Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.221
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.08.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0143/11/14

ԵԿԴ/0143/11/14

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի օգոստոսի 7-ին դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա.Մարտիրոսյանի (այսուհետ նաև` Քննիչ) 2014 թվականի մայիսի 29-ի որոշումը (այսուհետ նաև` Որոշում):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է:

2. Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

3. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի հունվարի 23-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է` տրամադրելով 15-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար:

Դիմողի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել 2015 թվականի փետրվարի 23-ին, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի մայիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի դատական նիստի արձանագրման համառոտագրումից երևում է, որ հրապարակվել են բողոքի վերաբերյալ դատարան ստացված նյութերը (տե՛ս նյութեր, 1-ին հատոր, գ.թ. 38):

5. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 25-ի գրությամբ բողոքի վերաբերյալ դատարան ստացված նյութերը վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս նյութեր, 1-ին հատոր, գ.թ. 45):

6. Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել կամ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը (տե՛ս նյութեր, 1-ին և 2-րդ հատորներ):

7. Բողոքի կապակցությամբ կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը (տե՛ս նյութեր, 1-ին և 2-րդ հատորներ):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Դիմողի ներկայացուցիչը գտել է, որ ստորադաս դատարանները չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 18-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, 175-րդ, 176-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև անտեսել են Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի փետրվարի 24-ի` թիվ ԵԿԴ/0176/01/09 և Սուսաննա Անտոնյանի վերաբերյալ 2013 թվականի փետրվարի 15-ի` թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` կայացնելով չհիմնավորված դատական ակտեր:

9. Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքի հեղինակը նշել է, որ գործի փաստական հանգամանքներն առավել քան բավարար են քրեական գործ հարուցելու համար, մինչդեռ վարույթն իրականացնող մարմնի կողմից անիրավաչափորեն կայացվել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Բողոքաբերի համոզմամբ վերոգրյալ որոշմամբ սահմանափակվել են դիմող Պյեր Ժան Մուրադյանի` որպես տուժողի իրավունքներն ու օրինական շահերը, որպիսի հանգամանքը ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմողի ներկայացուցիչը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 20-ի դատական ակտը, այն է` վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և սահմանել իր կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված խախտումը վերացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութեր ներկայացնելու պահանջի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք Քննիչի Որոշման դատական ստուգման արդյունքում կայացված ստորադաս դատարանների դատական ակտերն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:

13. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

(...)

4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»:

13.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է մեջբերված նորմերի վերլուծության հիման վրա իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանին պարտավորեցնում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու վերաբերյալ յուրաքանչյուր բողոք ենթարկել մանրակրկիտ ստուգման, իսկ, որպեսզի դատարանն իրականացնի իր լիազորությունը, օրենսդիրը սահմանել է վարույթն իրականացնող մարմնի պարտավորությունը` դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ներկայացված նյութերի հիման վրա դատարանը պետք է ստուգի բողոքարկված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված լինելը` կապված դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների հետ, որի արդյունքում, հիմնվելով հետազոտված նյութերի վրա, բողոք բերած անձանց փաստարկների մանրակրկիտ ստուգմամբ պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում` խախտումների առկայության կամ բացակայության մասին, առանց կանխորոշելու այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնան քրեական գործի ըստ էության քննության ժամանակ (մեղադրանքի հիմքում դրված ապացույցների գնահատում, արարքի քրեաիրավական որակման ճշտություն և այլն) (տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 15-րդ կետը):

14. Զարգացնելով նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան պետք է ներկայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմավորող, այնպես էլ` հերքող:

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահովելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը:

15. Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դատական ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գործում առկա նյութերին: Այլ խոսքով՝ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի որոշման վերանայումը հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյութերի հիման վրա, հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմնավորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (դատական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերը, 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ մերժել է ներկայացված բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), այնուհետև 2014 թվականի սեպտեմբերի 25-ի գրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը հետ է վերադարձրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել կամ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

17. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած և Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված նյութերը Վերաքննիչ դատարանի կողմից չեն հետազոտվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող գնահատվել որպես օրինական և հիմնավորված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պ.Մուրադյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի՝ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերջիններս Առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 25-ին վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներկայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմվում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովելու պահանջներից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելով վերջինիս կողմից ներկայացված նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-10-րդ կետերը) ըստ էության քննարկելու և ստորադաս դատարանների որոշումներին իրավական գնահատական տալու հնարավորությունից:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտումները, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտեր կայացնելուն: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան