Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.12/22(477) Հոդ.438
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 360-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.10.15 N 1146-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը`  համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 28
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 16-ի N 360-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


 

1. Սույն կարգով սահմանվում են անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վճարովի ծառայությունների (այսուհետ` վճարովի անասնաբուժական ծառայություն) մատուցման կարգը և պայմանները:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 248-Ն)

2. Վճարովի անասնաբուժական ծառայություններն են`

ա) կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ, կենդանիների ու մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ախտորոշումը` կենդանիների կլինիկական զննման, արյունաբանական, հյուսվածքաբանական, քիմիակենսաբանական, մանրէակենսաբանական, իմունաբանական, շճաբանական, ռադիոլոգիական, ռենտգենաբանական, թունաբանական, սնկաբանական, ախտաբանաանատոմիական հետազոտությունները, բուժումը կենսապատրաստուկներով, քիմիադեղագործական, քիմիական, բուսական, կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներով, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը և դեղագործությունը, վիրահատությունները, ծննդօգնությունը և այլն, 

բ) վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումները, կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարը`  ներարկումները, ճիճվաթափությունը (դեհելմինթիզացիա), մշակումը, լողացնելը, ցողարկումը, արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարը` ախտահանությունը, միջատազերծումը (դեզինսեկցիա), կրծողների ոչնչացումը (դեռատիզացիա) և այլն,

գ) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, որպես սննդամթերք օգտագործվող սնկերի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, անասնաբուժական դեղամիջոցների փորձաքննությունը և այլն,

դ) կենդանիների վաճառքի, ցուցահանդեսներին և մրցումներին, կրկեսային ներկայացումներին մասնակցության ընթացքում կանխարգելիչ կարանտինային և անասնաբուժական սպասարկման այլ միջոցառումների իրականացումը,

ե) գյուղատնտեսական և տնային կենդանիների արհեստական սերմնավորումը,  դրանց հղիության որոշումը, կենդանիների սաղմերի ստացումը և փոխպատվաստումը, անասնաբուժության բնագավառում գենային ինժեներիայի կիրառումը,

զ) կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման և պահվածքի, անասնապահական շինությունների կառուցման հետ կապված հարցերով խորհրդատվությունը,

է) անասնապահական նշանակության օբյեկտների շինարարության ժամանակ անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաստատված` տվյալ կենդանատեսակի պահվածքին և խնամքին ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի պահպանման մասին անասնաբուժական եզրակացության տրամադրումը,

ը) կենդանիների դիակիզումը, տեխնիկական օգտահանումը, էֆտանազիան, քնեցումը:

3. Սույն կարգը չի տարածվում պետական միջոցներով ֆինանսավորվող հակաանասնահամաճարակային` իմունականխարգելման, ախտորոշման, հիվանդությունների վերացման և այլ միջոցառումների իրականացման վրա:

 

II. ՎՃԱՐՈՎԻ  ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

4. Վճարովի անասնաբուժական ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

5. Վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման գնացուցակները պետական կազմակերպությունների համար հաստատվում են անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից:

6. Վճարովի անասնաբուժական ծառայություն մատուցող անձը`

ա) կենդանիների առողջության և մթերատվության, սպառողի կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար անասնաբուժական միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով կիրառում է կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունավետ մեթոդներ, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցներ և միջոցներ` բացառելով դրանց ոչ նպատակային օգտագործման հնարավորությունը,

բ) սպառողին ժամանակին զգուշացնում է հնարավոր բարդությունների և այն պայմանների մասին, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մատուցվող ծառայությունների որակի վրա, և դրա մասին նշում է պայմանագրում,

գ) մատուցած ծառայությունների ոչ պատշաճ կատարման համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 18.03.11 N 248-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան