Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2953/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2953/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Հ. Ենոքյան

Դատավորներ`

Կ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Աբրահամյանի ներկայացուցիչ Կարեն Մելիքսեթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նունե Աբրահամյանի ընդդեմ Արամ Գրձելյանի, երրորդ անձ Ալբերտ Կարապետյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նունե Աբրահամյանը պահանջել է Արամ Գրձելյանից հօգուտ իրեն բռնագանձել 18.500.000 ՀՀ դրամ` որպես իր և Արամ Գրձելյանի միջև 23.06.2009 թվականին կնքված Երևանի Բաղրամյան փողոցի 85-րդ շենքի թիվ 75 բնակարանի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 06.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.04.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումից ազատելու կամ չափը նվազեցնելու մասին Նունե Աբրահամյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն` պետական տուրքի վճարումը հետաձգվել է, իսկ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, ինչպես նաև որոշվել է Նունե Աբրահամյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 555.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված և նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Աբրահամյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Կարապետյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 68-րդ, 210-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանի վճռի դեմ Նունե Աբրահամյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք և ներկայացվել է միջնորդություն` խնդրելով ազատել պետական տուրքի վճարումից կամ նվազեցնել դրա չափը և սահմանել 10.000 ՀՀ դրամ, սակայն Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով միջնորդությունը, հետաձգել է պետական տուրքի վճարումն այն պարագայում, երբ նման միջնորդություն ներկայացված չի եղել:

Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու և 10.000 ՀՀ դրամ սահմանելու մասին միջնորդությունը մասնակիորեն բավարարելու արդյունքում Նունե Աբրահամյանի մոտ տրամաբանորեն ձևավորվել է այն համոզմունքը, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում պետական տուրքի գծով 10.000 ՀՀ դրամից ավել պարտավորություն իր վրա չի դրվելու:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշումը` Նունե Աբրահամյանից ՀՀ պետական բյուջե պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով, և այդ մասով այն փոփոխել` պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից բողոքարկվում է ինչպես Վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշման` 555.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը բռնագանձելու մասը, այնպես էլ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 02.04.2015 թվականի որոշման` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասը, ակնհայտ է դառնում, որ տվյալ պարագայում վերջինս բողոքարկում է վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ (բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը), որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 13.03.2015 թվականին Նունե Աբրահամյանի վերաքննիչ բողոքին կից վերջինիս կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 5-11):

2) Վերաքննիչ դատարանի 02.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Նունե Աբրահամյանի միջնորդությունը` օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու կամ չափը նվազեցնելու մասին, բավարարվել է մասնակիորեն` հետաձգվել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը (հատոր 2-րդ, գ.թ. 39-40):

3) Վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ Նունե Աբրահամյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 555.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված և բողոքաբերի կողմից նախապես չվճարված պետական տուրքի գումար (հատոր 2-րդ, գ.թ. 48-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

- բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա վճարումը հետաձգելու մասին միջնորդությունների քննարկման արդյունքում կայացվող որոշումների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

- Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատարաններն իրավասու են շահագրգիռ անձի միջնորդությունը մասնակիորեն բավարարել և պետական տուրքի վճարումը հետաձգել այն պարագայում, երբ համապատասխան անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

 

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները: Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, իսկ դրանց բողոքարկման անհնարինությունը դատական ակտի կայացման չարդարացված ձգձգումների և քաղաքացու իրավունքների խախտման է հանգեցնում, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ: Իսկ նշված դրույթներով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է «հետաձգված բողոքարկման» կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում (տե'ս, Անժելա Գևորգյանն ընդդեմ Նիկալ Շահվերդյանի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերը ներկայացված իրավական վերլուծություների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում է նաև Վերաքննիչ դատարանի` պետական տուրքի վճարումը հետաձգելուն, որպիսի հիմքով և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուն ուղղված գործողությունների իրավաչափությունը, ինչը գործող իրավակարգավորման շրջանակներում է:

 

բ) ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

ա) պետական տուրքի վճարումից ազատում,

բ) պետական տուրքի նվազեցում,

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում,

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում,

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, իր 2010 թվականի մայիսի 25-ի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ... «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս, իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով պետական տուրքի հետ կապված խնդիրներին, մասնավորապես` փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե'ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 20.12.2007 թվականի վճիռը, գանգատ թիվ 21638/03, կետ 44):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե'ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանները պետական տուրքի գծով արտոնություններ կիրառելու հարցը կարող են քննարկել և համապատասխան արտոնություններ սահմանել դատավարության մասնակցի կողմից կոնկրետ միջնորդության ներկայացման դեպքում: Ընդ որում, դատարաններն իրավասու են սահմանելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով պետական տուրքի գծով նախատեսված ոչ թե ցանկացած արտոնություն, այլ միայն այն արտոնությունը, որը հստակորեն նշվել է շահագրգիռ անձի ներկայացրած միջնորդության մեջ:

 Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը նախ և առաջ պայմանավորված այն հանգամանքով, որ մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, որոշակի դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը հայցում է համապատասխան գործողության կատարումը: Այսինքն` կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով պայմանավորված դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով: Մասնավորապես` դատարանի կողմից դատավարական որոշակի գործողությունների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ անձը գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև բանավոր, հայցի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն նախապայմանն է, որը վկայում է շահագրգիռ անձի կողմից համապատասխան գործողության հայցման մասին, ինչն էլ դատարանի կողմից պետք է ենթակա լինի քննության: Մյուս կողմից, քաղաքացիադատավարական հարաբերությունները ծավալվում և գործառնում են տնօրինչականության սկզբունքի շրջանակներում: Քաղաքացիադատավարական այս սկզբունքի բովանդակությունը ներառում է այն դատավարական իրավունքները, որոնք թույլ են տալիս կանխորոշել դատական պաշտպանության առարկան և ազդել դատավարության ուղղվածության և ընթացքի վրա: Տնօրինչականության սկզբունքի դրսևումներից է դատական ակտի բողոքարկումը: Օրենսդիրն այդ իրավունքի իրացումը, ի թիվս այլ պայմանների, պայմանավորել է օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու հանգամանքով կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պետական տուրքի գծով որևէ կոնկրետ արտոնության հայցմամբ: Հետևաբար այն դեպքում, երբ անձը, իրացնելով իր բողոքարկման իրավունքը, դրա շրջանակներում հայցում է պետական տուրքի գծով որևէ արտոնություն, շահագրգիռ անձի նման իրավունքին համապատասխանում է դատարանի` այդ իսկ միջնորդությունը քննելու և լուծելու պարտականությունը:

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանը որոշում է կայացնում միայն համապատասխան միջնորդության կամ դիմումի առկայության պարագայում և դրա քննարկման արդյունքում կարող է լուծում տալ բացառապես միջնորդության կամ դիմումի մեջ բարձրացված հարցին (հարցերին), հետևաբար, ներկայացված միջնորդության քննարկման արդյունքներով դատարանի կողմից չի կարող լուծում տրվել մի հարցի, որը չի բարձրացվել շահագրգիռ անձի կողմից, չի բխում դրա բովանդակությունից:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Հետևաբար այն դեպքում, երբ շահագրգիռ անձը, միջնորդություն ներկայացնելով, հայցում է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ արտոնություն, դատարանը պետք է քննության առարկա դարձնի և որոշում կայացնի բացառապես այդ հարցերից որևէ մեկ վերաբերյալ:

Սույն գործով Նունե Աբրահամյանի կողմից 13.03.2015 թվականին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու մասին միջնորդություն: Վերաքննիչ դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու մասին Նունե Աբրահամյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը հետաձգվել է: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել է որոշում պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին` նման միջնորդության բացակայության պայմաններում, իսկ 03.06.2015 թվականին կայացված որոշմամբ Վերաքննիչ դատարանը մերժել է Նունե Աբրահամյանի վերաքննիչ բողոքը, միաժամանակ որոշվել է նրանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 555.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված և նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Վերը նշված մեկնաբանությունների և իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Նունե Աբրահամյանը, Վերաքննիչ դատարան ներկայացնելով պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու մասին միջնորդություն, ակնկալել է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում, որը պետք է դրսևորվեր Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի չափը նվազեցնելու միջնորդության կա՛մ բավարարման, կա՛մ մերժման եղանակով, սակայն ոչ` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին որոշման ընդունմամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, միջնորդությունը մասնակիորեն բավարարելով, այն է` հետաձգելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը, դրանով իսկ անտեսել է այն հանգամանքը, որ Նունե Աբրահամյանի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու, այլ ոչ թե` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, ինչի արդյունքում Նունե Աբրահամյանի միջնորդությունն այդպես էլ քննության չի առնվել և լուծում չի ստացել:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի կողմից 02.04.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից 03.06.2015 թվականին կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որով նաև որոշվել է Նունե Աբրահամյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 555.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` նման պայմաններում Նունե Աբրահամյանի` պետական տուրքի վճարումից ազատելու կամ չափը նվազեցնելու մասին միջնորդության քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանի կողմից դրա վճարումը հետաձգելու արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտով համապատասխան անձից 555.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելը ոչ իրավաչափ է և անհիմն, քանի որ կոնկրետ միջնորդության մեջ բարձրացված հարցի քննարկման արդյունքներով կայացված որոշմամբ ի սկզբանե ոչ ճիշտ եզրահանգում կատարելն արդեն իսկ հանգեցնում է Վերաքննիչ դատարանի՝ տվյալ հարցի կապակցությամբ հետագա հետևությունների ոչ իրավաչափ լինելուն: Այսինքն` Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտում արված սխալ եզրահանգումների հիման վրա կայացված նույն դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտով Նունե Աբրահամյանի վրա պետական տուրքի վճարման պարտականություն դնելն ինքնին չի կարող համարվել օրինական կամ իրավաչափ:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայվում է միայն Նունե Աբրահամյանից ՀՀ պետական բյուջե 555.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված որոշումը բողոքարկվել է միայն պետական տուրքի գանձման մասով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե'ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նունե Աբրահամյանի կողմից Վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշումը բողոքարկվել է մասնակիորեն` միայն պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված պատճառաբանության հիմքով Նունե Աբրահամյանը չի կրում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2015 թվականի որոշման` Նունե Աբրահամյանից ՀՀ պետական բյուջե 555.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել. պետական տուրքի վճարման հարցը համարել լուծված:

2. Վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
   

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան