Գլխավոր տեղեկություն
Համար
N 1535-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.01.2016-01.02.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.29/90(1179).1 Հոդ.1186.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1535-Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 96-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) 2018 թվականի հունվարի 1-ից վերականգնողական անհատական ծրագիրը կազմվում է ինչպես փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով, ընդ որում, միևնույն վերականգնողական անհատական ծրագրի՝ փաստաթղթային և էլեկտրոնային եղանակներով կազմված օրինակներում ներառված տվյալներն ու տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց՝ բացառությամբ վերականգնողական անհատական ծրագրի՝ բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվության, որը, մինչև սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգերի ներդրումը, բժշկական վերականգնում իրականացնող համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից լրացվում է միայն վերականգնողական անհատական ծրագրի՝ փաստաթղթային եղանակով կազմված օրինակում.

2) մինչև սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգերի ներդրումը՝ վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման համար հիմք է հանդիսանում փաստաթղթային եղանակով կազմված վերականգնողական անհատական ծրագիրը.

3) 2018 թվականի հունվարի 1-ից վերականգնողական անհատական ծրագրի՝ բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրման, ինչպես նաև մասնագիտական (աշխատանքային) ու սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունն արտացոլվում է վերականգնողական անհատական ծրագրի՝ ինչպես փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով կազմված օրինակում, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակում.

4) 2018 թվականի հունվարի 1-ից վերականգնողական անհատական ծրագրի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունը պետք է ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսված առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձի մասին տեղեկատվությունն այդ համակարգում բացակայում է.

5) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերականգնողական անհատական ծրագիրը փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկական օրինակները հանձնվում են հաշմանդամություն ունեցող անձին (կամ նրա ներկայացուցչին) և հաշմանդամություն ունեցող տվյալ անձի սպասարկման տարածքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (կամ բաժնին): Վերականգնողական անհատական նոր ծրագիր կազմելու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական նախորդ ծրագիրը պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմիններում.

6) 2018 թվականի հունվարի 1-ից հետո վերականգնողական անհատական ծրագիրը փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով կազմվում է ընդամենը մեկ օրինակից, որը հանձնվում է հաշմանդամություն ունեցող անձին (կամ նրա ներկայացուցչին):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում հաստատել վերականգնողական անհատական ծրագրի ձևը և վերականգնողական անհատական ծրագրի լրացման մեթոդական ցուցումները.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջների կատարման նպատակով ապահովել տեղեկատվական համապատասխան համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող ծրագրային գործիքների ներդրման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական աջակցություն սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վերականգնողական անհատական ծրագրի լրացման մեթոդական ցուցումների մշակման գործընթացում.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել վերականգնողական անհատական ծրագրի՝ բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների և դրանց իրականացման մասին տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1535-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձի և հաշմանդամություն ունեցող երեխայի (այսուհետ նաև՝ հաշմանդամություն ունեցող անձ) վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ նաև` ՎԱԾ) կազմման, ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման հետ կապված հարաբերությունները:

2. ՎԱԾ-ի կազմման և դրանում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման նպատակը հաշմանդամություն ունեցող անձի վերականգնումն է:

3. ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման նպատակը, այդ միջոցառումները սահմանելիս, ակնկալվող արդյունքների և վերականգնողական միջոցառումների իրականացման փաստացի արդյունքների համադրումը, հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը, դրանց բացասական ներգործության հետևանքների կանխումը կամ նվազեցումը, հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական, այդ թվում՝ աշխատանքային վերականգնման (այսուհետ՝ մասնագիտական վերականգնում) և սոցիալական վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումն է:

4. Օտարերկրյա պետության քաղաքացիների համար ՎԱԾ-ը կազմվում է, եթե տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված է համապատասխան միջպետական պայմանագիր:

 

II. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

5. ՎԱԾ-ը սահմանված որոշակի վավերապայմաններով և ձևով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը:

6. ՎԱԾ-ում ներառվում են հաշմանդամություն ունեցող անձի նույնականացման, բնակության վայրի, կրթության, մասնագիտության, հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով նախատեսված հիվանդությունը, ինչպես նաև տեղեկություններ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական միջոցառումների տեսակների ու ժամկետների, դրանք իրականացնողների, վերականգնողական միջոցառումներում կատարվող փոփոխությունների և լրացումների, վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքների մասին: ՎԱԾ-ում կարող են ներառվել նաև այլ տեղեկություններ՝ ՎԱԾ-ի ձևին ու բովանդակությանը սույն կարգով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված, ինչպես նաև այլ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին համապատասխան:

7. ՎԱԾ-ը ներառում է բժշկական, մասնագիտական (աշխատանքային) և սոցիալական վերականգնման ծրագրեր, որոնցում համապատասխանաբար սահմանված են հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար նախատեսված միջոցառումները:

8. Բժշկական վերականգնման ծրագրում, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագրով սահմանված բժշկական վերականգնողական միջոցառումները, ինչպես նաև վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքները:

9. Մասնագիտական (աշխատանքային) վերականգնման ծրագրում, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 50-րդ կետով սահմանված միջոցառումները՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքները:

10. Սոցիալական վերականգնման ծրագրում, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետով սահմանված միջոցառումները՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքները:

11. Բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասկացությունները, բժշկական վերականգնման ձևերը սահմանվում են, ինչպես նաև բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված համապատասխան միջոցառումների իրականացման, վերականգնողական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով:

 

III. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

12. ՎԱԾ-ը կազմվում է՝

1) անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու (այդ թվում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերանայման արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու) դեպքում.

2) ՎԱԾ չունեցող՝ նախկինում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար՝ այդպիսի անհրաժեշտություն առաջանալու պարագայում.

3) անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար, նրանց ՎԱԾ-ի իրականացման ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների փոփոխման և (կամ) լրացման անհրաժեշտություն.

4) ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա.

5) այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

13. ՎԱԾ-ը կազմվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային մարմինների (այսուհետ՝ ԲՍՓՀ) և վերափորձաքննության բաժնի կողմից:

14. Գործակալության ԲՍՓՀ-ի կողմից ՎԱԾ-ը կազմվում է՝

1) անձին առաջին անգամ որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում.

2) հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում ԲՍՓՀ-ի կողմից իրականացված վերափորձաքննության արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում.

3) սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում.

4) ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, եթե կորցրած ՎԱԾ-ը կազմված է եղել ԲՍՓՀ-ի կողմից:

15. Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ՎԱԾ-ը կազմվում է`

1) ԲՍՓՀ-ի կողմից կայացված բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերադասության կարգով վերանայման արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում.

2) իր կողմից կայացված բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերանայման արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում.

3) ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, եթե կորցրած ՎԱԾ-ը կազմված է եղել վերափորձաքննության բաժնի կողմից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

16. ՎԱԾ-ը կազմվում է անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

17. ՎԱԾ-ը կազմվում է՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), կենսագործունեության սահմանափակման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), վերականգնողական ներուժի գնահատումը, միջավայրային գործոնները (անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայրը, այդ թվում նաև՝ հասարակության կողմից անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը), կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները, ինչպես նաև վերականգնմանն ուղղված այնպիսի միջոցառումների ընդգրկման անհրաժեշտությունը, որոնք առավելապես կնպաստեն հաշմանդամություն ունեցող անձի ֆիզիկական, մտավոր, մասնագիտական ունակությունների և կարողությունների զարգացմանը և (կամ) պահպանմանն ու սոցիալական ներառմանը:

18. Հաշմանդամություն ունեցող երեխայի ՎԱԾ-ը կազմելիս՝ առկայության դեպքում հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացությունները:

19. ՎԱԾ-ը կազմվում է ըստ հաշմանդամության սահմանման ժամկետի` մեկ կամ երկու տարի ժամկետով, հաշմանդամություն ունեցող երեխաների համար` երկու տարի ժամկետով կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը: Հաշմանդամությունն անժամկետ սահմանելու դեպքերում ՎԱԾ-ը կազմվում է մինչև հինգ տարի ժամկետով:

20. Թղթային կրիչով ՎԱԾ-ը լրացվում է մուգ կապույտ կամ սև գույնի թանաքով գրիչով, ընթեռնելի ձեռագրով՝ առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից առնվում է փակագծի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և ՎԱԾ-ը կազմող համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում լրացնում է «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը և ուղղումը հաստատում է ստորագրությամբ:

21. ՎԱԾ-ը գործակալության ԲՍՓՀ-ի կողմից կազմվելու ընթացքում դրանում ընդգրկվող վերականգնողական միջոցառումների ծավալի, բովանդակության, ժամկետների հետ ԲՍՓՀ-ի որևէ բժիշկ-փորձագետի լրիվ կամ մասնակի անհամաձայնության դեպքում ԲՍՓՀ-ի տվյալ բժիշկ-փորձագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԲՍՓՀ-ի նախագահին է ներկայացնում ՎԱԾ-ում ընդգրկվելիք վերականգնողական միջոցառումների վերաբերյալ իր հատուկ կարծիքը: ԲՍՓՀ-ի նախագահը, ՎԱԾ-ում ընդգրկվելիք վերականգնողական միջոցառումների վերաբերյալ ԲՍՓՀ-ի բժիշկ-փորձագետի հատուկ կարծիքն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ՎԱԾ-ը հաշմանդամություն ունեցող անձին հանձնելու համար սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, սույն կետում նշված հատուկ կարծիքում ներկայացված առարկությունները և հիմնավորումները քննարկում է ԲՍՓՀ-ի բժիշկ-փորձագետների հետ՝ ՎԱԾ-ում ներառման ենթակա համապատասխան վերականգնողական միջոցառումների վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:

22. ՎԱԾ-ը գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից կազմվելու ընթացքում դրանում ընդգրկվող վերականգնողական միջոցառումների ծավալի, բովանդակության, ժամկետների հետ վերափորձաքննության բաժնի գլխավոր մասնագետներից որևէ մեկի լրիվ կամ մասնակի անհամաձայնության դեպքում վերափորձաքննության բաժնի տվյալ աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում բաժնի պետին է ներկայացնում ՎԱԾ-ում ընդգրկվելիք վերականգնողական միջոցառումների վերաբերյալ իր հատուկ կարծիքը: Վերափորձաքննության բաժնի պետը, ՎԱԾ-ում ընդգրկվելիք վերականգնողական միջոցառումների վերաբերյալ հատուկ կարծիքն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ՎԱԾ-ը հաշմանդամություն ունեցող անձին հանձնելու համար սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, սույն կետում նշված հատուկ կարծիքում ներկայացված առարկությունները և հիմնավորումները քննարկում է վերափորձաքննության բաժնի աշխատողների հետ՝ ՎԱԾ-ում ներառման ենթակա վերականգնողական միջոցառումների վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:

23. ՎԱԾ-ի կազմման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, ՎԱԾ-ը կազմող ԲՍՓՀ-ի կամ վերափորձաքննության բաժնի գրավոր հարցմամբ, ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում անհրաժեշտ միջոցառումների ընդգրկման հարցերում ԲՍՓՀ-ին և վերափորձաքննության բաժնին մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 43-րդ կետով սահմանված բուժատեխնիկական հանձնաժողովը (այսուհետ՝ բուժատեխնիկական հանձնաժողով):

24. Հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին թղթային կրիչով ՎԱԾ-ն առձեռն հանձնվում է այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով առձեռն հանձնելու հնարավորություն առկա չէ, այդ թվում՝ եթե հաշմանդամություն ունեցող անձն ինքն է խնդրել օգտագործել հանձնման այլ միջոցներ կամ չի ներկայանում ՎԱԾ-ն առձեռն ստանալու համար, սույն կետով սահմանված ժամկետում ՎԱԾ-ը հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, ստանալու մասին ծանուցմամբ կամ օրենքով սահմանված այլ եղանակներով:

25. Հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին ՎԱԾ-ը առձեռն հանձնելիս՝ ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության ԲՍՓՀ-ի կամ վերափորձաքննության բաժնի կողմից բանավոր պարզաբանվում են ՎԱԾ-ի նպատակը, ՎԱԾ-ը հաշմանդամություն ունեցող անձի հայեցողությամբ իրականացնելու իրավունքը, ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները, ՎԱԾ-ի վերանայման հիմքերը և կարգը: Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ՝ ՀՍԾՏԿ) միասնական ընդունարանների միջոցով ՎԱԾ-ն առձեռն հանձնելու դեպքում՝ ՎԱԾ-ի վերաբերյալ սույն կետով սահմանված պարզաբանումները (խորհրդատվությունները) տրամադրվում են ՀՍԾՏԿ-ի միասնական ընդունարանների՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողների կողմից:

26. ՎԱԾ-ն էլեկտրոնային եղանակով կազմվում է ՎԱԾ-ի համար նախատեսված անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարան մուտքագրելու միջոցով՝ ոչ ուշ, քան սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ը և դրանում ներառված առանձին ծրագրերի, դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգով սահմանված դեպքերում և պայմաններով ուղարկվում և (կամ) առցանց հասանելի է նախարարության համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և համայնքների՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող սոցիալական աջակցության տարածքային բաժիններին (այսուհետ՝ սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանում), վերականգնողական, տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ սարքեր, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ (այսուհետ նաև՝ պարագաներ) տրամադրող կազմակերպություններին:

 

IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

27. Հաշմանդամություն ունեցող անձի համար ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ՎԱԾ-ի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ՝ ՎԱԾ-ում ներառված որևէ ծրագրի (բժշկական, մասնագիտական (աշխատանքային), սոցիալական) կամ դրանցում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:

28. ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական համապատասխան միջոցառումները կազմակերպում և այդ միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը կազմակերպող և իրականացնող սուբյեկտները (մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները, անձինք)՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

29. ՎԱԾ-ը ենթակա է պարտադիր կատարման հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը կազմակերպող և իրականացնող բոլոր սուբյեկտների (մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, անձանց) կողմից՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից՝ բացառությամբ սույն կարգի 27-րդ կետով նախատեսված դեպքերի:

30. Հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական (աշխատանքային) և սոցիալական վերականգնումը կազմակերպող և իրականացնող բոլոր սուբյեկտները (մարմինները, անձինք, կազմակերպությունները, հիմնարկները), անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից, նախարարությանը տրամադրում են իրենց կողմից կազմակերպվող (կազմակերպված) և իրականացվող (իրականացված) վերականգնողական միջոցառումների տեսակների և ծավալների, ինչպես նաև բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքների (դրանցում ընդգրկված միջոցառումների արդյունավետության) գնահատման համար նախարարությանն անհրաժեշտ տեղեկություններ՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

31. Պարագաներ տրամադրող կազմակերպությունները ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում են ինչպես ՎԱԾ-ի թղթային կրիչով, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով՝ առցանց, հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանից: Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագիրը, ինչպես նաև դրա կատարման մասին տեղեկատվությունն արտացոլող բաժինն առցանց հասանելի է պարագաներ տրամադրող կազմակերպություններին՝ միայն դրանցում առկա տվյալների դիտման իրավասությամբ (դիտողի կարգավիճակով):

32. ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունն արտացոլվում է ինչպես ՎԱԾ-ի թղթային կրիչով կազմված օրինակում, այնպես էլ՝ ՎԱԾ-ի էլեկտրոնային տարբերակում: Պարագաներ տրամադրող կազմակերպությունների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և տվյալ կազմակերպությունների հետ նախարարության կնքած համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում, բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունը լրացվում է ՎԱԾ-ի թղթային կրիչով կազմված օրինակում՝ լրացման համար սահմանված ձևին համապատասխան, ինչպես նաև այդ տեղեկատվությունը մուտքագրվում է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգում: Մուտքագրված տեղեկատվությունը դիտման ռեժիմով առցանց փոխանցվում է էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ի՝ բժշկական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկատվությունն արտացոլող բաժնին և այդ պահից հասանելի է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, գործակալությանը, սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումներին և բուժատեխնիկական հանձնաժողովի անդամներին: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 44-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային պատկերատպման (սքանավորման) միջոցով ներբեռնվում է նաև բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից տրված համապատասխան եզրակացությունը:

33. ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը (այդ թվում՝ տարածքային կենտրոնները) ստանում է էլեկտրոնային եղանակով՝ առցանց, հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանից: Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագիրը, ինչպես նաև դրա կատարման մասին տեղեկատվությունն արտացոլող բաժինն առցանց հասանելի է նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությանը (այդ թվում՝ տարածքային կենտրոններին)՝ միայն դրանցում առկա տվյալների դիտման իրավասությամբ (դիտողի կարգավիճակով):

34. Նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները, մասնագիտական վերականգնման միջոցառման իրականացման նպատակով, հաշմանդամություն ունեցող անձին զբաղվածության պետական համապատասխան ծրագրում ընդգրկելիս և հարմար աշխատանքի տեղավորելիս (տեղավորման միջնորդություն ներկայացնելիս), առկայության դեպքում հաշվի են առնում մասնագիտական վերականգնման ծրագրում հաշմանդամություն ունեցող անձի կողմից, առողջական վիճակով պայմանավորված, որոշակի աշխատանքների կատարման ցուցվածության կամ հակացուցվածության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն համադրելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի շրջանակներում առկա աշխատատեղերի) վերաբերյալ տվյալների, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների հետ: Համադրման արդյունքում առանձնացվում են՝

1) այն հնարավոր աշխատատեղերը, որոնք, իրականացվող աշխատանքի պայմաններով և աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված, ուղղակիորեն հակացուցված չեն հաշմանդամություն ունեցող անձին և, որոնցում աշխատանքների կատարմանը չի խոչընդոտում հաշմանդամություն ունեցող անձի` որոշակի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը.

2) զբաղվածության պետական այն ծրագրերը, որոնցում հաշմանդամություն ունեցող անձի ընդգրկումն առավելապես կնպաստի մասնագիտական վերականգնման ծրագրում ներառված միջոցառումների արդյունավետ իրականացմանը և հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական վերականգնմանը:

35. Մասնագիտական վերականգնման ծրագրում հաշմանդամություն ունեցող անձի կողմից, առողջական վիճակով պայմանավորված, որոշակի աշխատանքների կատարման հակացուցվածության, անհրաժեշտության դեպքում` ցուցվածության վերաբերյալ տեղեկատվության առկայության պարագայում, մինչև հաշմանդամություն ունեցող անձին զբաղվածության պետական համապատասխան ծրագրում ընդգրկելը և հարմար աշխատանքի տեղավորելը (տեղավորման միջնորդություն ներկայացնելը), մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումն իրականացնելու պարտավորություն ունեցող՝ նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով՝ առգիծ, համապատասխան հարցմամբ դիմում է գործակալության՝ ՎԱԾ-ը կազմող համապատասխան ստորաբաժանմանը (վերափորձաքննության բաժնին) կամ ԲՍՓՀ-ին՝ զբաղվածության պետական համապատասխան ծրագրում հաշմանդամություն ունեցող անձին ընդգրկելու կամ առաջարկվող աշխատանքի հակացուցվածության, անհրաժեշտության դեպքում` ցուցվածության մասին մասնագիտական կարծիք ստանալու նպատակով՝ ներկայացնելով զբաղվածության պետական համապատասխան ծրագրի կամ կոնկրետ աշխատատեղի և (կամ) կատարվելիք աշխատանքի մանրամասն նկարագրությունը (այդ թվում՝ առաջարկվող աշխատանքի և (կամ) պաշտոնի անվանումը, աշխատանքի բնույթը, աշխատանքային գործառույթները, աշխատանքի այլ պայմաններ): Սույն կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո, ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, ՎԱԾ-ը կազմող ԲՍՓՀ-ն կամ վերափորձաքննության բաժինն էլեկտրոնային եղանակով՝ առգիծ, նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոնին տրամադրում է զբաղվածության պետական համապատասխան ծրագրում հաշմանդամություն ունեցող անձին ընդգրկելու կամ առաջարկվող աշխատանքի հակացուցվածության, անհրաժեշտության դեպքում` ցուցվածության մասին մասնագիտական կարծիք: Գործակալության և նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության միջև սույն կետով սահմանված տեղեկատվության փոխանակման վերաբերյալ լրացուցիչ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված՝ ՎԱԾ-ի լրացման մեթոդական ցուցումներով:

36. Հաշմանդամություն ունեցող անձի կողմից, առողջական վիճակով պայմանավորված, որոշակի աշխատանքների կատարման հակացուցվածության կամ ցուցվածության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում:

37. Մասնագիտական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկատվությունն արտացոլվում է ինչպես ՎԱԾ-ի թղթային կրիչով կազմված օրինակում, այնպես էլ՝ ՎԱԾ-ի էլեկտրոնային տարբերակում: Մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր միջոցառման ավարտից, իսկ տվյալ միջոցառումն այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից իրականացվելու դեպքում՝ դրա կատարման մասին տեղեկությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված համապատասխան միջոցառման իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով մուտքագրում է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարան: Մուտքագրված տեղեկատվությունը դիտման ռեժիմով առցանց փոխանցվում է էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ի՝ մասնագիտական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկատվությունն արտացոլող բաժին և այդ պահից հասանելի է գործակալությանը (այդ թվում՝ ԲՍՓՀ-ներին), ինչպես նաև սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումներին:

38. Սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումները ՎԱԾ-ն ստանում են ինչպես թղթային կրիչով, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով:

39. ՎԱԾ-ը կազմելուց հետո եռօրյա ժամկետում՝ ՎԱԾ-ը կազմող ԲՍՓՀ-ն կամ վերափորձաքննության բաժինը թղթային կրիչով ՎԱԾ-ը տրամադրում են սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանմանը:

40. Սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումներն էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ն ստանում են առցանց, հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանից: Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ը, այդ թվում` դրանում ներառված սոցիալական վերականգնման ծրագիրը, ինչպես նաև ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկատվությունն արտացոլող բաժինն առցանց հասանելի է սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումներին՝ միայն դրանցում առկա տվյալների դիտման իրավասությամբ (դիտողի կարգավիճակով):

41. Սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումները, սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված և իրենց կողմից իրականացված յուրաքանչյուր միջոցառման ավարտից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, դրա կատարման մասին տեղեկությունը մուտքագրում են սոցիալական աջակցության տեղեկատվական համապատասխան շտեմարան՝ սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգ: Մուտքագրված տեղեկությունը դիտման ռեժիմով առցանց փոխանցվում է էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ի՝ սոցիալական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկություններ նախատեսող համապատասխան բաժին և այդ պահից հասանելի է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին ու գործակալությանը, այդ թվում՝ ԲՍՓՀ-ներին:

 

V. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

42. ՎԱԾ-ում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից` սույն կարգի 44-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժնի կամ ԲՍՓՀ-ի կողմից, ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական ծրագրերի կամ դրանցից որևէ մեկի իրականացման ընթացքում, այդպիսի անհրաժեշտության առկայության պարագայում՝

1) հաշմանդամություն ունեցող անձի դիմումի հիման վրա.

2) ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական, սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումներն իրականացնող համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների, անձանց), նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այդ թվում` դրա տարածքային կենտրոնների), սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների և բուժատեխնիկական հանձնաժողովի նախաձեռնությամբ.

3) ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժնի կամ ԲՍՓՀ-ի նախաձեռնությամբ.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված դեպքերում և կարգով:

43. ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերից յուրաքանչյուրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են այն դեպքում, եթե համապատասխան ծրագրում ընդգրկված մեկ կամ մի քանի միջոցառումների իրականացման արդյունքում պարզվում է, որ դրանք չեն նպաստել հաշմանդամություն ունեցող անձի լրիվ կամ մասնակի վերականգնմանը կամ այդ միջոցառումների արդյունավետությունն էապես ցածր է եղել ակնկալվող արդյունքներից, կամ ՎԱԾ-ը կազմելուց հետո, հաշմանդամություն ունեցող անձի առողջական վիճակի, սոցիալական կարիքների փոփոխությամբ պայմանավորված, առաջացել է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանն ուղղված նոր միջոցառումների իրականացման կամ իրականացվող միջոցառումների ձևի և ծավալի փոփոխության անհրաժեշտություն, կամ փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումն էապես կնպաստի հաշմանդամություն ունեցող անձի բժշկական և (կամ) մասնագիտական և (կամ) սոցիալական կարգավիճակի վերականգնմանը:

44. Բուժատեխնիկական հանձնաժողովը՝ ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում, նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը (այդ թվում` դրա տարածքային կենտրոնները)՝ ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում, իսկ սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումները՝ սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացումը կազմակերպելու ընթացքում, կամ այդ միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո, սույն կարգի 43-րդ կետով սահմանված որևէ հանգամանքի առկայության դեպքում, գրավոր դիմում են ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժնին կամ ԲՍՓՀ-ին՝ ՎԱԾ-ում ներառված համապատասխան վերականգնման ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ՝ ներկայացնելով փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման մասնագիտական հիմնավորումը (եզրակացությունը): Բուժատեխնիկական հանձնաժողովը, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 44-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված եզրակացություն տրամադրելը, կարող է փոփոխություններ կատարել ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված դեպքերում և կարգով:

45. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում նշված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների կողմից կազմակերպվելու դեպքում, սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումները, սույն կարգի 43-րդ կետով սահմանված որևէ հանգամանքի առկայության դեպքում, կարող են գրավոր դիմել ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժնին կամ ԲՍՓՀ-ին՝ ՎԱԾ-ում ներառված վերականգնման ցանկացած ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ՝ ներկայացնելով փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման մասնագիտական հիմնավորումը (եզրակացությունը):

46. ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժինը կամ ԲՍՓՀ-ն, ուսումնասիրելով ստացված առաջարկությունը (դիմումը) և փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման մասնագիտական հիմնավորումը (եզրակացությունը), կազմակերպում է մասնագիտական քննարկում առաջարկությունը ներկայացնողների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումների, այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ՎԱԾ-ում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը կամ մերժում է այն: ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժինը կամ ԲՍՓՀ-ն, երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է առաջարկությունը ներկայացնողին՝ այն ընդունելու կամ մերժելու մասին: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված դեպքերում ՎԱԾ-ը ենթակա է փոփոխման՝ համաձայն համապատասխան հանձնարարականի:

47. Սույն կարգի 46-րդ կետով սահմանված առաջարկությունն ընդունելու, ինչպես նաև սույն կարգի 42-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում, ՎԱԾ-ի էլեկտրոնային տարբերակում՝ փոփոխություններին և լրացումներին վերաբերող համապատասխան մասերում մուտքագրվում են կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները, իսկ այդ փոփոխություններին և լրացումներին համապատասխան իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով՝ առցանց, ՎԱԾ-ի էլեկտրոնային տարբերակում արտացոլվում է համապատասխան տեղեկատվական շտեմարաններում՝ այդ տեղեկատվության մուտքագրման պահից: ՎԱԾ-ում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարող՝ գործակալության վերափորձաքննության բաժինը կամ ԲՍՓՀ-ն, այդ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձին իրազեկում է ՎԱԾ-ում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների մասին, ինչպես նաև ՎԱԾ-ի թղթային կրիչով կազմված օրինակը ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ դրանում համապատասխան տեղեկությունները լրացնելու նպատակով:

48. ՎԱԾ-ի թղթային կրիչով կազմված օրինակում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելիս՝ փոփոխություններին և լրացումներին վերաբերող համապատասխան մասերում նշվում են նաև փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրվում համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (անձանց) կողմից:

 

VI. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

49. ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունն ապահովում, ինչպես նաև ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքները (դրանցում ընդգրկված միջոցառումների արդյունավետությունը) գնահատում է լիազոր մարմինը:

50. ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումների իրականացման և դրանց արդյունավետության նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տեսակների և ծավալների մասին բժշկական վերականգնում իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից տրամադրվող տեղեկատվության և ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումներին դրանց համապատասխանության ուսումնասիրությունն իրականացնում է բուժատեխնիկական հանձնաժողովը՝ սույն կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածով, այլ իրավական ակտերով և բուժատեխնիկական հանձնաժողովի աշխատակարգով սահմանված դեպքերում և կարգով:

51. ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումների կատարման և դրանց արդյունավետության նկատմամբ հսկողությունն իրականացնելու նպատակով բուժատեխնիկական հանձնաժողովը ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող միջոցառումների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ստացված տվյալները համադրում է այդ միջոցառումների կատարման մասին սույն կարգի 32-րդ կետով նախատեսված տեղեկատվության հետ:

52. ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տեսակների և ծավալների մասին բժշկական վերականգնում իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից տրամադրվող տեղեկատվության և ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումներին դրանց համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով բուժատեխնիկական հանձնաժողովը՝

1) ըստ վարչատարածքային միավորների, ընտրում է էլեկտրոնային եղանակով կազմված որոշակի քանակով ՎԱԾ-եր և ուսումնասիրում դրանցում ներառված՝ բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումները (իրականացման ենթակա միջոցառումների բնույթը, ծավալը, կատարողը և այլն), ընդ որում, ընտրությունը կարող է իրականացվել ինչպես պատահականության սկզբունքով, այնպես էլ՝ որոշակի չափանիշներից ելնելով (ըստ հաշմանդամության խմբերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված ռիսկային գործոն պարունակող որոշումների հիման վրա կազմված ՎԱԾ-եր և այլն).

2) սահմանված ժամանակացույցին համապատասխան, վարչատարածքային միավորներ այցելությունների միջոցով, ծանոթանում է բժշկական վերականգնում իրականացնող համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից սույն կետի 1-ին ենթակետում նշված ՎԱԾ-երի՝ միայն թղթային կրիչով կազմած օրինակում լրացված՝ բժշկական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկությունների հետ և հաշմանդամություն ունեցող այն անձանցից, որոնց համար կազմվել են այդ ՎԱԾ-երը, տեղեկանում է բժշկական վերականգնման ծրագրի շրջանակներում փաստացի իրականացված միջոցառումների մասին.

3) ՎԱԾ-ի՝ թղթային կրիչով կազմված օրինակում լրացված՝ բժշկական վերականգնման ծրագրի կատարման մասին տեղեկությունները (այդ թվում՝ բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տեսակների և ծավալների մասին ներկայացված տեղեկատվությունը) համադրում է ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների և բժշկական վերականգնման ծրագրի շրջանակներում փաստացի իրականացված միջոցառումների մասին հաշմանդամություն ունեցող անձանցից ստացված տեղեկությունների հետ:

53. Սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով սահմանված գործառույթների իրականացման արդյունքում անհամապատասխանություններ, թերություններ, բժշկական վերականգնում իրականացնող համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումները չկատարելու կամ ոչ լրիվ կատարելու դեպքեր հայտնաբերելու պարագայում, դրանց հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բուժատեխնիկական հանձնաժողովը դրա մասին գրավոր իրազեկում է գործակալության պետին և ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժնին կամ ԲՍՓՀ-ին:

54. Սույն կարգի 53-րդ կետով սահմանված դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, գործակալության պետը կատարում է իրավիճակից բխող անհրաժեշտ և բավարար միջոցառումներ՝ արձանագրված խնդիրների լուծման և թերությունների վերացման, դրանք հետագայում բացառելու նպատակով, այդ թվում՝ կարող է դիմել բժշկական վերականգնում իրականացնող համապատասխան մարմնին (կազմակերպությանը, հիմնարկին)՝ ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրի կատարման մասին անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու համար: Բուժատեխնիկական հանձնաժողովը, ՎԱԾ-ը կազմող՝ գործակալության վերափորձաքննության բաժինը կամ ԲՍՓՀ-ն իրազեկվում են սույն կետով սահմանված միջոցառումների իրականացման, դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

55. ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետությունը գնահատելիս՝ հաշվի են առնվում այդ միջոցառումների իրականացման փաստացի արդյունքները, դրանց ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձի վերականգնման վրա:

56. ՎԱԾ-ով նախատեսված վերականգնողական միջոցառումների ամբողջական արդյունքները գնահատվում են ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված բոլոր միջոցառումների իրականացումից հետո՝ հաշմանդամություն ունեցող անձի բժշկասոցիալական վերափորձաքննության ժամանակ՝ բացառությամբ սույն կարգի 57-րդ և 58-րդ կետերով սահմանված դեպքերի: ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված առանձին միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է տվյալ միջոցառումների ավարտից հետո:

57. Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար ՎԱԾ-ով նախատեսված վերականգնողական միջոցառումների ամբողջական արդյունքները գնահատվում են ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված բոլոր միջոցառումների իրականացումից հետո:

58. Այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունն իրականացվում է մինչև հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալը (իսկ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար՝ մինչև ՎԱԾ-ի կազմման համար սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետը), և վերափորձաքննության իրականացման օրվա դրությամբ դեռևս չեն ավարտվել ՎԱԾ-ում ընդգրկված բոլոր միջոցառումները, ապա գնահատվում են միայն տվյալ օրվա դրությամբ ավարտված վերականգնողական միջոցառումների արդյունքները:

59. Գործակալության վերափորձաքննության բաժինը կամ ԲՍՓՀ-ն, հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունից հետո, հիմք ընդունելով վերափորձաքննության արդյունքները և բժշկական, մասնագիտական, սոցիալական վերականգնման ծրագրերն իրականացնող սուբյեկտների (մարմինների կազմակերպությունների, հիմնարկների, անձանց) կողմից դրանց կատարման վերաբերյալ ՎԱԾ-ի համապատասխան բաժիններում կատարված գրառումները, իսկ առկայության դեպքում՝ նաև սույն կարգի 53-րդ և 54-րդ կետերով նախատեսված հանգամանքները, գնահատում է հաշմանդամություն ունեցող անձի՝ ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքները՝ ՎԱԾ-ի՝ թղթային կրիչով և էլեկտրոնային եղանակով կազմված օրինակներում կատարելով համապատասխան գրառումներ: Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների՝ ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքները գնահատվում և ՎԱԾ-ի՝ թղթային կրիչով և էլեկտրոնային եղանակով կազմված օրինակներում համապատասխան գրառումները կատարվում են՝ հիմք ընդունելով բժշկական, մասնագիտական, սոցիալական վերականգնման ծրագրերն իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից դրանց կատարման վերաբերյալ ՎԱԾ-ի համապատասխան բաժիններում կատարված գրառումները, վերափորձաքննության դեպքում՝ դրա արդյունքները, իսկ առկայության դեպքում՝ նաև սույն կարգի 53-րդ և 54-րդ կետերով նախատեսված հանգամանքները:

60. Բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման մասին տվյալների ամփոփման արդյունքում, ՎԱԾ-ի՝ թղթային կրիչով և էլեկտրոնային եղանակով կազմված օրինակներում գնահատվում է ՎԱԾ-ի ընդհանուր իրականացումը:

61. ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված առանձին միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է՝

1) բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից՝ ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված համապատասխան միջոցառման իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո.

2) նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այդ թվում` դրա տարածքային կենտրոնների) կողմից՝ ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված տվյալ միջոցառման տրամադրման գործընթացն իր կողմից կազմակերպվելու կամ իրականացվելու դեպքում՝ համապատասխան միջոցառումն իրականացնելուց կամ դրա իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո.

3) սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացումը կազմակերպելու դեպքում, համապատասխան միջոցառումն իրականացնելուց կամ դրա իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո:

62. ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված առանձին միջոցառումների արդյունավետության գնահատման արդյունքում, բուժատեխնիկական հանձնաժողովը, նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը (այդ թվում` դրա տարածքային կենտրոնները), սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումները, սույն կարգի 44-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, հանդես են գալիս ՎԱԾ-ում ներառված համապատասխան վերականգնման ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ, և (կամ) գործակալություն են ներկայացնում առաջարկություններ ՎԱԾ-երի կազմման և իրականացման գործընթացում հետագա թերությունները բացառելու, հաշմանդամություն ունեցող անձի համար ՎԱԾ-ի իրականացման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

63. Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը կազմակերպող և իրականացնող բոլոր սուբյեկտների (մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, անձանց) հետ, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ նաև համակարգում և վերահսկում է դրանց գործունեությունը:

64. Հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը կազմակերպող և իրականացնող այն բոլոր սուբյեկտները (մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները), որոնք հանդիսանում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմեր, միմյանց հետ համագործակցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան