Գլխավոր տեղեկություն
Համար
N 1109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2015-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153).1 Հոդ.877.15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1109-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում ստեղծել իրավական ապահովման բաժին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետի «ե» ենթակետում «սոցիալական ապահովության քարտերի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշերի» բառերով,

բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է.1» և «է.2» ենթակետերով.

«է.1) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

է.2) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.»,

գ. 7-րդ կետի «թ.1» ենթակետում «գենդերային» բառը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» բառերով,

դ. 7-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման և բարեգործական ծրագրերի իրականացման ապահովում.»,

ե. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «ժդ» ենթակետը,

զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

բ) սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթների իրականացում.

գ) աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանց կատարման մոնիթորինգ.

դ) Հայաստանի Հանրապետության բանկերի հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրերի կնքում և դրանցից բխող պարտավորությունների կատարում.

ե) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

զ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման մոնիթորինգ.

է) աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության, վերլուծության, ազդեցության գնահատման և կանխատեսման իրականացում.

ը) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

թ) աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովում.

ժ) տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում` պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով.

ժա) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն և այդ կազմակերպությունների` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացմանը մասնակցության ապահովում` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ժբ) նախարարության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հաշվառում և հաշվառումից հանում, պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառում և այդ ցանկից հանում.

ժգ) կենսաթոշակային ապահովության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժդ) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

ժե) պետական կենսաթոշակների և պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում.

ժզ) պետական կենսաթոշակների և պետական նպաստների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման նկատմամբ մոնիթորինգ.

ժէ) պատվովճարի, պարգևավճարի նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման մոնիթորինգ.

ժը) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

ժթ) սոցիալական պաշտպանության բնագավառում իրավակիրառական պրակտիկայի մոնիթորինգ.

ի) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների մոնիթորինգ.

իա) կենսաթոշակային ապահովության համակարգի հիմնական ցուցանիշների վերլուծություն և զարգացման միտումների նախանշում.

իբ) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում.

իգ) սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

իդ) սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանության և հասցեական օգնության պետական ծրագրերի մշակում, իրականացում, համակարգում և մոնիթորինգ.

իե) սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակում, իրականացում, համակարգում և մոնիթորինգ.

իզ) ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի ուսումնասիրություն, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

իէ) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների հիմնահարցերի ուսումնասիրություն, դրանց լուծման պետական ծրագրերի մշակում, իրականացման աշխատանքների համակարգում և մոնիթորինգ.

իը) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի ուսումնասիրություն, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական վերականգնման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

իթ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ նշված ծրագրերի իրականացում և մոնիթորինգ.

լ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի օրենսդրության մշակում և բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի համակարգում.

լա) բժշկասոցիալական փորձաքննության բողոքարկված որոշումների քննարկում և եզրակացությունների տրամադրում.

լբ) հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լգ) հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովելու պետական նպատակային ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լդ) հաշմանդամության վիճակի գնահատման հիման վրա հաշմանդամության շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրություն և վերլուծություն, հաշմանդամության կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

լե) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի իրականացման գործընթացի համակարգում, կատարման նկատմամբ մոնիթորինգ.

լզ) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

լէ) սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լը) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեության հավաստագրում.

լթ) անօթևան, մուրացիկ և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների համար սոցիալական աջակցության պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

խ) հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման կառուցակարգերի ներդրում և դրանց իրականացման մոնիթորինգ.

խա) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների մշակում, դրանց պահպանման մոնիթորինգ և պետական վերահսկողության իրականացում.

խբ) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառում.

խգ) ժողովրդագրական վիճակի վերլուծություն և գնահատում, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

խդ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

խե) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սոցիալական պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների մոնիթորինգ և գնահատում.

խզ) սոցիալական պաշտպանության բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարում.

խէ) սոցիալական պաշտպանության բնագավառի ռազմավարական ծրագրերի մոնիթորինգ և գնահատում.

խը) սոցիալական պաշտպանության ոլորտում բարեգործական ծրագրերի հաշվառման տեղեկատվական համակարգի շահագործում, վերլուծությունների իրականացում և առաջարկությունների ներկայացում.

խթ) սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում.

ծ) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

ծա) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում.

ծբ) զանգվածային լրատվության ու հանրային իրազեկման այլ միջոցներով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.

ծգ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ծդ) նախարարության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպում, նախարարությանը ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև նախարարության կառավարմանը հանձնված ընկերությունների գնումների գործընթացի համակարգում և մեթոդական օժանդակության ապահովում.

ծե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:».

2) ելնելով սույն որոշման 1-ին կետի պահանջներից՝ N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Իրավական ապահովման բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան