Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1244
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.16/85(1174) Հոդ.1103
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 դեկտեմբերի 2015 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լ. Սարգսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասության, 8-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասության և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 06.07.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Նույնականացման քարտերի մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի նոյեմբերի 30-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի դեկտեմբերի 21-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 1-ից:

Հիշյալ օրենքի՝ սույն գործով վիճարկվող 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը սահմանում է.

«Անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները»:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը սահմանում է.

«Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասության մեջ ՀՀ Ազգային ժողովի կողմից որևէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել: Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը վիճարկվող խմբագրությամբ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-136-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2002 թվականի հոկտեմբերի 21-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 31-ից:

Հիշյալ օրենքի՝ սույն գործով վիճարկվող 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է.

«1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անհատական տվյալները.

...

10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով»:

Հիշյալ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը վիճարկվող խմբագրությամբ օրենքում ամրագրվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-290-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի նոյեմբերի 30-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի դեկտեմբերի 21-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 1-ից:

 

2. Դիմողը գտնում է, որ «Նույնականացման քարտերի մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքների՝ իր կողմից վիճարկվող դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասին, 26-րդ հոդվածին, 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 37-րդ, 43-րդ և 48-րդ հոդվածներին, ներկայացնելով հետևյալ փաստարկները.

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների առնչությամբ` այն քաղաքացիները, որոնք կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվել են օրենքով սահմանված կարգով նույնականացման քարտեր ստանալուց, զրկվել են կենսաթոշակ ստանալու իրավունքից: Խնդիրն այն է, որ «նույնականացման քարտերի որոշ բաղկացուցիչ հատկանիշներ և մասեր (օրինակ՝ քարտի էլեկտրոնային բնույթը և էլեկտրոնային պահոցի առկայությունը) հակասում են տվյալ քաղաքացիների կրոնական համոզմունքներին, ուստի վերջիններս ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալուց հետո հրաժարվել են նույնականացման քարտեր ստանալուց: Արդյունքում` նրանք չեն կարողանում իրականացնել ՀՀ Սահմանադրության 37-րդ, 8-րդ, 31-րդ և 48-րդ հոդվածներով երաշխավորված սոցիալական ապահովության և սեփականության իրավունքները»: Ըստ դիմող կողմի` օրենքի ներկայիս կարգավորումներով սահմանված չէ անձնագրերի տրամադրում այն դեպքերում, երբ կրոնական համոզմունքներից ելնելով` քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել նույնականացման քարտ: Եվ, ինչպես գտնում է դիմող կողմը` «օրենքը որոշ խմբի անձանց դնում է երկընտրանքի առաջ. կամ իրականացնել իրենց խղճի և կրոնի ազատության իրավունքը, կամ, հրաժարվելով այդ իրավունքից, ստանալ նույնականացման քարտ՝ իրենց սոցիալական ապահովության իրավունքից արդյունավետ օգտվելու համար»: Հետևաբար, ինչպես եզրակացնում է դիմող կողմը, կրոնի ազատության, սոցիալական ապահովության և սեփականության իրավունքների սահմանափակումը համաչափ չէ անձնագրային նոր համակարգ ներդնելու միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, վարչարարությունը պարզեցնելու նպատակներին և «համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 8-րդ, 26-րդ հոդվածների, 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 37-րդ և 48-րդ հոդվածների պահանջներին»:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների առնչությամբ դիմող կողմը գտնում է, որ` «... նախատեսված անհատական տվյալների տեղեկատվական բազայի առկայությամբ անձի անձնական կյանքի հարգանքի իրավունքի հնարավոր սահմանափակումն իր մեջ պարունակում է այս իրավունքի ոտնահարման ռիսկեր, քանզի պետությունը չի կարող լիարժեքորեն երաշխավորել տեղեկատվական բազայի անվտանգության հարցը ... ներկայումս գոյություն ունեցող ամենաապահով տվյալների բազաները նույնիսկ ամբողջովին ապահովագրված չեն հնարավոր կիբեր-հարձակումներից՝ ապօրինի ներխուժման և այդ բազայում առկա տեղեկատվությանը ապօրինի տիրանալու ռիսկերից»: Դիմող կողմը նաև գտնում է, որ եթե նույնիսկ վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը, ինչպես նաև փաստաթղթի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելը և ազգային անվտանգության ապահովումը դիտարկվեն որպես օրինական նպատակ, ապա աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները պահպանող անձնագրային համակարգի տեղեկատվական բազայի ստեղծումը հանգեցնում է Սահմանադրության 23-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքի այնպիսի սահմանափակման, որը համաչափ չէ հետապնդվող նպատակին: Այդպիսով, դիմող կողմը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթներն այնքանով, որքանով նախատեսում են անհատական տվյալների այնպիսի տեղեկատվական բազաների առկայություն, որոնք պարունակում են անձանց մատնադրոշմների կամ այլ կենսաչափական տվյալներ, համահունչ չեն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասի և 43-րդ հոդվածի պահանջներին:

Որպես վերոհիշյալ փաստարկների հիմնավորումներ դիմող կողմը վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ՄԻԵԴ նախադեպային որոշումներ, եվրոպական պետությունների իրավակիրառական պրակտիկան:

 

3. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնականացման քարտերի ներդրումն անձանց կրոնական իրավունքներին ուղղակիորեն չի առնչվում: Նույնականացման քարտը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: Այն նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Ըստ պատասխանող կողմի` չեն բացառվում այնպիսի իրավիճակները, որ հին նմուշի անձնագրերը ևս իրենց առանձին տարրերի պատճառով «հասարակության որոշ հատվածի կողմից դիտվեն որպես իրենց կրոնական համոզմունքներին հակասող: Սակայն դա չի նշանակում, որ նման անձնագրերի կիրառություն նախատեսող իրավական նորմերը հակասահմանադրական են»: Եվ, ինչպես փաստում է պատասխանողը, քաղաքացիների իրավունքների ամբողջական իրացումն ապահովելու նպատակով օրենսդիրն առանձին վերապահում է կատարել հանրային ծառայությունների համարանիշի մասով և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասում նախատեսել է նույնականացման քարտի տրամադրում առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու` այն դեպքերում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել այդպիսի համարանիշ կամ սոցիալական քարտ:

Պատասխանողը միաժամանակ փաստում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձնական տվյալները հատուկ իրավական ռեժիմով պաշտպանության ենթակա օբյեկտներ են, ինչը պայմանավորված է անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքերի տարածվածությամբ և հիշյալ բնագավառում մարդու անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ` 2015թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անձնական տվյալների մշակման ու պաշտպանության կարգավորման ներպետական մեխանիզմները համապատասխանեցվեցին եվրոպական ստանդարտներին, մասնավորապես` Եվրամիության 1981 թվականի հունվարի 28-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի և Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի դրույթների պահանջներին»:

Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ «հասարակական կյանքի տարբեր ոլորտներում անձանց իրավունքների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով, երբ այդպիսի իրավունքների իրականացումը պայմանավորված է անձը հաստատող փաստաթղթերի պարտադիր առկայությամբ, պետք է նախատեսվեն համապատասխան իրավական միջոցներ, որոնք ընդունելի կլինեն կրոնական համոզմունքների տեսանկյունից և անձանց չեն կանգնեցնի կրոնական համոզմունքների և հիմնական իրավունքների իրականացման միջև ընտրություն կատարելու փաստի առջև»:

 

4. Սույն գործի քննության շրջանակներում, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը որոշելիս նախ գնահատել.

- վեճի առարկա իրավակարգավորումներում «իրավունքների» ու «պարտականությունների» փոխադարձության ու համարժեքության ապահովումը` որպես վիճարկվող նորմերի կիրառման շրջանակներում առաջացող հարաբերությունների արդյունավետ կարգավորման երաշխիք,

- վիճարկվող նորմատիվ կարգավորմամբ պայմանավորված իրավական հետևանքների հնարավոր ազդեցությունը սահմանադրական այլ իրավունքների ազատ իրացման վրա,

- քննության առարկա նորմատիվ կարգավորմամբ հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցների համաչափությունը` պարզելու համար, թե որքանո՞վ է այն համահունչ խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացման և այդ ազատության սահմանափակման պետության հայեցողության՝ Սահմանադրությամբ կանխորոշված չափանիշներին,

- վիճարկվող իրավակարգավորման և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրելիությունը (այդ թվում կրոնական համոզմունքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում)` պարզելու համար նաև այդ իրավակարգավորմամբ անձի հիմնական իրավունքների ու ազատությունների հնարավոր սահմանափակումների համապատասխանությունը միջազգային իրավական չափանիշներին:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատել նաև իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների, անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող սահմանադրական և օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև կրոնական համոզմունքների ազատության իրավունքի իրացումն ապահովող օրենսդրության այլ ակտերի համապատասխան դրույթների համատեքստում:

 

5. «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ իր ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերություններն է, որոնք օբյեկտիվորեն, ՀՀ Սահմանադրության և քաղաքացիության ինստիտուտը կարգավորող օրենսդրության այլ ակտերի հիմքով ծագում են, մի կողմից, պետության, մյուս կողմից՝ ֆիզիկական անձի միջև, հաստատագրելով Հայաստանի Հանրապետության և քաղաքացու միջև իրավաբանական կապը, որը հիմք է հասարակական կյանքում փոխադարձ իրավունքների և պարտականությունների ստանձնման ու կատարման համար: Այդպիսի փաստաթուղթը, ըստ հիշյալ օրենքի 2-րդ հոդվածի, նույնականացման քարտն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Այսինքն, ըստ իր իրավական բովանդակության` նույնականացման քարտը նախ և առաջ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող և պետության կողմից տրվող պաշտոնական փաստաթուղթ է, առանց որի քաղաքացին անկարող է իրավահարաբերությունների լիարժեք (գործունակ) սուբյեկտ լինել, իրացնել Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքները և կատարել (ստանձնել) պարտականություններ:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան անհատական հաշվառման (գրանցման) հետ կապված հարաբերություններն են, որոնց իրավակարգավորման նպատակը ՀՀ բնակչի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի (25-րդ հոդվածի առաջին մաս) իրացումն ապահովելն ու ըստ բնակության վայրի սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգի (ռեգիստրի) ստեղծումն ու վարելն է:

Այդպիսով, ինչպես «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ սույն գործով քննության առարկա «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ ինչպես պետությունը, այնպես էլ անհատը, իրացնելով այդ օրենքներով նախատեսված համապատասխան իրավունքներ ու պարտականություններ` ձեռք են բերում հասարակական կյանքի տարբեր բնագավառներում ծագող հարաբերությունների մասնակից (սուբյեկտ) լինելու իրավական հնարավորություններ, որպիսիք անհրաժեշտ են նախ և առաջ՝ ժողովրդավարական, իրավական պետության պայմաններում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ապահովելու, պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներն արդյունավետ լուծելու համար: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի նպատակն արդարացի է և իրավաչափ, բխում է իրավունքի գերակայության սկզբունքից: Վերջինս ենթադրում է նաև անհատի և պետության փոխադարձ իրավունքներին համարժեք պարտականությունների բաշխման և հավասարակշռման սկզբունքի պահպանում, որը բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի սույն գործով վիճարկվող և դրանց կարգավորման առարկային վերաբերող օրենքի այլ նորմերի ընդհանուր վերլուծությունը՝ կապված նույնականացման քարտ տրամադրելու առնչությամբ ծագող հարաբերությունների կարգավորման հետ, վկայում է, որ.

- քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրվում կամ այդ քարտը փոխանակվում է կամավորության սկզբունքով, իր դիմումի համաձայն (3-րդ հոդված),

- նույնականացման քարտ տրամադրվում է նաև ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ նախատեսված նմուշի ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում (8-րդ հոդված),

- քարտում ամրագրվում են քաղաքացու անձնական տվյալները, այդ թվում քարտի տեխնիկական մասում՝ էլեկտրոնային պահոցում (4-րդ հոդված),

- նույնականացման քարտ տրամադրվում է այն դեպքում, երբ քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների կամ՝ աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները (4-րդ հոդվածի 8-րդ մաս),

- նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը` եթե քաղաքացին չի հրաժարվել ձեռք բերել սոցիալական ապահովության քարտ, ինչպես նաև քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը, արյան խումբը և ռեզուսը` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի համաձայնությամբ:

Այսպիսով, հիշյալ օրենքի համապատասխան նորմերի բովանդակությունից հետևում է, որ նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է, որի իրացումը պայմանավորված է ինչպես քաղաքացու կամաարտահայտությամբ, այնպես էլ նրա կողմից որոշակի պարտականությունների կատարմամբ:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի ինչպես վիճարկվող, այնպես էլ այլ նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ.

- ռեգիստրում մշակվում են բնակչի որոշակի անհատական տվյալներ, այդ թվում՝ կենսաչափական տվյալներ պարունակող, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով (5-րդ հոդված),

- ՀՀ բնակիչը պարտավոր է սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան ռեգիստրին (անձամբ կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով) ներկայացնել իր բնակության վայրի (կացարանի) հասցեն և սահմանված անհատական տվյալներ, այդ թվում՝ կենսաչափական (7-րդ հոդված),

 - օրենքի պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն (10-րդ հոդված):

Այսինքն, հիշյալ օրենքով երաշխավորելով ՀՀ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը` միաժամանակ օրենքով բնակչի առջև դրվում են կատարման համար պարտադիր պահանջներ, որոնց իրավական նպատակահարմարությունը պայմանավորված է պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի վեճի առարկա դրույթի սահմանադրականության հարցը էապես պայմանավորված է պատասխանողի կողմից մատնանշված` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի /ուժի մեջ է մտել 2015թ. հուլիսի 1-ից/ իրավակարգավորումների բնույթով, ինչը, սակայն, սահմանադրական դատարանում դիմողի կողմից չի վիճարկվել և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով սույն գործի շրջանակներում քննության առարկա լինել չի կարող: Ընդ որում, այդ օրենքով են սահմանվում կենսաչափական տվյալների մշակման առանձնահատկությունները, որոնց համաձայն` կենսաչափական անձնական տվյալներ մշակվում են միայն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և եթե օրենքով հետապնդվող նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով: Նման բացառություն նախատեսված է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որը կենսաչափական տվյալներից առանձնացնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Մնացած բոլոր կենսաչափական տվյալները կարող են մշակվել բացառապես կամավորության սկզբունքով` տվյալ սուբյեկտի համաձայնությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կենսաչափական տվյալների մշակման և պահպանության հարցերը սույն գործով քննության առարկա կարող են հանդիսանալ միայն դիմումի առարկայի շրջանակներում` պայմանավորված մատնադրոշմներ վերցնելու և պահպանելու հանգամանքով:

 

6. Անհատական, այդ թվում՝ կենսաչափական, տվյալների հավաքման, օգտագործման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման եվրոպական փորձի ուսումնասիրությունը վկայում է որոշակի հստակ չափորոշիչների կիրառման անհրաժեշտության մասին, մասնավորապես.

- այդ տվյալները պետք է հավաքվեն և մշակվեն արդար և օրինական ճանապարհով,

- պահպանվեն հատուկ և իրավաչափ նպատակների համար և չօգտագործվեն այդ նպատակներին չհամապատասխանող ձևով,

- լինեն համարժեք, համապատասխան և համաչափ հավաքման համար հիմք ծառայած նպատակներին,

- լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում թարմացվեն,

- պահպանվեն այնպիսի ձևով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտին այնպիսի ժամանակահատվածում, որը չի գերազանցում տվյալների հավաքման համար հիմք հանդիսացած նպատակի համար պահանջված ժամանակահատվածը,

- անվտանգության համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն ավտոմատացված տվյալների բազաներում պահպանվող անհատական տվյալների պաշտպանության համար՝ ընդդեմ պատահական կամ չթույլատրված ոչնչացման կամ կորստի, ինչպես նաև չթույլատրված մուտքի, փոփոխության կամ տարածման (Եվրոպայի խորհուրդ, Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիա, 1981, վավերացվել է 09.05.2012թ.):

Կենսաչափական տվյալների հավաքման, մշակման և օգտագործման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման սկզբունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1797 (2011) բանաձևի շրջանակներում անդամ պետություններին կոչ է արվում.

- ընդունել հատուկ օրենսդրություն կենսաչափական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ՝ պաշտպանելու անհատներին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու մարդու իրավունքների պաշտպանության այլ փաստաթղթերով սահմանված իրավունքների խախտումներից, մասնավորապես.

ա) ապահովել համաչափություն կենսաչափական տվյալների հետ գործողություններ կատարելիս,

բ) սահմանափակել դրանց գնահատումը, մշակումը և պահպանումը միայն հստակ անհրաժեշտության դեպքերի համար, մասնավորապես, երբ հանրային անվտանգության կամ հանրային առողջության պահպանման կամ այլոց իրավունքների պաշտպանության շահը գերակայում է մարդու իրավունքներին հնարավոր միջամտության նկատմամբ և եթե այլ, ավելի նվազ միջամտություն հանդիսացող միջոցի օգտագործումն անհնար է,

գ) ապահովել համապատասխան պահպանման համակարգեր` մասնավորապես նվազագույնի հասցնելով կենտրոնացված համակարգերում տվյալների պահպանումը, ինչպես նաև խուսափել պահպանման համակարգերում անվերաբերելի տվյալներ պահպանելու չարաշահումներից,

դ) ապահովել, որպեսզի կենսաչափական տվյալներն օգտագործվեն միայն դրանց իրավաչափ հավաքման համար հիմք հանդիսացած նպատակի համար՝ կանխելով այդպիսի տվյալների չթույլատրված փոխանցումն ու հասանելիությունը:

Անհատական տվյալների մշակման հետ կապված անհատների պաշտպանության և այդ տվյալների ազատ տարածման մասին Եվրոպական միության շրջանակներում ընդունված 95/46/EC դիրեկտիվի համաձայն (24 հոկտեմբերի 1995թ.) անդամ պետությունները պետք է ապահովեն, որ անհատական տվյալները մշակվեն միայն այն դեպքում, երբ այն անհրաժեշտ է հանրային շահերից կամ վերահսկող մարմնի պաշտոնական լիազորության իրականացումից բխող խնդրի իրականացման համար:

Մասնավոր կյանքի պաշտպանության և անհատական տվյալների միջսահմանային փոխանցման վերաբերյալ ուղեցույցում սահմանված «ազգային կիրառման հիմնարար սկզբունքների» համաձայն (ընդունված՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակներում) նախատեսված են հետևյալ չափորոշիչները.

ա) հավաքման սահմանափակման սկզբունք.

- անհատական տվյալների հավաքման հետ կապված պետք է լինեն սահմանափակումներ, և այս տվյալները պետք է ստացվեն միայն իրավական ու արդար միջոցներով, անհրաժեշտության դեպքում` տվյալների սուբյեկտի իմացությամբ և համաձայնությամբ.

բ) տվյալների որակի սկզբունք.

- անհատական տվյալները պետք է համարժեք լինեն դրանց հավաքման համար հիմք հանդիսացած նպատակներին և դրանց հասնելու համար անհրաժեշտ ծավալ ունենան, պետք է լինեն հավաստի, ամբողջական և թարմացվեն.

գ) նպատակի հստակեցման սկզբունք.

- անհատական տվյալների համար հիմք հանդիսացած նպատակները պետք է հստակեցվեն դրանց հավաքման ժամանակ և դրանց հետագա օգտագործումը պետք է ուղղված լինի միայն այդ նպատակների իրականացմանը:

Եվրոպական միության անդամ պետությունների կողմից տրվող անձնագրերում և ճանապարհորդական փաստաթղթերում կենսաչափական տվյալների անվտանգության հատկանիշների ու չափանիշների վերաբերյալ հանձնարարականի համաձայն.

- անդամ պետությունների կողմից տրված անձնագրերը և ճանապարհորդական փաստաթղթերը պետք է համապատասխանեն սահմանված անվտանգության նվազագույն չափանիշներին,

- անձնագրերը և ճանապարհորդական փաստաթղթերը պետք է ներդրվի կրիչ, որը ներառում է դեմքի լուսանկարը: Անդամ պետությունները պետք է նաև ներառեն մատնահետքերը փոխլրացնող ձևաչափեր: Տվյալները պետք է ապահով լինեն, և տվյալներ պահպանող կրիչը պետք է ունենա համապատասխան հնարավորություն տվյալների գաղտնիությունն ու նույնականությունը երաշխավորելու համար,

- կարգավորման նպատակների համար անձնագրերի և ճանապարհորդական փաստաթղթերի կենսաչափական տվյալները պետք է միայն օգտագործվեն հաստատելու համար`

ա) փաստաթղթի նույնականությունը,

բ) փաստաթուղթն ունեցող անձի ինքնությունը՝ ուղղակիորեն առկա համադրելի հատկանիշների միջոցով, երբ օրենքը պահանջում է տրամադրել անձնագիր կամ այլ ճանապարհորդական փաստաթուղթ (Եվրոպական միության շրջանակներում 2004թ. դեկտեմբերի 13-ին ընդունված կարգավորում 2252/2004):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), ինչպես նաև Եվրոպական միության արդարադատության դատարանն անդրադառնալով Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման և եվրոպական իրավունքի նորմերի պահանջների տեսանկյունից կենսաչափական տվյալների բնույթի ու դրանց իրավական պաշտպանության հիմնախնդիրներին` կարևորել են մի շարք սկզբունքներ, որոնք առանցքային նշանակություն ունեն եվրոպական իրավակիրառական պրակտիկայում, մասնավորապես, մատնադրոշմներ վերցնելու ու պահպանելու, դրանց օգտագործման և կոնվենցիոն իրավունքի տեսանկյունից գնահատման խնդիրների շուրջ ՄԻԵԴ-ը գտել է, որ «…իշխանությունների կողմից մատնադրոշմների պահպանումը՝ կապված նույնականացված կամ նույնականացման ենթակա անձի հետ, ինքնին կարող է առաջացնել մասնավոր կյանքի հետ կապված կարևոր խնդիրներ, անկախ դրանց օբյեկտիվ և անհերքելի բնույթից»: Դատարանը գտել է, որ «… դիմողների մատնահետքերը սկզբնապես վերցվել են քրեական հետապնդման շրջանակներում և հետագայում գրանցվել տվյալների ազգային բազայում՝ մշտապես պահպանելու և քրեական նույնականացման նպատակներով ավտոմատ միջոցներով կանոնավոր մշակման նպատակով: Ընդունելի է համարվում այն հանգամանքը, որ ներառվող տեղեկատվության տեսանկյունից ԴՆԹ-ի և բջիջների նմուշների պահպանումը ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ մասնավոր կյանքի վրա, քան մատնադրոշմների պահպանումը: Այնուամենայնիվ, Դատարանը… գտնում է, որ մատնադրոշմների պահպանումը համարվում է միջամտություն մասնավոր կյանքը հարգելու իրավունքին, չնայած դրա՝ արդարացված լինելու հանգամանքը պարզելիս անհրաժեշտ է տարանջատել մատնահետքերի վերցնումը, օգտագործումը և պահպանումը, մի կողմից և նմուշներն ու պրոֆիլները, մյուս կողմից (CASE OF S. AND MARPER v. THE UNITED KINGDOM, Applications nos. 30562/04 and 30566/04, 4 of December 2008):

Վերոհիշյալ գործի շրջանակներում դատարանը կարևորել է նաև` «… որ հանրային մարմինների կողմից անհատական տվյալների պահպանումն ինքնին պետք է համարել տվյալ անձի մասնավոր կյանքի վրա ուղղակի ազդեցություն ունեցող հանգամանք, անկախ դրանց հետագա օգտագործման հանգամանքից: … Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում պիտակավորման ռիսկը, ելնելով այն հանգամանքից, որ դիմողների կարգավիճակում գտնվող անձինք, ովքեր չեն դատապարտվել որևէ իրավախախտման համար և անմեղության կանխավարկածի իրավունք ունեն, արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ դատապարտված անձինք: Այս կապակցությամբ, Դատարանը պետք է հաշվի առնի, որ Կոնվենցիայի համաձայն յուրաքանչյուրի անմեղ համարվելու իրավունքը ներառում է այն ընդհանուր կանոնը, համաձայն որի արդարացումից հետո մեղադրված անձի անմեղության վերաբերյալ որևէ կասկած չպետք է առկա լինի (Rushiti v. Austria, no. 28389/95, § 31, 21 March 2000): Ճիշտ է, դիմողների անձնական տվյալների պահպանումը չի կարող հավասարվել կասկածների առկայության հետ: Սակայն, նրանց ընկալումն առ այն, որ նրանց չեն վերաբերում որպես անմեղ մարդկանց, աճում է այն փաստի ուժով, որ նրանց տվյալները պահպանվում են անորոշ ժամանակով նույն կերպ, ինչ դատապարտված անձանց տվյալները, մինչդեռ իրավախախտման մեջ երբևէ չկասկածված անձանց տվյալները ոչնչացվում են: … Դատարանը համարում է, որ չդատապարտված անձանց տվյալների պահպանումը կարող է վնասակար լինել անչափահասների դեպքում, ինչպես առաջին դիմողի դեպքն է, հաշվի առնելով նրանց հատուկ կարգավիճակը և նրանց զարգացման ու հասարակության մեջ ինտեգրվելու կարևորությունը: Որպես եզրակացություն Դատարանը գտնում է, որ հանցագործության մեջ կասկածված և հետագայում արդարացված անձի մատնադրոշմների, ԴՆԹ-ի և բջիջների նմուշների պահպանման լիազորությունների ընդհանուր և ոչ խտրական բնույթը, ինչպես սույն գործով դիմողների գործում, չի պահպանում արդար հավասարակշռություն բախվող հանրային և մասնավոր շահերի միջև, և որ պատասխանող պետությունը գերազանցել է այս հարցի հետ կապված ընդունելի հայեցողության շրջանակը: Հետևաբար, այդպիսի պահպանումը համարվում է դիմողների մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքին անհամաչափ միջամտություն և չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

Եվրոպական միության արդարադատության դատարանի նախադեպային փորձի ուսումնասիրությունը նույնպես վկայում է կենսաչափական տվյալների հավաքման, օգտագործման իրավաչափության գնահատման սկզբունքային մոտեցումների մասին, համաձայն որոնց.

- մատնահետքերը կարող են օգտագործվել միայն անձնագրի նույնականացման և այն ունեցող անձի ինքնության հաստատման համար,

- իրավակարգավորումը պետք է ապահովի չլիազորված անձանց կողմից մատնահետքերը ներառող տեղեկատվության հասանելիությունից,

- այդ տվյալները պետք է պահպանվեն տվյալ անձի անձնագրում ներդրված խիստ ապահով կրիչում,

- պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալ թիվ 2252/2004 կարգավորման 1(2) հոդվածն իրավական հիմք չի սահմանում մատնահետքերի պահպանման համար, բացառությամբ հենց տվյալ անձին պատկանող անձնագրերում պահպանվողների,

- մատնահետքերի պահպանման որևէ այլ մեթոդ կամ ձև չի կարող ինքնին մեկնաբանվել որպես իրավական հիմք՝ հավաքված տվյալների պահպանման կենտրոնական բազա ստեղծելու համար, կամ այդ տվյալների՝ Եվրոպական միություն ապօրինի մուտք գործելը կանխելու նպատակից տարբերվող այլ նպատակով օգտագործման համար,

- վերոհիշյալի համատեքստում պետք է նշել, որ մատնահետքերի տվյալները չպետք է օգտագործվեն այլ կերպ, որը վերազանցում է կեղծ անձնագրերի օգտագործումը կանխելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ սահմանը Case C 291/12, Michael Schwarz v. Stadt Bochum) (JUOGMENT ՕF THE COURT (Fourth Chamber), 17 October 2013։

Սահմանադրական դատարանն անհատական, այդ թվում՝ կենսաչափական, տվյալների հավաքման, օգտագործման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման եվրոպական փորձի ուսումնասիրության շրջանակներում անհրաժեշտ է համարում կարևորել նաև սահմանադրական վերահսկողության փորձը: Մասնավորապես, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն իր FRA-2012-1-004 որոշման շրջանակներում անհատական տվյալների համակարգի ստեղծումը, մի կողմից, համարում է նույնականացման քարտեր և ճանապարհորդական փաստաթղթեր տրամադրելու համար պահանջվող տվյալների պահպանմանը և այդպիսի փաստաթղթերի տրամադրման երաշխավորմանն ու դրանց կեղծման դեմ գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց: Մյուս կողմից` Սահմանադրական խորհուրդը դիտարկել է տեղեկատվական բազայի բնութագիրը և գտել, որ բնակչության վերաբերյալ տվյալների բազայում ներառված ողջ տեղեկատվությունից կենսաչափական տվյալները, մասնավորապես, մատնահետքերը, համարվում են հատուկ վերաբերմունք պահանջող և համարժեք իրավակարգավորման առարկա:

Միաժամանակ, անձնագրերի (նույնականացման քարտերի) տրամադրման և դրա հետ կապված անհատական (կենսաչափական) տվյալների հավաքման, օգտագործման և պահպանման հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է դրա տարաբնույթ բովանդակության մասին: Որոշ պետություններում կենսաչափական տվյալների հավաքումն ունի երկակի նպատակ՝ անձի նույնականացման և հանցավորության դեմ պայքարի (Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Իսրայել, Շվեդիա, ԱՄՆ և այլն):

 

7. Անդրադառնալով վեճի առարկա իրավակարգավորումներում «իրավունքների» ու «պարտականությունների» փոխադարձության և համարժեքության ապահովումը երաշխավորելու խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-792, ՍԴՈ-833, ՍԴՈ-844, ՍԴՈ-934 և այլն) իրավունքի տարբեր բնագավառներում իրավասուբյեկտների իրավունքների ու պարտականությունների փոխադարձության, համարժեքության և դրանց արդյունավետ իրացման խնդիրների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելով` ընդգծել է դրանց կարևորությունը ոչ միայն տվյալ իրավակարգավորման արդյունավետության, այլև սահմանադրական օրինականության ապահովման տեսանկյունից: Վերահաստատելով իր հիշյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև պարզել, թե վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում «իրավունքի» և «պարտականության» փոխադարձության ապահովմամբ իրավական ինչպիսի՞ հետևանքներ կարող են առաջանալ հասարակական այլ հարաբերությունների կարգավորման շրջանակներում և, մասնավորապես՝ սահմանադրական այլ իրավունքների ու ազատությունների ազատ իրականացման առնչությամբ, ինչպես նաև, փոխադարձությամբ հանդերձ` վիճելի նորմերում ապահովվա՞ծ է, արդյոք, «իրավունքի» և «պարտականության» համարժեքությունը՝ որպես իրավակարգավորման ժողովրդավարական սկզբունք, այն դիտարկելով նաև ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի պահանջների համատեքստում:

Այդ տեսանկյունից, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե`

- իրավաչա՞փ է, արդյոք, քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրելիս ոստիկանության մարմնում նրա աջ և ձախ ձեռքերի ցուցամատների կամ՝ աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները վերցնելը,

- իրավաչա՞փ է, արդյոք, քաղաքացու կենսաչափական տվյալների կենտրոնացված մշակումը,

- անձի մատնադրոշմները վերցնելը, կենսաչափական տվյալների մշակումն առնչվու՞մ են, արդյոք, ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով երաշխավորված անձի իրավունքների ու ազատությունների իրացման հետ, և որպես իրավական հետևանք` անձի սահմանադրական ի՞նչ այլ իրավունքներ ու ազատություններ կարող են սահմանափակվել, հետևաբար` անձանց, այդ թվում հասարակության կրոնական համոզմունքներ ունեցող անդամների նկատմամբ երաշխավորվու՞մ է, արդյոք, իրավահավասար մոտեցում:

Վիճելի իրավակարգավորում նախատեսող նորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, նախ` որ դրանցում սուբյեկտիվ բնույթի պարտականությունների սահմանումն ինքնանպատակ չէ և պայմանավորված չէ ձևական անհրաժեշտությամբ, այլ ծառայեցվում է ինչպես մասնավոր, այնպես էլ՝ հանրային շահերին: Մասնավորապես, պետության կողմից անձին տրվող պաշտոնական փաստաթղթում (նույնականացման քարտում) անձնական տվյալների արտացոլումն իրավական անհրաժեշտություն է, առանց որի սկզբունքորեն անհնարին է իրականացնել անձի նույնականացում՝ որոշելու համար նրա ինքնությունը, քաղաքացիությունը և այլն: Նման տվյալների ներկայացման պարտականություն նախատեսված էր նաև ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ (կից հավելվածի 2-րդ բաժին) սահմանված անձնագրի (նախկին նմուշի) տրամադրման դեպքում: Ընդ որում, եթե «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է, ապա ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ այն պարտականություն էր, որի կատարումն էլ պայմանավորված էր մի շարք այլ պարտականությունների կատարմամբ: Բացի դրանից, անձի նույնականացումը, ելնելով նաև ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված պահանջներից ու իրողություններից, օբյեկտիվորեն անհրաժեշտ է իրականացնել իրավական և առաջավոր տեխնիկական այնպիսի եղանակներով ու միջոցներով (այդ թվում և՝ մատնադրոշմներ վերցնելու միջոցով), որոնց գործադրման պայմաններում հնարավորինս երաշխավորվի անձի նույնականացման ճշգրտությունը, օբյեկտիվությունը և այդ գործընթացների արդյունքում ձեռք բերված անձնական տվյալների պաշտպանվածությունը, որը նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված պետության բացառիկ իրավազորությունն է, ինչպես նաև սահմանադրական պարտականությունը, որը բխում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջներից: Իր հերթին, նույնականացումը միտված է երաշխավորելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում անձի` որպես իրավասուբյեկտի լիարժեք գործունեությունը (քաղաքացիաիրավական գործունակությունը): Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող իրավակարգավորման ընդհանուր բովանդակությունից անմիջականորեն հետևում է, որ ինչպես նույնականացման քարտի տեխնիկական մասում ամփոփված անձնական տվյալները, այնպես էլ հանձնված մատնադրոշմները բացառապես անհրաժեշտ են անձի` որպես ՀՀ քաղաքացու նույնականացումն ապահովելու համար, որն անհրաժեշտ է տարբեր իրավահարաբերություններում նրա` որպես ՀՀ քաղաքացու սուբյեկտիվ իրավունքների ու պարտականությունների իրացման նպատակով: Միաժամանակ, Սահմանադրության 23-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրված իրավական պահանջի համաձայն «...արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական նման համարժեք պայմանների ստեղծումը, երբ հստակեցված է անձնական (կենսաչափական) տվյալների հավաքման իրավական նպատակը, օրենքով չնախատեսված այլ նպատակներով (պայմաններով) օգտագործման բացառումը պետության սահմանադրաիրավական պարտականությունն է: Այն միտված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով, 11.3-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված և մի շարք այլ սահմանադրաիրավական նպատակներով պայմանավորված խնդիրների լուծմանը: Իրավակարգավորման այսպիսի սկզբունքի ընկալման և կիրառման պայմաններում սույն գործով վիճարկվող նորմերը սահմանադրականության խնդիր չեն հարուցի:

Մյուս կողմից, սահմանադրական դատարանը գտնում է, որ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրների կատարմանն ուղղված օրենսդրական այս կամ այն կարգավորմամբ չպետք է վտանգվի (արգելափակվի) քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների ազատ իրականացումը: Սահմանադրությունն իրավական միասնական փաստաթուղթ է, որում սահմանված նորմերը գործում են անմիջականորեն և ենթակա են անվերապահ կատարման: Օրենքով են սահմանվում դրանց կատարման կարգն ու պայմանները (Սահմ. 6-րդ հոդված): Հետևաբար, օրենսդիրը պարտավոր է նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք բացառեն անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների որևէ սահմանափակում, եթե այն պայմանավորված չէ Սահմանադրությամբ թույլատրելի հանգամանքներով: Այլ կերպ, եթե որևէ իրավակարգավորման շրջանակներում խախտվում է այդ պահանջը, ապա այն դադարում է իրավական և սոցիալական, հետևաբար` նաև սահմանադրական լինելուց, իսկ օրենքով համապատասխան երաշխիքների (կանոնակարգման) բացակայությամբ էլ՝ պայմաններ են ստեղծվում հակասահմանադրական իրավիճակի առաջացման համար:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նորմերի՝ սույն գործով վիճարկվող իրավակարգավորման համատեքստում վերլուծությունը վկայում է, որ նախատեսելով սուբյեկտիվ բնույթի որոշակի իրավունքներ` օրենսդիրը միաժամանակ սահմանել է պարտականություններ, որոնք թեև միտված են հիշյալ օրենքով հետապնդվող իրավական նպատակի իրագործմանը, այն է՝ ՀՀ քաղաքացիների նույնականացումն ապահովելուն, այնուհանդերձ, որոշակի քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց կրոնական համոզմունքներից ելնելով ի վիճակի չեն կատարելու մատնադրոշմներ հանձնելու վերաբերյալ նույն օրենքի պահանջը, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձանց համար այդ պարտականության կատարման անհնարինության հետևանքով, երբ սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ, այդ անձինք զրկվում են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացման, հետևաբար` նաև իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Այս առումով, սահմանադրական դատարանը գտնում է, որ չնայած վիճելի իրավակարգավորումներն ինքնին հետապնդում են իրավաչափ նպատակ, պարունակում են անձի նույնականացում երաշխավորող նորմեր, սակայն բարոյահոգեբանական առումով պետք է ընկալելի լինեն նաև հասարակության այն անդամների կողմից, ովքեր իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան ի վիճակի չեն միակերպ ընկալել և կատարել դրանցում բովանդակված պահանջները՝ կապված մատնահետքեր հանձնելու, կենսաչափական տվյալներ հավաքելու, պահպանելու և օգտագործելու հետ: Նորմատիվ այդ պահանջների իրացումը չպետք է վտանգի կամ արգելափակի անձի Սահմանադրությամբ երաշխավորված (այդ թվում՝ սահմանափակման ոչ ենթակա) այլ իրավունքների ազատ իրականացումը: Օրենսդրական կարգավորումները չպետք է, մի կողմից, ապահովեն կրոնական համոզմունքների ազատ իրականացումը, իսկ մյուս կողմից, երբ խնդիրը հանգում է սահմանադրական այլ իրավունքների կամ պետության սահմանադրաիրավական պարտականությունների իրականացմանը, արգելափակեն կամ անարդյունավետ դարձնեն դրանց իրացումը, ինչը տեղի ունի վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձը հայտնվում է իրավական երկընտրանքի առջև. կամ կատարել օրենքի պահանջը՝ հրաժարվելով իր համոզմունքներից (ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված), կամ չկատարել այդ պահանջը, համապատասխանաբար՝ իրացնելով իր սահմանադրական իրավունքը (հավատարիմ մնալով իր համոզմունքներին):

Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքով պետք է նախատեսվեն այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք արգելք չհանդիսանան (կամ՝ չսահմանափակեն) սահմանադրական իրավունքների ազատ իրացմանը, եթե այդպիսի իրավունքի սահմանափակումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում և համաչափ չէ իրավաչափ նպատակին։

 

8. Անդրադառնալով վիճելի իրավակարգավորման սահմանադրականությունը մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի և դրա իրացման թույլատրելի շրջանակների, ինչպես նաև այդ իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշների համատեքստում գնահատելու խնդրին` պարզելու համար հանրային շահերով և պետության պոզիտիվ պարտականության կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված անձի սահմանադրական կոնկրետ իրավունքի սահմանափակման իրավաչափությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված իրավունքը նույն հոդվածի երկրորդ մասի հիմքերով կարող է սահմանափակվել միայն օրենքով, «եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար», որից, ինչպես և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումներից հետևում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացումն օրենքով ենթակա է սահմանափակման, եթե.

- եկեղեցական արարողությունները, պաշտամունքի այլ ծիսակատարությունները խախտում են կամ կարող են խախտել հասարակական անվտանգությունը,

- այդ արարողությունները, ծիսակատարություններն սպառնում են մարդկանց առողջությանը, խախտում այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

Համադրելով «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի՝ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրական վերոհիշյալ չափանիշների հետ` ակնհայտ է, որ վիճելի իրավակարգավորումները չեն պարունակում ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանգամանքներով պայմանավորված որևէ նորմատիվ պահանջ (պայման):

Կրոնական համոզմունքների (մտքի, խղճի և կրոնի) ազատությունը, որպես մարդու հիմնական սուբյեկտիվ իրավունք, երաշխավորված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերով:

ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (կից՝ կամընտիր արձանագրություններով) 18-րդ հոդվածի, Կրոնի կամ համոզմունքների հիմքի վրա ամեն տեսակ անհանդուրժողականության և խտրականության չեզոքացման մասին հռչակագրի (1981թ.), Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ կոնֆերանսի Եզրափակիչ ակտի (Գլուխ 1, ա), սկզբունք VII), ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի մասնակից պետությունների ներկայացուցիչների Վիեննայի հանդիպման եզրափակիչ փաստաթղթի (1989թ.), ԵԱՀԿ մարդկային չափանիշի մասնակից պետությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի (1990թ.), «ԱՊՀ երկրներում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների միջազգային պարտավորությունների մասին» հռչակագրի (1994թ.), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ԱՊՀ կոնվենցիայի (1995թ.) իրավակարգավորումների շրջանակներում նույնպես երաշխավորված է կրոնական համոզմունքների և դրանց անմիջականորեն առնչվող սուբյեկտիվ այլ իրավունքների ազատությունը և դրա իրավական պաշտպանությունը, որը վերոհիշյալ միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների շրջանակներում ներպետական օրենսդրության մակարդակում պարտադիր են ապահովման անդամ պետությունների կողմից: Հայաստանի Հանրապետությունում այդ իրավունքի իրացման երաշխավորման նպատակին է ծառայում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար»: Միաժամանակ, օրենսդիրը հստակեցրել է կրոնական համոզմունքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում պետության միջամտության սահմանները (օրենքի 17-րդ, 18-րդ հոդվածներ):

 

9. Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-649 որոշմամբ անդրադառնալով օրենքով նախատեսված անձի սուբյեկտիվ պարտականության և Սահմանադրությամբ երաշխավորված խղճի, կրոնի, համոզմունքների ազատության իրավունքի հարաբերակցության, դրանց հավասարակշռման սահմանադրաիրավական գնահատման խնդրին` ընդգծել է, որ «… Սահմանադրական դատարանի խնդիրը չէ պարզել այդ համոզմունքների դավանաբանական էությունը, սակայն օրենքի կիրառման առաջին իսկ պահից ծագած այս խնդիրները մղել են և՛ օրենսդրին, և՛ գործադիր իշխանությանը տվյալ անձանց համար գտնելու այլընտրանքային լուծումներ»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառման նույնպիսի խնդիր առկա է սույն գործով վեճի առարկա նորմեր պարունակող օրենքներում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի խնդիրն է սույն գործով վիճելի իրավակարգավորումների շրջանակներում նախատեսել այնպիսի այլընտրանքային ընթացակարգեր, որոնց պարագայում անձը կամընտրական հնարավորություն ունենա իր կրոնական համոզմունքներին համահունչ համապատասխանեցնելու իր վարքագիծը: Այս առումով, սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում պատասխանող կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի` «... հասարակական կյանքի տարբեր ոլորտներում անձանց իրավունքների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով, երբ այդպիսի իրավունքների իրականացումը պայմանավորված է անձը հաստատող փաստաթղթերի պարտադիր առկայությամբ, պետք է նախատեսվեն համապատասխան իրավական միջոցներ, որոնք ընդունելի կլինեն կրոնական համոզմունքների տեսանկյունից և անձանց չեն կանգնեցնի կրոնական համոզմունքների և հիմնական իրավունքների իրականացման միջև ընտրություն կատարելու փաստի առջև»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում օրենսդրական լուծումներ գտնելը, ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման համապատասխան փոփոխությունները կարող են կրոնական համոզմունքներ ունեցող անձանց նախկին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի երկարացման պայմաններում ժամանակավոր երաշխիք հանդիսանալ այդ անձանց` որպես ՀՀ քաղաքացու՝ իրենց իրավունքների ու ազատությունների իրացման համար:

Սահմանադրական դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարում ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի գործող այն իրավակարգավորման վրա, համաձայն որի` «Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ» (19-րդ հոդված): Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավական մոտեցումը պետք է իրացվելի լինի նաև նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորման շրջանակներում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա է իրավակարգավորման բաց, որի հաղթահարումն ՀՀ Ազգային ժողովի խնդիրն է, ինչի մասին է վկայում նաև սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված բացատրության մեջ բերված` սույն որոշման 3-րդ կետում նշված եզրահանգումը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությամբ, 8-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում:

2. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում ամրագրված նորմը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 դեկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1244

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան