ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
29 սեպտեմբերի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց 2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 03.08.2015թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015թ. մայիսի 15-ին Բրատիսլավայում` եկամուտների և գույքի կրկնակի հարկման բացառման և այդպիսով միջազգային առևտրի և ներդրումների վրա եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցության նվազեցման, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտի ստեղծման նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● չհարկել սլովակյան կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը սլովակյան կողմի ռեզիդենտ հանդիսացած և Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողին կամ ձեռնարկությունում պրակտիկա անցնողին կամ փորձնակին՝ Հայաստանի Հանրապետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից, պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,
● Սլովակիայի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն է ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում կամ կարող են ենթարկվել ՀՀ քաղաքացիները,
● երաշխավորել, որ սլովակյան ձեռնարկության՝ Հայաստանի Հանրապետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չի լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող ՀՀ ձեռնարկության հարկումը և այլն:
3. Համաձայնագրին կից ներկայացված է Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող՝ 2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վերաբերյալ արձանագրությունը, որը, մասնավորապես, վերաբերում է Համաձայնագրի և դրա մի շարք հոդվածներում սահմանված առանձին հասկացությունների մեկնաբանությանը:
4. 2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 29 սեպտեմբերի 2015 թ. ՍԴՈ-1228
Գ. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|