ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2016 թվականի N 404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ հոդվածների 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի «N 1 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ իններորդ պարբերությամբ.
«Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաները պետք է համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/GPS) և միացված լինեն՝
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:».
2) որոշման N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի «Հիվանդանոցներ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաները պետք է համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/GPS) և միացված լինեն՝
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.
«18.1. Շտապ օգնության մեքենաների` տեխնիկական պատճառներով գլոբալ տեղորոշման համակարգի (ՋԻՓԻԷՍ/GPS) անջատման դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը դրա մասին մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են լիցենզավորող մարմնին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:».
2) N 2 ձևում`
ա. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Շտապ օգնության մեքենաների թիվը -
Սույն կետը լրացվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հայտ ներկայացնելիս»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
«14. Կից ներկայացնում եմ`
□ Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:
□ Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. ապրիլի 27 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|