Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1257
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.238
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.03.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մարտի 2016 թ.

 

ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Կիրակոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Ս. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38, 68 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լիլիթ Մուսեյանի՝ 26.10.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (ՀՕ-139-Ն) (այսուհետ՝ օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող 76-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.

«Հոդված 76. Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը

...

6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով»։

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը փոփոխության և լրացման չի ենթարկվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

Լիլիթ Մուսեյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 20.01.2015թ. թիվ Վ-53/894 որոշումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ: ՀՀ վարչական դատարանի՝ 04.03.2015թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է հետևյալ հիմնավորմամբ. «Տվյալ դեպքում որպես հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույց հայցադիմումին կցվել է «Gmail» էլեկտրոնային փոստի միջոցով «mayor@yerevan.am», «admin@yerevan.am» և «press@yerevan.am» կայքերին հասցեագրված ծանուցագիրը, որը, Դատարանի գնահատմամբ, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույց չի կարող հանդիսանալ, քանի որ հայցադիմումով որպես պատասխանող է նշված Երևանի քաղաքապետը և վերջինիս հասցեագրված հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պետք է ուղարկվեն նրա պաշտոնական հասցեով, ինչպիսի պահանջը հայցվորի կողմից չի պահպանվել, որն էլ հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար»:

ՀՀ վարչական դատարանի հիշյալ որոշման դեմ Լիլիթ Մուսեյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Վերջինս իր` 22.04.2015թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի՝ 04.03.2015թ. որոշումը՝ հիմք ընդունելով ՎԴ/4971/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը, համաձայն որի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական փաստաթղթերի առաքման հիմնական միջոց դիտարկվում է փոստը, իսկ էլեկտրոնային փոստը նախատեսվում է որպես ընդհանուր կանոնից բացառություն՝ որի կիրառելիության թույլատրելիության մասին օրենսդիրը հատուկ նշում է, օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում:

Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից՝ 03.06.2015թ. որոշմամբ:

Նույնպիսի հիմնավորումներով վերադարձվել և մերժվել են Երևանի քաղաքապետի՝ 23.01.2015թ. թիվ Վ-1/1110 որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին դիմողի` համապատասխանաբար ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումը, ինչպես նաև վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին կամ գործը քննող դատարան փոստի միջոցով ուղարկելու վերաբերյալ իրավակարգավորումն այն դեպքում, երբ էլեկտրոնային փոստի միջոցով այդպիսի փաստաթղթերի առաքման հնարավորությունը սահմանափակված է, «դուրս է ողջամտության սահմաններից», խոչընդոտում է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատավարական իրավունքների իրացմանը, քանի որ ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցության միջոցները հնարավորություն են տալիս մարդու գործունեության տարբեր ոլորտներում ապահովել էլեկտրոնային միջոցով փաստաթղթաշրջանառություն, որը համարվում է ժամանակակից, հուսալի և մատչելի միջոց: Այն հնարավորություն է տալիս «էժանացնել արդարադատությունը», որը, ըստ դիմողի, դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր է: Դիմողը կարծում է, որ իրավակիրառ պրակտիկայում ձևավորվել է խտրական մոտեցում՝ կապված էլեկտրոնային ծանուցումների հետ: Մասնավորապես, դատարանների կողմից «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի հիման վրա գործին մասնակցող անձանց ծանուցումները կատարվում են նաև էլեկտրոնային եղանակով, սակայն վիճարկվող դրույթը մերժում է դատավարության մասնակիցների կողմից էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումների իրականացումը: Դիմողը հանգել է այն եզրակացությանը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի` «պաշտոնական հասցեով» դրույթն իրավակիրառական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որով պաշտոնական հասցե չի համարվում պետական մարմնի կամ պաշտոնատար անձի էլեկտրոնային պաշտոնական հասցեն, «հակասում է ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով խմբագրությամբ) 3-րդ, 18-րդ, 19-րդ, 27.1-րդ հոդվածներին, քանի որ խոչընդոտում է անձի դատավարական իրավունքների իրացմանը», ինչպես նաև «խախտում է արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները»:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող նորմի պահանջները չպահպանելն ինքնին չի կարող արգելակել դատարանի մատչելիության իրավունքը, իսկ այդ պահանջները չպահպանելը հայցադիմումը վերադարձնելու հիմք է, որը հնարավորություն է տալիս նաև դիմողին դատարանի կողմից մատնանշված թերությունները վերացնելուց հետո կրկին դիմել դատարան:

Պատասխանող կողմի եզրահանգման համաձայն. «...ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելու կարգը», և «...Այսպիսի իրավակարգավորումը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում սկզբունքորեն գործում է փոստով ծանուցման եղանակը»: Մյուս կողմից, ինչպես գտնում է պատասխանող կողմը, «...օրենսդիրը հնարավորություն է տվել համապատասխան պայմանների առկայության դեպքում դատական ծանուցումներն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով»: Հետևաբար, «...հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին փոստով ուղարկելու պահանջը պետք է դիտել որպես վարչական դատարան դիմելու իրավունքի իրականացման նախապայմաններից մեկը, որը անձի վրա չի դնում անիրագործելի պարտականություն և իր էությամբ չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար»: Ըստ պատասխանող կողմի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

5. Սույն գործով սահմանադրական դատարանը, ելնելով նաև դիմումում առաջադրված հարցադրումների բովանդակությունից, անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատել դատական պաշտպանության և, մասնավորապես՝ վերջինիս կարևոր տարր հանդիսացող արդարադատության մատչելիության իրավունքի համատեքստում, կարևորելով.

- արդարադատության մատչելիության (դատարան դիմելու իրավունքի) որպես Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման կարևոր նախապայմանի ազատ իրականացման երաշխավորումը, գնահատելով այն այդ իրավունքի իրացման ընթացակարգային գործող կանոնների և դրանց կիրառմամբ առաջացած իրավական հնարավոր հետևանքների շրջանակներում,

- վեճի առարկա կանոնակարգմամբ պայմանավորված` իրավական սահմանափակման համադրելիությունն արդարադատության մատչելիության իրավունքի բուն էությանը, ինչպես նաև այդ իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշներին,

- քննության առարկա նորմատիվ կարգավորմամբ հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցի համաչափությունը, ինչպես նաև դատական հայեցողության շրջանակները:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատել նաև իր նախորդ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված հանրային բնույթի հասարակական հարաբերությունները կարգավորող օրենսդրության այլ ակտերի համապատասխան դրույթների համատեքստում:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու պահին գործել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, և դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի նորմերի սահմանադրականությունը վիճարկում է այդ խմբագրությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու տեսանկյունից: 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներ: Հետևաբար, սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանն առաջնորդվում է Սահմանադրության գործող իրավադրույթներով:

 

6. Անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Դատարան դիմելն անձի իրավունքն է, որի իրացումն օրենքով նախատեսված իրավական գործընթաց է, պայմանավորված չէ դատական կամ հանրային իշխանության այլ մարմնի հայեցողությամբ, և որի իրացմամբ առաջացած իրավական հետևանքները պարտադիր են ինչպես դիմող անձի, դատավարության մյուս մասնակիցների, այնպես էլ դատարանի համար, քանի որ, ինչպես վկայում է դատավարական օրենսդրության (ՀՀ քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության օրենսգրքերի) համապատասխան նորմերի ուսումնասիրությունը, անձի հայցադիմումին հաջորդում են ընթացակարգային նորմերով կարգավորվող հասարակական հարաբերություններ, որոնց շրջանակներում իրացվում են փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ: Անձի հայցադիմումն ընդունելու կամ ընդունումը մերժելու դեպքում դատարանը պարտավոր է կայացնել անհրաժեշտ հիմնավորումներով դատական ակտ, որը պարտադիր է դիմողի և դատավարության այլ մասնակիցների համար:

Անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից ընդհանրապես առաջնահերթ կարևոր է, թե որքանո՞վ է մատչելի (հասանելի) արդարադատությունը, ինչպիսի՞ իրավական պայմաններ են առաջադրված դատարան դիմելու իրավունքն իրացնելու, հետևաբար, նաև դրանով պայմանավորված՝ դատավարական (քրեական, քաղաքացիական և վարչական) կոնկրետ ընթացակարգի շրջանակներում արդար, հրապարակային դատաքննությամբ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար: Առանց անձի՝ դատարան դիմելու կամահայտ դրսևորման, դատական պաշտպանության իրավունքի իրացումը և ընդհանրապես արդարադատության իրականացումն իրավաբանորեն անիրագործելի են: Դատարան դիմելու իրավունքի իրացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Չնայած այդ իրավունքն անմիջականորեն նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ, այնուհանդերձ, բխում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից: Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար: Հետևաբար, այդ հանգամանքով է պայմանավորված վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը հատկապես դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում գնահատելը:

 

7. Իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222) սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների իրավակարգավորման հիմքում դրված են անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական այն սկզբունքները, որոնց համատեքստում սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ: Այդ դիրքորոշումներն արտացոլում են նաև միջազգային իրավական փորձի համալիր ուսումնասիրության արդյունքները: Հետևաբար, սահմանադրական դատարանը վերահաստատում է իր նախորդ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրում, որ դրանք այնքանով, որքանով վերաբերելի են վեճի առարկա իրավակարգավորմանը, կիրառելի են նաև սույն գործի շրջանակներում:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում կարևորել է իրավակարգավորման սկզբունքներ (չափանիշներ), որոնք սույն գործով վեճի առարկա նորմի սահմանադրականության գնահատման տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն, մասնավորապես.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ, բողոքարկման ժամկետ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները,

- դատական ակտի պատճառաբանվածությունը, ըստ որի ընդունվում կամ մերժվում է անձի դիմումը, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման իրավունքը մատչելիության իրավունքի իրացման երաշխիքներ են,

- օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար՝ կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, արդյունքում չապահովելով դատարանի մատչելիության իրավունքը:

 

8. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելիս սահմանադրական դատարանը ելնում է այդ նորմատիվ դրույթն օրենսգրքի 12 և 13-րդ գլուխներում ներառված նորմերի համակարգային ամբողջության մեջ դիտարկելու և գնահատելու անհրաժեշտությունից, քանի որ այդ նորմերն իրենց կարգավորման առարկայով, այսինքն՝ վարչական դատարանում գործ հարուցելու (դատարան դիմելու) կամ հարուցումը մերժելու հետ կապված համասեռ հարաբերություններ կարգավորելու առումով փոխլրացնում են միմյանց, կազմում են կառուցակարգային ամբողջություն: Այս համատեքստում է անհրաժեշտ գնահատել, թե որքանո՞վ է համապատասխանում վեճի առարկա իրավակարգավորումն արդարադատության մատչելիության սահմանադրաիրավական, ինչպես նաև միջազգային իրավական չափանիշներին:

Ինչպես հետևում է օրենսգրքի 12-րդ գլխում ամփոփված հոդվածների վերլուծությունից, որպես գործ հարուցելու հիմք (առիթ, օրինական միջոց) սահմանված է հայցը (օրենսգրքի 65-րդ հոդված)՝ գրավոր փաստաթուղթ, որն ստորագրվում և դատարան է ներկայացվում հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից, բովանդակում է բոլոր այն պարտադիր և հայեցողական տեղեկությունները, ինչպես նաև հայցին կցվող փաստաթղթերը, որպիսիք նախատեսված են օրենսգրքի 73 և 74-րդ հոդվածներում: Օրենսգրքի 76-րդ հոդվածի նորմատիվ պահանջն է՝ հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին վաղօրոք (մինչ դատարան դիմելը) փոստով ուղարկելը և այն հավաստող ապացույցները հայցադիմումին կցելը:

Օրենսդիրն անհրաժեշտաբար սահմանել է նաև հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամկետները և եղանակը, համաձայն որոնց՝ ժամկետների հաշվարկման հիմք են հանդիսանում իրավաբանական կոնկրետ փաստեր (օրենսգրքի 72-րդ հոդված), իսկ հայցադիմումը հայցվորը վարչական դատարան է ներկայացնում առձեռն կամ ուղարկում է փոստով (օրենսգրքի 75-րդ հոդված):

Վերոհիշյալ նորմատիվ պահանջների կատարման (պատշաճության) հանգամանքով է պայմանավորված վարչական դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ ընդունումը մերժելու մասին, կամ՝ օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված այլ որոշման կայացումը: Այսինքն` վերոհիշյալ իրավակարգավորումների բովանդակությունից հետևում է, որ նման որոշման կայացումը ոչ թե դատական հայեցողության, այլ օրենսգրքի 72, 73, 74, 75 և 76-րդ հոդվածների նորմատիվ դրույթների անմիջական կիրառման արդյունք պետք է հանդիսանա:

Միաժամանակ, օրենսգրքի 79 և 80-րդ հոդվածներում նախատեսված է հայցադիմումում առկա առերևույթ սխալները (այդ թվում՝ օրենսգրքի 74-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը կատարելու մասով) վերացնելու և այն դատարան նորից ներկայացնելու, ինչպես նաև հայցադիմումի ընդունելիության վերաբերյալ վարչական դատարանի ընդունած ակտի բողոքարկման դատավարական հնարավորությունը, որպիսիք կարևոր երաշխիք են դատարանի (արդարադատության) մատչելիության ապահովման տեսանկյունից:

Այսպիսով, օրենսդիրը հստակեցրել է այն հիմնական, պարտադիր (ոչ հայեցողական) իրավապայմանները, որոնց առկայության պայմաններում անձը հնարավորություն է ստանում վարչական դատարանից հայցել իր իրավունքների ու ազատությունների պաշտպանություն, այսինքն՝ իրացնել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը: Այս առումով, վարչական դատարանը (վարչական արդարադատությունը) անձին մատչելի է այնքանով, որքանով վերջինս պատշաճ պահպանել է դատարան դիմելու՝ օրենսգրքով սահմանված իրավապայմանները:

Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում վերոհիշյալ իրավապայմանների և դրանք նախատեսող նորմերի վերլուծությունը վկայում է, որ վիճելի իրավակարգավորման շրջանակում օրենսդիրը.

- վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման (հայցադիմում ներկայացնելու) համար նախատեսել է մի շարք ձևական և բովանդակային պահանջներ, որպիսիք անհրաժեշտ են դիմողի անձը (ներկայացուցչին) նույնականացնելու, դատարան ներկայացվող հայցադիմումը, այդ անձի իրավունքների ու ազատությունների խախտման փաստը, հանգամանքները, պատասխանողին ուղղված իրավական պահանջը մասնագիտորեն ձևակերպելու, առկա վեճի բնույթն ու բովանդակությունը դատարանի կողմից պարզելու և դրան իրավական գնահատական ու լուծում տալու նպատակով,

- պարտադիր է համարել դիմող անձի կողմից իր հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և երրորդ անձանց ուղարկելը և այն հավաստող ապացույցները դատարան ներկայացնելը, որն անհրաժեշտ է դատավարության շահագրգիռ մասնակիցների իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու, նրանց կողմից՝ իրավունքից բխող իրենց գործողությունները (պաշտպանական և այլն) նախապես պլանավորելու և իրացնելու տեսանկյունից,

- առանձնահատուկ կարևորել է հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին և շահագրգիռ այլ անձանց երաշխավորված ուղարկելու հանգամանքը՝ սահմանելով այն պարտադիր փոստային հասցեները, որոնցով հիշյալ փաստաթղթերի առաքման փաստն ինքնին գնահատելի է որպես իրավական բավարար պայման՝ դատավարության մասնակիցների իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրացնելի համարելու տեսանկյունից: Մասնավորապես, վարչական մարմնին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերը հատկապես նրանց պաշտոնական փոստային հասցեով ուղարկելու վերաբերյալ նորմատիվ պահանջը, որը սույն գործով վեճի առարկա է, պայմանավորված է իրավական այն արդարացի հանգամանքով, որ հիշյալ մարմինը կամ պաշտոնատար անձը վարչական դատավարությունում հանդես է գալու Սահմանադրությամբ, օրենքով կամ իրավական այլ ակտով նախատեսված իր իրավական կարգավիճակից բխող իրավունքների ու պարտականությունների շրջանակներում, և ոչ որպես մասնավոր կամ վարչական մարմին չհանդիսացող անձ: Այսինքն, վարչական դատարան դիմելու ընթացակարգի շրջանակներում օրենսդիրը հնարավոր և ողջամիտ է համարել փոստային առաքման եղանակի ընտրությունը, վարչական մարմնի կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողի առնչությամբ նախատեսելով պարտադիր համարվող փոստային հասցե, որպիսի հանգամանքը, սահմանադրական դատարանի գնահատմամբ, մատչելի, հասանելի եղանակ է այս կամ այն վարչական մարմնին կամ պաշտոնատար անձին՝ վերջիններիս նկատմամբ վարչական դատարանում հայց հարուցելու անձի մտադրության, ներկայացվող իրավական պահանջների բնույթի և բովանդակության մասին տեղեկացնելու, ինչպես նաև իրավական երաշխիք է վարչական դատարանում կոնկրետ գործի քննություն նախաձեռնելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ միաժամանակ էլեկտրոնային հասցեով վերոհիշյալ փաստաթղթերը դատարան, պատասխանողին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու իրավական պայմանի բացակայությունը խոչընդոտ չէ դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը և չի կարող մեկնաբանվել որպես այդ իրավունքի էության խաթարում: Հետևաբար, այս հարցում դիմող կողմի փաստարկները հիմնավոր չեն:

Անդրադառնալով վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված հանրային բնույթի հասարակական հարաբերությունները կարգավորող օրենսդրության այլ ակտերի նորմերի կիրառման վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ ակտերի նորմերը կիրառելի են օրենքով նախատեսված դեպքերում («Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս): Հետևաբար, նկատի ունենալով վեճի առարկա նորմատիվ կարգավորման շրջանակներում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման իրավական հնարավորության բացակայությունը` սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի և վերոհիշյալ ակտերի նորմերի համադրված վերլուծությանը և դրանց սահմանադրաիրավական գնահատմանը չի անդրադառնում:

 

9. Անդրադառնալով նաև դիմող կողմի այն պնդմանը, համաձայն որի՝ դատարան էլեկտրոնային եղանակով դիմելն ավելի «հուսալի», «էժան» և «մատչելի» միջոց է, սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից «էժան արդարադատությունը», կամ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ դատարան դիմելու գործընթացներն առավել հուսալի կամ մատչելի համարելն ինքնին չեն կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ: Դատարանի մատչելիության մակարդակը կամ այդ իրավունքի էությունն սկզբունքորեն բնորոշվում է որպես մի քանի բաղադրիչների ամբողջություն: Սահմանադրական դատարանն արդարադատության մատչելիության սահմանադրաիրավական չափանիշների վերաբերյալ վերը թվարկված իր բազմաթիվ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում, ելնելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատագրված չափանիշներից, հատկանշել է հետևյալ առաջնահերթ տարրերը.

- հայցադիմում ներկայացնելու, վնասի հատուցում պահանջելու և դատարանի որոշումն ստանալու իրավական հնարավորություն,

- ընթացակարգային այնպիսի սահմանափակումների (ձևական, ժամկետային /այդ թվում՝ դատական ակտի բողոքարկման հետ կապված/ և այլն) սահմանում, որպիսիք չպետք է խաթարեն մատչելիության իրավունքի բուն էությունը,

- իրավաբանական օգնություն ստանալու կամ սեփական շահերի պաշտպանությունն անձամբ իրականացնելու անձի իրավունքի ապահովումը,

- գործով ըստ էության կայացված դատական ակտի վերջնականություն,

- դատարանի վերջնական ակտի ողջամիտ ժամկետում կատարման երաշխավորում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վեճի առարկայի շրջանակներում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ և 13-րդ գլուխների նորմերով երաշխավորվում են վերոթվարկյալ իրավապայմաններին համապատասխան կարգավորումներ:

Ինչ վերաբերում է հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարան և շահագրգիռ այլ անձանց ներկայացնելու (ուղարկելու) եղանակին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ առձեռն ներկայացնելը կամ փոստով առաքելը պարզ ու մատչելի այնպիսի միջոցներ են, որոնց գործադրմամբ դատական պաշտպանության իրավունքը չի սահմանափակվում, անձից չի պահանջվում լրացուցիչ գիտելիքներ ու հմտություններ, ինչն անհրաժեշտ կլիներ հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային միջոցների գործադրման պարագայում:

Արդարադատության «էժանացումը», որպես արդարադատության մատչելիության (դատարան դիմելու) իրավունքի իրացման արդյունավետության բարձրացման միջոց, ինչպես վկայում է միջազգային պրակտիկան, ենթադրում է պետության կողմից ոչ այնքան իրավական, որքան տեխնիկական, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի համալիր ու տևական միջոցառումների իրականացում: Դատաընթացակարգային հարաբերությունների կարգավորման շրջանակներում հաղորդակցության էլեկտրոնային ժամանակակից միջոցների առավել լայն գործադրման հնարավորության նախատեսումն օրենսդրի բացառիկ լիազորությունն է, որն անձին իրավական այլընտրանքային հնարավորություն կընձեռի դատարան դիմելիս կամ հայցադիմումը (կից փաստաթղթերով) դատավարության մասնակիցներին ուղարկելիս ընտրություն կատարելու հարցում: Բոլոր դեպքերում, այդպիսի միջոցների օրենքով իրացման սկզբունքները, եղանակները պետք է համադրելի լինեն արդարադատության մատչելիության սահմանադրաիրավական չափանիշներին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ առանց վերոհիշյալ նախադրյալների ստեղծման (այդ թվում՝ իրավական), դատական պաշտպանության և, մասնավորապես՝ արդարադատության մատչելիության իրավունքի իրացումը ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից երաշխավորելի չէր լինի: Իսկ միայն հաղորդակցության էլեկտրոնային միջոցների կիրառման նախատեսումը՝ ներկայումս գործող առձեռն կամ փոստային առաքման եղանակների բացառման պայմաններում, գնահատելի կլիներ որպես արդարադատության մատչելիության սահմանափակում:

 

10. Անդրադառնալով հաղորդակցության էլեկտրոնային միջոցներով դատարան դիմելու միջազգային իրավական պրակտիկային` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված «Նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով քաղաքացիներին դատական և այլ ծառայությունների էլեկտրոնային մատուցման վերաբերյալ» թիվ (2001)3 հանձնարարականի համաձայն (ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2001թ. փետրվարի 28-ին) կարևորվել է դատարանների հետ նոր տեխնոլոգիաների միջոցով հաղորդակցվելը, մասնավորապես՝ էլեկտրոնային միջոցներով դատական վարույթ հարուցելու հնարավորությունը՝ անհրաժեշտ անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված պահանջները պահպանելու դեպքում:

Էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու վերաբերյալ եվրոպական պետությունների օրենսդրական փորձի ուսումնասիրությունը վկայում է դրա բազմազանության մասին: Մասնավորապես, մի շարք պետություններում օրենքով արգելված է համացանցով դատարան դիմելու (հայց հարուցելու) հնարավորությունը (Իռլանդիա, Բելգիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա): Ընդ որում, Իռլանդիայի Հանրապետությունում դատարան դիմելիս պահանջվում է հայցադիմումը ձևակերպել հատուկ ձևաթղթով: Եվրոպական որոշ այլ պետություններում (Գերմանիա, Էստոնիա, Հունգարիա (միայն որոշ գործերով), Ավստրիա, Պորտուգալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Շվեդիա (հայցադիմումի բնօրինակը հետագայում անձամբ ներկայացնելու պայմանով), Մեծ Բրիտանիա) դատարան դիմելու էլեկտրոնային եղանակը կիրառվում է որպես այլընտրանք:

 

11. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում օրենսդիրը նախատեսել է ողջամիտ պահանջներ, որոնք դատարան դիմող անձին ոչ թե ծանրաբեռնում են ձևական, ավելորդ պահանջներով, այլ նախատեսում են առաջնահերթ, իրավական տեսակետից անհրաժեշտ ու իրագործելի գործողություններ, որոնց կատարումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակներ, չի առաջացնում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն և միտված է դիմող անձի, դատարանի և գործով շահագրգիռ այլ անձանց, այդ թվում՝ պատասխանողի համար, Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրենց իրավունքների ու պարտականությունների արդյունավետ իրացման համար նախադրյալներ ստեղծելուն: Այսինքն` քննության առարկա նորմատիվ կարգավորմամբ հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցի միջև առկա է համաչափություն: Հետևաբար, օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը դատարանի մատչելիության իրավունքի էությունը բնորոշող սահմանադրաիրավական և միջազգային իրավական չափանիշների շրջանակներում սահմանադրականության խնդիր չի հարուցում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

10 մարտի 2016 թ.

ՍԴՈ-1257

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան