Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1245
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1109
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 դեկտեմբերի 2015 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Բախշյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2015թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 19-ին` դպրոցների սեյսմակայուն շենքերի ընդգրկվածության բարելավման գործում դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագրի (ԴՈՒՎԾ` 2015 թ. հուլիսի 23-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 797-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված` Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագիր) իրականացմանը նպաստելու նպատակով:

2. Համաձայնագիրն ունի չորս Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Արդիր 2. «Վճարումների ժամանակացույց», Առդիր 3. «Վարկի միջոցների մասհանում»՝ Առդիր 3-ի Հավելված 1-ով, և Առդիր 3-ի Հավելված 2-ով, և Առդիր 4. «Ծրագրի իրականացում»:

3. Ասիական զարգացման բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրել Ասիական զարգացման բանկի հատուկ հիմնադրամի միջոցներից, տարբեր արժույթներով` վաթսուներեք միլիոն երկու հարյուր հիսունինը հազարի չափով` փոխառության հատուկ իրավունքին համարժեք (ՓՀԻ 63.259.000): Ակնկալվում է, որ Ծրագիրը կավարտվի մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը: Վարկի Փակման ամսաթիվը 2021թ. մայիսի 31-ն է կամ մեկ այլ ամսաթիվ, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Ասիական զարգացման բանկը կարող են ժամանակ առ ժամանակ գալ համաձայնության, իսկ մայր գումարի մարման և տոկոսների վճարման արժույթն ԱՄՆ դոլարն է:

4. Ծրագրի նպատակն է նպաստել Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագրի իրականացմանը դպրոցների սեյսմապահով շենքերի ընդգրկման բարելավման գործում: Ծրագիրը կնպաստի Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագրին դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացման, սեյսմիկ աղետին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ուժեղացման, սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականության և համակարգերի բարելավման և Ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացման ոլորտներում:

5. Անհրաժեշտ է նշել, որ Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության՝ որպես գործադիր մարմին, և Տարածքային զարգացման հայկական հիմնադրամի՝ որպես իրականացնող գործակալության կողմից, և այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը Տարածքային զարգացման հայկական հիմնադրամին կտրամադրի Համաձայնագրով տրամադրված վարկային միջոցներն Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համար ընդունելի դրույթներով ու պայմաններով (Նախաբանի «Բ» կետ):

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, Ասիական զարգացման բանկին վճարել տարեկան 2% տոկոսադրույք արտոնյալ ժամկետի ընթացքում (ժամանակահատված, որը նախորդում է Մայր գումարի առաջին մարման ամսաթվին՝ 2020թ. նոյեմբերի 15) և դրանից հետո՝ Վարկային հաշվից մասհանված և ժամանակ առ ժամանակ մարման ենթակա Վարկի գումարի դիմաց (հոդված II, Բաժին 2.02, կետեր «ա», «բ», Բաժին 2.03, Առդիր 2),

- սկսած 2020թ. նոյեմբերի 15-ից մինչև 2040թ. մայիսի 15-ը, կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին մարել Վարկային հաշվից մասհանված Վարկի մայր գումարը՝ 1.581.475 դոլար մասնաբաժնով (հոդված II, Բաժիններ 2.04, 2.03, Առդիր 2),

- Վարկի միջոցները տրամադրել Տարածքային զարգացման հայկական հիմնադրամին Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համար փոխադարձաբար ընդունելի պայմաններով ու դրույթներով, ինչպես նաև կազմակերպել, որ Վարկի միջոցները օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով, և ապահովել, որպեսզի Վարկի միջոցներն օգտագործվեն ըստ նպատակի՝ տնտեսման, արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ընդունված սկզբունքների համաձայն (հոդված III, Բաժին 3.01),

- ապահովել, որպեսզի Վարկի ոչ մի միջոց չօգտագործվի Բացառված ծախսերը ֆինանսավորելու համար (հոդված III, Բաժին 3.03),

 - Ծրագիրն իրականացնելիս կատարել կամ ապահովել, որպեսզի Տարածքային զարգացման հայկական հիմնադրամը կատարի Համաձայնագրի 4-րդ Առդիրում սահմանված բոլոր պարտականությունները (հոդված IV, Բաժին 4.01, կետ «բ»),

- Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ստուգելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները և ցանկացած համապատասխան գրառում ու փաստաթուղթ (հոդված IV, Բաժին 4.02),

- ապահովել կամ կազմակերպել, որպեսզի Տարածքային զարգացման հայկական հիմնադրամն ապահովի, որ իր վարչությունների և գործակալությունների գործողությունները՝ կապված Ծրագրի իրականացման և Ծրագրի կառույցների շահագործման հետ, իրականացվեն և համակարգվեն համաձայն վստահելի վարչարարական քաղաքականության և ընթացակարգերի (հոդված IV, Բաժին 4.03),

- Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է նաև սերտորեն համագործակցել Ասիական զարգացման բանկի հետ Վարկի նպատակների իրագործումն ապահովելու համար, անհապաղ տեղեկացնել Ասիական զարգացման բանկին ցանկացած պայմանի մասին, որը խոչընդոտում է կամ սպառնում է խոչընդոտել Ծրագրի ընթացքին, Համաձայնագրի ներքո պարտականությունների իրականացմանը կամ Վարկի նպատակների իրագործմանը (հոդված IV, Բաժին 4.06, կետեր «ա» և «բ»):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (Հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

15 դեկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1245