Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1274
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.493
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

31 մայիսի 2016 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան 06.05.2016թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 7-ին` Բուենոս Այրեսում: Համաձայնագրի նպատակն է հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցությունը:

Համաձայնագրով սահմանվում են.

- հարկային հարցերով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման եղանակները և կարգը,

- համատեղ հարկային ստուգումների անցկացման, դրանց մասնակցելու կարգերը,

- փաստաթղթերի տրամադրման կարգը:

 

2. Համաձայնագրի դրույթները տարածվում են հետևյալ հարկատեսակների վրա.

- Հայաստանի Հանրապետության դեպքում՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, գույքահարկ, հողի հարկ.

- Արգենտինայի Հանրապետության դեպքում՝ եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ, գույքահարկ, հաստատագրված նվազագույն եկամտի հարկ:

Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև նույնանման այլ հարկերի նկատմամբ, որոնք կնախատեսվեն Համաձայնագրի ստորագրումից հետո՝ ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Արգենտինայի Հանրապետության իրավասու մարմնի հարցման հիման վրա փոխադարձության կարգով Համաձայնագրի դրույթների, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և ներպետական օրենսդրության համաձայն տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է հարկերի հաշվարկման, գնահատման և հավաքագրման համար,

 ապահովել փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը` միաժամանակ չխոչընդոտելով տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Առանց հարցվող կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնության չտրամադրել համապատասխան տեղեկությունները ցանկացած այլ անձի, միավորի, մարմնի կամ այլ սուբյեկտի,

 ներպետական օրենսդրությանը համապատասխան ապահովել, որպեսզի տեղեկատվությունը բոլոր միջոցներով հավաքագրվի նաև այն դեպքում, երբ իրավասու մարմնի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը բավարար չէ հարցումը բավարարելու համար,

 ապահովել, որպեսզի իրավասու մարմինը Համաձայնագրի դրույթների համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության շրջանակներում տրամադրի տեղեկատվություն` վկաների ցուցմունքների և գրանցումների բնօրինակների հաստատված պատճենների տեսքով,

 որպես հարցվող կողմ՝ կրել աջակցության տրամադրման հետ կապված ընթացիկ ծախսերը, իսկ որպես հարցող կողմ՝ աջակցության տրամադրման ընթացքում կրած արտակարգ ծախսերը (ներառյալ դատական գործընթացների առնչությամբ արտաքին խորհրդատուների ներգրավմամբ պայմանավորված ողջամիտ ծախսերը),

 Արգենտինայի Հանրապետության իրավասու մարմնի հարցման դեպքում ՀՀ իրավասու մարմնի թույլտվության առկայության պարագայում ապահովել Արգենտինայի Հանրապետության իրավասու մարմնի ներկայացուցիչների ներկա գտնվելը հարկային ստուգումների ժամանակ:

 

4. Համաձայնագրին կից ներկայացված են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտագիրը և Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանության պատասխան հայտագիրը, որոնք, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկության` համարվում են Համաձայնագրի անբաժանելի մասը՝ համաձայն 1969 թվականի մայիսի 23-ին ստորագրված՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 79-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


31 մայիսի 2016 թ.

ՍԴՈ-1274

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան