Գլխավոր տեղեկություն
Համար
N 279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.03.2016-20.10.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 634-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետին, 17-րդ հոդվածի 1-ին մասին և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վերակազմակերպման արդյունքում`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը և սոցիալական ապահովության հարցերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի քարտուղարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության.

4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առաջին բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի առաջին բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առաջին բաժնի.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության վարչությունը վերանվանել զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչություն.

6) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության մեջ`

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին և 19.2-րդ ենթակետերով.

«19.1. փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը.

19.2. փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակային ապահովության գործառույթների իրականացումը.»,

բ. ուժը կորցրած ճանաչել 9.1-ին կետը,

գ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1 - 5.8-րդ ենթակետերով.

«5.1. սահմանում է պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թիվը.

 5.2. սահմանում է փրկարար ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը, հաստատում այդ ստորաբաժանումների կանոնադրությունները.

5.3. սահմանում է փրկարար ծառայության հաստիքացուցակը.

5.4. շնորհում է փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ.

5.5. պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալներին` փրկարար ծառայության ղեկավարի առաջարկությամբ.

5.6. հաստատում է փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների անձնագրերը.

5.7. սահմանում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը և այն կնքելու կարգը.

5.8. փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հետ կնքում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր.».

2) 2-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) 3-րդ և 4-րդ ենթակետերից և NN 3 և 4 հավելվածների վերնագրերից հանել «ազգային» բառը.

4) 3-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրության`

ա. 1-ին կետից հանել «ազգային» բառը,

բ. 8-րդ կետի 11-րդ և 12-րդ ենթակետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով:

5. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կառուցվածքը՝ համաձայն N 3 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 279-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 531-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(հավելվածն ուժը կորցրել է 03.03.16 N 259-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 279-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) փրկարար ծառայությունը (այսուհետ` ծառայություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը մատուցում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացման, փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակման ու դրանց կատարման ապահովման, արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրության և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման ծառայություններ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) որոշմամբ: Ծառայությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

3. Ծառայության լիազորությունները սահմանվում են oրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Ծառայությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ծառայության պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

7. Ծառայությունը կազմված է ծառայության տնօրենից, ծառայության տնօրենի տեղակալներից, օգնականներից, ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումներից:

8. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

9. Ծառայության աշխատողները փրկարարական ծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք են:

10. Ծառայության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով և այլ իրավական ակտերով:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Ծառայության նպատակները և խնդիրներն են`

1) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը և պահպանումը.

2) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

3) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

4) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերի վերաբերյալ իրազեկմանը.

5) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ծրագրերի ու պլանների մշակումը և մասնակցությունը դրանց կատարման ապահովմանը.

6) մասնակցությունը բնակչության ուսուցման կազմակերպմանը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հիմնահարցերով.

7) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը.

8) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

9) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և այլ նյութական պաշարների, ֆոնդերի ստեղծումն ու կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

10) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր իրավասության սահմաններում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում` սահմանված կարգով նախարարին ներկայացնելու նպատակով.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացման կազմակերպում.

3) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ նախարարին առաջարկություն ներկայացնելը.

4) արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում՝ ըստ փոխգործողությունների պլանների.

5) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում.

6) տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.

7) կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ստորաբաժանումների ստեղծման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը և դրանց համալրման նորմատիվների մշակում.

8) իր իրավասության սահմաններում` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

9) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցություն.

10) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

11) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

12) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորում.

13) մասնակցությունը բնակչության ուսուցման կազմակերպմանը` քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնահարցերով.

14) իր իրավասությունների սահմաններում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին մասնակցություն.

15) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և դրանք նախարարին ներկայացնելը.

16) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվության հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

17) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.

18) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն.

19) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.

20) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

21) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.

22) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.

23) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցություն.

24) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.

25) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման գործունեության կազմակերպում.

26) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացում.

27) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով.

28) կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում.

29) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող՝ ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Ծառայությունը կառավարում է նախարարը:

14. Ծառայությունը ղեկավարում է ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

15. Ծառայության տնօրենն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` ծառայության տնօրենի առաջարկությամբ:

16. Ծառայության տնօրենն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով:

17. Ծառայության տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

18. Ծառայության տնօրենը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

19. Ծառայության տնօրենը`

1) պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար.

2) ղեկավարում է ծառայության գործունեությունը, պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախարարի միջոցով.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի ծառայողներին ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմին.

6) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում շնորհում է փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ, ինչպես նաև կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) նախարարին և նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության համակարգի քաղաքացիական ծառայողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

 8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում պաշտոնի նշանակման ու պաշտոնից ազատման, նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին կոչումների շնորհման վերաբերյալ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության համակարգի ծառայողներին պետական պարգևներ շնորհելու վերաբերյալ.

11) նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կանոնադրությունները.

12) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

13) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների պետերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.

14) լսում և նախարարին է ներկայացնում ծառայության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու գործունեության ստուգման արդյունքները.

15) հսկողություն է իրականացնում ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման նկատմամբ.

16) նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքները, ծառայության հաստիքացուցակը.

17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

20. Ծառայության տնօրենի բացակայության դեպքում, նրա ներկայացմամբ և նախարարի հրամանով, ծառայության տնօրենի պարտականությունները կատարում է ծառայության տնօրենի տեղակալներից մեկը:

21. Ծառայության տնօրենի տեղակալը`

1) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները` ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների միջոցով՝ իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականներն ու առաջադրանքները, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.

4) ծառայության տնօրենի հանձնարարությամբ՝ իրականացնում է ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար ծառայության տնօրենին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի և ծառայության տնօրենի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և զեկուցում արդյունքների մասին.

10) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի և ծառայության տնօրենի հանձնարարությամբ՝ իրականացնում է այլ գործառույթներ:

22. Ծառայության տնօրենն ունի օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

23. Ծառայության գույքը ձևավորվում է հիմնադրի և նախարարության աշխատակազմի կողմից ծառայությանն ամրացված գույքից:

24. Ծառայությանը հանձնված գույքը ենթակա է հաշվառման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Ծառայության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

 VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

26. Ծառայությունը վերակազմակերպվում է, ինչպես նաև դրա գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:

27. Ծառայության գործունեությունը դադարեցված է համարվում դրա մասին հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

28. Ծառայության գործունեությունը դադարելու դեպքում՝ նրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է ծառայության գործունեությունը դադարեցնելու մասին որոշմամբ:

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 279-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 03.03.16 N 259-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն

 

(պարբերությունը հանվել է 26.11.15 N 1395-Ն)

 

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն

 

Փրկարարական ուժերի վարչություն

 

Ծառայության կազմակերպման վարչություն

 

Կադրերի վարչություն

 

Քաղաքացիական պաշտպանության վարչություն

 

Օպերատիվ կառավարման վարչություն

 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (վարչություն) 

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Երևան քաղաքի փրկարարական վարչություն

 

Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն

 

Արարատի մարզային փրկարարական վարչություն

 

Արմավիրի մարզային փրկարարական վարչություն

 

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

 

Լոռու մարզային փրկարարական վարչություն

 

Կոտայքի մարզային փրկարարական վարչություն

 

Շիրակի մարզային փրկարարական վարչություն

 

Սյունիքի մարզային փրկարարական վարչություն

 

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն

 

Տավուշի մարզային փրկարարական վարչություն

(հավելվածը փոփ., լրաց. 25.12.14 N 1527-Ն,  փոփ. 26.11.15 N 1395-Ն, 03.03.16 N 259-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան