համար հարկային բեռի աճը թույլ չտալու ձգտումը,
փոքր և միջին բիզնեսի աջակցության միջոցների իրականացումը,
բիզնես վարելու համար հարմարավետության առումով միջազգային վարկանիշներում անդամ պետությունների դիրքերի բարելավումն ապահովող միջոցների ձեռնարկումը,
տնտեսավարող սուբյեկտների պետական աջակցության միջոցների ազգային համակարգերի կատարելագործումը` լավագույն փորձի և անդամ պետությունների` զարգացման ազգային ինստիտուտների փոխգործակցության մեխանիզմների ձևավորման հիման վրա:
Ֆինանսական միջոցների աղբյուրների ընդլայնում և վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացում` ներառյալ
տնտեսության առավել նշանակալից հատվածներ շրջանառու և ներդրումային ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունների ստեղծումը,
գերակա նախագծերի համար վարկային միջոցների նպատակային հատկացման և դրանք ստացողին արդյունավետորեն հասցնելու մեխանիզմների հետագա զարգացումը,
արտադրական ոլորտի ձեռնարկությունների հիմնական կապիտալում մասնավոր ներդրումների աճի համար պայմանների ստեղծումը,
անդամ պետությունների` պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման ոլորտը կանոնակարգող օրենսդրության կատարելագործումը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և անդամ պետությունների գործելակերպը,
զարգացման տարածաշրջանային ինստիտուտների ֆինանսական հնարավորությունների օգտագործման ակտիվացումը (ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամ, Եվրասիական զարգացման բանկ):
Փոխադարձ առևտրի ակտիվացում` ներառյալ
անդամ պետությունների միջև առևտրային հարաբերությունների զարգացման համար արդյունավետ ֆինանսական մեխանիզմների օգտագործումը, այդ թվում` արտահանման ապահովագրությունը և վարկավորումը,
տնտեսավարող սուբյեկտների` Միության շուկա փոխադարձ մուտք ունենալու հնարավորության առումով բացառումների և սահմանափակումների, այդ թվում` խոչընդոտների հայտնաբերման և վերացման աշխատանքների շարունակումը,
գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մասով անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի կանխատեսումների նախապատրաստումը,
«զգայուն» գյուղատնտեսական ապրանքների ցանկի ձևավորման նպատակով աշխատանքների անցկացումը,
Միությունում գազի, նավթի, նավթամթերքների և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորման նպատակով աշխատանքների շարունակումը,
Միությունում գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների մշակումը` ընդունված մեթոդաբանության հիման վրա:
Արտաքին առևտրի զարգացում և իրացման շուկաների բազմազանեցում (դիվերսիֆիկացիա)` ներառյալ
մաքսային կարգավորման ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցումը,
պետական վերահսկողության ձևերի արդյունավետությունը բարձրացնելիս արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պետական ընթացակարգերի տրամադրման ժամանակի, արժեքի և քանակի կրճատմանն ուղղված միջոցների իրագործումը,
արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացումը,
երրորդ կողմերի հետ համաշխարհային շուկայում Միության շահերի առաջխաղացմանն ուղղված առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը,
երրորդ կողմերի հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանող պայմանագրերի կնքման ուղղությամբ աշխատանքների իրականացումը,
Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին երրորդ կողմերի հետ տեղեկատվական փոխանակման կազմակերպման համար պայմանների ստեղծումը,
միջազգային լավագույն փորձի մակարդակում արտահանման պահպանման, վարկավորման և ապահովագրության մեխանիզմների մշակումը,
երրորդ կողմերի շուկաներ մուտքը դժվարացնող տեխնիկական խոչընդոտների և սահմանափակող միջոցների հայտնաբերումն ու վերացումը,
էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ երրորդ կողմերի հետ առևտրի զարգացումը խթանելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,
տարանցիկ և խառը փոխադրումների զարգացումը:
Միջոցների նշված համալիրի իրագործումը կնպաստի անդամ պետությունների կողմից բացասական տնտեսական երևույթների հետևանքները հաղթահարելուն, անդամ պետությունների տնտեսությունների վերականգնումն ապահովելուն և դրանց տնտեսական աճի տեմպերը բարձրացնելուն` տնտեսական ինտեգրման առավելությունների օգտագործմամբ: