Գլխավոր տեղեկություն
Համար
N 584-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.12.2015-16.07.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.10/29(695) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒՄ

 

23 ապրիլի 2009 թվականի N 584-Ն

 

«ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

1.1. «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1395-Ն)

2. Սահմանել, որ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների, փրկարարական ծառայողների, փրկարարական ուսումնական հաստատությունների դիմորդների պիտանիության ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը.

2) ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման աղբյուրներով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու համար փրկարարական ծառայողների պիտանիության ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը, փրկարարական ծառայողների ստացած հիվանդությունների ու վնասվածքների, խեղումների հետևանքների և ծառայության պատճառական կապի որոշումը.

3) փրկարարական ծառայողների ամենամյա պարտադիր բժշկական դիսպանսեր հետազոտության իրականացումը և նրանց առողջական վիճակի մասին համապատասխան բժշկական եզրակացության տրամադրումը.

4) փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, փրկարարական ծառայության կենսաթոշակառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացումն ու կազմակերպումը.

5) ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ծառայության գործուղված՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների, նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման իրականացումն ու կազմակերպումը.

6) արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը.

7) բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակումը.

8) աղետների բուժսանիտարական հետևանքների ուսումնասիրումը և կանխատեսումը, աղետների բժշկագիտության գիտամեթոդական սկզբունքների մշակումն ու մեթոդական ձեռնարկների ստեղծումը, հրապարակումը և բնակչության առաջին բժշկական օգնության ու սպասարկման հիմքերի ուսուցման կազմակերպումը և անցկացումը.

9) մասնակցությունը աղետների բժշկության ուղղությամբ իրականացված և իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվության հավաքմանը, մշակմանն ու ներդրմանը.

10) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ընդգրկված անձնակազմի առողջության պահպանումը և բժշկական օգնության ու սպասարկման ցուցաբերումը.

11) մասնակցությունն աղետների բժշկության համակարգի բժշկական մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը.

12) հոգեբանական վերականգնողական նպատակային գործունեության կազմակերպումը.

13) մասնակցությունը աղետների բժշկագիտության զարգացման և կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

(2-րդ կետը խմբ. 07.02.13 N 117-Ն, 26.11.15 N 1395-Ն)

3. Թույլատրել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բժշկական օգնության և սպասարկման իրականացում` առաջնային բժշկական օգնություն, մասնագիտացված, որակավորված բժշկական օգնություն, սանատոր-կուրորտային և վերականգնողական բժշկական օգնության ցուցաբերում, բուժկանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում ու իրականացում, անհրաժեշտ բժշկական տեղեկանքների, վկայականների և փաստաթղթերի տրամադրում, դեղատնային գործունեություն.

2) հրատարակչական գործունեություն:

(3-րդ կետը խմբ. 07.02.13 N 117-Ն, փոփ. 26.11.15 N 1395-Ն)

4. «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործունեությամբ կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

(4-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

5. «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

6. Հաստատել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման ծրագիրը` համաձայն հավելվածի:

(6-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

7. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց oգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հասցեում գտնվող N 2 մասնաշենքի 1-ին հարկի 306 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 5.702.560 դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(7-րդ կետը փոփ. 30.07.09 N 878-Ն, 24.06.10 N 800-Ն, 26.11.15 N 1395-Ն)

 8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`

1) «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել դրա պետական գրանցումը.

2) «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը:

(8-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(9-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անհատույց oգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:

(10-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 584-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Աղետների բժշկության կենտրոն» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ

(վերնագիրը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

 

I. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Արտակարգ իրավիճակներն ուղեկցվում են մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներով, որոնց վերացման անհրաժեշտությունը պահանջում է բժշկական օգնության ցուցաբերում որպես պետության պարտականությունը քաղաքացիների նկատմամբ: Արտակարգ իրավիճակների բազմազանությունը և բժշկական հետևանքների նշանակալից հնարավոր մասշտաբները թելադրում են դրանց նախազգուշացման և վերացման համար մշտապես պատրաստ պահել հատուկ տիպի բժշկասոցիալական համակարգերը` աղետների բժշկության ազգային համակարգը:

2. Աղետների բժշկությունը բժշկագիտության այն բնագավառն է, որն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակների տեխնածին վթարների և անտրոպոգեն կոնֆլիկտների բժշկասոցիալական հետևանքները` դրանց նախազգուշացման և վերացման համար անհրաժեշտ սկզբունքներ մշակելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնածին և տեխնածին աղետները ազգային անվտանգությանը սպառնացող գործոններ են:

3. Տարածաշրջանում վտանգավոր երկրաբանական, մթնոլորտային երևույթների, ինչպես նաև տեխնածին (Հայկական ատոմային էլեկտրակայանի, բազմաթիվ հրդեհավտանգ արտադրամասերի առկայությունը) աղետների հնարավոր դրսևորումները կարող են հանգեցնել աղետային իրավիճակների, ինչի հետևանքով հնարավոր են մարդկանց առողջության վտանգում, սանիտարահիգիենիկ, էպիդեմիոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացում: Այդ պատճառով մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները, ինչպես նաև արագ և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու, սանիտարաէպիդեմիոլոգիական իրավիճակները կառավարելի և նրանց հետևանքները շուտափույթ վերացնելու համար աղետների բժշկության համակարգում իր անգնահատելի դերն ունի աղետների բժշկության կենտրոնը, որը կհանդիսանա տարածաշրջանային կենտրոն: Այն կլինի խորհրդատվական, հոգեբանախորհրդատվական, վերլուծական-տեղեկատվական, արագ արձագանքման և իրազեկման, ուսումնական, ինչպես նաև ախտորոշիչ-լաբորատոր և ժամանակակից տեխնոլոգիաներով և կապի միջոցներով հագեցված կենտրոն: Հետագայում հնարավոր է կենտրոնի գործունեության ընդլայնում:

Կենտրոնի ստեղծումը բխում է ազգային անվտանգության ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում իրականացվող քաղաքականությունից:

4. Ծրագրի հիմնական նպատակը հանրապետությունում աղետների բժշկության համակարգի ստեղծումը և հետագա զարգացումն է:

 

II. Աղետների բժշկության կենտրոնԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

 

5. Աղետների բժշկության կենտրոնը հնարավորություն է ստեղծում արտակարգ իրավիճակներում բնակչության արագ տեղեկացման ու ազդարարման համար, որն էլ իր հերթին ապահովում է բնակչության պատրաստությունը դիմագրավելու համար սպառնացող վտանգները: Այլ կերպ ստեղծվում է բնակչության քաղաքացիական պաշտպանության նախաձեռնող խմբի ստեղծման հնարավորություն:

6. Աղետների բժշկության կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`

1) արտակարգ իրավիճակների նախարարության աղետների բժշկության վերլուծական-համակարգման և տեղեկատվական միասնական գիտավերլուծական կենտրոնի ստեղծում` օգտագործելով և ընդգրկելով գիտատեսական ու գիտագործնական ներուժը բնակչության պաշտպանության և աղետների կանխման համար.

2) աղետների բժշկության գիտամեթոդական սկզբունքների մշակումը.

3) հնարավոր աղետների պատճառ հանդիսացող աղբյուրների հայտնաբերումը, ուսումնասիրումը և դրանց նկատմամբ մշտական հսկողության կազմակերպումը.

4) աղետների բժշկասանիտարական հետևանքների ուսումնասիրումը և կանխատեսումը.

5) աղետների բժշկագիտության մեթոդական ձեռնարկների ստեղծումը, հրապարակումը և բնակչությանն առաջին բուժօգնության հիմքերի ուսուցման կազմակերպումն ու անցկացումը.

6) բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բժշկական տարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպական և ռազմավարական հիմունքների մշակումը.

7) բժշկական բնույթի տեղեկատվության հավաքումը, մշակումը, փոխանակումը և ներդրումը բնակչության պաշտպանության շրջանում և այն տարածքներում, որտեղ արտակարգ իրավիճակային պայմաններ են.

8) աղետների բժշկության ծառայողների, անձնակազմի պատրաստումը, պատրաստակամության բարձր աստիճանի պահպանումը.

9) միասնական պետական քաղաքականության սահմաններում հնարավոր աղետների բժշկասանիտարական հետևանքների նախազգուշացումների տեղայնացմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների անցկացումը.

10) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ընդգրկված անձնակազմի առողջության պահպանումը և բուժօգնության ցուցաբերումը.

11) հոգեբանական վերականգնողական նպատակային գործունեության կազմակերպումը.

12) աղետների բժշկագիտության զարգացման և կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.

13) աղետների բժշկության համակարգի բժշկական մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.

14) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների ստացիոնար բուժման, հետազոտման և ուղեգրման աշխատանքների կազմակերպումը.

15) փրկարար ծառայողների պարտադիր բժշկական հետազոտության իրականացումը և նրանց առողջական վիճակի մասին համապատասխան բժշկական եզրակացության տրամադրումը ծառայության աշխատակազմին.

16) սեմինարների, վարժանքների ու դասընթացների միջոցով բժիշկների մասնագիտական մակարդակի բարձրացումը:

(6-րդ կետը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

 

III. ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Աղետների բժշկության կենտրոնի բժշկագիտության հիմնական ուղղություններն են`

1) հնարավոր աղետների բժշկասանիտարական հետևանքների ուսումնասիրումը և օպերատիվ կանխատեսման մեթոդների հիմնավորումը.

2) աղետների բժշկասանիտարական հետևանքների վերացման անհրաժեշտ ուժերի և միջոցների պահանջների հիմնավորումը: Առաջինն արտակարգ իրավիճակի տարածք ժամանում են շտապ օգնության և փրկարարների բազայի վրա ստեղծված խմբերը, որոնք գնահատում են աղետի մասշտաբներն ու տեսակը, տեղեկատվությունը հաղորդում են կենտրոն` աղետի ծավալի որոշման և լրիվ մասշտաբով բուժօգնություն կազմակերպելու համար.

3) աղետների ժամանակ բժշկասանիտարական ապահովման կազմակերպման օպտիմալ տարբերակի հիմնավորումը: Կարևորագույն խնդիր է բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բժշկական տարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպական և ռազմավարական հիմունքների մշակումը: Հատուկ նշանակություն պետք է տրվի ռազմավարական պլանավորմանը` հիմնված արտակարգ իրավիճակների հնարավոր մասշտաբների ու տեղանքի կանխատեսման և տուժածների խմբերի տարահանման երթուղայնացման և նրանց բուժհաստատություններ հասցնելու խնդիրների լուծման վրա.

4) աղետների բժշկագիտության գիտական, կազմակերպչական, մեթոդական հիմքերի և նրանց պատրաստվածության աստիճանի բարձրացման մշակումը: Աղետների բժշկության ծառայության ուժերի և միջոցների բավարար ապահովվածությունը բխում է բնակչության սանիտարական կորուստների կանխորոշման վատթարագույն տարբերակների և տարածքի առողջապահության իրական հնարավորությունների գիտահիմնավորված մեծությունից: Բժշկական ուժերի և միջոցների պահանջարկի և արտակարգ բուժօգնության ծավալի չափի որոշման համար անհրաժեշտ է համեմատաբար ճշգրիտ տեղեկատվություն ունենալ` աղետի մասշտաբների, ախտահարող գործոնի բնույթի, տուժածների կողմնորոշիչ թվի, հաղորդման և տարահանման ճանապարհների հասանելիության վերաբերյալ.

5) աղետների բժշկագիտության կառուցվածքային կազմակերպման, վարչարարության մեթոդների և կատարելագործման հիմքերի մշակումը.

6) առողջապահական համակարգի աշխատողներին հետբուհական աղետների բժշկության հիմունքների ուսուցման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումն ու անցկացումը`

ա. Աղետների բժշկության կենտրոնում (քաղ. Երևան),

բ. Հայկական քրիստոնեական բժշկական միության (ԱՔՄԱ) ուսումնական կենտրոնում (քաղ. Ախուրյան),

գ. Հատուկ բժշկական քոլեջում (քաղ. Արթիկ).

7) աղետների բժշկագիտության մեթոդական ձեռնարկների մշակումն ու հրապարակումը.

8) աղետների բժշկագիտության փորձի ուսումնասիրումն ու վերլուծությունը:

 

IV. ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

8. Արտակարգ իրավիճակների բժշկական հետևանքների կանխումը շատ կարևոր, երկարատև, աշխատատար գործընթաց է, որը պահանջում է կենտրոնացված ղեկավարում, մարդկային և նյութական ռեսուրսներ: Այս գործընթացից է կախված արտակարգ իրավիճակների բժշկական հետևանքների վերացման հետ տարվող աշխատանքները:

Մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում` նաև Ռուսաստանում, Բելոռուսիայում գործում են աղետների բժշկագիտության կենտրոններ, որոնք իրականացնում են աղետների բժշկության կարևոր գործընթացները:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակներում բնակչության առողջության ու կյանքի պահպանման համար գլխավոր պայման է բնակչության իրազեկված և աղետին նախապատրաստված լինելը:

9. Բնակչության շրջանում նախապես տեղեկատվական և վերլուծական աշխատանքներ տանելը հանգեցնում է մահացությունների, այս կամ այն ճանապարհով ախտահարվածների, ֆիզիկական և հոգեկան խաթարումների թվի նվազեցմանը:

Բնակչության հետ այդ տեղեկատվական, վերլուծական աշխատանքները մի շարք երկրներում իրականացնում են աղետների բժշկության կենտրոնները:

 

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

10. Ժամանակակից միջազգային սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքում ստեղծվել է նոր իրավիճակ: Աճող գլոբալիզացիան և ինտեգրացումը հավասարապես տարածվում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, մասնավորապես, աղետների բժշկության բնագավառում: Աղետների բժշկությունը, որպես նոր բժշկական ու գիտական ուղղություն, արդեն իսկ լայն շրջանակներ է ընդգրկում աշխարհում, որի կարևորագույն առանձնահատկություններից է միջազգային համագործակցությունը և միջազգային պայմանագրերին համապատասխան գործունեությունը: Դա պայմանավորված է այն անվիճելի կարգախոսով, որ աղետները սահմաններ, ազգություն և դավանանք չեն ճանաչում, աղետները համամարդկային են: Ուստի աղետների հետևանքների վերացման, տուժածների փրկարարավերականգնողական աշխատանքներն ունեն համամարդկային մարդասիրական բնույթ և հրամայական են:

11. Միջազգային ինտեգրացումը ենթադրում է համագործակցությունը երկրների և միջազգային կառույցների միջև: Այս ուղղությամբ ստեղծվող աղետների բժշկության կենտրոնը համագործակցային գործունեության նախնական պայմանավորվածություն ունի հետևյալ կազմակերպությունների հետ`

1) Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում (հումանիտար բնույթի գործողությունների խումբ, 37-րդ կետ).

2) Բժիշկներ առանց սահմանների միության.

3) Ազգային արտակարգ իրավիճակների կառավարման ասոցիացիայի («ՆԵՄԱ») արտակարգ իրավիճակների կառավարման աջակցության (ԵՄԱԿ) համաձայնագրի շրջանակներում.

4) Շվեյցարական «Արձագանք» ծրագրի շրջանակներում.

5) Հայկական քրիստոնեական բժշկական միության (ԱՔՄԱ).

6) Հայաստան-ՆԱՏՕ 2006-2008 թվականների անհատական գործողությունների ծրագրի շրջանակներում:

(հավելվածը փոփ. 26.11.15 N 1395-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան