Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0033/01/13

ԵԿԴ/0033/01/13

Նախագահող դատավոր՝  Գ. Ավետիսյան

Դատավորներ՝  

Ե. Դարբինյան

Ս. Չիչոյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԴԱնիելյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերգեյ Մարտիկի Ափոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61204412 քրեական գործը: Նույն օրը ձերբակալվել է Սերգեյ Մարտիկի Ափոյանը:

Նախաքննության մարմնի՝ 2012 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Ս.Ափոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ս.Ափոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Ս.Ափոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ):

2013 թվականի մարտի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճռով Ս.Ափոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նույն դատավճռով Ս.Ափոյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ս.Ափոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ա.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Ամբաստանյալ Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, 2010 թվականի հուլիս ամսվա ընթացքում չարաշահելով իր աներ Գագիկ Հովհաննեսի Փարոյանի վստահությունը, կուտակած պարտքերը մարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով խնդրել է Գ.Փարոյանին նրան պատկանող` Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը գրավադնել։ Վերջինս տվել է իր համաձայնությունը, ապա 2010 թվականի հուլիսի 09-ին Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակում Ս.Ափոյանին հիշյալ բնակարանը տնօրինելու, տիրապետելու, իր նախընտրած պայմաններով վաճառելու, իր հայեցողությամբ գրավադնելու և մի շարք այլ գործողություններ կատարելու լիազորություն է տվել։

2010 թվականի հուլիսի 17-ին Ս.Ափոյանը Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակում իրեն լիազորող Գ.Փարոյանի ամուսնացած լինելու հանգամանքը թաքցնելով, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել այն մասին, թե Գ.Փարոյանն ամուսնացած չէ, ապա Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը` գրավադնելու փոխարեն, Գ.Փարոյանից գաղտնի, ձևական առուվաճառքի պայմանագրով` 18 մլն ՀՀ դրամով վաճառել է Սամվել Շարբաթյանին և խարդախությամբ հափշտակել` նշված գումարը։

Բացի այդ, Ս.Ափոյանը 2012 թվականի մայիսին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, կեղծել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 4/1 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն տան նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել է իր տվյալները, ներկայացրել վարկային կազմակերպություն, որի հիման վրա իր ծանոթ Վաչագան Գրիգորյանի անվամբ 2012 թվականի մայիսի 8-ին ստացել է 4.400.000 ՀՀ դրամ վարկ և հափշտակել այն։

Այնուհետև, Սերգեյ Ափոյանը դարձյալ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծել է Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 41-րդ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, բնակելի տան շուկայական և լիկվիդացիոն արժեքների վերաբերյալ արձանագրությունը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր ծանոթ Արմեն Բադալյանի տվյալները, ապա ներկայացրել վարկային կազմակերպություն և դրանց հիման վրա 2012 թվականի մայիսի 31-ին վերջինիս անվամբ ստացել 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար և կրկին հափշտակել։

Բացի այդ, նույն դիտավորությամբ ու նկարագրված եղանակով կեղծել է Երևանի Կորյունի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, որոնց մեջ գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել` իր ծանոթ Մարինե Մելիքյանի տվյալները, ներկայացրել հիշյալ վարկային կազմակերպություն, և հափշտակելու նպատակով փորձել է ստանալ 16.343.600 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար վարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցվել, քանի որ 2012 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի սպասարկման գրասենյակում բացահայտվել է ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը, որի կապակցությամբ նույն օրը հաղորդում է ուղարկվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 271-272):

6. Առաջին ատյանի դատարանը դատաքննության արդյունքներով հաստատված է համարել, որ. «(…) 2010թ. հուլիսին ամբաստանյալ Ս.Ափոյանը դիմել է աներոջը՝ տուժող Գ.Փարոյանին, ու խնդրել է իր ունեցած պարտքերը մարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար օգնել իրեն՝ նրա՝ ք.Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի հ. 17 բնակարանի գրավադրմամբ ստանալ վարկ ու թույլատրել տնօրինել այն։ Ամբաստանյալը նաև պարտավորվել է անձամբ մարել վարկը։ Տուժողը համաձայնվել է և 2010թ. հուլիսի 9-ին ք.Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակի նոտար Սվետլանա Բադիրյանի կողմից հաստատված լիազորագիր է տվել ամբաստանյալին, որով նրան լիազորել է իր անունից կատարելու որոշակի գործողություններ, մասնավորապես՝ տնօրինել, տիրապետել, իր նախընտրած պայմաններով վաճառել, իր հայեցողությամբ փոխանակել, գրավ դնել և գրավից հանել իր բնակարանը։

Ամբաստանյալը, ցանկանալով արագ ստանալ իրեն անհրաժեշտ գումարը և համոզված լինելով, որ բանկից վարկ ստանալու համար՝ գրավի ու վարկի պայմանագրերի կնքման դեպքում, երկար ժամանակ կպահանջվի, ք.Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակում գրավոր հայտարարելով, որ տուժողն ամուսնացած չէ, տուժողից ստացած լիազորագրով 2010թ. հուլիսի 17-ին վկա Ս.Շարբաթյանի հետ կնքել է շինծու գործարք՝ փոխառության և գրավադրման գործարքները քողարկելու նպատակով վերջինիս հետ կնքել է տուժողի՝ ք.Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի հ. 17 բնակարանն իրական շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով՝ 18 մլն դրամով, նրան վաճառելու մասին առուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտար Անահիտ Մինասյանի կողմից։ Այսինքն՝ ամբաստանյալն իրականում տուժողի բնակարանը ոչ թե վաճառել է վկա Ս.Շարբաթյանին, այլ նրանից փոխառությամբ վերցրել է 18 մլն դրամ, ինչի վերադարձնելիությունն ապահովելու համար տուժողի բնակարանը՝ գրավադնելու փոխարեն, ձևականորեն վաճառել է Ս.Շարբաթյանին, ով տուժողի ներկայությամբ հայտարարել է, որ իրեն իր տված գումարն է հետաքրքրում և այն ստանալուց հետո կվերադարձնի բնակարանը։

(…)

2010թ. վերջին տուժողը, տեղեկանալով, որ իր բնակարանը վաճառվել է, և այլևս ինքը չէ դրա սեփականատերը, դիմել է ամբաստանյալին, ով նրան հանգստացրել է` ասելով, որ որևէ մեկը նրա ընտանիքին չի անհանգստացնի, քանի որ ինքը լուծելու է բոլոր հարցերը և վերադարձնելու է նրա բնակարանը։ Տուժողը հանդիպել է նաև վկա Ս.Շարբաթյանի հետ, ով ասել է, որ նրա բնակարանն իրեն պետք չի, քանի որ դրա դիմաց ինքը գումար է տվել, որը վերադարձնելու դեպքում բնակարանը նորից կլինի տուժողի անվամբ։

(…)

Երբ տուժողը, տեղեկանալով, որ իր բնակարանը Ս.Շարբաթյանի կողմից վաճառվել է վկա Գ.Միքայելյանին, ամբաստանյալից պահանջել է անմիջապես վերադարձնել իր բնակարանը, վերջինս տուժողին տեղեկացնելով, որ այն աճուրդով վաճառվել է մեկ այլ անձի, նրան առաջարկել է իր օժանդակությամբ դիմել դատարան, որպեսզի բնակարանի վրա արգելանք դրվի և այն աճուրդով գնած անձը չկարողանա դրա նկատմամբ ձևակերպել իր սեփականության իրավունքը, և խոստացել է կարճ ժամանակում լուծել բնակարանի հետ կապված հարցերը։ Այդ նպատակով՝ տուժողի կողմից տրված լիազորագիրն ու առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, տուժողի կինը հայցադիմում է ներկայացրել դատարան, և որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանի որոշմամբ արգելանք է դրվել տուժողի բնակարանի վրա։

Այնուհետև, տուժողին տված խոստումը կատարելու՝ ստացած վարկի գումարը վճարելու և բնակարանը տուժողին վերադարձնելու նպատակով, ամբաստանյալը, կեղծել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու հ. 4/1 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականն ու նույն տան նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել է իր տվյալները, դրանք ներկայացրել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերություն, ու 08.05.2012թ. նշված ընկերության և ամբաստանյալի ծանոթ՝ վկա, Վաչագան Գրիգորյանի միջև կնքված հ. 00000269 վարկային պայմանագրով ամբաստանյալն ստացել է 4.400.000 դրամ վարկ: (…)

Այնուհետև, նույն նպատակով ամբաստանյալը կեղծել է ք.Երևանի Վ.Համբարձումյան փողոցի հ. 41 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն տան նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքն ու բնակելի տան շուկայական և լիկվիդացիոն արժեքների վերաբերյալ արձանագրությունը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր ծանոթ՝ վկա, Արմեն Բադալյանի տվյալները, ապա նշված փաստաթղթերը ներկայացրել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերություն, ու 31.05.2012թ. նշված ընկերության և վկա Արմեն Բադալյանի միջև կնքված հ. 00000299 վարկային ու գրավի պայմանագրերով ամբաստանյալն ստացել է 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ։

Նշված երկու դեպքում էլ ամբաստանյալը վկաներ Վ.Գրիգորյանին և Ա.Բադալյանին նախապես ասել է, որ վարկն ինքն է ստանալու և մարելու։

Դրանից հետո, ամբաստանյալը, տուժողին բացատրելով, որ իր մոտ եղած գումարով՝ 12.000.000 դրամով, չի կարող նրա բնակարանն անմիջապես ազատել գրավից, նրան առաջարկել է կնքել հաշտության համաձայնություն՝ իր, նրա, նրա կնոջ, նրա բնակարանը աճուրդով գնած անձի, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության, վկաներ Ս.Շարբաթյանի, Գ.Միքայելյանի ու համավարկառուներ Գ.Դավթյանի և Բ.Միքայելյանի միջև, խոստանալով անմիջապես վճարել իր մոտ եղած գումարը, այնուհետև՝ կարճ ժամկետում, նաև մնացած գումարն ու տուժողի բնակարանը վերագրանցել նրա անվամբ։ Այդ նպատակով ամբաստանյալի հայրը, տուժողի կինը՝ վկա Է.Սարգսյանը և նրա ներկայացուցիչը հանդիպել են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Ա.Ծատուրյանի աշխատասենյակում, սակայն հաշտության պայմանների շուրջ համաձայնության չեն եկել, քանի որ ամբաստանյալի հոր մոտ այդ պահին եղած գումարը չի բավարարել վարկն ամբողջությամբ մարելու համար և այդ պատճառով հաշտություն չի կնքվել։

Դրանից հետո, կրկին նույն նպատակով ամբաստանյալը կեղծել է ք.Երևանի Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի հ. 8 բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն բնակարանի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր ծանոթ՝ վկա, Մարինե Մելիքյանի տվյալները, և դրանք ներկայացնելով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերություն՝ ցանկացել է ստանալ 16.343600 դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, սակայն 13.08.2012թ-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի սպասարկման գրասենյակում բացահայտվել է ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը, որի կապակցությամբ նույն օրը հաղորդում է ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 91-92):

6.1. Առաջին ատյանի դատարանը իր դատական ակտի՝ «Ս.Ափոյանին վերագրվող արարքներում խարդախության հանցակազմի առկայությունը» մասում արձանագրել է. «(…) Քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները ժամանակավոր անհնարինության պատճառով չկատարելը կամ մասամբ կատարելը չի կարող գնահատվել՝ որպես խարդախություն կամ խարդախության փորձ:

Փաստորեն, ամբաստանյալի և տուժողների միջև առկա է եղել քաղաքացիաիրավական բնույթի վեճ, որը ենթակա է եղել լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ նախաքննական մարմինն ամբաստանյալ Ս.Ափոյանին վերագրած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով որակած, արարքներին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական՝ հանգելով սխալ հետևության այն մասին, որ նրա արարքներում առկա է խարդախության հանցակազմ:

Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակացությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակելու տուժողների գույքը։ Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ Ս.Ափոյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն։

Հետևաբար, բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` վստահությունը չարաշահելու կամ խաբեության միջոցով ուրիշի գույքին տիրանալը։

Ինչ վերաբերում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմին, ապա գործի նյութերից երևում է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ պաշտոնական վարկած Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին։ Այսինքն՝ չի հիմնավորվել, որ մինչև տուժողների գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը նա դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունեցել է դրանք հափշտակելու նպատակ, որի դեպքում (…) խարդախությունը բացակայում է (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 96-97):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը կատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալ Ս.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ /երեք դրվագով/ և 34-178-րդ հոդվածների 3-րդ մասերի 1-ին կետերով առաջադրված մեղադրանքները նախաքննությամբ և դատաքննությամբ չի հիմնավորվել, նրա գործողություններում բացակայում է հանցակազմը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 96-97):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

8.1. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների՝ բողոքաբերը, վերլուծելով Լ.Ավետիսյանի, ինչպես նաև Վ.Մաթևոսյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները, ինչպես նաև մատնանշելով ստորադաս դատարանների կողմից հաստատված ճանաչված փաստական հանգամանքները, փաստել է, որ վարկային կազմակերպությունից խարդախությամբ գումարներ հափշտակելու (2 դրվագ) և խարդախության փորձ կատարելու համար Ս.Ափոյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ ստորադաս դատարանների արտահայտած դիրքորոշումներն իրավաչափ չեն, չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և չեն համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքաբերը կարծում է, որ ստորադաս դատարանների իրավական վերլուծություններն ու պատճառաբանություններն ամբողջությամբ վերաբերում են մեղադրանքի՝ Գ.Փարոյանի բնակարանի հափշտակության դրվագին և որևէ կերպ բովանդակային չեն շոշափում խարդախության մնացած դրվագներով մեղադրանքը: Եթե համապատասխան վերլուծությամբ այն մասին, որ, ըստ էության, գրավի երաշխիք հանդիսացող բնակարանի ձևական առուվաճառքից հետո Ս.Ափոյանը համապատասխան գործողություններով փորձել է կանխել իր աներոջ բնակարանը այլ անձանց կողմից ձեռք բերելու գործընթացը, դատարանները պատճառաբանել են այդ մասով Ս.Ափոյանի արարքում հանցակազմի բացակայության մասին իրենց դիրքորոշումը, ապա մեղադրանքի մնացած դրվագների կապակցությամբ սահմանափակվել են միայն նշումով այն մասին, որ Ս.Ափոյանը վարկային կազմակերպությունից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գումար է ստացել իր աներոջ տան հետ կապված խնդիրը լուծելու համար:

8.2. Բողոքաբերը փաստել է նաև, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով համապատասխան գործարքների կնքման նպատակը, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Ս.Ափոյանը այդ գործարքներից երկուսն ավարտելուց և Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու 4/1 տան գրավադրմամբ 4.400.000 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 41-րդ տան գրավադրմամբ 17.446.820 ՀՀ դրամ ստանալուց հետո այդ գումարներից որևէ մաս չի ուղղել Գ.Փարոյանի տան խնդրի լուծմանը: Ավելի պարզ՝ Ս.Ափոյանն ունեցել է հնարավորություն լուծելու այն խնդիրը, որը լուծելու համար իբր կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ստացել էր վարկ: Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարաններն անտեսել են, որ նշված տների գրավադրմամբ Ս.Ափոյանի ստացած գումարը գերազանցում էր Գ.Փարոյանի տան հետ կապված նրա պարտավորության չափը՝ 18 մլն ՀՀ դրամը, և բավարար էր այն կատարելու համար: Ավելին` Ս.Ափոյանին մեղսագրվող բոլոր արարքները միմյանց կապելով՝ դատարաններն ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ Ս.Ափոյանը դատարանների կողմից հաստատված ճանաչված նպատակն ամբողջությամբ իրագործելու համար բավարար գումար ձեռք բերելուց հետո փորձել է դարձյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ 16.343.600 ՀՀ դրամ ստանալ Կորյունի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի գրավադրումից:

8.3. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները, ըստ էության, հաստատված համարելով, որ Ս.Ափոյանը վարկային կազմակերպությանը տարբեր տների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, դրանց գրավադրմամբ խաբեությամբ գումարներ է ստացել, ընդամենը վկայակոչել են դրանց ստացման՝ ամբաստանյալի մատնանշած, բայց գործի օբյեկտիվ փաստական տվյալներին չհամապատասխանող նպատակը և գտել, որ այդ արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հանցակազմն առկա չէ: Ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պատճառաբանել, թե ինչ նշանակություն ունի ապօրինի եղանակով գումար ձեռք բերելու նպատակը դրա ապօրինության գնահատման հետ՝ գործում առկա սույն փաստական հանգամանքների համատեքստում: Դատարաններն այդպիսով բացառել են թեկուզ այլ անձանց նկատմամբ ունեցած իրավաչափ քաղաքացիաիրավական պարտավորության կատարման նպատակով երրորդ անձից գումար հափշտակելու նույնիսկ տեսական հնարավորությունը, ինչն անընդունելի է և չի բխում խարդախության հանցակազմի ո՛չ օրենսդրական սահմանումից և ո՛չ էլ այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքից:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարելու համար ամբաստանյալ Ս.Ափոյանին առաջադրված մեղադրանքներում բացակայում են խարդախության հանցակազմի հատկանիշները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խարդախության, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար:

Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացրած որոշումներում:

Մասնավորապես, Լ.Ավետիսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: (…)

(…) [Օ]բյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:

(…) Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:

(…) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:

(…) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:

Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:

(…) Խարդախության միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և գույքը հափշտակելու շահադիտական նպատակի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն գործով ձեռք բերված ապացույցների համակցության վրա:

Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է:

(…) Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ:» (տե՛ս Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-րդ, 25-26.4-րդ կետերը):

Վ.Մաթևոսյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է.«(…) [Խ]արդախությունը և քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտումն օբյեկտիվ կողմի հատկանիշներով հաճախ համընկնում են: Հետևաբար, այստեղ պետք է նկատի ունենալ, որ խարդախությունը` որպես հանցագործություն, քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից տարբերվում է սուբյեկտիվ կողմով:

(…)[Խ]արդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորել, որ հանցավորը դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:

Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել իրականացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները:

(…) Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն:» (տե՛ս Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը):

12. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել իր նախադեպային իրավունքում ձևավորած և վերը մեջբերված այն դիրքորոշումը, որ խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր է ոչ միայն ուղղակի դիտավորությունը, այլև շահադիտական նպատակը: Ընդ որում, շահադիտական նպատակը հանցավորի ձգտումն է հարստանալ հափշտակված գույքի հաշվին՝ այն վերցնելով, իրենը դարձնելով կամ իր «հաշվին» հանձնելով այլ անձանց:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն հարկ է համարում ընդգծել, որ արարքը որպես խարդախություն որակելու և խարդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար որևէ նշանակություն չունի շահադիտական նպատակի ուղղվածությունը: Այլ խոսքով՝ խարդախության հանցակազմն առկա է, եթե հանցավորը մինչև ուրիշի գույքին տիրանալը այն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելու և չվերադարձնելու ուղղակի դիտավորություն է ունենում, իսկ այն, թե գույքը հափշտակելուց (վերցնելուց և չվերադարձնելուց) հետո հանցավորը հետագայում այդ գույքը ինչպիսի եղանակով կամ ուղղությամբ օգտագործելու նախնական դիտավորություն է ունենում, որևէ կերպ չի կարող հիմք ծառայել արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(…)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

 1) դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

 2) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

 3) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ`

1) ամբաստանյալ Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ`

ա) նա, չարաշահելով իր աներ Գ.Փարոյանի վստահությունը, կուտակած պարտքերը մարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով խնդրել է Գ.Փարոյանին նրան պատկանող բնակարանը գրավադնել։ Վերջինս տվել է իր համաձայնությունը, ապա Ս.Ափոյանին հիշյալ բնակարանը տնօրինելու, տիրապետելու, իր նախընտրած պայմաններով վաճառելու, իր հայեցողությամբ գրավադնելու և մի շարք այլ գործողություններ կատարելու լիազորություն է տվել։ Այնուհետև Ս.Ափոյանը նշյալ բնակարանը գրավադնելու փոխարեն գաղտնի, ձևական առուվաճառքի պայմանագրով` 18 մլն ՀՀ դրամով, վաճառել է Ս.Շարբաթյանին և խարդախությամբ հափշտակել նշված գումարը։

բ) Ս.Ափոյանը «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ կեղծել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 4/1 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն տան նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր տվյալները, ներկայացրել վարկային կազմակերպություն, որի հիման վրա իր ծանոթ Վ.Գրիգորյանի անվամբ ստացել է 4.400.000 ՀՀ դրամ վարկ և հափշտակել այն։

գ) «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ Ս.Ափոյանը դարձյալ կեղծել է Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 41-րդ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, բնակելի տան շուկայական և լիկվիդացիոն արժեքների վերաբերյալ արձանագրությունը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր ծանոթ Ա.Բադալյանի տվյալները, ապա ներկայացրել վարկային կազմակերպություն և դրանց հիման վրա վերջինիս անվամբ ստացել 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար և կրկին հափշտակել։

դ) «բ)» և «գ)» կետերում նշված նույն դիտավորությամբ ու նկարագրված եղանակով կեղծել է Երևանի Կորյունի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, որոնց մեջ գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել է իր ծանոթ Մ.Մելիքյանի տվյալները, ներկայացրել հիշյալ վարկային կազմակերպություն և հափշտակելու նպատակով փորձել է ստանալ 16.343.600 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար վարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցվել, քանի որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի սպասարկման գրասենյակում բացահայտվել է ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

2) Առաջին ատյանի դատարանը դատաքննության արդյունքներով հաստատված է համարել, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից վարկեր ստանալով կամ այն ստանալու փորձ կատարելով՝ ամբաստանյալ Ս.Ափոյանը հետապնդել է տուժող Գ.Փարոյանին տված խոստումը կատարելու՝ ստացած վարկի գումարը վճարելու և բնակարանը տուժողին վերադարձնելու նպատակ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

3) Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի՝ «Ս.Ափոյանին վերագրվող արարքներում խարդախության հանցակազմի առկայությունը» մասում արձանագրել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները ժամանակավոր անհնարինության պատճառով չկատարելը կամ մասամբ կատարելը չի կարող գնահատվել որպես խարդախություն կամ խարդախության փորձ: Այնուհետև փաստել է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակացությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակելու տուժողների գույքը։ Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ Ս.Ափոյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն։ Ուստի բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` վստահությունը չարաշահելու կամ խաբեության միջոցով ուրիշի գույքին տիրանալը։

Խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ արձանագրել է, որ գործի նյութերից հետևում է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ պաշտոնական վարկած Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին։ Այսինքն՝ չի հիմնավորվել, որ մինչև տուժողների գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը նա դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունեցել է դրանք հափշտակելու նպատակ, որի դեպքում, վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա, խարդախությունը բացակայում է (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը)։

4) Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության առ այն, որ ամբաստանյալ Ս.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (երեք դրվագ) և 34-178-րդ հոդվածների 3-րդ մասերի 1-ին կետերով առաջադրված մեղադրանքները նախաքննությամբ և դատաքննությամբ չեն հիմնավորվել, նրա գործողություններում բացակայում է հանցակազմը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

15. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

1) ստորադաս դատարանները, հաստատված համարելով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ վարկային կազմակերպությունից վարկեր ստանալու կամ այն ստանալու փորձ կատարելու ամբաստանյալ Ս.Ափոյանի նպատակը, այն է՝ կատարել տուժող Գ.Փարոյանին տված խոստումը՝ ստացած վարկի գումարը վճարել և բնակարանը վերադարձնել տուժողին, քննարկման առարկա չեն դարձրել այն, որ Գ.Փարոյանի բնակարանի հետ կապված Ս.Ափոյանի պարտավորության չափը կազմում էր 18 մլն ՀՀ դրամ, իսկ վարկային կազմակերպությունից ընդհանուր առմամբ ստացված շուրջ 22 մլն ՀՀ դրամից (4.400.000 ՀՀ դրամ և 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար) որևէ մաս չի ուղղվել այդ պարտավորության կատարմանը: Ավելին` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում մեղադրող կողմի բողոքում մատնանշված նաև այն հանգամանքին, որ Ս.Ափոյանին մեղսագրվող բոլոր արարքները միմյանց կապելով՝ ստորադաս դատարանների կողմից հաստատված նպատակն ամբողջությամբ իրագործելու համար բավարար գումար ստանալուց հետո Ս.Ափոյանը փորձել է դարձյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ 16.343.600 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալ վարկային կազմակերպությունից (տե՛ս սույն որոշման 8.2-րդ կետը):

Ստորադաս դատարանների կողմից հաստատված վերոնշյալ փաստի համատեքստում Վճռաբեկ դատարանը սույն որոշման 12-րդ կետում ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում ընդգծել, որ նույնիսկ եթե ստորադաս դատարանների կողմից հաստատված ճանաչված Ս.Ափոյանի վերը նշյալ նպատակը բխեր գործի փաստական հանգամանքներից, այնուամենայնիվ, այն չէր կարող որևէ հիմք ծառայել Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար:

2) կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից խարդախությամբ գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարելու համար Ս.Ափոյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ միայն հաստատված համարելով ինչպես գործի փաստական տվյալներից չբխող, այնպես էլ Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար որևէ նշանակություն չունեցող իրավաբանական փաստը՝ Ս.Ափոյանի վերոնշյալ նպատակը՝ ստորադաս դատարանները վերջինիս առաջադրված համապատասխան մեղադրանքներում խարդախության հանցակազմի հատկանիշների բացակայության մասին վկայող որևէ բովանդակային պատճառաբանություն չեն ներկայացրել:

Իսկ ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից մատնանշված այն հանգամանքին, ըստ որի՝ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները ժամանակավոր անհնարինության պատճառով չկատարելը կամ մասամբ կատարելը չի կարող գնահատվել որպես խարդախություն կամ խարդախության փորձ, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդպիսի եզրահանգմանը բացարձակ բնույթ հաղորդելը հիմնավոր չէ, քանի որ կախված գործի կոնկրետ փաստական տվյալներից՝ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորության խախտումը կարող է որակվել որպես խարդախություն կամ խարդախության փորձ:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, անտեսել են Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքը, ինչի արդյունքում կայացրել են անհիմն և չպատճառաբանված դատական ակտեր:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարելու համար ամբաստանյալ Ս.Ափոյանին առաջադրված մեղադրանքներում բացակայում են խարդախության հանցակազմի հատկանիշները, հիմնավորված և պատճառաբանված չեն:

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արդարացման դատավճիռը (…) չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաստական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական իրավունքի էական խախտումները կասկածի տակ են առնում ամբաստանյալ Ս.Ափոյանի անմեղությունը «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարելու համար առաջադրված մեղադրանքներում, ուստի հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկելու Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերգեյ Մարտիկի Ափոյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան