Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/9(1189).1 Հոդ.74.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0185/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0185/02/14
2015թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝

 Կ. Հակոբյան

Ա. Հունանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրայր Ալիխանյանի ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լևոն Սողոմոնյանի ընդդեմ Հրայր Ալիխանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լևոն Սողոմոնյանը պահանջել է Հրայր Ալիխանյանից բռնագանձել 77.185 ԱՄՆ դոլար:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2015 թվականի որոշմամբ Լևոն Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 05.11.2014 թվականի վճիռը մասնակիորեն` Հրայր Ալիխանյանից 76.800 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասով, բեկանվել և փոփոխվել է՝ հայցն այդ մասով բավարարվել է, իսկ մնացած մասով Դատարանի 05.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրայր Ալիխանյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 321-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը և 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լևոն Սողոմոնյանի կողմից Հրայր Ալիխանյանին տված լիազորագրի՝ որպես միակողմ գործարքի հիման վրա Հրայր Ալիխանյանն իրավասու էր Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվի գումարները կանխիկացնելուց հետո տնօրինել դրանք վերջինիս համար գույք ձեռք բերելու եղանակով: Հետևաբար, Լևոն Սողոմոնյանի կողմից Հրայր Ալիխանյանին տրված լիազորագրի ուժով վերջիններիս միջև ծագել են պարտավորական հարաբերություններ, որոնք հետագայում դադարել են, քանի որ Հրայր Ալիխանյանը լիազորագրի հիման վրա ստացված գումարներն օգտագործել է Լևոն Սողոմոնյանի հանձնարարությամբ սուպերմարկետների ցանց բացելու և կահավորելու համար:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես` Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Խ. Խաչատրյանի (այսուհետ` Քննիչ) 23.12.2011 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը, Լևոն Սողոմոնյանի կողմից 17.02.2014 թվականին ներկայացված հայցադիմումը, Լևոն Սողոմոնյանի կողմից 13.06.2007 թվականին Հրայր Ալիխանյանին տրված լիազորագիրը, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Լևոն Սողոմոնյանի հայցը ենթակա էր մերժման նաև հայցային վաղեմության կանոնների կիրառմամբ, քանի որ սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի դեռևս 2010 թվականից: Այսպես, սույն գործով հաստատվում է, որ 24.06.2010 թվականին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմում ներկայացնելով` Լևոն Սողոմոնյանը փորձել է պաշտպանել իր ենթադրյալ խախտված իրավունքները, իսկ այդ դիմումի առնչությամբ Քննիչի 23.12.2011 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ անդրադարձ է կատարվել նաև բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանքով արտացոլված գումարներին: Հետևաբար, Դատարանն իրավացիորեն է հանգել այն հետևության, որ Լևոն Սողոմոնյանն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է ոչ թե 26.06.2013 թվականին, այլ դեռևս 2010 թվականից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.11.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 13.06.2007 թվականին տրված, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից վավերացված և թիվ 5909 սեղանամատյանում գրանցված լիազորագրի համաձայն՝ «Ես՝ ՌԴ քաղ. Լևոն Զավենի Սողոմոնյանս, (...) լիազորում եմ քաղ. Հրայր Հովիկի Ալիխանյանին (...) կառավարելու և տիրապետելու Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, ինձ պատկանող ամբողջ անշարժ և շարժական գույքը, ինչից էլ որ այն բաղկացած լինի, կնքել օրենքով բոլոր թույլատրվող գործարքները կապված նշված գույքի կառավարման և տիրապետման հետ։ Գնել, վաճառել, փոխանակել, լուծել, սեփականաշնորհել, գրավ դնել, գրավ ընդունել անշարժ և այլ գույքը, Հայաստանի Հանրապետությունում հիմնել իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություն, ստանալ կնիքը, հարկային կոդը, բացել բանկային հաշիվներ, մասնակցել ընդհանուր ժողովներին, քվեարկել իմ անունից, ընդունել որոշումներ, կնքել պայմանագրեր, ներկայացնել հաշվետվություններ, գնել բաժնետոմսեր և բաժնեմասեր, կատարել հաշվարկներ կատարված գործարքներով, ստանալ սեփականության իրավունքի վկայական, գումարներ և ավանդներ ՀՀ բանկերից ու ընկերություններից (ֆիրմաներից), ստանալ փոստային, հեռագրային և բոլոր այլ բնույթի փոստային առաքումներ։ Վարել իմ անունից բոլոր դատական և վարչական մարմիններում իմ գործերը բոլոր իրավունքներով, որոնք օրենքով տրված են հայցվորին, պատասխանողին, երրորդ անձին և տուժողին, հայցապահանջներից լրիվ կամ մասնակիորեն հրաժարվելու իրավունքով, հայցի առարկան փոփոխելու, դատարանի վճիռը բողոքարկելու իրավունքով, զբաղվել ինձ բնակարանի հաշվառումից դուրս գրելու և նոր բնարանում գրանցելու հետ կապված բոլոր հարցերով, հանդես գալ նոտարական գրասենյակում, կադաստրի տարածքային ստորաբաժանումում, բանկում, պետական ռեգիստրում հարկային տեսչությունում, կենսաթոշակային հիմնադրամում, մաքսային կոմիտեում, նախարարություններում, վարչություններում, պետական և ոչ պետական կազմակերպություններում և այլ անհրաժեշտ հիմնարկ-ձեռնարկություններում, ստորագրել իմ փոխարեն, տալ իմ անունից դիմումներ, ստանալ տեղեկանքներ, փաստաթղթեր, կատարել մուծումներ, հայտարարություններ և բոլոր գործողությունները կապված սույն հանձնարարության հետ (...)»: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 78):

2. Ի պատասխան Լևոն Սողոմոնյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Միքայել Ավետիսյանի հարցման` «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 26.06.2013 թվականի թիվ 452 գրությանը կից քաղվածքով ներկայացվել է Լևոն Սողոմոնյանի թիվ 2140003261700101 բանկային հաշվով կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն՝ 26.07.2007 թվականից մինչև 04.11.2009 թվականն ընկած ժամանակահատվածում այդ բանկային հաշվի ընդհանուր շարժը կազմել է 77.185 ԱՄՆ դոլար, իսկ վերջնական մնացորդը՝ 0.00 ԱՄՆ դոլար: 17.09.2007 թվականին Լևոն Սողոմոնյանի հաշվին Հրայր Ալիխանյանի կողմից մուտքագրվել է 7.235 ԱՄՆ դոլար, իսկ 24.09.2007 թվականին` 20.000 ԱՄՆ դոլար: Հրայր Ալիխանյանը նույն հաշվից լիազորագրի հիման վրա 20.08.2007 թվականին կանխիկացրել է 22.000 ԱՄՆ դոլար, 30.08.2007 թվականին` 15.000 ԱՄՆ դոլար, 12.10.2007 թվականին` 12.000 ԱՄՆ դոլար, 03.12.2007 թվականին` 2.550 ԱՄՆ դոլար, 24.03.2008 թվականին` 25.250,99 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

3. 18.02.2014 թվականին ներկայացված Լևոն Սողոմոնյանի հայցադիմումով վերջինս հայտնել է, որ 2008 թվականին իր և Հովիկ Ալիխանյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սուպերմարկետների ցանց բացելու վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծվել է «Կիֆատո Այս» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հովիկ Ալիխանյանի որդի Հրայր Ալիխանյանը, իսկ Լևոն Սողոմոնյանը սուպերմարկետների ցանցը բացելու, կահավորելու համար վերջիններիս տրամադրել է 70.000 եվրո (հատոր 1-ին, գ.թ. 3-7):

4. Քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 23.12.2011 թվականի որոշմամբ արձանագրվել են հետևյալ փաստական տվյալները. նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ Լևոն Սողոմոնյանի գույքի հափշտակման փաստի կապակցությամբ դեռևս 24.06.2010 թվականին Լևոն Սողոմոնյանի լիազորված անձ Գայանե Բարսեղյանը դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հայտնելով, որ Լևոն Սողոմոնյանը ՀՀ-ում ձեռք է բերել գործարան և դրա աշխատանքները վստահել է իր ծանոթ Հովիկ Ալիխանյանին, որը, չարաշահելով Լևոն Սողոմոնյանի վստահությունը, իր մերձավորների հետ տարիներ շարունակ կողոպտել է գործարանը, ցույց է տվել հսկայական ծախսեր, որոնք հետագայում բացահայտվել են Լևոն Սողոմոնյանի կողմից: Հովիկ Ալիխանյանը Լևոն Սողոմոնյանին պարտք է 200.000 ԱՄՆ դոլար և հրաժարվում է դրանք վերադարձնել: Դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր և նկատի ունենալով, որ չի հիմնավորվել Հովիկ Ալիխանյանի և մյուսների կողմից Լևոն Սողոմոնյանի գույքին և գումարներին տիրանալու հանգամանքը, 17.07.2010 թվականին նախապատրաստված նյութերը, եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին: Լևոն Սողոմոնյանի լիազորված անձ Գայանե Բարսեղյանն իր բացատրության մեջ նշել է, որ Լևոն Սողոմոնյանը Հովիկ Ալիխանյանին տվել է 70.000 եվրո` սուպերմարկետների ցանց բացելու, կահավորելու համար, սակայն սուպերմարկետների ցանցը չի գործել, իսկ ապրանքների մի մասը նա վաճառել է: Հովիկ Ալիխանյանը հաստատել է այս հանգամանքը և նշել է, որ սուպերմարկետների բացման համար ծախսվել է ընդհանուր 100.000 եվրո, որից 30.000 եվրոն ծախսել է ինքն իր միջոցներից` հետագայում Լևոն Սողոմոնյանի կողմից վերադարձնելու պայմանով: Հովիկ Ալիխանյանը ներկայացրել է ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Նախապատրաստված նյութերով այս մասով պարզվել է, որ «(...) Լևոն Սողոմոնյանը Հովիկ Ալիխանյանին հայտնել է, որ ցանկանում է ՀՀ-ում սուպերմարկետների մեծ, մոտ 500 խանութից բաղկացած ցանց հիմնել: (...) 06.08.2008 թվականին Լևոն Սողոմոնյանը հիմնել է «Կիֆատո Այս» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հրայր Ալիխանյանը (...)»: (հատոր 1-ին, գ.թ. 17-24):

5. Պատասխանողը 03.04.2014 թվականին ներկայացված հայցադիմումի պատասխանով հայցային վաղեմության կանոնների կիրառմամբ հայցը մերժելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարանին (հատոր 1-ին, գ.թ. 41-43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. լիազորողի գույքը տիրապետելու և կառավարելու հետ կապված բազմաթիվ ու բազմաբնույթ հանձնարարություններ պարունակող լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը կրում է արդյո՞ք այդ լիազորագրի ուժով լիազորողի բանկային հաշվից կանխիկացված դրամական գումարները լիազորողին վերադարձնելու պարտականություն, եթե լիազորագիրը այդպիսի կոնկրետ հանձնարարություն չի բովանդակում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` 1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում, (...) 8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ միակողմ գործարքը պարտականություններ է ստեղծում գործարքը կնքած անձի համար: Այն կարող է այլ անձանց համար պարտականություններ ստեղծել միայն օրենքով կամ այդ անձանց հետ համաձայնությամբ նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ միակողմ գործարքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են պարտավորությունների և պայմանագրերի մասին ընդհանուր դրույթները, եթե դրանք չեն հակասում օրենքին, գործարքի միակողմանի բնույթին և էությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի (...) վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորական իրավահարաբերություններն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու հետ։ Պարտավորությունները՝ որպես քաղաքացիական իրավահարաբերությունների տարատեսակ, կարող են առաջանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման բոլոր հիմքերով: Թեև պարտավորությունների գերակշռող մասը ծագում է պայմանագրերից և վնաս պատճառելու հետևանքով, սակայն դրանցից բացի` գոյություն ունեն պարտավորությունների առաջացման այլ հիմքեր ևս:

Այսպես, պարտավորական հարաբերությունների առաջացման հիմք են հանդիսանում նաև միակողմ գործարքները, որոնց միջոցով քաղաքացիական իրավունքի սուբյեկտը միակողմանի կամահայտնությամբ տնօրինում է իր սուբյեկտիվ իրավունքը կամ ստանձնում է սուբյեկտիվ պարտականություն՝ դրանով իսկ պարտավորական հարաբերության մյուս կողմին օժտելով համապատասխան սուբյեկտիվ իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկում անդրադառնալով պարտավությունների ծագման վերը նշված հիմքին, գտել է, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք կարող է հանդիսանալ նաև լիազորագիրը, քանի որ այն միակողմ գործարք է, որը ներկայացուցչին պարտավորեցնում է գործել դրանում սահմանված լիազորությունների շրջանակում, և ներկայացվողի անունից գործելու իրավունք է վերապահում այն պահից, երբ ներկայացուցիչը համաձայնվում է ստանալ լիազորագիրը և/կամ գործել դրանում սահմանված լիազորություններին համապատասխան։ Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի ուժով ներկայացուցիչը պարտավոր է պատշաճ իրականացնել լիազորագրով ստանձնած լիազորությունները՝ պարտավորությունները, որոնց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում վերջինս իր վրա կրում է դրա արդյունքում առաջացած անբարենպաստ հետևանքների, այդ թվում նաև` պատճառված վնասի ռիսկը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը)։ Ընդ որում, միայն լիազորագրով ստանձնած հանձնարարությունը կատարված լինելու դեպքում է պարտավորությունը դիտվում պատշաճ կատարված, իսկ պարտավորությունը` դադարած (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` 13.06.2007 թվականին տրված լիազորագրով Լևոն Սողոմոնյանը լիազորել է Հրայր Ալիխանյանին, ի թիվս այլ լիազորությունների, կառավարել և տիրապետել ՀՀ տարածքում գտնվող իրեն պատկանող ամբողջ անշարժ և շարժական գույքը, կնքել նշված գույքի կառավարման և տիրապետման հետ կապված բոլոր թույլատրելի գործարքները, բանկերից և ընկերություններից ստանալ գումարներ, ավանդներ և այլն: Ի պատասխան Լևոն Սողոմոնյանի ներկայացուցիչ փաստաբան Միքայել Ավետիսյանի հարցման` «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 26.06.2013 թվականի թիվ 452 գրությանը կից քաղվածքով ներկայացված Լևոն Սողոմոնյանի թիվ 2140003261700101 բանկային հաշվով կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ 26.07.2007 թվականից մինչև 04.11.2009 թվականն ընկած ժամանակահատվածում այդ բանկային հաշվի ընհանուր շարժը կազմել է 77.185 ԱՄՆ դոլար, իսկ վերջնական մնացորդը՝ 0.00 ԱՄՆ դոլար: Նշված ժամանակահատվածում Լևոն Սողոմոնյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա Հրայր Ալիխանյանն այդ հաշվին մուտքագրել է ընդամենը 27.235 ԱՄՆ դոլար և այդ հաշվից կանխիկացրել է ընդհանուր առմամբ 76.800 ԱՄՆ դոլար:

Լևոն Սողոմոնյանի հայցի հիման վրա հարուցված սույն քաղաքացիական գործի շրջանակներում վերջինս պահանջել է Հրայր Ալիխանյանից բռնագանձել 77.185 ԱՄՆ դոլար՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 26.06.2013 թվականին ներկայացված թիվ 452 գրությանը կից քաղվածքի համաձայն՝ Հրայր Ալիխանյանն իր բանկային հաշվից կանխիկացրել է ընդհանուր առմամբ 77.185 ԱՄՆ դոլար և չի վերադարձրել այդ գումարը:

Սույն գործով Դատարանը, մերժելով Լևոն Սողոմոնյանի հայցը, պատճառաբանել է, որ Լևոն Սողոմոնյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա Հրայր Ալիխանյանի կողմից կնքված գործարքները կարող են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ ստեղծել, փոփոխել ու դադարեցնել ոչ թե լիազորված անձ Հրայր Ալիխանյանի, այլ անմիջականորեն Լևոն Սողոմոնյանի համար: Այսինքն, ըստ Դատարանի վճռի, վերը նշված լիազորագրի հիման վրա Հրայր Ալիխանյանի և Լևոն Սողոմոնյանի միջև պարտավորական հարաբերություններ չէին կարող ծագել: Հետևաբար Լևոն Սողոմոնյանը չի ապացուցել օրենքով սահմանված հիմքերով Հրայր Ալիխանյանի մոտ Լևոն Սողոմոնյանին գումար վերադարձնելու պարտավորության ծագման փաստը, և Հրայր Ալիխանյանը չի կարող պատասխանատվություն կրել ենթադրյալ պարտավորության չկատարման համար:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Լևոն Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը և, մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը, հայցը՝ Հրայր Ալիխանյանից 76.800 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասով, բավարարել է, իսկ մնացած մասով Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ Լևոն Սողոմոնյանի կողմից Հրայր Ալիխանյանին տրված լիազորագիրը հանդիսանում է միակողմ գործարք, որի ուժով Հրայր Ալիխանյանի և Լևոն Սողոմոնյանի միջև առաջացել են պարտավորական հարաբերություններ, և որի հիման վրա Հրայր Ալիխանյանը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում Լևոն Սողոմոնյանի հաշվից կանխիկացրել և այդ հաշվին մուտքագրել է որոշակի դրամական գումարներ: Վերաքննիչ դատարանը Հրայր Ալիխանյանի կողմից կանխիկացված դրամական գումարների մի մասը Լևոն Սողոմոնյանի հաշվին մուտքագելու հիմքով հաստատված է համարել այն հանգամանքը, որ օրենքի ուժով Հրայր Ալիխանյանն ունեցել է կանխիկացված գումարները դրանց սեփականատիրոջը՝ Լևոն Սողոմոնյանին, վերադարձնելու պարտավորություն, և գտել է, որ կանխիկացված գումարները՝ 76.800 ԱՄՆ դոլարի չափով, պետք է տրվեին Լևոն Սողոմոնյանին, ինչը չի կատարվել Հրայր Ալիխանյանի կողմից։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորական իրավահարաբերությունները՝ որպես գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու հետ կապված քաղաքացիական իրավահարաբերություններ, որոշ դեպքերում կարող են առաջանալ նաև միակողմ գործարքների, այդ թվում նաև՝ լիազորագրի հիման վրա: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի ուժով ներկայացուցիչը պարտավոր է պատշաճ կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունները, եթե վերջինս համաձայնել է ստանալ լիազորագիրը կամ գործել դրանում սահմանված լիազորություններին համապատասխան:

Սույն գործի քննությամբ հիմնավորվել է, որ 13.06.2007 թվականին տրված լիազորագրով Լևոն Սողոմոնյանը լիազորել է Հրայր Ալիխանյանին, ի թիվս այլ լիազորությունների, կառավարել և տիրապետել ՀՀ տարածքում գտնվող իրեն պատկանող ամբողջ անշարժ և շարժական գույքը, կնքել նշված գույքի կառավարման և տիրապետման հետ կապված բոլոր թույլատրելի գործարքները, բանկերից և ընկերություններից ստանալ գումարներ և ավանդներ: 26.07.2007 թվականից մինչև 04.11.2009 թվականն ընկած ժամանակահատվածում նշված լիազորագրի հիման վրա Հրայր Ալիխանյանը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվին մուտքագրել է ընդամենը 27.235 ԱՄՆ դոլար և այդ հաշվից կանխիկացրել է ընդհանուր առմամբ 76.800 ԱՄՆ դոլար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 13.06.2007 թվականին տրված լիազորագրով Լևոն Սողոմոնյանի և Հրայր Ալիխանյանի միջև ծագել են պարտավորական հարաբերություններ, որոնց բովանդակությունը հանգում է հետևյալին. Հրայր Ալիխանյանը՝ որպես Լևոն Սողոմոնյանի ներկայացուցիչ, պարտավոր է պատշաճ կերպով կատարել վերջինիս կողմից տրված լիազորագրով սահմանված հանձնարարությունները, որոնց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում վերջինս իր վրա է կրում դրա արդյունքում առաջացած անբարենպաստ հետևանքների ռիսկը: Մինչդեռ սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Հրայր Ալիխանյանը՝ որպես Լևոն Սողոմոնյանի ներկայացուցիչ, պատշաճ կերպով չի կատարել վերջինիս կողմից 13.06.2007 թվականին տրված լիազորագրով սահմանված հանձնարարությունները: Այսպես, նշված լիազորագրով Լևոն Սողոմոնյանը հանձնարարել է Հրայր Ալիխանյանին իր օգտին կատարելու բազմաթիվ և բազմաբնույթ գործողություններ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լևոն Սողոմոնյանին պատկանող ամբողջ անշարժ և շարժական գույքը կառավարելը և տիրապետելը, նշված գույքի կառավարման ու տիրապետման հետ կապված օրենքով թույլատրվող գործարքներ կնքելը, բաժնետոմսեր և բաժնեմասեր գնելը, բանկային հաշիվներ բացելը, ՀՀ բանկերից և ընկերություններից գումարներ և ավանդներ ստանալը, բանկերում հանդես գալը, մուծումներ կատարելը և այլն: Սակայն վերը նշված լիազորագիրը որևէ վերապահում կամ նշում չի պարունակում այն մասին, որ Հրայր Ալիխանյանը՝ որպես Լևոն Սողոմոնյանի ներկայացուցիչ, պարտավոր է վերջինիս բանկային հաշվում առկա դրամական գումարները կանխիկացնելուց հետո դրանք անմիջապես կամ երբևիցե վերադարձնել Լևոն Սողոմոնյանին: Այլ կերպ ասած՝ 13.06.2007 թվականին տրված լիազորագրով Հրայր Ալիխանյանը չի ունեցել Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվում առկա դրամական գումարները կանխիկացնելուց հետո դրանք Լևոն Սողոմոնյանին վերադարձնելու պարտականություն: Ավելին՝ նշված լիազորագրով Լևոն Սողոմոնյանն իր ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանին օժտել է այնպիսի լիազորություններով, որ Հրայր Ալիխանյանը Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվում առկա դրամական գումարները կարող էր ծախսել իր հայեցողությամբ՝ լիազորագրով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ու դրանց շրջանակներում: Փաստորեն, Լևոն Սողոմոնյանի կողմից Հրայր Ալիխանյանին 13.06.2007 թվականին տրված լիազորագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ Հրայր Ալիխանյանը, օժտված լինելով Լևոն Սողոմոնյանի անունից հանդես գալու և ի շահ վերջինիս բազմաբնույթ գործողություններ կատարելու լիազորություններով, չի կարող կրել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվից կանխիկացրած ընդհանուր առմամբ 76.800 ԱՄՆ դոլարը Լևոն Սողոմոնյանին վերադարձնելու պարտավորություն:

Բացի այդ, 13.06.2007 թվականին Լևոն Սողոմոնյանի կողմից Հրայր Ալիխանյանին տրված լիազորագիրը և սույն գործում առկա` Քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 23.12.2011 թվականի որոշմամբ արտացոլված փաստական տվյալները համակցության մեջ դիտարկելու արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նշված լիազորագրի ուժով Հրայր Ալիխանյանի կողմից «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվից ստացված դրամական գումարները պետք է ուղղվեին սուպերմարկետների ցանցի բացման և կահավորման վերաբերյալ Լևոն Սողոմոնյանի և Հրայր Ալիխանյանի միջև կայացված համաձայնությունն ի կատար ածելուն, և Հրայր Ալիխանյանը չէր ստացել այդ գումարը Լևոն Սողոմոնյանին վերադարձման վերաբերյալ որևէ հանձնարարություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Լևոն Սողոմոնյանի կողմից Հրայր Ալիխանյանին 13.06.2007 թվականին տրված լիազորագրի՝ որպես միակողմ գործարքի հիման վրա վերջիններիս միջև ծագել են այնպիսի պարտավորական իրավահարաբերություններ, որոնց ուժով Հրայր Ալիխանյանը պարտավոր էր Լևոն Սողոմոնյանին վերադարձնել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվից կանխիկացրած ընդհանուր առմամբ 76.800 ԱՄՆ դոլարը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, վերը նշված լիազորագրի բովանդակությունից հետևում է, որ Հրայր Ալիխանյանն այդ լիազորագրի ուժով իրավասու է լիազորագրով ստանձնած բազմաբնույթ պարտավորությունների կատարման շրջանակներում իր հայեցողությամբ ծախսել Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվում առկա դրամական գումարները: Բացի այդ, սույն քաղաքացիական գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Լևոն Սողոմոնյանի բանկային հաշվում առկա դրամական գումարները Հրայր Ալիխանյանի կողմից կանխիկացվելուց հետո չեն ուղղվել լիազորագրով սահմանված հանձնարարությունների կատարմանը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում առաջադրված պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը Դատարանի կողմից իրավաչափ չէ, Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 2014 թվականի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է մերժման նաև հայցային վաղեմության կանոնների կիրառման հիմքով, քանի որ Լևոն Սողոմոնյանն իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղյակ է եղել դեռևս 2010 թվականից: Այսպես, ըստ Դատարանի վճռի՝ Քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 23.12.2011 թվականի որոշման համաձայն՝ նախապատրաստվել են նյութեր Հրայր Ալիխանյանի և մյուսների կողմից Լևոն Սողոմոնյանի գույքին տիրանալու վերաբերյալ: Սույն գործի շրջանակներում Լևոն Սողոմոնյանը պահանջում է Հրայր Ալիխանյանից բռնագանձել այն գումարները, որոնց տիրանալու փաստի վերաբերյալ և նախապատրաստվել են հիշյալ նյութերը: Հետևաբար Դատարանը հիմնավոր չի համարել այն փաստարկը, որ Լևոն Սողոմոնյանն իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղեկացվել է միայն «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի 26.06.2013 թվականի թիվ 452 գրությունից:

Նշված հարցի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով Լևոն Սողոմոնյանը պահպանել է հայցային վաղեմության ժամկետը, քանի որ Քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 23.12.2011 թվականի որոշման ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ նախապատրաստված նյութերով սույն գործով վիճելի գումարի վերաբերյալ հարց չի բարձրացվել, հետևաբար Լևոն Սողոմոնյանն իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղեկացել է միայն «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 26.06.2013 թվականին տրված թիվ 452 գրությունից:

Սույն գործի նյութերում առկա` Քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 23.12.2011 թվականի որոշման համաձայն` քրեական գործ հարուցելու համար նախապատրաստաված նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ դեռևս 24.06.2010 թվականին ՀՀ ոստիկանություն է դիմել Լևոն Սողոմոնյանի լիազորված անձ Գայանե Բարսեղյանը Հրայր Ալիխանյանի և մյուսների կողմից Լևոն Սողոմոնյանի գույքին տիրանալու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լևոն Սողոմոնյանը, ցանկանալով Հայաստանի Հանրապետությունում հիմնել սուպերմարկետների ցանց, 06.08.2008 թվականին հիմնել է «Կիֆատո Այս» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հրայր Ալիխանյանը: Վերոգրյալ հանգամանքներն ընդունել է նաև Լևոն Սողոմոնյանը, որը 18.02.2014 թվականին դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ 2008 թվականին իր և Հովիկ Ալիխանյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սուպերմարկետների ցանց բացելու վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծվել է «Կիֆատո Այս» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հովիկ Ալիխանյանի որդի Հրայր Ալիխանյանը, իսկ Լևոն Սողոմոնյանը սուպերմարկետների ցանցը բացելու, կահավորելու համար վերջիններիս տրամադրել է 70.000 եվրո:

Վկայակոչված փաստական հանգամանքների և սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջի հիմքում ընկած փաստարկների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով դիմելով դատարան՝ Լևոն Սողոմոնյանը պահանջել է Հրայր Ալիխանյանից բռնագանձել սուպերմարկետների ցանց հիմնելու համար վերջինիս տրամադրված գումարները, որոնք կանխիկացվել են «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում Լևոն Սողոմոնյանի ունեցած բանկային հաշվից: Այսինքն՝ սույն գործով պահանջվող գումարը Հրայր Ալիխանյանի կողմից չվերադարձնելու արդյունքում իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին Լևոն Սողոմոնյանը տեղյակ է եղել դեռևս 2010 թվականին, քանի որ վերջինիս ներկայացուցիչը դեռևս 24.06.2010 թվականին ՀՀ ոստիկանությանը տված բացատրությամբ հայտնել է, որ Լևոն Սողոմոնյանը Հրայր Ալիխանյանին տվել է 70.000 եվրո` սուպերմարկետների ցանց բացելու և դրանք կահավորելու համար:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լևոն Սողոմոնյանի կողմից վկայակոչված այն փաստարկը, որ վերջինս իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղեկացվել է միայն «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի 26.06.2013 թվականի թիվ 452 գրությունից, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը, իսկ Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի 2010 թվականից, այսինքն՝ այն ժամանակահատվածից, երբ Լևոն Սողոմոնյանն իրականում տեղեկացված էր իր ենթադրյալ իրավունքների ենթադրյալ խախտման մասին և իր ներկայացուցչի միջոցով ձեռնամուխ էր եղել դրանց պաշտպանությանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Լևոն Սողոմոնյանի հայցը ենթակա էր մերժման նաև հայցային վաղեմության կանոնների կիրառման արդյունքում, քանի որ վերջինս իր ենթադրյալ իրավունքների ենթադրյալ խախտման մասին կարող էր իմանալ լիազորագրի գործողության ժամկետի ավարտման պահով` առնվազն 14.06.2010 թվականից, սակայն գործում առկա` Քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 23.12.2011 թվականի որոշումից հետևում է, որ այդ մասին հայցվորը իմացել է դեռևս 24.06.2010 թվականին (առնվազն մինչ այդ գումարներին խարդախությամբ տիրանալու փաստի վերաբերյալ ոստիկանություն դիմելու պահը), սակայն դատարան է դիմել միայն 18.02.2014 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության եռամյա ընդհանուր ժամկետի խախտմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանում է միայն Հրայր Ալիխանյանից 76.800 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասով Դատարանի վճիռը բեկանելու և հայցն այդ մասով բավարարելու մասով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասով:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Հրայր Ալիխանյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 2.304 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (76.800 ԱՄՆ դոլար x 3%), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման Լևոն Սողոմոնյանից ՀՀ պետական բյուջե: Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 18.06.2015 թվականի որոշումը ենթակա է բեկանման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Սողոմոնյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը՝ 2.315,55 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (77.185 ԱՄՆ դոլար x 3%):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշման՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2014 թվականի վճիռը Հրայր Ալիխանյանից 76.800 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասով մասնակիորեն բեկանելու և փոփոխելու, այն է՝ հայցը այդ մասով բավարարելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Լևոն Սողոմոնյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.315,55 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Լևոն Սողոմոնյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.304 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան