Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.05.2016-12.08.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.14/45(985) Հոդ.785
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2013 թվականի N 846-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 946-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետով հաստատվող պահանջները և կարգը կիրառվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ՝ ՀԴՄ կիրառողներ) նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշումների դրույթները:

3. 2015 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 1-ի N 846-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները (այսուհետ՝ ՀԴՄ) պետք է բավարարեն սույն հավելվածով սահմանված` ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները (այսուհետ՝ պահանջներ):

2. Սույն պահանջներում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական կամ հերթափոխային (այսուհետ` հերթափոխային) հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար ու բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը.

2) ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար.

3) ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ.

4) ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում.

5) հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

6) մասնավոր հանրագումար` գումար, որը ձևավորում է ՀԴՄ-ն` փաստաթղթի ձևակերպման գործընթացում: Մասնավոր հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

7) հերթափոխային վաճառքների հանրագումար` հերթափոխի ընթացքում վաճառքների (ծառայությունների մատուցման) գրանցման ժամանակ ՀԴՄ-ով ձևակերպված փաստաթղթերի հանրագումարների գումար։

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների ծրագիրը պետք է հնարավոր լինի կիրառել հայերենով և անգլերենով, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից` նաև ռուսերենով:

4. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնի վրա գրանցվող և գնորդին տեսանելի ինդիկատորի վրա արտացոլվող տեղեկությունները պետք է լինեն հայերեն:

5. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջները`

1) ՀԴՄ-ն պետք է ունենա`

ա. ֆիսկալային հիշողություն,

բ. օգտագործողի մուտքի անվանումը և գաղտնաբառ մուտքագրելու հնարավորություն (յուրաքանչյուրը` ոչ պակաս 4 կարգից),

գ. ինդիկատոր` պատասխանատու անձի համար (պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը),

դ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման տարեթիվը, ՀԴՄ-ն արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում,

ե. չջնջվող հիշող սարք` նվազագույնը 128 ՄԲ ծավալով,

զ. 256 ՄԲ օպերատիվ հիշողության, 256 ՄԲ հիմնական հիշողության և մինչև 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,

է. SIM քարտով՝ 3G, 2G և GPRS կապուղիներով, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,

ը. SAM քարտով կոդավորման հնարավորություն,

թ. PCI EMV 1 և 2 կարգերի համապատասխանության սերտիֆիկատ,

ժ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.

2) ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ա. ցանցային սնուցման անջատման դեպքում էներգաանկախ հիշողության մեջ դրամական գործարքների մասին տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

բ. թվաբանական գործողությունների կատարումը ներսարքված հաշվարկիչի կողմից` գումարում, հանում, բազմապատկում,

գ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,

դ. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո,

ե. ՀԴՄ-ի անխափան աշխատանք` միջավայրի ջերմաստիճանի 0-400C տիրույթում և մթնոլորտի 95 տոկոս (+250C պայմաններում) հարաբերական խոնավության դեպքում,

զ. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,

է. վերադաս հարկային մարմնի կողմից տրամադրված ալգորիթմով վիճակահանությանը մասնակցող թվերի գեներացումը,

ը. բանկային պլաստիկ քարտերի (չիպային և մագնիսական) միջոցով դրամական հաշվարկների իրականացումը,

թ. համապատասխան պարբերականությամբ՝ առնվազն յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` հարկային մարմնի) տեղեկատվական համակարգի հետ` տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),

ժ. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),

ժա. տվյալ և հաջորդ ամիսների վիճակահանության շահող թվերը վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգից ստանալու և պահպանելու հնարավորություն` հետագայում դրանք ՀԴՄ-ի կտրոնի վրա արտատպելու նպատակով,

ժբ. հնարավորություն SAM քարտի միջոցով կոդավորելու տվյալները RSA ստանդարտին համապատասխան և պահպանելու այն հատուկ չջնջվող հիշող սարքի մեջ (նվազագույնը 128 ՄԲ).

3) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը` սույն հավելվածով սահմանված դեպքերում.

4) ՀԴՄ-ի տեխնիկական հնարավորությունները պետք է ապահովեն`

ա. բաժինների քանակը` 20-ից ոչ պակաս,

բ. պատասխանատու անձանց (օպերատորների) թիվը` 10-ից ոչ պակաս,

գ. մուտքագրվող և ինդիկացվող գումարների կարգայնությունը` 7-ից ոչ պակաս,

դ. դրամական հաշվարկիչների կարգայնությունը` 8-ից ոչ պակաս,

ե. ընդհանուր հանրագումարի հաշվարկիչների կարգայնությունը` 9-ից ոչ պակաս:

(5-րդ կետը փոփ. 09.10.14 N 1103-Ն)

6. Ցանցային ՀԴՄ-ների միջոցով փոխանցվող տվյալները և դրանց փոխանցման ձևաչափը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

7. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

8. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում սարքը պետք է ավտոմատ զրոյացնի ֆիսկալային տվյալները՝ դրանք կոդավորված և այլ անձանց համար անհասանելի ձևով գրանցելով հատուկ ռեգիստրում (սարքում):

9. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում ցանցային կապ ապահովող՝ շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

10. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների (կատարված գործարքների) մասին տեղեկատվությունը շարժական կապի միջոցով ուղարկվելու դեպքում կիրառվող ՍԻՄ (SIM) քարտերը և տրամադրվող կապը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) քարտերը պետք է ունենան միմիայն տվյալների փոխանակման հնարավորություն (Data) և հասանելի լինեն միայն ՀՀ տարածքում (առանց ռոումինգի).

2) քարտերը պետք է ստանան ստատիկ ԻՊ (IP) հասցեներ.

3) քարտերը պետք է ընդգրկված լինեն ներքին կորպորատիվ ցանցի մեջ, որոնց հասցեների բազմությունը (IP & MASK) պետք է նախապես համաձայնեցված լինի հարկային մարմնի տեղեկատվական և «ԱրՔա» համակարգերի հետ.

4) քարտերը պետք է ապահովեն հասանելիություն հարկային մարմնի ՀԴՄ-ների սպասարկման սերվերին և «ԱրՔա» համակարգի նախանշված սերվերներին (առավելագույնը 3 սերվեր).

5) յուրաքանչյուր ՀԴՄ սերվերին դիմելիս` քարտը պետք է հանդես գա իր ֆիքսված IP-ով (բացառել կոնցենտրացիայի կամ NAT տեխնոլոգիայի կիրառումը).

6) քարտեր տրամադրող օպերատորը պետք է տրամադրի նաև ներքին կորպորատիվ ցանցից երեքական IP հասցեներ` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և «ԱրՔա» համակարգերի համար (6 IP հասցեներ).

7) կապուղու թողունակությունը պետք է կազմի առնվազն 256 կբ/վ (այսուհետ՝ նվազագույն թողունակություն).

8) օպերատորի համակցման թողունակությունը հարկային մարմնի և «ԱրՔա» համակարգերից յուրաքանչյուրին պետք է լինի նվազագույնը 2 մբ/վ:

11. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը ֆիքսված կապի միջոցով իրականացվելու դեպքում պետք է պահպանվեն ՍԻՄ (SIM) քարտերի և տրամադրվող կապի համար սահմանված պահանջները` բացառությամբ նվազագույն թողունակության, որը պետք է կազմի 512 կբ/վ:

12. Ցանցային կապին վերաբերող՝ հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և «ԱրՔա» համակարգի հետ աշխատանքի համար անհրաժեշտ տվյալները (SIM քարտի համար, ֆիքսված հեռախոսահամար, IP հասցե և այլն) հարկային մարմնին և «ԱրՔա» համակարգին տրամադրվում են սպասարկման կենտրոնների կողմից:

13. ՀԴՄ-ի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)`

1) ՀԴՄ-ի կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը).

3) օբյեկտի գործունեության հասցեն.

4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).

6) գնման (սպասարկման) ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը).

7) գնման (սպասարկման) ժամը.

8) սպասարկող բաժնի համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

9) օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը,

բ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) (այսուհետ՝ դասակարգիչ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

Սույն ենթակետի կիրառության իմաստով, եթե հարկ վճարողի իրացումից հասույթը որևէ տարվա արդյունքներով գերազանցել է 58.35 մլն դրամի շեմը, ապա այդ պահից սկսած՝ կիրառվում է սույն ենթակետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից.

10) գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

11) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

12) գնման (սպասարկման) դիմաց վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

13) գնման (սպասարկման) ընդհանուր գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

14) ավելացված արժեքի հարկի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ-ին վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

15) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

16) վիճակահանությանը մասնակից թիվը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

17) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

18) վիճակահանության շահող թիվը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

19) վիճակահանությանը մասնակցող ՀԴՄ-ի համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

20) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ապրանքի հանձնումից կամ ծառայության մատուցումից հետո վճարումների ընդունման, ինչպես նաև «Նվեր» և նմանատիպ այլ քարտերի տրամադրման դեպքերում (երբ պարզ չէ, թե այդ դեպքերում ինչ ապրանքներ ձեռք կբերվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն):

(13-րդ կետը լրաց. 24.12.15 N 1510-Ն, փոփ., խմբ. 28.04.16 N 415-Ն)

13.1. (կետն ուժը կորցրել է  28.04.16 N 415-Ն)

14. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է կատարեն հետևյալ գործողությունները՝

1) դրամական գումարների հաշվարկ.

2) մասնավոր հանրագումարների հաշվարկ.

3) վերադարձվող գումարի (մանրադրամի) հաշվարկ.

4) ընդհանուր հանրագումարների հաշվարկ.

5) վաճառքը (հաշվարկը)` կանխիկ դրամով.

6) ապրանքի (ՀԴՄ կտրոնի) վերադարձի գրանցում.

7) մինչև չեկի տպագրումը մուտքագրված տվյալների չեղյալ համարում.

8) գնման (սպասարկման) կտրոնի կրկնօրինակի տպագրում.

9) տոկոսային հավելավճարի (կամ զեղչի) հաշվարկ.

10) պատասխանատու անձի (գանձապահի) սխալի ուղղում՝ մինչև տեխնիկական կրիչին տեղեկատվության տպագրման համար ելքագրում.

11) հասույթների՝ ըստ հարկման ռեժիմների և (կամ) ավելացված արժեքի հարկով հարկման առանձնացում.

12) պլաստիկ քարտով գումարների հաշվեգրում:

15. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ըստ բաժինների և գանձապահների կողմից նախորդող առնվազն 7 օրվա ընթացքում իրականացրած գործարքների վերաբերյալ և ՀԴՄ-ի միջոցով տվյալ օրվա սկզբից մինչև հաշվետվության դուրսբերումն իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների դուրսբերումը, ինչպես նաև թղթային ժապավենի վրա դրանց տպագրումը:

16. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ապրանքների կամ ծառայությունների հաշվառման ծրագրերից (այդ թվում՝ հաշվապահական կամ կառավարչական) կամ համակարգչից հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով ապրանքների կամ ծառայությունների անվանումների, քանակների, դրամարկղ մուտքագրված գումարների, պլաստիկ քարտերի միջոցով հաշվեգրված գումարների, ՀԴՄ-ի միջոցով կազմվող հաշվետվությունների ներմուծման և արտածման հնարավորությունը:

17. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`

Գրառման տեսակը

Ռեկվիզիտները

Ռեկվիզիտի կարգայնությունը (տասնորդական կարգերի)

Գրառումների
քանակը

Համար

ՀԴՄ-ի գործարանային համարը

 

1

ՀԴՄ-ի ֆիսկալավորում

ՀԴՄ-ի գրանցման համարը

նվազագույնը` 8

1

ՀԴՄ կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը

8

ֆիսկալավորման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

6

վերագրանցում անցկացնելու և ֆիսկալային հաշվետվություն ստանալու գաղտնաբառը

նվազագույնը` 5

ՀԴՄ-ի վերագրանցում

ՀԴՄ-ի գրանցման համարը

նվազագույնը` 8

4

կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը

նվազագույնը` 12

վերագրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

6

հերթափոխի վերջին փակման համարը

4

վերագրանցում անցկացնելու և ֆիսկալային հաշվետվություն ստանալու գաղտնաբառը

նվազագույնը` 5

Հերթափոխի փակում

հաշվետվության ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

6

նվազագույնը՝ 9

հերթափոխի փակման համար

4

հերթափոխի վաճառքների հանրագումարը

նվազագույնը՝ 9

Ծառայողական տեղեկատվություն (պարտադիր է)

գրառումների հսկիչ գումարները

Որոշվում է արտադրողի կողմից:

ստորակետի դիրքը ֆիսկալային հաշվետվության մեջ գրանցվող հանրագումարների արժեքներում

ստորակետից
հետո երկու նիշ

 

ծառայողական դասիչները, հատկանիշները (դրոշմները)

Որոշվում է արտադրողի կողմից:

Կատարված գործարքների մասին տեղեկատվության ուղարկում հարկային մարմին

   

յուրաքանչյուր 4
ժամը մեկ անգամ,
օգտագործողի հանձնարարությամբ

18. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր պատյանի տակ, որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները), ֆիսկալային հաշվետվությունն ու վճարային փաստաթղթերը տպող սարքի կառավարման պրոցեսորը:

19. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման և ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման անհնարինությունը:

20. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից` ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ` տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:

21. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս 6 տարվա ընթացքում` ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:

22. ՀԴՄ-ում պետք է նախատեսվի ֆիսկալային տվյալների պահպանվածությունն ստուգելու ռեժիմ:

23. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպությունում տեխնիկական միջոցներով ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի խափանման դեպքում:

24. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը, ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան, գործողությունների լրիվ իրականացման հետ մեկտեղ, պետք է բացառի օգտագործողի կողմից առանց ՀԴՄ-ի ֆիսկալային տվյալների զրոյացման այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում և ֆիսկալային ռեժիմի տարբերիչ հատկանիշի տպագրումը փաստաթղթերի վրա:

25. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`

1) կտրոնի տպագրման ժապավենի բացակայության.

2) պատասխանատու անձի կողմից սխալ գործողություններ կատարելու.

3) տպվող փաստաթղթի փչացմանը հանգեցնող իրավիճակների առաջացման.

4) հիշողության գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի.

5) ոչ ճիշտ մուտքի անվանում և (կամ) գաղտնաբառ նշելու՝ դեպի ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն մուտքի փորձ կատարելիս: Այս դեպքում պետք է կասեցվեն բոլոր գործառնությունների կատարումը և մուտքի անվանման կամ գաղտնաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ մուտքի անվանման և (կամ) գաղտնաբառի մուտքագրման պահը.

6) 36 ժամվա ընթացքում հարկային մարմին տեղեկատվություն չուղարկվելու.

7) գործունեության տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չլինելու հիմքով հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի աշխատանքը կասեցնելու դեպքերում:

26. ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է դադարեցվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո և թույլատրվի հերթափոխային կամ կուտակային կամ ֆիսկալային հաշվետվությունների ստացումը:

27. ՀԴՄ-ն պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ ազատ դաշտերի քանակի մասին հաղորդագրության ստացումը` հերթափոխային հաշվետվությունների գրառման համար: Ազատ դաշտերի 30-ից պակաս քանակի դեպքում հաղորդագրության ելքագրումը պարտադիր է և պետք է իրականացվի ավտոմատ կերպով` հերթափոխն ավարտելու կամ հերթափոխն սկսելու գործողությունների ժամանակ` ՀԴՄ-ի ձևակերպած փաստաթղթի վրա:

28. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը ոչ ֆիսկալային և ֆիսկալային ռեժիմներում:

29. Ոչ ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործելու ռեժիմն է մինչև ֆիսկալավորման անցկացումը: Ոչ ֆիսկալային ռեժիմում չօգտագործված են մնում ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխային հաշվետվությունների գրանցման և ֆիսկալային հաշվետվության ստացման գործառույթները: Ոչ ֆիսկալային ռեժիմում հնարավոր է իրականացնել ՀԴՄ-ի մնացած բոլոր գործառույթները, այդ թվում` նաև վաճառքների մասին տվյալների կուտակումը և փաստաթղթերի ձևավորումը` ՀԴՄ-ի մոդելի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Սպառողների (գնորդների) հետ հաշվարկներ կատարելիս` չի թույլատրվում ոչ ֆիսկալային ռեժիմում ՀԴՄ-ի օգտագործումը:

30. Ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործողության այն ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան: ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերում` ներառյալ կտրոններում, պետք է նշվի այն մասին, որ փաստաթուղթը տպագրվել է ֆիսկալային ռեժիմում:

31. Տեխնիկական պատճառներով ընթացիկ ամսաթիվը պետք է ուղղվի ՀԴՄ-ում գրանցված տեղեկատվությունը հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության նույնականացման (սինքրոնիզացիայի) միջոցով:

(հավելվածը փոփ. 09.10.14 N 1103-Ն, լրաց. 24.12.15 N 1510-Ն, խմբ. 18.02.16 N 141-Ն, փոփ., խմբ. 28.04.16 N 415-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 1-ի N 846-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ՀԴՄ կիրառողները) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում (այսուհետ` հարկային մարմին) գրանցելու և գրանցումից հանելու, ժամանակավոր օգտագործման համար ՀԴՄ-ն գրանցելու համար դիմումներ ներկայացնում են հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի (https://file-online.taxservice.am) միջոցով:

(1-ին կետը փոփ. 09.10.14 N 1103-Ն)

2. Հաշվետվություններ ներկայացնելու համակարգ մուտք գործելու համար ՀԴՄ կիրառողները, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածին (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգին) համապատասխան, պետք է գրանցված լինեն հարկային մարմնում և համակարգ մուտք գործեն հարկային մարմնից ստացված մուտքի անվանմամբ և գրանցված գաղտնաբառով:

3. ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով: Անսարքության պատճառով ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կատարման անհնարինության դեպքում ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է ՀԴՄ-ների սպասարկում և նորոգում իրականացնող ընկերությունից (այսուհետ՝ սպասարկման կենտրոն) ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն ՀԴՄ կիրառողի կողմից ժամանակավոր գրանցվելու դեպքում:

4. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ի կիրառումը, այդ թվում՝ կիրառվող ՀԴՄ-ի սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ով փոխարինումն իրականացվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ`

1) նոր ՀԴՄ-ների ձեռքբերման համար «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվարկային հաշվին կատարվում է ՀԴՄ-ների պահանջվող քանակության դիմաց վճարում.

2) ներկայացվում է նոր ՀԴՄ կիրառելու մասին դիմում.

3) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բավարարված դիմումների հիման վրա կատարվում է ՀԴՄ-ի գրանցում.

4) գրանցված դիմումների հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարգաբերում է ՀԴՄ-ն, գրանցում այն հարկային մարմնի տեղեկատվական համակարգում և կազմակերպում դրա առաքումը.

5) Հարկ վճարողը պայմանագիր է կնքում սպասարկման կենտրոնի հետ, որն ապահովում է դրամական հաշվարկների մասին տեղեկությունների ուղարկման համար ցանցային կապի միջոցների առկայությունը.

6) հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի և անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով իրականացվում է ՀԴՄ-ի ակտիվացումը:

5. Նոր (չշահագործված) ՀԴՄ կիրառելու մասին դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով: ՀԴՄ կիրառողը հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգում լրացնում է ՀԴՄ-ների կիրառման մասին դիմում և ստորագրում է այն: Դիմումում լրացվում են հետևյալ տվյալները`

1) ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտը, որն ընտրվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից: Գործունեության նոր օբյեկտի համար ՀԴՄ-ի կիրառում նախատեսելու դեպքում հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով նախօրոք գրանցվում է գործունեության նոր օբյեկտ.

2) տվյալ օբյեկտում կիրառման համար անհրաժեշտ ՀԴՄ-ների թիվը.

3) ՀԴՄ-ի ձեռքբերման համար կատարված վճարման ամսաթիվը, վճարման հանձնարարականի կամ անդորրագրի համարը, վճարված գումարը:

6. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ները կիրառելու վերաբերյալ դիմումները քննարկվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային տեսչության կողմից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը բավարարվում է, եթե դիմումում սխալներ չեն հայտնաբերվել, և ՀԴՄ կիրառողի կողմից վճարվել է դիմումում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքը:

(6-րդ կետը փոփ. 09.10.14 N 1103-Ն)

7. Բավարարված դիմումի հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգաբերվում են ՀԴՄ կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ները և հարկային մարմնի տեղեկատվական համակարգի ՀԴՄ-ների ենթահամակարգում մուտքագրվում են ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված անհրաժեշտ տվյալները կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ների վերաբերյալ տվյալները մուտքագրվելուց հետո: ՀԴՄ-ների ենթահամակարգում այդ ՀԴՄ-ներին շնորհվում է «ընթացիկ» կարգավիճակ:

8. Կարգաբերված ՀԴՄ-ները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` առաքող կազմակերպության միջոցով ուղարկվում են ՀԴՄ-ների կիրառողներին (սեփականատերերին):

9. Այլ անձանցից ձեռք բերված կամ վարձակալված ՀԴՄ-ները գրանցվում են հարկային մարմնում` ՀԴՄ-ն կիրառելու մասին դիմումի հիման վրա:

10. Նոր կամ այլ անձանցից ձեռք բերված ՀԴՄ-ն, երբ կիրառվում է միայն որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք, գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված՝ գործունեության իրականացման օբյեկտի վրա: Մեկ օբյեկտի վրա կարող են գրանցվել մեկից ավելի ՀԴՄ-ներ: Գործունեության այն օբյեկտներում, որոնք բնակչությանը ծառայությունների մատուցման կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայրի վաճառատեղ են հանդիսանում, գրանցված ՀԴՄ-ները կարող են կիրառվել որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք: ՀԴՄ-ի աշխատանքային ռեժիմը միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք՝ ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայի ՀԴՄ-ների կառավարման համակարգի միջոցով: Տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված ՀԴՄ-ները կարող են կիրառվել միայն որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ (բացառությամբ հատուկ հարկային և ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների) և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրս գրող սարք:

(10-րդ կետը խմբ. 09.10.14 N 1103-Ն, լրաց. 24.12.15 N 1510-Ն)

11. ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն հանվում է գրանցումից հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգում ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին դիմում ներկայացնելու և համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից անմիջականորեն ՀԴՄ սարքից գրանցումից հանելու հանձնարարական տալով: Հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով դիմումն անմիջականորեն ՀԴՄ-ից ստացված հանձնարարականով հաստատվելու դեպքում համակարգը ՀԴՄ-ն ավտոմատ հանում է գրանցումից:

12. ՀԴՄ-ն հանվում է գրանցումից՝

1) տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեությունը դադարեցնելու.

2) տվյալ օբյեկտում գործունեությունը դադարեցնելու (այդ թվում` կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կողմից իր գործունեության դադարեցման, անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքերում).

3) վերակազմակերպվելու արդյունքում անմիջականորեն տվյալ կազմակերպության անվանմամբ ՀԴՄ-ի շահագործումը դադարեցվելու դեպքերում:

13. Առևտրի այն օբյեկտներում և ծառայությունների մատուցման այն վայրերում, որտեղ ՀԴՄ-ի կիրառումն օրենքով պարտադիր չէ, կիրառվող ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ: Սույն կետում նշված օբյեկտներում ՀԴՄ-ի աշխատանքը կասեցվում է հարկային մարմնի կողմից՝ մինչև ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն գրանցումից հանվելը:

14. ՀԴՄ-ն կառավարվում և օգտագործվում է ՀԴՄ կիրառողի կողմից նշանակված (ընտրված) գլխավոր ադմինիստրատորի, ադմինիստրատորի և գանձապահի կողմից:

15. Գլխավոր ադմինիստրատորի իրավասությամբ օժտվում է անհատ ձեռնարկատերը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության նշանակած անձը, ով ՀԴՄ-ի ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է այն: ՀԴՄ-ի ծրագրում որպես օգտվող գլխավոր ադմինիստրատորը չի կարող ապաակտիվացվել (գլխավոր ադմինիստրատորի իրավասությունները չեն կարող դադարեցվել): Գլխավոր ադմինիստրատորի իրավասություններն են՝ ՀԴՄ-ի ակտիվացումը, գրանցումից հանումը, ՀԴՄ-ի աշխատանքի ժամանակավոր դադարեցումը, ապրանքների (ծառայությունների) կառավարումը, օգտվողի կառավարումը, ՀԴՄ-ի էջագլխի և էջատակի խմբագրումը, հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տվյալների ուղարկումը, ֆիսկալ հաշվետվության տպագրումը, ՀԴՄ-ի կտրոնով կատարվող գործարքի առավելագույն գումարի սահմանումը:

16. Ադմինիստրատորը ՀԴՄ օգտագործող է, ով ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է ՀԴՄ-ն: Ադմինիստրատորի իրավասությունները ծրագրի միջոցով ակտիվացվում և ապաակտիվացվում են գլխավոր ադմինիստրատորի կողմից: Ադմինիստրատորի իրավասություններն են՝ ՀԴՄ-ի աշխատանքի կասեցումը, ապրանքների (ծառայությունների) կառավարումը, օգտվողի կառավարումը, ՀԴՄ-ի էջագլխի և էջատակի խմբագրումը, հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տվյալների ուղարկումը, ֆիսկալ հաշվետվության տպագրումը, ՀԴՄ-ի կտրոնի առավելագույն գումարի սահմանումը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հայեցողությամբ գլխավոր ադմինիստրատորի, ադմինիստրատորի, ինչպես նաև գանձապահի իրավասություններով կարող է օժտվել ցանկացած անձ (աշխատող, աշխատողներ):

17. Գանձապահը ՀԴՄ օգտագործող է, ով կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտի միջոցով իրականացված գործարքներին վերաբերող՝ սահմանված տեղեկությունները և հաշվարկի կատարման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրում է ՀԴՄ, տպում է ՀԴՄ կտրոնը և այն տրամադրում ապրանքներ ձեռքբերողին կամ ծառայություններ ստացողին: Գանձապահը ՀԴՄ-ի կիրառմամբ իրականացնում է հետևյալ գործառնությունները՝ մուտքագրում կամ ելքագրում է կանխիկ դրամը, ՀԴՄ գումարը կամ գնվող ապրանքի կամ ստացած ծառայության անվանումը կամ ծածկագիրը մուտքագրելու միջոցով տպում և ապրանքներ ձեռքբերողին կամ ծառայություններ ստացողին է տրամադրում ՀԴՄ կտրոնը, գնորդի պահանջով տրամադրում է կտրոնի կրկնօրինակը, մուտքագրում է ՀԴՄ կտրոնի (ապրանքի) վերադարձը, հարկային մարմնի տեղեկատվական համակարգ է ուղարկում սահմանված տեղեկությունները:

18. ՀԴՄ կիրառողները ՀԴՄ-ն համապատասխան իրավասությամբ օգտագործելու համար մուտքագրում են իրենց մուտքի անվանումը և գաղտնաբառը:

19. Ֆիսկալային հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`

1) կազմակերպության անվանումը.

2) ֆիսկալային հաշվետվության հատկանիշը.

3) փաստաթղթի համընդգրկող կարգային համարը.

4) հաշվետվության ստացման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը).

5) հաշվետվության ստացման ժամանակը` ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան.

6) ժամանակամիջոցը, որի համար ձևավորվում է հաշվետվությունը.

7) ՀԴՄ-ի գրանցման համարը.

8) ՀԴՄ-ի անցկացրած բոլոր վերագրանցումների ռեկվիզիտները (բացի գաղտնաբառից).

9) տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային վաճառքների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման թվականի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ.

10) տվյալ ժամանակամիջոցում վաճառքների գումարային հանրագումարը:

20. ՀԴՄ կիրառողներն ապրանքներ վաճառելիս կամ ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկները (այսուհետ՝ հաշվարկներ) իրականացնում են սույն որոշմամբ սահմանված պահանջները բավարարող ՀԴՄ-ի միջոցով, եթե այդ օրենքով ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է:

21. ՀԴՄ կիրառողները հաշվարկները կատարում են միայն հարկային մարմնում (այսուհետ` հարկային տեսչություն)` սույն կանոններով սահմանված կարգով գրանցված ՀԴՄ-ների միջոցով:

22. ՀԴՄ-ի շահագործման կանոնների և ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը:

23. Գանձապահը պարտավոր է`

1) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել ՀԴՄ կտրոնի վրա տպագրման համար անհրաժեշտ տվյալները, որոշել գնման ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին կամ պատվիրատուին.

2) ապրանքները հանձնելու պահին՝ գնորդից կամ մատուցված ծառայությունների դիմաց՝ պատվիրատուից գումար ստանալու դեպքում, իսկ կանխավճարների դեպքում՝ գումարը մուտքագրելուց անմիջապես հետո տրամադրել ՀԴՄ կտրոն.

3) տեղեկացնել գնորդին, եթե ՀԴՄ կտրոնը շահում է պարունակում:

24. Մինչև գնման կտրոնի փակումը (տպագրումը) սահմանված տեղեկությունները, հաշվարկի կատարման համար անհրաժեշտ տվյալները ՀԴՄ մուտքագրելու ժամանակ գանձապահի կողմից թույլ տրված սխալների հայտնաբերման, ապրանքի գնումից գնորդի լրիվ կամ մասնակի հրաժարվելու դեպքում՝ ՀԴՄ-ի միջոցով կատարված հաշվարկները չեղյալ են համարում: Չեղյալ համարված մուտքագրումների հետ կապված գումարները չեն ներառվում հասույթի գումարի մեջ: Տվյալների և տեղեկությունների մուտքագրումները չեղյալ են համարվում ՀԴՄ-ի համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

25. ՀԴՄ կտրոնի փակումից (տպագրումից) հետո թույլ տրված սխալների բացահայտման, ապրանքի գնումից գնորդի կամ ծառայություն ստացողի լրիվ կամ մասնակի հրաժարվելու, գնված ապրանքի փոխարեն այլ ապրանք գնելու դեպքերում ՀԴՄ կտրոնը և գնման գործարքը չեղյալ կարող են համարվել միայն ՀԴՄ կտրոնի (ապրանքի վերադարձ, ծառայությունից հրաժարում) վերադարձ ձևակերպելու միջոցով: ՀԴՄ կտրոնի վերադարձը ՀԴՄ-ում արձանագրվում է համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

26. ՀԴՄ-ի կտրոնի վերադարձ կարող է ձևակերպվել միայն ՀԴՄ-ի կտրոնի փաստացի վերադարձի դեպքում: Վերադարձի ձևակերպման ժամանակ տպվում է վերադարձի ՀԴՄ-ի կտրոն: ՀԴՄ-ի վերադարձված կտրոնի վրա կատարվում է «Վերադարձ» նշումը և վերադարձի կտրոնի հետ պահպանվում է տպելու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: Համապատասխան պահանջի դեպքում ՀԴՄ-ի վերադարձված կտրոնը և վերադարձի կտրոնը ներկայացվում են ստուգում կամ ուսումնասիրություն (բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ ուսումնասիրությունների) անցկացնող անձանց: Նշված ժամկետում ՀԴՄ կտրոնը չպահպանվելու կամ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց չներկայացվելու դեպքերում՝ ՀԴՄ կտրոնի «Վերադարձ» ձևակերպելու միջոցով իրացման (հարկվող) շրջանառության նվազեցումը համարվում է չհիմնավորված:

27. Գանձապահը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, հերթափոխային հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ հասույթը հաշվառելու համար: Վերջինս պահպանվում է կազմակերպությունում` տպվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

28. Գանձապահի հերթափոխային հաշվետվությունը տպվում է հսկիչ ժապավենի վրա: Այն կարող է ստացվել` ինչպես ընդլայնված` կտրոնների համարները նշելով, այնպես էլ` համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով:

29. ՀԴՄ-ի կտրոններով կազմակերպվում է վիճակահանություն: ՀԴՄ-ին հարկային մարմնի տեղեկատվական բազայից ուղարկվում է շահող համարը, որը գրանցվում է ՀԴՄ-ի հիշողությունում: ՀԴՄ-ի ծրագիրը յուրաքանչյուր գնման դեպքում, մինչև ՀԴՄ կտրոնի տպագրումը, գեներացնում է թիվ, որը համեմատվում է շահումի թվի հետ: Սահմանված նիշերի թվին համապատասխան գեներացված թիվը շահումի թվերին համընկնելու դեպքում ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է տեղեկություն շահելու մասին՝ շահումի տեսակի նշումով: Գնումների ժամանակ ՀԴՄ-ի ծրագիրը թիվը գեներացնում է որոշակի ալգորիթմով: Թվի գեներացումը կատարվում է որոշակի փոփոխական մեծությունների, գործարքի արժեքի և գործարքի իրականացման պահի (րոպե, ժամ, օր, ամիս, տարի) հիման վրա: Թվի գեներացման ալգորիթմը թույլ է տալիս ստուգել, թե տվյալ թիվը որ ՀԴՄ-ում է գեներացվել և որ պահին:

30. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու՝ ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձը տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` սպասարկման կենտրոն) տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:

31. ՀԴՄ կիրառողի հայտի հիման վրա սպասարկման կենտրոնն ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: Այդպիսի պահանջ հայտնվելու դեպքում սպասարկման կենտրոնը ՀԴՄ կիրառողին պատկանող ՀԴՄ-ի վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ՀԴՄ կիրառողի պահանջով, օգտագործման համար վերջինիս ժամանակավոր ՀԴՄ է տրամադրում:

32. Հարկային մարմնի տեղեկատվական համակարգում ժամանակավոր օգտագործման համար տրամադրված ՀԴՄ-ի գրանցման դիմումում լրացվում են դիմումի ձևով նախատեսված բոլոր տվյալները:

33. Ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ի գրանցման մասին ՀԴՄ կիրառողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա ՀԴՄ-ն հարկային մարմնում ժամանակավոր գրանցվում է ՀԴՄ կիրառողի անունով: Ժամանակավոր ՀԴՄ-ի միջոցով իրականացված գործարքները գրանցվում են ՀԴՄ կիրառողի անունով, իսկ դրա միջոցով իրականացված գործարքների ֆիսկալ հասույթը ներառվում է ՀԴՄ կիրառողի ընդհանուր ֆիսկալ հասույթում:

34. Վերանորոգումից վերադարձված ՀԴՄ-ն վերագրանցվում է հարկային մարմնում ժամանակավոր օգտագործման ՀԴՄ-ի միջոցով իրականացված գործարքների մասին տեղեկատվությունը հարկային մարմին ուղարկելուց (տվյալների բազաների սինքրոնիզացումից) անմիջապես հետո: Վերանորոգումից վերադարձված ՀԴՄ-ն վերագրանցելու պահից ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն հանվում է գրանցումից:

35. ՀԴՄ օգտագործող անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ` բացառությամբ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում իրականացնող տեսուչների, իսկ անսարքության դեպքում՝ նաև տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

36. ՀԴՄ-ն կարող է սույն կետով սահմանված գործողությունների շրջանակներում օգտագործվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող տեսուչի կողմից: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող տեսուչն իրավասու է տեղեկություն ուղարկել հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և տպել ֆիսկալ հաշվետվություն: Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու և ֆիսկալ հաշվետվություն տպելու համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող տեսուչը ՀԴՄ-ի համապատասխան գործառույթի միջոցով մուտքագրում է ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարը: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող տեսուչի կողմից ծառայողական վկայականի և ստուգման հանձնարարականի ներկայացումը հիմք է ՀԴՄ ստուգման հանձնարարագրի համարը մուտքագրելու համար:

37. ՀԴՄ-ի կիրառման, ՀԴՄ-ի շահագործման կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմինը հսկիչ գնումներ կատարում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

38. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, գանձապահին է վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը՝ պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրա ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները: Եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է ՀԴՄ կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է ՀԴՄ-ի կտրոնի հետ միասին: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը և ՀԴՄ-ի միջոցով սույն կարգին համապատասխան ձևակերպում է ապրանքի վերադարձը:

39. Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և գանձապահը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Եթե վերադարձվում է ՀԴՄ-ի կտրոնով վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր ՀԴՄ կտրոն:

40. Օրենքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում է դիտվում՝

1) որոշման N 1 հավելվածով սահմանված՝ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որևէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը (բացառությամբ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի) կամ անընթեռնելիությունը (անզեն աչքով կտրոնի վրա արտացոլված տվյալներն ընթերցելու անհնարինությունը).

2) ՀԴՄ-ի կտրոնի չտրամադրումը, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց.

3) գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքի չմուտքագրումը կամ արժեքից ցածր արժեքի մուտքագրումը.

4) գնված ապրանքի քանակի չմուտքագրումը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար.

5) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.16 N 415-Ն)

5.1.) Նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար՝

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի անվանման տպագրումը,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված ծառայության անվանման տպագրումը,

6) ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար՝

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքից տարբերվող ԱՏԳ ԱԱ այլ դիրքում ներառված ապրանքի անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ստացված ծառայության անվանման դասակարգչի համապատասխան կոդից (4 նիշից) տարբերվող ծառայության անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին:

(40-րդ կետը փոփ. 20.02.14 N 160-Ն, խմբ. 26.06.14 N 646-Ն, խմբ., լրաց. 24.12.15 N 1510-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.04.16 N 415-Ն)

41. Օրենքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում չեն համարվում՝

1) գնորդի կողմից ՀԴՄ-ի կտրոնը չվերցնելու արդյունքում դրա փաստացի չհանձնումը գնորդին, եթե ՀԴՄ-ի կտրոնը փաստացի տպագրվել է, և դրանում նշված գումարը ներառվել է ֆիսկալ հասույթում.

2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը՝ «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ-ի կտրոնների համար.

2.1. (ենթակետն ուժը կորցրել է 28.04.16 N 415-Ն)

3) տվյալ առևտրի օբյեկտում` հարկային մարմնում ՀԴՄ գրանցված լինելու դեպքում առանց ՀԴՄ-ի կիրառման գործունեության իրականացումը: Սույն ենթակետում նշված դեպքում գործունեության իրականացումը դիտվում է առանց ՀԴՄ կիրառելու գործունեության իրականացում:

(41-րդ կետը փոփ. 20.02.14 N 160-Ն, խմբ., լրաց. 26.06.14 N 646-Ն, խմբ., լրաց. 24.12.15 N 1510-Ն, խմբ., փոփ. 28.04.16 N 415-Ն)

(հավելվածը փոփ. 20.02.14 N 160-Ն, խմբ., լրաց. 26.06.14 N 646-Ն, փոփ., խմբ. 09.10.14 N 1103-Ն, լրաց., խմբ. 24.12.15 N 1510-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.04.16 N 415-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան