Գլխավոր տեղեկություն
Համար
N 717-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.10.2015-12.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 717-Ա

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության վարկային պահանջարկը բավարարելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակներում բյուջետային վարկերի տրամադրման, մարվող գումարների մուտքագրման և նոր վարկերի տրամադրման գործառնություններն առանց նախահաշվի սպասարկելու նպատակով, հաշվի մուտքերն ու ելքերը սահմանված կարգով արտացոլելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններում.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքել գործակալության պայմանագիր ծրագրի 1-ին բաղադրիչի իրականացման մասին.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) 2009 թվականի երրորդ եռամսյակում`

1) ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվին հատկացնել 60,5 մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1 մլրդ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին որպես հիմնադրի գույքային ներդրում տրամադրելու համար` հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով.

3) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին հատկացնել 3,7 մլրդ դրամ բյուջետային վարկ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով, 10 տարի մարման ժամկետով, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, սկսած 2009 թվականի դեկտեմբերի 10-ից վարկի հիմնական գումարի և տոկոսների կիսամյակային մարման պայմանով.

4) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը հատկացնել 6,4 մլրդ դրամ բյուջետային վարկ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով, ծրագրի 2-րդ բաղադրիչի իրականացման համար:

(3-րդ կետը լրաց. 09.07.09 N 747-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 3
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 717-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ

 

Սույն ծրագիրը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով։

Ծրագրի գումարը` 101.5 մլրդ դրամ։

Ֆինանսավորման ձևը՝ բյուջետային վարկեր։

Վարկառուներ՝ ըստ Ծրագրի բաղադրիչների։

Ծրագրի ժամկետը՝ 10 տարի, բացառությամբ սույն ծրագրի «Բաղադրիչ 1»-ի և «Բաղադրիչ 2.»-ի:

(պարբերությունը լրաց. 18.06.15 N 706-Ա, 02.07.15 N 1247-Ա)

Տրամադրման կարգը՝ միանվագ կամ վարկային գիծ։

Տարեկան տոկոսադրույքը՝ ըստ Ծրագրի բաղադրիչների։

Հիմնական գումարը վերադարձվում է ոչ ուշ սկսած 3-րդ տարվանից, հավասարաչափ կիսամյակային մարումներով, յուրաքանչյուր օրացուցային տարվա դեկտեմբերի 10-ին և հունիսի 10-ին՝ բացառությամբ սույն ծրագրի Բաղադրիչ 1»-ի և «Բաղադրիչ 2»-ի։

(պարբերությունը լրաց. 02.07.15 N 1247-Ա)

Տոկոսները վճարվում են կիսամյակային մարումով, յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին, սկսած 2009 թվականի դեկտեմբերի 10-ից։

Բաղադրիչ 1. Ֆինանսաբանկային համակարգի վարկավորում

Այս բաղադրիչի վարկառուներն են բանկերը և վարկային կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից որոշված ուղղություններով շահառուներին ենթավարկեր տրամադրելու համար։

Հաշվարկները՝ դրամով։

Բաղադրիչի ֆինանսական հատկացման չափը կազմում է 74.0 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլար, հետևյալ հիմնական ուղղություններով՝

հիպոթեքային շուկա՝ 12 մլրդ դրամ,

արտահանում խթանող, մթերող-վերամշակող, օդային փոխադրումներ, ենթակաոուցվածքներ ապահովող տուրիզմ, սպառողական վարկավորում, ավտովարկավորում, բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման և վերակառուցման վարկավորում՝ 30 մլրդ դրամ,

փոքր և միջին ձեռներեցություն՝ 18,5 մլրդ դրամ,

«Համակարգիչ` բոլորի համար» ծրագիր` 1.0 մլրդ դրամ,

Գյուղատնտեսական վարկեր՝ 12.5 մլրդ դրամ։

Տարեկան տոկոսադրույքը որոշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ որից ԱՄՆ դոլարով 6 ամսյա դեպոզիտների համար Լիբոր + 4 տոկոսը գերազանցող մասը գործակալության վարձատրությունն է։

Վարկի օգտագործման ժամկետը մինչև 17 տարի: 2015 թվականի դեկտեմբերի 10-ին վարկի մայր գումարի մարումն իրականացվում է 2015 թվականի հունիսի 10-ին մարվող գումարի չափով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարկի մնացորդը վերադարձվում է հավասարաչափ կիսամյակային մարումներով՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը: Բանկերի և կազմակերպությունների կողմից մարված հիմնական գումարներից ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային մուտքերի գումարների հաշվարկներում ընդունված վարկի մարման չափը գերազանցող գումարների հաշվին ֆինանսավորվում են նոր վարկեր` մինչև Ծրագրի ժամկետի ավարտը մարման ժամկետով: Նոր վարկերի տրամադրման համար ֆինանսական հատկացումներն իրականացվում են ըստ սահմանված հիմնական ուղղությունների և ծավալների. ընդ որում, ծավալները կարող են փոփոխվել՝ ելնելով տվյալ ուղղություններով շուկայում առկա պահանջից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարված գնահատման հիման վրա:

(պարբերությունը փոփ. 02.07.15 N 1247-Ա)

Ծրագրի այս բաղադրիչը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնարկ հանդիսացող «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ»-ի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքված գործակալության պայմանագրի հիման վրա։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից որոշված չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան ընտրված մասնակից ֆինանսական հաստությունների հետ վարկային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անունից կնքում Է գործակալը։

Վարկային պայմանագրի շրջանակերում մասնակից ֆինանսական հաստությունների գործունեության դիտարկումը, հաշվետվությունների ստացումը, վերլուծությունը և վարկի վաղակետ հետ վերադարձման պարտատիրոջը վերապահված լիազորությունները իրականացնում Է գործակալը։

Վարկային միջոցների հատկացման, վերադարձման, տոկոսների ու տուժանքի վճարման գործառությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը արտացոլում Է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ, ըստ գործակալի կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացվող հաշվետվությունների։

Բաղադրիչ 2. Տնտեսության ֆինանսավորում

(վերնագիրը խմբ. 18.06.15 N 706-Ա)

Բաղադրիչի վարկառուն է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված, լիցենզավորված ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ շահառուներին ֆինանսավորելու համար:

(պարբերությունը խմբ. 18.06.15 N 706-Ա)

Հաշվարկները՝ դրամով։

Բաղադրիչի ֆինանսական հատկացման չափը կազմում է 6,4 մլրդ դրամ։

Վարկի մարման ժամկետը՝ 17 տարի։

(պարբերությունը փոփ. 18.06.15 N 706-Ա)

Տարեկան տոկոսադրույքը՝ հաստատուն 7 տոկոս։

Հիմնական գումարը վերադարձվում է սկսած 2014 թվականի հունիսի 10-ից, հավասարաչափ կիսամյակային մարումներով, յուրաքանչյուր օրացուցային տարվա դեկտեմբերի 10-ին և հունիսի 10-ին։ 2015 թվականին հիմնական գումարը վերադարձվում է հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին՝ 2014 թվականին համապատասխանաբար մարված հիմնական գումարների չափով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական գումարի մնացորդը, որը կկազմի 3,883 մլրդ դրամ, վերադարձվում է վարկի մարման վերջնաժամկետում` միանվագ:

(պարբերությունը լրաց. 18.06.15 N 706-Ա)

Նախարարության նկատմամբ վարկառուի վարկային պարտավորության ապահովման նպատակով կիրառվում է շահառուների նկատմամբ ենթավարկի պահանջի իրավունքի (ներառյալ ապահովման միջոցի նկատմամբ վարկառուի իրավունքը) գրավադրում, ընդ որում 50 մլն դրամ և ավելի ենթավարկերի դեպքում գրավադրումը կատարվում է նախքան ենթավարկի տրամադրումը, իսկ մինչև 50 մլն դրամ կազմող ենթավարկերի դեպքում վարկառուն պարտավոր է գրավադրումը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պահանջի դեպքում՝ եթե ծրագրի ընթացքում վարկառուի ֆինանսական վիճակը վատթարանում է։

Բաղադրիչ 3. Համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածների գործունեություն ապահովող տնտեսավորող սուբյեկտների վարկավորում

Բաղադրիչն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով նախատեսված վարկառուներին, համապատասխան որոշմամբ կատարված հատկացումներով և սահմանված պայմաններով։

Բաղադրիչի ֆինանսական հատկացման չափը կազմում է 21,1 մլրդ դրամ։

(հավելվածը փոփ. 08.07.10 N 860-Ա, փոփ., լրաց. 20.01.11 N 26-Ա, 28.07.11 N 1042-Ն, փոփ. 29.03.12 N 361-Ա, 12.07.12 N 833-Ա, փոփ., լրաց., խմբ. 18.06.15 N 706-Ա, փոփ., լրաց. 02.07.15 N 1247-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան