Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.34
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0274/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0274/02/14
2015թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան  

Դատավորներ`

Գ. Մատինյան
 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Խանդանյանի ներկայացուցիչ Վանյա Բալասանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Խանդանյանի ընդդեմ «Դավիթ Հովհաննիսյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ Դավիթ Հովհաննիսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Հովհաննիսյանի ընդդեմ Ռոբերտ Խանդանյանի` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Խանդանյանը պահանջել է Ընկերությանը վտարել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքից, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքը և փաստաբանի վարձատրության գումարը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Դավիթ Հովհաննիսյանը պահանջել է Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել իր 1/2 բաժինը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 30.07.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2014 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 30.07.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Խանդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ, 203-րդ և 274-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 205-րդ, 208-րդ, 210-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքը, հանդիսանալով Դավիթ Հովհաննիսյանի և Ռոբերտ Խանդանյանի ընդհանուր բաժնային սեփականությունը, պետք է տնօրինվի փոխադարձ համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատարանի կողմից սահմանված կարգով: Սակայն վիճելի անշարժ գույքն ապօրինի կերպով տիրապետում է Ընկերությունը, և տիրապետումը հիմնված չէ ո՛չ օրենքի, ո՛չ էլ պայմանագրի վրա: Ավելին, վիճելի անշարժ գույքն օգտագործվում է Ընկերության կողմից առևտրային նպատակով՝ առանց Ռոբերտ Խանդանյանի համաձայնության:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը և Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը քաղաքացիաիրավական հարաբերություններում տարբեր սուբյեկտներ են, և վիճելի անշարժ գույքն ապօրինի տիրապետում է Ընկերությունը, ոչ թե՝ Դավիթ Հովհաննիսյան ֆիզիկական անձը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն հայցվորը, պատասխանողը և երրորդ անձինք: Սույն քաղաքացիական գործով հակընդդեմ հայցով երրորդ անձինք առկա չեն: Հակընդդեմ հայցով վերաքննիչ բողոք կարող էր բերվել միայն ֆիզիկական անձ Դավիթ Հովհաննիսյանի կամ Ռոբերտ Խանդանյանի կողմից: Տվյալ դեպքում նշված անձանց կողմից վերաքննիչ բողոք չի ներկայացվել, ուստի հակընդդեմ հայցի մասով Դատարանի 30.07.2014 թվականի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հակընդդեմ հայցին, նշել է, որ Դատարանը պետք է անդրադառնար նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված` գույքից բաժինն առանձնացնելու համար նախատեսված մյուս եղանակների հնարավորության հարցի քննարկմանը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից վճռում հստակ նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառելի չլինելու հանգամանքը` հաշվի առնելով կողմերի շահերը և կամքը: Ավելին, Վերաքննիչ դատարանը, մատնանշելով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի թիվ ԵԿԴ/3249/02/09 որոշումը, հաշվի չի առել, որ այդ որոշմամբ, ըստ էության, խոսքը գնում է այն մասին, որ ստորադաս դատարանի կողմից հրապարակային սակարկությունների վերաբերյալ վճիռ պետք է կայացվի, եթե ապացուցված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված հանգամանքները: Մինչդեռ սույն գործով ոչ միայն ապացուցված չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված հանգամանքները, այլև կողմերից ոչ մեկը նշված կետերով նախատեսված պահանջ չի ներկայացրել, հետևաբար Դատարանն իրավացիորեն նշված կետերով սահմանված դեպքերը քննարկման առարկա չի դարձրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.07.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 04.05.1999 թվականին տրված թիվ 0143892 վկայականի համաձայն՝ Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 74 բնակելի տան նկատմամբ 1/2-ական բաժնեմասերով գրանցված է Դավիթ Հովհաննիսյանի և Ռոբերտ Խանդանյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 17-19):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.11.2013 թվականի թիվ ԱՏ-18/11/2013-1-0272 տեղեկանքի համաձայն` Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 74 հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունք առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 24)։

3) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության կողմից 02.04.2014 թվականին տրված թիվ 1757 տեղեկանքի համաձայն` Ընկերությունը 01.01.2002 թվականից Երևանի Մ. Խորենացի թիվ 74 հասցեում զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 63):

4) Երևանի քաղաքապետի 08.10.2012 թվականի թիվ 6783-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Դավիթ Հովհաննիսյանի և Ռոբերտ Խանդանյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տան գործառնական նշանակությունն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների՝ փոխվել է և սահմանվել որպես հասարակական նշանակության տարածք (հատոր 2-րդ, գ.թ. 38):

5) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.06.2014 թվականի թիվ 14-0242Դ եզրակացության համաձայն` Երևանի Մ. Խորենացի փողոց թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքից հնարավոր չէ 1/2 բաժնեմասին համապատասխան բաժինն առանձնացնել (հատոր 2-րդ, գ.թ. 120-126):

6) Սույն գործով հակընդդեմ հայցով պահանջ է ներկայացվել վիճելի գույքից բնեղենով առանձնացնել Դավիթ Հովհաննիսյանի կողմից փաստացի օգտագործվող 1/2 բաժինը, իսկ Դատարանի 30.07.2014 թվականի վճռի դեմ 29.08.2014 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի կողմից՝ պահանջելով բեկանել Դատարանի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել (հատոր 2-րդ, գ.թ. 87-89, հատոր 3-րդ, գ.թ. 7-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու կանոնների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ և 274-րդ հոդվածների չկիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին՝

- արդյո՞ք ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու գործերով դատարանն իրավունք ունի քննարկման առարկա դարձնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված կանոնները, եթե ներկայացվել է միայն բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջ,

- արդյո՞ք ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջել ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն՝ մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնելու գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն: Միաժամանակ այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման:

Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն՝ մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշմամբ նշել է, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի` «ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ» չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի` տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում «իրավունք ունի» ձևակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար (տե՛ս, Ազնիվ Մինասյանն ընդդեմ Օդարուհի Կիրակոսյանի և այլոց թիվ ԵԿԴ/3249/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջն ինքնըստինքյան չի կարող ենթադրել դրա անհնարինության դեպքում բաժնի արժեքը վճարելու պահանջ, քանի որ բաժինը բնեղենով առանձնացնելու դեպքում սեփականատերը պահպանում է բաժնի նկատմամբ իր սեփականության իրավունքը, մինչդեռ բաժնի արժեքի փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնի նկատմամբ դադարում է: Այլ կերպ ասած՝ անձը, ցանկություն հայտնելով առանձնացնել իր բաժինն ընդհանուր սեփականությունից, պարտավորված չէ բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում պահանջել դրա արժեքի վճարում, և հետևաբար նաև իր սեփականության իրավունքի դադարեցում:

Նշվածով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գույքից բաժինն առանձնացնելու գործերով էական նշանակություն ունի պարզել այդպիսի պահանջ ներկայացրած անձի իրական կամքը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Մ. Խորենացի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ռոբերտ Խանդանյանին և Դավիթ Հովհաննիսյանին: Սույն գործում առկա չէ վիճելի գույքը Ռոբերտ Խանդանյանի կողմից Ընկերության օգտագործմանը և տիրապետմանը տրամադրելու վերաբերյալ որևէ համաձայնություն կամ պայմանագիր: Հայցվոր Ռոբերտ Խանդանյանը, դիմելով Դատարան, պահանջել է Ընկերությանը վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մ․ Խորենացու փողոցի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքից, իսկ հակընդդեմ հայցով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի և 3-րդ կետի 1-ին պարբերության կարգավորումները՝ Դավիթ Հովհաննիսյանը պահանջել է 347քմ մակերեսով հողամասի վրա գտնվող 101,1քմ մակերեսով սննդի օբյեկտից և 21,8քմ մակերեսով շինությունից բաղկացած Երևանի Մ․Խորենացի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքում առանձնացնել իր կողմից փաստացի օգտագործվող 1/2 բաժինը:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.06.2014 թվականի թիվ 14-0242Դ եզրակացության համաձայն` Երևան, Մ. Խորենացի փողոց թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքից հնարավոր չէ 1/2 բաժնեմասին համապատասխան բաժինն առանձնացնել:

Դատարանը, սկզբնական հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Ռոբերտ Խանդանյանի և Դավիթ Հովհաննիսյանի անշարժ գույքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունք առկա չէ, և առկա չեն այն իրավական հիմքերը (քաղաքացիաիրավական գործարք, ինչպես նաև դրանից բխող իրավունքների պետական գրանցում), որոնց պարագայում Ընկերությունը կհամարվեր Երևանի Մ. Խորենացի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքի օրինական տիրապետող: Ավելին, Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր վերջինիս՝ Երևանի Մ. Խորենացի թիվ 74 հասցեում գտնվող անշարժ գույքի օրինական տիրապետող լինելու փաստական հանգամանքը:

Ինչ վերաբերում է Ընկերության և երրորդ անձ Դավիթ Հովհաննիսյանի դիրքորոշմանը, որ Երևանի քաղաքապետի 08.10.2012 թվականի թիվ 6783-Ա որոշմամբ Երևանի Մ. Խորենացի թիվ 74 հասցեում գտնվող բնակելի տան գործառնական նշանակությունը փոխվել է հասարակական նշանակության, ապա Դատարանը գտել է, որ դրանով չի կարող հիմնավորվել Ընկերության կողմից գույքն օրինական տիրապետելու հանգամանքը, քանի որ Երևանի քաղաքապետի նշված որոշումը՝ որպես վարչական ակտ, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով (գործառնական նշանակության փոփոխություն): Նշված որոշման հասցեատերերը հանդիսացել են Ռոբերտ Խանդանյանը և Դավիթ Հովհաննիսյանը, սակայն դրանով Ընկերության համար գույքի տիրապետման իրավունք չի սահմանվել:

Հակընդդեմ հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ դրանով պահանջ է ներկայացվել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել Դավիթ Հովհաննիսյանի 1/2 բաժինը, ինչը, սակայն, ըստ գործում առկա փորձագիտական եզրակացության, հնարավոր չէ: Միաժամանակ Դատարանը փաստել է, որ Ռոբերտ Խանդանյանի կողմից չի դրսևորվել կամահայտնություն՝ մյուսի բաժնեմասի գնման մասով, և հաշվի առնելով կողմերի շահերը և կամքը, Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի մյուս կետերը տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ չի կիրառել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ բաժինն առանձնացնելու անհնարինության պայմաններում Դատարանը չի անդրադարձել բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-ից 6-րդ կետերով սահմանված մյուս ձևերին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի համար հիմք է հանդիսացել Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ․

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայցի հիմքին և առարկային, նախկինում կայացրած որոշմամբ ձևավորել է այն դիրքորոշումը, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, օրինակ՝ Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշմամբ արձանագրել է, որ հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: Հենց հայցի հիմքով ու առարկայով են որոշվում հայցերի նույնությունն ու տարբերությունը միևնույն սուբյեկտային կազմի դեպքում: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու հնարավորությունը, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն այն հանգամանքների փոփոխությունն է, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետ): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանը չի անդրադարձել բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-ից 6-րդ կետերով սահմանված մյուս ձևերին, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հակընդդեմ հայցով գույքի համասեփականատեր Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ից 3-րդ կետերի (3-րդ կետի 1-ին պարբերության) հիմքով պահանջելով բնեղենով առանձնացնել իր 1/2 բաժինը, պահանջ չի ներկայացրել իր բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում գույքի բաժինն առանձնացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-ից (3-րդ կետի 2-րդ պարբերությունից) 6-րդ կետերում նշված տարբերակներով: Այսինքն՝ հակընդդեմ հայցով հայցվորի կամքն ուղղված է եղել ընդհանուր սեփականության մեջ իր բաժինը բնեղենով առանձնացնելուն՝ պահպանելով սեփականության իրավունքը՝ առանց ցանկություն հայտնելու փոխհատուցմամբ դադարեցնել այն: Հետևաբար գործով գույքի բաժինը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունից մինչև 6-րդ կետերում սահմանված ձևով պահանջ ներկայացված չլինելու պայմաններում դրանցից որևէ մեկով գույքը բաժանելու հարցի քննարկմամբ Դատարանը դուրս կգար հակընդդեմ հայցի շրջանակներից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ կլիներ, եթե հակընդդեմ հայցվորը պահանջ ներկայացրած լիներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի հիմքով գույքը բաժանելու մասին, սակայն գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունից մինչև 6-րդ կետերի հիմքով բաժանելու պահանջի բացակայության պայմաններում, փաստելով, որ գույքի բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ, Դատարանն իրավաչափորեն մերժել է գույքը բնեղենով առանձնացնելու պահանջը:

Ինչ վերաբերում է Դատարանի վճիռը հակընդդեմ հայցի մասով օրինական ուժ ստացած լինելու և հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննության կանոնները խախտելու մասին բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք անհիմն են, քանի որ թեև հակընդդեմ հայցը ներկայացվել է ֆիզիկական անձ Դավիթ Հովհաննիսյանի կողմից, սակայն դրա բավարարման կամ մերժման հարցում հնարավոր չէ բացառել գործին մասնակցող անձ «Դավիթ Հովհաննիսյան» ՍՊԸ-ի շահագրգռվածությունը, մասնավորապես՝ վեճի բնույթից բխում է, որ Ընկերությունը ցանկացել է իր գործունեությունը շարունակել միայն ֆիզիկական անձ Դավիթ Հովհաննիսյանի բնեղենով առաձնացված գույքի օգտագործմամբ: Հետևաբար վերաքննիչ բողոքը բերվել է գործին մասնակցող շահագրգիռ անձի կողմից, այն ենթակա էր քննարկման Վերաքննիչ դատարանում, սակայն գործի վերոշարադրյալ հանգամանքներում, մասնավորապես՝ գույքը բնեղենով առաձնացնելու անհնարինության պայմաններում, Ընկերության բողոքը ենթակա էր մերժման:

Անդրադառնալով Դատարանի կողմից հայցը բավարարելու հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի ապօրինի տիրապետումն առկա է ցանկացած պարագայում, երբ տիրապետումը հիմնված չէ օրենքի կամ պայմանագրի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի սահմանած կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ։

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բաժնային սեփականության իրավունքով մեկից ավելի անձանց պատկանող գույքի տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը պետք է իրականացվեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում գույքը կարող է տիրապետվել և օգտագործվել դատարանի սահմանված կարգով:

Վերոգրյալով է պայմանավորված ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճ իրականացնելու իր օգտագործման, տիրապետման, տնօրինման իրավազորությունները: Սեփականատերն իրավասու է պահանջել վերացնելու իր սեփականատիրական իրավունքները լիարժեք իրականացնելու հետ կապված սահմանափակումները, ընդ որում, սահմանափակումները կարող են լինել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական, երբ ապօրինի գործողությունների միջոցով խոչընդոտում են սեփականատիրոջը օգտագործել, տիրապետել և տնօրինել իր գույքը:

Վերը նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն այլ անձանց կողմից ապօրինի տիրապետվելու պայմաններում բաժնային սեփականության մասնակիցներից որևէ մեկը զրկված չէ իր գույքն ապօրինի տիրապետողից հետ պահանջելու հնարավորությունից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 74 բնակելի տան նկատմամբ 1/2-ական բաժնեմասերով գրանցված է Դավիթ Հովհաննիսյանի և Ռոբերտ Խանդանյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Նշված հասցեում Ընկերությունը 01.01.2002 թվականից զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ:

Գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր Ընկերության կողմից Մ. Խորենացի փողոց թիվ 74 հասցեի անշարժ գույքն օրենքի կամ պայմանագրի հիման վրա տիրապետելու հանգամանքը, ավելին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.11.2013 թվականի թիվ ԱՏ-18/11/2013-1-0272 տեղեկանքի համաձայն` Երևանի Մ. Խորենացի փողոց թիվ 74 հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունք առկա չէ:

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործում առկա փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը իրավաչափ է համարում Դատարանի եզրահանգումներն առ այն, որ Ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհաստատվեր վերջինիս կողմից վիճելի հասցեի անշարժ գույքն օրինական տիրապետելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ Երևանի քաղաքապետի վարչական ակտն ինքնին Ընկերության համար գույքն օրինական տիրապետելու հիմք չէ, քանի որ դրանով Ընկերության համար գույքը տիրապետելու որևէ իրավունք սահմանված չէ:

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ գույքն Ընկերության կողմից տիրապետվում է սեփականատերերից առնվազն մեկի համաձայնության բացակայությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցը բավարարելու մասով Դատարանի եզրահանգումները ևս հիմնավոր են, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը շարադրված հանգամանքները, գործն անհիմն կերպով նոր քննության է ուղարկել նաև հայցի մասով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված`առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հիմքով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ Ռոբերտ Խանդանյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Խանդանյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման համապարտության կարգով Ընկերությունից և Դավիթ Հովհաննիսյանից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2014 թվականի վճռին:

2. «Դավիթ Հովհաննիսյան» ՍՊԸ-ից և Դավիթ Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ Ռոբերտ Խանդանյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

  Ե. Սողոմոնյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան