Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2017 թվականի N 77-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» TF0A3852 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետով՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի`

1) տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմին.

2) ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 1

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 1-ի N 77-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» TF0A3852 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Մնացականյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

   

Գ. Գևորգյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Ա. Սաֆյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար

   

Ա. Մանանդյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության պետ

   

Լ. Մարկոսյան

 - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ


Է. Ավետյան


- ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 1-ի N 77-Ա

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» TF0A3852 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհի համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի կառավարումն է:

6. Խորհուրդը ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին չէ:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

3) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

4) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհը տրամադրող կազմակերպության հետ.

5) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

6) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման շրջանակներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ծրագիրը համակարգողի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

11. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից հինգ օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ:

16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը և նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունից ներկայացուցիչներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

22. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահն է:

23. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

 24. Խորհուրդն ունի 8 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պատասխանատու պաշտոնյաներ, ԾԻԳ-ի գործադիր տնօրենը և մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից:

25. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

26. Խորհրդի անդամների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պատասխանատու պաշտոնյաների մասով առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը, մյուս թեկնածուների մասով` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:

27. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:

28. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի, ինչպես նաև համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

29. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

30. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:

31. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

 32. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

 33. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան