Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/9(1189).1 Հոդ.74.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0435/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0435/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Բարսեղյան

Դատավորներ`

Ս. Միքայելյան

Ի. Վարդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահագն Կապլանյանի ներկայացուցիչ Շիրվանզադե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահագն Կապլանյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երկրորդ պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձինք Օլյա Կոզաևայի, Տիգրան Մատինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վահագն Կապլանյանը պահանջել է Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել 9.380.000 ՀՀ դրամ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2013 թվականի արձանագրային որոշմամբ գործով երկրորդ պատասխանող է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է և Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ Վահագն Կապլանյանի բռնագանձվել է 9.430.000 ՀՀ դրամ, որից 9.380.000 ՀՀ դրամը` որպես գործարքի անվավերության հետևանքով վերադարձման ենթակա գումար, 50.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.10.2014 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.06.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Կապլանյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 303-րդ, 304-րդ, 345-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 51-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՀՅՔԴ2/0024/02/08 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 26.09.2012 թվականի վճռի համաձայն` 17.02.2014 թվականին կատարված հարկադիր աճուրդը և դրա հիման վրա Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև 17.04.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը ճանաչվել են անվավեր, իսկ Վահագն Կապլանյանի կողմից վճարված 9.380.000 ՀՀ դրամը, որը կազմում է այդ պայմանագրի գինը, չի վերադարձվել վերջինիս: Մինչդեռ այդ գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության կողմից, քանի որ թիվ 03-2396 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.12.2003 թվականի վճռի հարկադիր կատարման ընթացքում Ծառայությունը հանդես է եկել որպես պետական գործադիր մարմին՝ իրականացնելով ՀՀ օրենսդրությամբ իր վրա դրված՝ դատական ակտը կատարելու պարտականությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 03-2396 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.12.2003 թվականի վճռի հարկադիր կատարման շրջանակներում որպես պահանջատեր հանդես եկած Սամվել Աբգարյանը չի կարող կրել Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև 17.04.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու արդյունքում այդ պայմանագրի գինը կազմող գումարը Վահագն Կապլանյանին վերադարձնելու պարտականությունը, քանի որ Սամվել Աբգարյանն այդ պայմանագրի կողմ չի հանդիսանում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` օրինական ուժ տալ Դատարանի 30.06.2014 թվականի վճռին:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Սույն գործով Ծառայությունը հանդիսանում է ոչ պատշաճ պատասխանող, քանի որ վերջինս գործել է ի շահ պահանջատիրոջ` Սամվել Աբգարյանի, որը, որպես թիվ 06-88/04 կատարողական վարույթով պահանջատեր, ստացել է Վահագն Կապլանյանի կողմից ներկայացված հայցով պահանջվող գումարը: Հետևաբար Վահագն Կապլանյանը պետք է իր պահանջն ուղղի ոչ թե դատական ակտը կատարող մարմնին, որը վիճարկվող գումարը չի ստացել, այլ Սամվել Աբգարյանին` որպես անհիմն հարստացողի, իսկ վերջինիս պահանջները պետք է բավարարվեն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 32.3-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նոր կազմակերպված աճուրդով:

Բացի այդ, Ծառայությունը միջոցներ է ձեռնարկել Վահագն Կապլանյանի գումարը հետ վերադարձնելու ուղղությամբ, մասնավորապես` Ծառայությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Աբգարյանի և թիվ ԼԴ/0562/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում թիվ 06-88/04 կատարողական վարույթով պահանջատեր Սամվել Աբգարյանից պահանջել է հետ վերադարձնել անվավեր ճանաչված աճուրդի հետևանքով ստացված գումարը` այն Վահագն Կապլանյանին հանձնելու նպատակով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թիվ 03-2396 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.12.2003 թվականի վճռով Սամվել Աբգարյանի հայցն ընդդեմ Մելսիկ Այվազյանի, Սուրեն Մովսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է. վճռվել է` Մելսիկ Այվազյանից հօգուտ Սամվել Աբգարյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված գումար, և 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես առաջին ատյանի դատարանում վճարված պետական տուրքի գումար, իսկ գումարի բռնագանձումը տարածել Վանաձորի Կնունյանց փողոցի թիվ 49ա հասցեում գտնվող գրավադրված տան վրա (հատոր 1-ին, գ.թ. 73-74):

2. 09.01.2004 թվականին թիվ 03-2396 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից տրամադրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 60):

3. Ծառայության Լոռու մարզային բաժնի Վանաձորի բաժանմունքի հարկադիր կատարող Տիգրան Մատինյանի «Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին» 04.02.2004 թվականի որոշմամբ որոշվել է 17.02.2004 թվականին կայանալիք աճուրդով հրապարակային սակարկությունների միջոցով հարկադիր վաճառել պարտապան Սուրեն Մովսիսյանին պատկանող Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեի բնակելի տունը (հատոր 1-ին, գ.թ. 56):

4. Աճուրդի մասնակցության 16.02.2004 թվականի հայտի համաձայն` Վահագն Կապլանյանը ներկայացրել է Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեի տունը գնելու հայտ և պարտավորվել է վճարել 466.500 ՀՀ դրամ` որպես նախավճար (հատոր 1-ին, գ.թ. 57):

5. Գույքն աճուրդով վաճառելու մասին 17.02.2004 թվականի թիվ 18 արձանագրության համաձայն` Վահագն Կապլանյանը 9.380.000 ՀՀ դրամով գնել է Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեի տունը (հատոր 1-ին, գ.թ. 58):

6. Ծառայության (ի դեմս Ծառայության Լոռու մարզային ստորաբաժանման պետի)՝ որպես «Վաճառողի» և Վահագն Կապլանյանի՝ որպես «Գնորդի» միջև 17.02.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Ծառայությունը վաճառել է, իսկ Վահագն Կապլանյանը որպես սեփականություն ձեռք է բերել Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեում գտնվող 222,6քմ մակերեսով շենքը, շինությունը և 0,0321հա մակերեսով հողամասը՝ 9.380.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 55):

7. Թիվ ՀՅՔԴ2/0024/02/08 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ծառայության Լոռու մարզային բաժնի Վանաձորի բաժանմունքի հարկադիր կատարող Տիգրան Մատինյանի «Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին» 04.02.2004 թվականի որոշումը և 17.04.2004 թվականին տեղի ունեցած աճուրդը ճանաչվել են անվավեր, որպես հետևանք` անվավեր են ճանաչվել նաև աճուրդի հիման վրա Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև 17.04.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և վերականգնվել է Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Սուրեն Մովսիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 15-30, 51-54):

8. Վահագն Կապլանյանի և փաստաբան Շիրվանզադե Վարդանյանի միջև 25.06.2013 թվականին կնքված «Փաստաբանական վճարովի ծառայության մասին» պայմանագրով Շիրվանզադե Վարդանյանը պարտավորվել է սույն քաղաքացիական գործով իրավաբանական (փաստաբանական) վճարովի օգնություն ցույց տալ Վահագն Կապլանյանին ՀՀ դատական բոլոր ատյաններում, որի դիմաց Շիրվանզադե Վարդանյանը Վահագն Կապլանյանից ստացել է 50.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 87):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. հարկադիր աճուրդի անվավեր ճանաչման արդյունքում դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության դեպքում ո՞վ պետք է կրի աճուրդում հաղթած մասնակցի կողմից օրենքով սահմանված կարգով մուծված լոտի գնման գինը կազմող դրամական գումարը վերջինիս վերադարձնելու պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (...) հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործաքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներն են՝ 1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք) (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են նույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի (...) իրացման (...) հետ կապված հարաբերությունները (...):

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները. աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին, իսկ լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին համապատասխան, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: (...) Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: (...) Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

Վերոգրյալ իրավադրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, սահմանում է, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ որպես դատական ակտի հարկադիր կատարման միջոց, եզրափակվում է աճուրդի կամ ուղղակի վաճառքի միջոցով գույքը հարկադիր իրացնելով, որը կատարվում է նույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի իրացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է, որ հարկադիր աճուրդը՝ որպես սակարկությունների ձև, կազմակերպվում և կատարողական թերթին համապատասխան անցկացվում է հարկադիր կատարողի կողմից, որն աճուրդում հաղթած մասնակցի հետ միասին աճուրդն անցկացնելու օրը ստորագրում է դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, իսկ աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի (որոշակի նկարագրություն, մեկնարկային գին և օրենքով նախատեսված այլ տվյալներ ունեցող աճուրդով վաճառվող գույքի կամ իրավունքի) գնման գինը համապատասխան հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված առուվաճառքի պայմանագրի կողմեր են հանդիսանում մի կողմից աճուրդում հաղթած մասնակիցը՝ որպես գնորդ, և մյուս կողմից հարկադիր կատարողը՝ որպես վաճառող, որը տվյալ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում հանդես է գալիս պետության անունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրել է նաև լոտի վերաբերյալ աճուրդի անվավեր ճանաչման հնարավորություն՝ սահմանելով, որ աճուրդը կարող է անվավեր ճանաչվել միայն դատական կարգով, ինչը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լոտի վերաբերյալ աճուրդը դատական կարգով անվավեր ճանաչվելու արդյունքում դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության դեպքում կիրառելի են գործարքի անվավերության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված ընդհանուր կանոնները, որոնց համաձայն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա. աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է հարկադիր կատարողին վերադարձնել լոտը, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է աճուրդում հաղթած մասնակցին վերադարձնել վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով մուծած լոտի գնման գինը կազմող դրամական գումարը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ 03-2396 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.12.2003 թվականի վճռով Մելսիկ Այվազյանից հօգուտ Սամվել Աբգարյանի բռնագանձվել է 15.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և բռնագանձումը տարածվել է Վանաձորի Կնունյանց փողոցի թիվ 49ա հասցեում գտնվող գրավադրված տան վրա, իսկ 09.01.2004 թվականին նշված քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից տրամադրվել է կատարողական թերթ: Ծառայության Լոռու մարզային բաժնի Վանաձորի բաժանմունքի հարկադիր կատարող Տիգրան Մատինյանի «Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին» 04.02.2004 թվականի որոշմամբ որոշվել է 17.02.2004 թվականին կայանալիք աճուրդով հրապարակային սակարկությունների միջոցով հարկադիր վաճառել պարտապան Սուրեն Մովսիսյանին պատկանող Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեի բնակելի տունը, իսկ Վահագն Կապլանյանը ներկայացրել է Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեի տունը գնելու հայտ և 17.02.2004 թվականի աճուրդում 9.380.000 ՀՀ դրամով գնել է այն:

Ծառայությունը՝ որպես վաճառող, և Վահագն Կապլանյանը՝ որպես գնորդ, 17.02.2004 թվականին կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի առարկան հանդիսանում է Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ պայմանագրի գինը կազմում է 9.380.000 ՀՀ դրամ:

Թիվ ՀՅՔԴ2/0024/02/08 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2012 թվականի վճռով Ծառայության Լոռու մարզային բաժնի Վանաձորի բաժանմունքի հարկադիր կատարող Տիգրան Մատինյանի «Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին» 04.02.2004 թվականի որոշումը և 17.04.2004 թվականին տեղի ունեցած աճուրդը ճանաչվել են անվավեր, որպես հետևանք` անվավեր են ճանաչվել նաև աճուրդի հիման վրա Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև 17.04.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնվել է Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Սուրեն Մովսիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վահագն Կապլանյանի հայցի հիման վրա հարուցված սույն քաղաքացիական գործի շրջանակներում վերջինս պահանջել է Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել 9.380.000 ՀՀ դրամ՝ որպես Ծառայության և իր միջև 17.02.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք:

Դատարանի 13.08.2013 թվականի արձանագրային որոշմամբ գործով երկրորդ պատասխանող է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Դատարանը, բավարարելով ՀՀ ֆինանսների նախարարությունից 9.380.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վահագն Կապլանյանի հայցը, պատճառաբանել է, որ Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև 17.04.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը թիվ ՀՅՔԴ2/0024/02/08 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել, սակայն ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ չի կիրառել նշված գործարքի անվավերության հետևանքները, մասնավորապես` չի լուծել Վահագն Կապլանյանի կողմից վճարված գումարը նրան վերադարձնելու հարցը: Ըստ Դատարանի վճռի՝ անվավեր ճանաչված գործարքի կողմ է հանդիսացել պետական մարմինը, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, պարտավոր է Վահագն Կապլանյանին վերադարձնել վերջինիս կողմից աճուրդում ձեռք բերված գույքի համար վճարված գումարը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ անկախ անվավեր ճանաչված գործարքի` Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև կնքված լինելու հանգամանքից, Ծառայությունը, գործելով պահանջատիրոջ շահերից, չէր կարող հանդիսանալ գործարքի կողմ, առավել ևս, ստանալ գործարքով Վահագն Կապլանյանի կողմից անշարժ գույքի ձեռք բերման դիմաց վճարված գումարը: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի` Ծառայությունը չի կարող կրել անվավեր ճանաչված գործարքով ստացածը Վահագն Կապլանյանին վերադարձնելու պարտականություն:

Վերը շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ ինչպես ցանկացած վիճահարույց գործարք, այնպես էլ հարկադիր աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ, հանգեցնում է երկկողմանի ռեստիտուցիայի, որի դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է հարկադիր կատարողին վերադարձնել լոտը, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է աճուրդում հաղթած մասնակցին վերադարձնել վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով մուծած լոտի գնման գինը կազմող դրամական գումարը:

Սույն գործի քննությամբ հիմնավորվել է, որ 17.02.2004 թվականին կայացած հարկադիր աճուրդի արդյունքում Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև նույն օրը կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը թիվ ՀՅՔԴ2/0024/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.09.2012 թվականին կայացված վճռով ճանաչվել է անվավեր: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու հետևանքը հանգեցնում է նրան, որ այդ պայմանագրի կողմերից յուրաքանչյուրը պետք է մյուս կողմին վերադարձնի գործարքով իր ամբողջ ստացածը: Այսինքն՝ Վահագն Կապլանյանը պարտավոր է Ծառայությանը վերադարձնել Վանաձորի Կնունյանց թիվ 49ա հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ Ծառայությունն իր հերթին պարտավոր է Վահագն Կապլանյանին վերադարձնել անվավեր ճանաչված պայմանագրի գինը կազմող 9.380.000 ՀՀ դրամը:

Մինչդեռ թիվ ՀՅՔԴ2/0024/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.09.2012 թվականին կայացված վճռով Վահագն Կապլանյանի կողմից Ծառայությանը վճարված գումարի վերադարձման հարցը չի լուծվել: Դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ այդ գումարը ենթակա է վերադարձման Վահագն Կապլանյանին՝ որպես Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք: Սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գումարը Վահագն Կապլանյանի օգտին ենթակա է բռնագանձման ոչ թե Հայասատանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գործարքի կողմ հանդիսացած Ծառայությունից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Ծառայությունը տվյալ դեպքում հանդես է եկել որպես հարկադիր աճուրդի կազմակերպիչ և չի կարող կրել 17.02.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գինը կազմող գումարը Վահագն Կապլանյանին վերադարձնելու պարտականությունը՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ կարևորում է այն հանգամանքը, որ վերը նշված առուվաճառքի պայմանագրի կողմերն են՝ մի կողմից աճուրդում հաղթած մասնակից Վահագն Կապլանյանը՝ որպես գնորդ, և մյուս կողմից Ծառայությունը (ի դեմս Լոռու մարզային բաժնի Վանաձորի բաժանմունքի հարկադիր կատարողի)` որպես վաճառող:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության և Վահագն Կապլանյանի միջև 17.02.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված լինելու պայմաններում Ծառայությունն է կրում պայմանագրի գինը կազմող դրամական գումարը՝ 9.380.000 ՀՀ դրամը, Վահագն Կապլանյանին վերադարձնելու պարտականությունը, ինչը հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.02.2015 թվականի որոշմամբ Վահագն Կապլանյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 281.400 ՀՀ դրամը (9.380.000 ՀՀ դրամ x 3%), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման Ծառայությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո սույն գործի բարդությունը և փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը համադրելով գործում առկա` Վահագն Կապլանյանի և փաստաբան Շիրվանզադե Վարդանյանի միջև 25.06.2013 թվականին կնքված «Փաստաբանական վճարովի ծառայության մասին» պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Վահագն Կապլանյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2014 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Վահագն Կապլանյանի բռնագանձել 9.380.000 ՀՀ դրամ:

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 281.400 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.02.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Վահագն Կապլանյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

   

Ս. Անտոնյան

    Ա. Բարսեղյան
    Մ. Դրմեյան
    Գ. Հակոբյան
    Ռ. Հակոբյան
   

Տ. Պետրոսյան

    Ե. Սողոմոնյան
   

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան