Գլխավոր տեղեկություն
Համար
N 2387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.04.2016-08.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.242
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2387-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ, ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԴՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Անշարժ գույքի հասցեների գրանցման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին անշարժ գույքի գործող հասցեավորումը 2, Երևան քաղաքում` 5 տարվա ընթացքում համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

(3-րդ կետը փոփ., լրաց. 07.05.09 N 486-Ն )

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 10
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ, ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԴՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, հրապարակների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքների՝ զբոսայգիների, պուրակների, ծառուղիների (այսուհետ` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ) անվանակոչման, անվանափոխման, ինչպես նաև հողամասերի, շենքերի, շինությունների՝ ըստ դրանց գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

բնակավայր` մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր.

թաղամաս` բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատված է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով.

հրապարակ` շենքերով և (կամ) կանաչ տնկարկներով սահմանափակված և չկառուցապատված տարածք, որտեղ կարող են հատվել մի քանի փողոցներ.

ճանապարհ` բնակավայրի տրանսպորտային ցանցի մաս կազմող հողի գոտի՝ նախատեսված տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժման համար, որոնք սույն կարգի իմաստով ըստ կարևորության (կարգի) դասակարգվում են հետևյալ կերպ`

ա) խճուղի` մեկ բնակավայրից սկսվող և մայրուղային ճանապարհով մեկ այլ բնակավայրի հետ կապվող ճանապարհ,

բ) պողոտա` բնակավայրի առավել մեծ և լայն փողոց,

գ) փողոց` բնակավայրի տրանսպորտային ցանցի մաս կազմող` տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժման համար նախատեսված տարածք,

դ) նրբանցք` երկու զուգահեռ հարևան փողոցները միացնող ոչ լայն փողոց,

ե) փակուղի` որևէ փողոցից սկսվող և որոշակի տարածքում վերջացող փողոց,

զ) անցում` փողոց կամ նրբանցք:

Հատվող ճանապարհները դասակարգվում են նաև միմյանց նկատմամբ գլխավորի, հավասարազորի և երկրորդականի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 924-Ն որոշմամբ սահմանված կարգով.

հասցե` վավերապայմանների (ռեկվիզիտ) որոշակիորեն համակարգված համախումբ, որը միանշանակ որոշում է հասցեավորման օբյեկտի տեղը բնակավայրում:

Հասցեն կարող է ներառել հետևյալ վավերապայմանները` երկիր, մարզ, բնակավայր, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի անվանում (հողամաս, շենք, շինություն, բնակարան և այլն), անշարժ գույքի հերթական համար.

հասցեավորման օբյեկտ` հողամասեր, շենքեր, շինություններ և դրանց առանձին մասերը, որոնք հնարավոր է օգտագործել որպես անշարժ գույքի ինքնուրույն միավորներ՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան.

հասցեավորում` հասցեավորման օբյեկտներին հասցեների տրամադրման պարտադիր գործառույթ.

հասցեների ռեգիստր` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող պետական լիազորված մարմին.

հասցեների ռեեստր`  հասցեների (գործող և չեղյալ ճանաչված) վերաբերյալ տեքստային, փաստաթղթային և գրաֆիկական տվյալների մեկ միասնական, համակարգված ցանկ.

հասցեների քարտեզ (հատակագիծ)` հատուկ տիպի քարտեզ (հատակագիծ), որի վրա պատկերված են հասցեավորման օբյեկտները և դրանց հասցեները:

(2-րդ կետը փոփ. 07.05.09 N 486-Ն )

3. Հասցեների բաղկացուցիչ մասերի օգտագործման ընթացքում թույլատրվում են հետևյալ կրճատումները`

ա) «թաղ.»` թաղամաս,

բ) «պող.»` պողոտա,

գ) «փող.»` փողոց,

դ) «բն.»` բնակարան,

ե) «շին.»` շինություն:

 

II. ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումները, սույն բաժնի կանոններին համապատասխան, ընդունում են համայնքների ավագանիները (այսուհետ` անվանակոչման լիազոր մարմիններ):

(4-րդ կետը փոփ. 07.05.09 N 486-Ն )

5. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

(5-րդ կետը փոփ. 07.05.09 N 486-Ն )

6. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

ա) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակը (պողոտա, հրապարակ, փողոց և այլն),

բ) օբյեկտի ճշգրիտ դիրքը (համայնք, թաղամաս, մոտակա՝ արդեն անվանակոչված օբյեկտների հարաբերությամբ օբյեկտի տեղակայման դիրքը և այլն),

գ) օբյեկտի առաջարկվող անվանումը, իսկ անվանափոխման դեպքում` նաև գործող անվանումը,

դ) առաջարկվող անվան հիմնավորումը,

ե) աշխարհագրական անվանումների ռեգիստրի կողմից տրված տեղեկանք տվյալ բնակավայրում առաջարկվող անվանմամբ այլ օբյեկտի բացակայության մասին,

զ) անվանումն առաջարկող անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը):

7. Անվանակոչման լիազոր մարմինն օրենքով սահմանված ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանակոչման, անվանափոխման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:

8. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշում ընդունած լիազոր մարմինները որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում են աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ օբյեկտի անվանման պետական գրանցում կատարելու համար:

(8-րդ կետը փոփ. 29.01.16 N 250-Ն)


III. ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

9. Պողոտաների, փողոցների, նրբանցքների, հրապարակների, անցուղիների, փակուղիների և այլնի բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Եղիշե Չարենցի փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ և այլն:

10. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` -յան և -յանց ածանցներով կազմված ազգանուն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ անվանակոչվում և գործածվում է ուղղական հոլովաձևով. օրինակ` Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ և այլն:

11. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները (Հանրապետության հրապարակ, Տպագրիչների փողոց, Երիտասարդական փողոց, Անտառային փողոց, Առափնյա փողոց, Մայիսյան փողոց և այլն), իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:

12. Քաղաքային և գյուղական համայնքներում փողոցները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով. օրինակ՝ քաղաք Գյումրի, Պռոշյան փողոց կամ քաղաք Վանաձոր, 1-ին փողոց:

Երևան քաղաքում փողոցների թվային անվանակոչման դեպքում փողոցի թվային անվանմանը պետք է նախորդի վարչական շրջանի և (կամ) թաղամասի անվանումը. օրինակ՝ քաղաք Երևան, Արաբկիր, 23 փող., քաղաք Երևան, Այգեստան թաղ., 12 փող.:

(12-րդ կետը փոփ. 07.05.09 N 486-Ն )

13. Քաղաքային և գյուղական համայնքներում նրբանցքները, անցուղիները և փակուղիները կարող են անվանակոչվել միայն թվային ձևով. օրինակ` քաղաք Գյումրի, Պռոշյան փողոց, 1-ին նրբանցք, փակուղի կամ անցուղի:

14. Թաղամասերի կառուցապատման դեպքում` փողոցների շարունակությանը, եթե փողոցը չի հատվում գլխավոր կամ հավասարազոր փողոցի հետ, տրվում է նույն անվանումը կամ թվային համարակալումը:

15. Նույն անվանմամբ կարող է անվանակոչվել բնակավայրի միայն մեկ բաղադրիչ (օրինակ` փողոց կամ պողոտա):

Արգելվում է միևնույն բնակավայրում անանուն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը նույնատեսակ անվանումները կրկնող անուններով կամ համարներով:

16. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը թույլատրվում է`

ա) դրանց պատմական անունները վերականգնելիս,

բ) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս,

գ) դրանց անվանումները կանոնավորելիս:

17. Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

ա) բնակավայրի նոր ստեղծված բաղադրիչներին (թաղամաս, պողոտա, փողոց և այլն),

բ) բնակավայրի անանուն բաղադրիչներին:

18. Անվանումները տրվում են` նկատի առնելով տվյալ բնակավայրի և դրա բաղադրիչ մասի պատմամշակութային պայմանները և տեղանքին բնորոշ առանձնահատկությունները:

Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

19. Ականավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո:

20. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով, իսկ թվային անվանակոչման դեպքում` արաբական թվերով:


IV. ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Փողոցների երկայնքով տեղակայված անշարժ գույքը համարակալվում է փողոցի ձախ կողմից` կենտ համարներով, իսկ աջից` զույգ համարներով:

22. Շենքերը և շինությունները, որոնք տեղակայված են փողոցների երկայնքով և առաջացնում են կառուցապատման մեկ ընդհանուր ճակատ` բնակավայրի կենտրոնից ճառագայթաձև ուղղությամբ, համարակալվում են` սկսած բնակավայրի կենտրոնից դեպի ծայրամաս:

23. Կառուցապատման ընդհանուր ճակատից դուրս տեղակայված անշարժ գույքը համարակալվում է կառուցապատման ընդհանուր ճակատի` տվյալ անշարժ գույքին նախորդող շենքի համարին ավելացնելով կոտորակ և հերթական համար:

24. Բնակավայրի կենտրոնին ճառագայթաձև ուղղվածությամբ փողոցները միմյանց միացնող փողոցների վրա տեղակայված և կառուցապատման մեկ ընդհանուր ճակատ կազմող շենքերն ու շինությունները համարակալվում են` սկսած միացվող փողոցներից ավելի բարձր կարգ ունեցող փողոցից:

Այն դեպքում, երբ միացվող փողոցներն իրենց կարգով հավասար են, համարակալումն սկսվում է բնակավայրի կենտրոնից` ժամացույցի սլաքի ուղղությամբ ավելի ձախ գտնվող փողոցից:

25. Նրբանցքների, անցուղիների և փակուղիների երկայնքով տեղակայված շենքերի, շինությունների համարակալումն սկսվում է նրբանցքի, անցուղու կամ փակուղու համար հիմնական փողոց հանդիսացող փողոցի կողմից:

26. Փողոցների հատման տեղում գտնվող շենքերն ու շինությունները համարակալվում են կարգով ավելի բարձր փողոցի նկատմամբ:

Այն դեպքում, երբ շենքերը, շինությունները գտնվում են հավասարազոր փողոցների հատման մասում, համարակալումն իրականացվում է շենքի գլխավոր ճակատի կողմը նայող փողոցի նկատմամբ: Այն դեպքում, երբ անկյան վրա դուրս է գալիս մեկ շենքի երկու հավասարազոր ճակատ, ապա համարակալումն իրականացվում է կենտրոնից սկսվող փողոցի նկատմամբ:

27. Հրապարակի շրջագծում տեղակայված շենքերը, շինությունները համարակալվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ սկսած հրապարակ մուտք գործող գլխավոր փողոցից՝ կենտրոնի կողմից: Այս դեպքում հրապարակին հարող միջանցիկ փողոցների վրա գտնվող շենքերի համարակալման հերթականությունը պետք է ընդհատվի: Այն դեպքում, երբ հրապարակի շրջագծում տեղակայված շենքն անկյունային է, սակայն ունի գլխավոր ճակատ և համեմատաբար զգալի ձգվածություն` հարակից միջանցիկ փողոցի երկայնքով, ապա համարակալումը կարող է իրականացվել փողոցի, այլ ոչ հրապարակի նկատմամբ:


V. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

28. Անշարժ գույքը հասցեավորվում է հետևյալ հիմնական սկզբունքներին համապատասխան`

ա) հասցեի եզակիություն` նույն բնակավայրում միևնույն գործող հասցեն չի կարող տրամադրվել տարբեր հասցեավորման օբյեկտների.

բ) հասցեի որոշակիություն` մեկ հասցեավորման օբյեկտը կարող է ունենալ միայն մեկ գործող հասցե.

գ) օբյեկտի հասցեի և աշխարհագրական դիրքի (տեղակայման) համապատասխանություն` հասցեավորման օբյեկտին տրվող հասցեն պետք է առավելագույնս համապատասխանի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտում և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ՝ հասցեավորման օբյեկտի տեղակայմանը, ինչպես նաև պետք է հնարավորություն ընձեռի հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքն առավել հեշտ որոշելու համար:

29. Հասցե տրամադրվում է`

ա) նոր առաջացած (ստեղծված) հողամասերին, շենքերին և շինություններին,

բ) հասցեավորված օբյեկտի՝ նոր օբյեկտների բաժանման, ինչպես նաև երկու և ավելի օբյեկտների միավորման դեպքում,

գ) նախկինում չհասցեավորված օբյեկտներին,

դ) նախկինում հասցեավորված օբյեկտների հասցեները սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

30. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից կառուցապատման համար տրամադրվող (ձեռք բերվող) հողամասերին հասցե տրվում է հողամասի տրամադրման մասին որոշման հետ միաժամանակ: Նշված հողամասերը հասցեավորվում են շենքերի, շինությունների հասցեավորման` սույն կարգին համապատասխան: Տրամադրված հողամասերի կառուցապատման ավարտից հետո նոր ստեղծված անշարժ գույքին տրվում է հողամասի հատկացման ժամանակ տրամադրված հասցեն:

31. Հասցե չի տրամադրվում`

ա) կառուցապատման համար չնախատեսված հողամասերին,

բ) ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերին և դրանց վրա կառուցված շենքերին, շինություններին:

32. Հասցե ունեցող անշարժ գույքի՝ առանձին հասցեավորման օբյեկտների բաժանման դեպքում` անշարժ գույքի առանձնացվող օբյեկտին տրվում է բաժանվող օբյեկտի հասցեն` դրան ավելացնելով կոտորակ և հերթական համար:

Սույն կետում նշված օբյեկտների միավորման դեպքում` նոր առաջացած հասցեավորման օբյեկտին տրամադրվում է մինչև գույքի բաժանումն ունեցած հասցեն:

33. Արդեն հասցեավորված 2 օբյեկտի միջև գտնվող անշարժ գույքը հասցեավորվում է` օգտագործելով հասցեավորման օբյեկտին նախորդող օբյեկտի համարը` դրան ավելացնելով կոտորակ և հերթական համար. օրինակ` Կոմիտասի 35 շ. և Կոմիտասի 37 շ. միջև գտնվող օբյեկտին տրվում է Կոմիտասի 35/1 շ. հասցեն, իսկ Կոմիտասի 35/1 շ. և Կոմիտասի 37 շ. միջև` Կոմիտասի 35/2 շ. հասցեն:

34. Հասցե ունեցող 2 կամ մի քանի անշարժ գույքի միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտի հասցեն ձևավորվում է միավորվող օբյեկտների հասցեներից` դրանց առաջին և վերջին համարներն իրարից անջատելով գծիկով` եթե համարներն իրար հաջորդող են, իսկ հակառակ դեպքում` ստորակետով. օրինակ` Թումանյան 21, Թումանյան 23 և Թումանյան 25-ի միավորման դեպքում նոր հասցեավորման օբյեկտին տրվում է Թումանյան 21-23 հասցեն, իսկ Թումանյան 20 շ. NN 5 և 7 բնակարանների միավորման դեպքում` Թումանյան 20 շ., բն. 5, 7:

Նույն կարգով է իրականացվում նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների կամ շինությունների միավորման հասցեավորումը:

35. Հողամասին ամրակայված մի քանի շենքերի, շինությունների առկայության դեպքում, որոնք կազմում են անշարժ գույքի մեկ միավոր, այդ միավորին տրվում է մեկ հասցե:

36. Ոչ հիմնական շինություններին տրվում է ժամանակավոր հասցե: Ժամանակավոր հասցեն պարունակում է փողոցի անվանումը և փողոցի վրա տեղակայված` տվյալ տեսակի շինության հերթական համարը (օրինակ` Արշակունյաց պող., N 3 տաղավար):

Ժամանակավոր հասցեն պահպանվում է շինությունների տեղադրվածության ժամանակաընթացքում:

37. Առաջին անգամ հասցեավորվող բնակավայրում հասցեավորման համար հիմք է հանդիսանում տվյալ բնակավայրի կադաստրային քարտեզը:

Ելնելով բնակավայրի կառուցապատման առանձնահատկություններից` որպես ներբնակավայրային օբյեկտ են ընտրվում`

ա) կանոնավոր կառուցապատման դեպքում` անվանումները (պողոտա, փողոց և այլն)` իրենց թվային համարներով,

բ) անկանոն կառուցապատման դեպքում` թաղամասերը, որոնց ավելացվում է անշարժ գույքի համարը, կամ` համակցված տարբերակով:

38. Այն բնակավայրերում, որտեղ չկան անվանումներ, փողոցները (պողոտաները և այլն) նշվում են թվերով:

39. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված հասցեավորման աշխատանքներն իրականացվում են համայնքների բյուջեների հաշվին:

40. Անշարժ գույքը հասցեավորվում է հասցեների քարտեզների (հատակագծերի) թղթային և էլեկտրոնային տարբերակներով, որոնք ստեղծվում են անշարժ գույքի կադաստրային քարտեզների բազայի վրա, ընդ որում`

ա) հասցեավորման աշխատանքներն իրականացվում են առանձին էլեկտրոնային շերտում,

բ) փողոցների անվանումները ներկայացվում են այնպես, որպեսզի ցանկացած դիրքով կարդացվեն ձախից աջ,

գ) անշարժ գույքի օբյեկտների համարակալման թվերը ներկայացվում են փողոցին ուղղահայաց:

41. Մեծ բնակավայրերի քարտեզների թղթային տարբերակները հեշտ օգտագործման համար կարող են բաժանվել 2 և ավելի թերթերի:

 

VI. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ,
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

42. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարաններին և անշարժ գույքի առանձին միավորներ կազմող ոչ բնակելի շինություններին (բազմաբնակարան շենքերի բացվածքներ և բնակարանների ընդհանուր մուտքերից առանձնացված մուտք ունեցող այլ ոչ բնակելի տարածքներ) տրամադրվում են առանձին հասցեներ, որոնք ձևավորվում են` շենքի հասցեին ավելացնելով բնակարանի կամ շինության հերթական համարը և «բնակարան» կամ «շինություն» բառը:

43. Բնակարանները համարակալվում են բազմաբնակարան շենքի ձախակողմյան մուտքից սկսած` բնակարանները համարակալելով ձախից աջ` այնպես, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ մուտքի առաջին բնակարանի համարը լինի նախորդ մուտքի վերջին բնակարանի հաջորդ համարը:

44. Ոչ բնակելի շինությունները համարակալվում են` սկսած շենքի ճակատային մասի ձախ կողմից:

45. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների կամ ոչ բնակելի շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման նպատակով բնակարաններին և շինություններին, սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա, տրվում են նախնական հասցեներ` սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան:

46. Շենքի շահագործման ակտի` սահմանված կարգով ձևակերպումից հետո` գույքային իրավունքների պետական գրանցման ժամանակ նախնական հասցեները գրանցվում են որպես բնակարանների և ոչ բնակելի շինությունների հասցեներ, եթե նախնական հասցեներ ստացած միավորները չեն բաժանվել կամ միավորվել` կազմելով անշարժ գույքի նոր միավորներ:

47. Նախնական հասցեներ ստացած շինությունների միավորման կամ բաժանման դեպքում` նոր առաջացած անշարժ գույքի միավորներին, սույն կարգի 42-44-րդ կետերի դրույթներին համապատասխան, տրվում են նոր հասցեներ:


VII. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

48. Համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքը հասցեավորում են համայնքի ղեկավարները, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող անշարժ գույքը` մարզպետները (այսուհետ` հասցե տրամադրող լիազոր մարմիններ):

(48-րդ կետը փոփ. 07.05.09 N 486-Ն )

49. Հասցեի տրամադրումը վճարովի է:

50. Բացառությամբ սույն կարգի 30-րդ և 37-րդ կետերում նախատեսված դեպքերի` անշարժ գույքին հասցե տրամադրելու համար գույքի սեփականատերը (օգտագործողը) դիմում է ներկայացնում հասցեների տրամադրման լիազոր մարմին:

Դիմումում նշվում են սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը:

Հասցեավորման օբյեկտների բաժանման կամ միավորման դեպքում հասցե տրամադրելու մասին դիմումին կցվում է նաև անշարժ գույքի բաժանմանը կամ միավորմանը վերաբերող հատակագիծը:

Նոր շինությունների հասցեավորման դեպքում հասցեն տրամադրվում է ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 151-րդ կետով նախատեսված դիմումում կատարված համապատասխան նշագրման հիման վրա, առանց հասցեավորման համար առանձին դիմում ներկայացնելու՝ պահպանելով սույն կարգի 49-րդ կետի պահանջը: Դիմումի ձևը տեղադրվում է տվյալ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում):

(50-րդ կետը լրաց. 29.01.16 N 250-Ն)

51. Հասցե տրամադրող լիազոր մարմինն առավելագույնը 6 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:

(51-րդ կետը լրաց. 07.05.09 N 486-Ն, խմբ. 29.01.16 N 250-Ն)

52. Անշարժ գույքի հասցեի տրամադրումը կարող է մերժվել, եթե`

ա) անշարժ գույքի բաժանումը կամ միավորումը թույլատրված չէ օրենքով,

բ) օբյեկտն ինքնուրույն գույքային միավոր չէ,

գ) ներկայացվել է ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված և (կամ) դրա վրա կառուցված շենքին կամ շինությանը հասցե տրամադրելու մասին դիմում:


VIII. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ (ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ) ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

 

53. Անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման համար կարող են հիմք հանդիսանալ`

ա) բնակավայրերի կամ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխությունը,

բ) որոշակի տարածքում հասցեավորումը սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անշարժ գույքի հասցեավորման կանոնակարգումը (վերահամարակալումը),

գ) հասցեի փոփոխության այլ դեպքերը:

54. Բնակավայրերի, թաղամասերի, պողոտաների և փողոցների անվանափոխության, շենքերի, շինությունների հասցեների համարների կարգավորման (վերահամարակալման) հետևանքով առաջացած անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման հետ կապված բոլոր փոփոխությունները գրանցվում են հասցեների գրանցման մատյանում՝ անվանափոխության կամ հասցեավորման օբյեկտների վերահամարակալման մասին որոշումների հիման վրա:

Այդ որոշումներն ընդունած լիազոր մարմինները որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում են հասցեների գրանցումն իրականացնող լիազոր մարմնին, որը հասցեների գրանցման մատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

(54-րդ կետը փոփ. 29.01.16 N 250-Ն)

55. Անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման դեպքում օբյեկտի հին հասցեն համարվում է չեղյալ:

551. Անշարժ գույքը վերահասցեավորվում է սույն կարգի 50-րդ կետով սահմանված անշարժ գույքի օբյեկտներին հասցե տրամադրելու կանոնների համաձայն:

(55.1-ին կետը լրաց. 29.01.16 N 250-Ն)


IX. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

56. Անշարժ գույքի հասցեները գրանցում են հասցեների ռեգիստրի՝ ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանումները:

57. Հասցեն գրանցվում է հասցեների գրանցման մատյանում:

Յուրաքանչյուր բնակավայրի համար վարվում է տվյալ բնակավայրի հասցեների գրանցման միասնական մատյան:

58. Հասցեների գրանցման մատյանում պետք է նշվեն հասցեավորման օբյեկտի կադաստրային ծածկագիրը, օբյեկտի հասցեն, հասցեի տրամադրման մասին որոշման ամսաթիվը և համարը, հասցեավորման օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), անշարժ գույքի նպատակային նշանակությունը և օգտագործման նպատակը:

Հասցեների գրանցման մատյանները վարվում են` ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:

Հասցեների գրանցման մատյանի ձևը և վարման կարգը հաստատում է հասցեները գրանցող լիազոր մարմինը:

59. Նոր առաջացած (ստեղծված), այդ թվում` նաև գոյություն ունեցող գույքային միավորների բաժանման կամ միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքի հասցեն գրանցվում է այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում հասցեն գրանցվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սահմանված ժամկետում:

60. Անշարժ գույքի օբյեկտի հասցեն` առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցվում է հասցեն գրանցելու մասին դիմումը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

61. Հասցեների գրանցման համար գանձվում է վճար, որի չափը սահմանում է հասցեների ռեգիստրը՝ համաձայնեցնելով ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

62. Անշարժ գույքի գրանցված միավորների հասցեների գրանցման դեպքում հասցեների ռեգիստրը կատարում է նաև համապատասխան փոփոխություններ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի՝ տվյալ գույքի գրանցման թերթիկում և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում:

63. Անշարժ գույքի սեփականատերերը (օգտագործողները) նոր առաջացած (ստեղծված) անշարժ գույքի (կառուցապատման նպատակով օտարված կամ օգտագործման տրամադրված պետական կամ համայնքային հողամասեր, նոր կառուցված կամ կառուցվող շենքեր, շինություններ, անշարժ գույքի բաժանման կամ միավորման արդյունքում ստեղծված գույքային միավորներ), ինչպես նաև նախկինում չհասցեավորված անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին դիմումի հետ միասին ներկայացնում են նորաստեղծ գույքային միավորին հասցե տրամադրելու մասին լիազորված մարմնի որոշումը:

Սույն նորմը չի կիրառվում, եթե անշարժ գույքի միավորի բաժանման արդյունքում առանձնացվող միավորին (միավորներին) հասցեի տրամադրումը մերժվել է` սույն կարգի 52-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով:

64. Հասցեների ռեգիստրն ստուգում է հասցեի տրամադրման համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:

65. Հասցեի գրանցումը կարող է մերժվել, եթե`

ա) տրամադրված հասցեն չի համապատասխանում սույն կարգին,

բ) հասցեն գրանցված է որպես անշարժ գույքի այլ միավորի հասցե,

գ) չի ներկայացվել հասցեի պետական գրանցման վճարի անդորրագիրը:

Այլ պատճառաբանությամբ հասցեի գրանցման մերժումն արգելվում է:

66. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում հասցեի գրանցումը մերժվելու դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կասեցվում է:

67. Հասցեի գրանցումը մերժելու մասին գրավոր տեղյակ է պահվում դիմողին և հասցեների տրամադրման լիազոր մարմնին` մերժման պատճառների պարտադիր նշմամբ:

68. Հասցեների տրամադրման լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում վերանայում է տրամադրած հասցեն և ընդունում է պատճառաբանված որոշում հասցեավորման օբյեկտին այլ հասցե տրամադրելու կամ նախկին հասցեն անփոփոխ թողնելու մասին:

69. Հասցեի գրանցումից հետո անշարժ գույքի օբյեկտի սեփականատիրոջը (օգտագործողին) տրամադրվում է տեղեկանք հասցեների ռեեստրում օբյեկտի հասցեի գրանցման մասին:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում նոր հասցեավորվող գույքի գրանցման մասին տեղեկանքը տրամադրվում է իրավունքի պետական գրանցման վկայականի հետ միասին: Տեղեկանքի ձևը հաստատում է հասցեները գրանցող լիազոր մարմինը:

70. Տեղեկանքը գույքը հասցեավորված լինելու միակ ապացույցն է:

71. Հասցեների գրանցնան համար հիմք են հանդիսանում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումները:

Հասցեների ռեգիստրի կողմից նշված որոշումների հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվում ինչպես հասցեների գրանցման մատյաններում, այնպես էլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում և անշարժ գույքի գրանցման վկայականներում:

72. Անշարժ գույքի գրանցված նոր հասցեն, ինչպես նաև հասցեում կատարված բոլոր փոփոխությունները տարածքային ստորաբաժանման կողմից անցկացվում են հասցեների քարտեզի (հատակագծի) համապատասխան շերտի մեջ: Կախված բնակավայրի կառուցապատման առանձնահատկություններից և խտությունից` կարող են օգտագործվել 1:2000 և 1:5000 մասշտաբների քարտեզներ:

73. Ելնելով հասցեների գրանցման առանձնահատկություններից` հասցեները գրանցող լիազոր մարմինը կարող է ընդունել դրանք կարգավորող իրավական ակտեր:


X. ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

74. Հասցեների ռեեստրի տվյալները պահպանվում են անժամկետ` ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչների վրա:

75. Հասցեների ռեեստրից տեղեկատվություն տրամադրելիս` տրամադրվում են հասցեների գրանցման մատյանից քաղվածքներ` անշարժ գույքի օբյեկտի գրանցված հասցեի, հասցեի փոփոխման (վերահասցեավորման), անշարժ գույքի հասցեն չեղյալ ճանաչվելու, անշարժ գույքի հասցեն գրանցված լինելու վերաբերյալ, ինչպես նաև հասցեների քարտեզի (հատակագծի) կամ քարտեզի որոշակի մասի պատճենները:

76. Հասցեավորման օբյեկտի հասցեի փոփոխման (վերահասցեավորման) մասին հասցեների ռեգիստրի կողմից տրված տեղեկանքն անշարժ գույքի հասցեի փոփոխությունը հաստատող միակ փաստաթուղթն է: Նման տեղեկանք ներկայացվելու դեպքում` հասցեի փոփոխությունը չի կարող առաջացնել առանց անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) ցանկության` քաղաքացիների բնակության վայրը, իրավաբանական անձանց գտնվելու վայրը հաստատող փաստաթղթերում, ինչպես նաև անշարժ գույքի հասցեն պարունակող այլ փաստաթղթերում հասցեի փոփոխման անհրաժեշտություն:

77. Հասցեների ռեեստրից տեղեկատվության տրամադրումը վճարովի է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Վճարների չափը հաստատում է հասցեների ռեգիստրը` համաձայնեցնելով ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

78. Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

79. Տեղեկատվությունը տրամադրում է հասցեների ռեգիստրի` հասցեավորման օբյեկտի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանումը կամ հասցեների ռեգիստրի տեղեկատվական կենտրոնը:

80. Տեղեկատվությունը հաստատվում է հասցեների ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ և ստորաբաժանման կնիքով:

Տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվությունը հաստատվում է տեղեկատվական կենտրոնի ղեկավարի ստորագրությամբ և տեղեկատվական կենտրոնի կնիքով:

81. Արգելվում է մերժել տեղեկատվության տրամադրումը` բացառությամբ այն դեպքերի, երբ`

ա) պատվիրված է անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տվյալ հասցեում բնակվող այլ անձանց մասին տեղեկատվություն,

բ) տեղեկատվության տրամադրման համար վճարումը չի կատարվել:

(հավելվածը փոփ., լրաց 07.05.09 N 486-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.01.16 N 250-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան