ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 դեկտեմբերի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր և բանավոր բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին:
2. Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում Հավելված թիվ 1-ը՝ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի ստանդարտ պայմաններ», Հավելված թիվ 2-ը՝ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի ստացման հայտ», Հավելված թիվ 3-ը՝ «Ֆինանսական վարկի պայմանները» և Հավելված թիվ 4-ը՝ «Հիմնական պարտքի մարման ժամանակացույց»:
3. Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Կառավարիչ) նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ:
Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտը 2018 թվականի մարտի 31-ն է կամ ավելի ուշ ժամկետ, որը Կառավարիչը կարող է հաստատել ՀՀ դիմումի հիման վրա: Վարկը կտրամադրվի երեք մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 100.000.000 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, այն տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:
Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված բարեփոխումների կոնկրետ պայմաններ նախատեսող ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացումը:
4. Ծրագրում ներկայացված տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումներն ուղղված են հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են.
ա) էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացումը,
բ) պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը,
գ) փոխարկման կուրսի ճկունության, դոլարիզացիայի կրճատման և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը:
5. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- Ֆինանսական վարկն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել և վարել առանձին հաշիվ՝ վարկի արժույթով,
- Ֆինանսական վարկի միջոցներն օգտագործել Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար (Համաձայնագրի նպատակներով Ընդունելի ծախսեր են հանդիսանում Ֆինանսական վարկի միջոցների օգտագործումը պետական բյուջեի այն ծախսերի ֆինանսավորման համար, որոնք «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված են համապատասխան տարվա համար),
- կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին՝ նշված ամսաթվերից առաջինից սկսած, որը հաջորդում է Ֆինանսական վարկի առաջին տրանշը Կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու ամսաթվին, և Ֆինանսական վարկի գծով առկա Հիմնական պարտքի վերջնական վճարման ամսաթվով ավարտած, վճարել դուրսբերված և չմարված գումարին հավելագրվող տոկոսները՝ տարեկան 2.1% (երկու ամբողջ մեկ տասնորդական տոկոս) չափով,
- սկսած 2025 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2035 թվականի մայիսի 15-ը, ներառյալ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, 15.000.000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար մասնաբաժնով մարել Ֆինանսական վարկի հիմնական պարտքը,
- Ծրագիրը կատարել անհրաժեշտ բարեխղճությամբ և արդյունավետությամբ` վարչական, տեխնիկական, ֆինանսական, էկոլոգիական և սոցիալական նորմերին ու գործելակերպին համապատասխան,
- ապահովել Ծրագրի մոնիտորինգը և գնահատումը, ներկայացնել հաշվետվություններ՝ Ծրագրի միջոցառումների կատարման և դրա իրագործման ընթացքի գնահատման պլանավորված ցուցանիշների ապահովման մասին,
- հիմնական պարտքի և(կամ) տոկոսների վճարման գծով պարտավորությունների կատարման կետանցի դեպքում վճարել տուժանք` ուշացված յուրաքանչյուր օրվա համար ժամկետանց պարտավորության ամբողջ գումարի 0,01% չափով,
- ապահովել աուդիտորական ստուգման անցկացումն իր հաշվին՝ Կառավարչի հավանությանն արժանացած անկախ աուդիտորի ներգրավմամբ,
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն ակտիվների հատկացման, իրացման կամ բաշխման մասով առաջնահերթություն չունենա Հիմնադրամի միջոցների հաշվին ստացած Ֆինանսական վարկերի գծով առկա պարտքի նկատմամբ,
- ամբողջությամբ փոխհատուցել Կառավարչին Հիմնական պարտքը վերադարձնելու և վարձահատուցելու հետ կապված ցանկացած չնախատեսված ծախսերը և կոմիսիոն վճարները, որոնք կարող են առաջանալ Ֆինանսական վարկի միջոցները Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասով, ինչպես նաև ապահովել, որպեսզի Կառավարչի միջոցներն ու գույքը, այդ թվում՝ նաև Ֆինանսական վարկի գումարը, Հայաստանի Հանրապետության տարածքում զերծ լինեն ամեն տեսակի սահմանափակումներից, կարգադրագրերից և մորատորիումներից:
6. Սույն Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
1 դեկտեմբերի 2015 թ. ՍԴՈ-1241 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|