ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2015 թվականի N 1256-Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 2-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 30 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների (այսուհետ` մաքսային պահեստում պահպանվող ապրանքներ) շարժի հաշվառման և մաքսային մարմիններ այդ շարժի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Սույն կարգում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված իմաստներով:
2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպումից անմիջապես հետո՝ ապրանքները բաց թողնող մաքսային տեսուչն ապրանքները տեղափոխող անձի և մաքսային պահեստի կազմակերպչի (այսուհետ՝ կազմակերպիչ) համապատասխան աշխատողի հետ միասին ապրանքներն ուղեկցում է կազմակերպչի համապատասխան տարածք (շինություն): «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները բաց թողնելու մասին կազմակերպիչն անմիջապես համապատասխան նշումներ է կատարում գրանցամատյանում, իսկ մաքսային տեսուչը` հայտարարագրում, ինչպես նաև գրանցամատյանի համապատասխան սյունակում` դնելով իր անձնական կնիքը:
3. Կազմակերպիչը վարում է մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ` գրանցամատյան)՝ համաձայն ձևի, որի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցամատյանը ներկայացվում է կազմակերպության գրանցման վայրի մաքսատուն` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարներով հաշվառվում է մաքսատներում: Մաքսային պահեստի յուրաքանչյուր հասցեի համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանի կազմի վրա նշվում են գրանցամատյանի հերթական համարը, կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը:
4. Լրացված և ավարտված գրանցամատյանը պահպանվում է կազմակերպչի մոտ՝ մինչև գրանցամատյանում կատարված վերջին նշումը կատարվելու օրվանից սկսած երեք տարին լրանալը և ներկայացվում է վերադաս մաքսային մարմին` վերջինիս պահանջով: Գրանցամատյանը լրանալուց և ավարտվելուց հետո կազմակերպիչը, սույն կարգին համապատասխան, մաքսատուն է ներկայացնում է նոր գրանցամատյան` կնքման և համարակալման նպատակով:
5. Մաքսային պահեստում կարող են պահպանվել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքները` 6 ամիս ժամկետով: Ապրանքները կարող են պահպանվել միայն այն կազմակերպչի մաքսային պահեստում, որի մասին համապատասխան նշումներ կան ապրանքները տեղափոխող անձի կողմից մաքսային մարմիններ ներկայացված հայտարարագրերի համապատասխան սյունակներում:
6. Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված, դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններից բացի, ցանկացած գործողություն, այդ թվում` ապրանքները տեղափոխող անձին հանձնելը, կարող է կատարվել միայն վերադաս մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ:
7. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մաքսային ձևակերպումների ավարտից անմիջապես հետո ապրանքներն ըստ համապատասխան մաքսային ընթացակարգի բաց են թողնվում մաքսային տեսուչի կողմից: Ապրանքները բաց թողնելուց անմիջապես հետո կազմակերպիչը համապատասխան նշումներ է կատարում գրանցամատյանում, իսկ մաքսային տեսուչը` հայտարարագրում, ինչպես նաև գրանցամատյանի համապատասխան սյունակում` դնելով իր անձնական կնիքը, որից հետո ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպչի համապատասխան աշխատողի ներկայությամբ ապրանքները դուրս են բերվում այդ ապրանքների պահպանման համար նախատեսված տարածքից (շինությունից):
8. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ռեեստրում հաշվառման օրվանից սկսած կազմակերպիչը պարտավոր է վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառումը և վերադաս մաքսային մարմնի կողմից հաստատված ձևով ապրանքների հաշվառման վերաբերյալ հաշվետվողականությունը (այսուհետ՝ հաշվետվություններ) յուրաքանչյուր ամիս մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի) ներկայացնել վերադաս մաքսային մարմին:
9. Այն ապրանքների համար, որոնց պահպանության ժամկետը լրանում է, հաշվետվությունը ներկայացվում է ոչ ուշ, քան այդ ապրանքների պահպանության ժամկետը լրանալուն նախորդող 60-րդ օրը ներառյալ, իսկ կազմակերպչի ռեեստրից կազմակերպչին հանելու դեպքում չավարտված ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև կազմակերպչի ռեեստրից կազմակերպչին հանելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգերորդ օրը ներառյալ:
10. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (Microsoft Excel ֆորմատով)՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային եղանակով (պարտադիր կցելով նաև հաշվետվության էլեկտրոնային ֆայլը)՝ կազմակերպության տնօրենի կամ նրա լիազորած անձի ստորագրությամբ:
11. Հաշվետվության լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերում նշված արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
12. Ներկայացված հաշվետվության մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կազմակերպիչը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Ներկայացված հաշվետվության մեջ վերադաս մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է կազմակերպչին, և կազմակերպիչը ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմին է ներկայացնում ճշգրտված հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
գ ր ա ն ց ա մ ա տ յ ա ն
Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման
NN |
Ապրանքը տեղա-փոխող անձը |
Ապրանքի անվանումը |
Տեղերի քանակը |
Չափի միավորը |
Քանակը |
«Մաքսային պահեստ» մաքսային ընթացա-կարգով բաց-թողման և ապրանքը մաքսային պահեստ տեղա-փոխելու ամսաթիվը և ժամը |
«Մաքսային պահեստ» մաքսային ընթացա-կարգով հայտա-րարագր-ված օրերի թիվը |
Մաքսային տեսուչի նշումը, այդ թվում` հայտա-րարագրի համարը |
Մաքսային ընթացա-կարգի փոփո-խության և մաքսային պահեստից ապրանք-ների դուրս-բերման ամսա-թիվը և ժամը |
Բաց թողնված ապրանքի քանակը |
Մաքսային տեսուչի նշումը պահեստից ապրանք-ների ելքի մասին, այդ թվում` հայտա-րարագրի համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |