ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 730-Ն
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի N 2 առդիրի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 6 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Հանձնաժողովն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 730-Ն որոշման համաձայն:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված և 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է՝ առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
4. Հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման կառավարումն է:
5. Հանձնաժողովը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
6. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության առաջացման դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.
2) ծրագրի իրականացման կառավարման գրասենյակի (այսուհետ` ԾԻԿԳ), ինչպես նաև ծրագրի շրջանակում «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ վարկի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
4) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԿԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.
5) ծրագրով նախատեսված և հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` հանձնաժողովի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.
8) ԾԻԿԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
10) վարկ տրամադրող միջազգային կազմակերպության ծրագրի իրականացման ղեկավարների տարեկան այցերի, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև ծրագրի առանձին բաղադրիչների համար պատասխանատու մասնագետների այցերի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ ծրագրի իրականացման արդյունքները քննարկելը, արդյունքների մասին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
11) ծրագրի ավարտից հետո ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
7. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԿԳ-ի ղեկավարի ներկայացմամբ, քննարկվում են հանձնաժողովի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի ու հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԿԳ-ի ղեկավարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԿԳ-ի ղեկավարի առաջարկությամբ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
12. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից 5 օր առաջ:
13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հանձնաժողովի հաջորդ նիստ: ԾԻԿԳ-ի ղեկավարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
14. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում հանձնաժողովի նախագահի մոտ, եթե հանձնաժողովի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
15. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
16. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:
17. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձինք:
18. Հանձնաժողովի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված` 50 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ավելի արժողությամբ մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների՝ տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
19. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` հանձնաժողովի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված հանձնաժողովի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
20. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
21. 350 մլն դրամ և ավելի գումարով մրցույթների արդյունքները հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
22. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:
23. Հանձնաժողովի նախագահը`
1) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում.
3) իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
24. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ճյուղային նախարարության կամ գերատեսչության պատասխանատու պաշտոնյաները, ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 3 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:
25. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:
26. Հանձնաժողովի անդամների թեկնածություններն առաջադրում է համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:
27. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
28. Հանձնաժողովի անդամի անդամությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
29. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմից:
30. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին.
3) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարմանը և հանձնաժողովի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.
7) հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
31. Հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
32. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ռ. Մակարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Է. Տարասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ե. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ |
Է. Ավետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն |
Բ. Ենգիբարյան |
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Խաչատուրյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Սահակյան |
- «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Բաղդասարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության պետ |
Ա. Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Լ. Մաքսուդյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2019, N 240-Ն | 28.03.2019, N 730-Ն | |
15.12.2016, N 1286-Ն | 20.12.2016, N 730-Ն | |
06.04.2016, N 347-Ն | 16.04.2016, N 730-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|