Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.20/33(1213) Հոդ.350
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի N 356-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 19-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 1,051,525.0 հազ. դրամ միջոցներից՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացված 225,000.0 հազ. դրամն ուղղվում է Սպիտակ քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված 826,525.0 հազ. դրամ միջոցներից՝

ա. 616,525.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրված՝ Գյումրի քաղաքում ծրագրի շահառու ճանաչված անձանց միասնական ցուցակում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն և 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1363-Ն որոշումների համաձայն բնակարանային պայմանները չբարելաված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով և 2015 թվականի նոյեմբերի 15-ի N 1363-Ն որոշման 8-րդ կետով նախատեսված դեպքերի) բնակարանի գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմանը,

բ. 210,000.0 հազ. դրամն ուղղվում է Ախուրյանի համայնքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմանը:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց (ընտանիքներին) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը, բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն, բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) տրամադրվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 4,500.0 հազ. դրամ.

3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.

4) վկայագիր ստացած, սակայն սույն կետի 3-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետի համաձայն տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունից հրաժարված անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը.

5) Ախուրյանի համայնքում ծրագրի շահառու ճանաչված՝ սույն որոշման 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրվող միասնական ցուցակում ընդգրկված անձանցից (ընտանիքներից)՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն վկայագիր ստացող, ինչպես նաև Ախուրյանի համայնքում կառուցվող բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող անձանց (ընտանիքների) ցուցակները ձևավորվում են այդ նպատակով անցկացված վիճակահանության արդյունքների հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրել՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, և հատկացվող գումարները փոխանցել ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին.

2) աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության դեպքում.

3) սույն կետի համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2016 թվականի դեկտեմբերի 20-ին:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց (ընտանիքներին)՝

1) վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն, նրանց կողմից մինչև 2016 թվականի մայիսի 20-ը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա.

2) վկայագրերը և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.

3) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ ծրագրի շահառու ճանաչված անձանց (ընտանիքներին) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետրի՝ 2016 թվականի հունվար ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում անցկացնել սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վիճակահանությունը՝ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին տրամադրել Սպիտակ քաղաքում և Ախուրյանի համայնքում սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շահառու ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց (ընտանիքների) միասնական ցուցակները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2016 թ. ապրիլի 8

Երևան