«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2005 թ. |
N 116-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մարտի 22 |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի թիվ 116-Ն որոշման |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը՝ .................................................................
Հեռախոսը՝ ............................................... Ինտերնետային կայքը՝...............................
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը |
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 10 միլիոն ՀՀ դրամ | 5 միլիոն ՀՀ դրամ | 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխա- վորվում է միայն դրամային ավանդը) | 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և պարտավորության դրական տարբերության հիման վրա՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացը սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի կողմից լրացուցիչ հայտարարություն հրապարակելու պահից: Դուք կարող եք գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը՝ հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով՝
երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում, նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը՝ տոկոսային արտահայտությամբ) □
չերաշխավորված ավանդ □ Ավանդատու՝………………………………………………………………..………………………....…………………..…………
Անուն Ազգանուն Հայրանուն Անձը հաստատող փաստաթղթի տվյալները …………………………………………………………………………………
Ավանդային պայմանագրի համարը կամ այլ պարտավորության տվյալները ……………………………………
Ավանդատու………………………………………………………………………………………………………..……………..... ստորագրություն
Բանկի գործադիր տնօրեն կամ բանկի կողմից լիազորված այլ անձ (վարչության նախագահ) ................. .…………………………….…………………………….....…………………..…………………………………………………..... ստորագրություն Կ. Տ. Ամսաթիվ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:
(հավելվածը խմբ. 28.07.09 թիվ 227-Ն, փոփ. 03.08.10 թիվ 197-Ն,15.12.15 թիվ 267-Ն)