Գլխավոր տեղեկություն
Համար
N 1072-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2015-01.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153) Հոդ.871
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1072-Ն

 

ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) անտառներում հատատեղերի հատկացման և տեղազննման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հատատեղն անտառամաս է, որտեղ նախատեսված է կատարել բնափայտի մթերման աշխատանքներ:

 

II. ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

3. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի (այսուհետ` անտառտնտեսություն), աշխատողները հատատեղերի հատկացումից առաջ կատարում են հատատեղի համար հատկացվող անտառամասերի՝ բնական պայմաններում ուսումնասիրում, տեղազննում և հաշվեգնահատում:

4. Հատատեղերի հատկացման նախապատրաստական աշխատանքները կատարվում են ամռան-աշնան ժամանակահատվածում՝ հատումներին նախորդող տարվա ընթացքում:

5. Հատատեղերի հատկացումից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո կազմված նյութերը (լրացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը) անտառտնտեսությունը տրամադրում է կազմակերպությանը, որը, ամփոփելով դրանք, ըստ անտառտնտեսությունների` հաջորդ տարվա հաշվարկային հատատեղերը (տարեկան հատումների ծավալները) հաստատելու համար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

6. Ըստ անհրաժեշտության` ընթացիկ տարում կարող է հատկացվել լրացուցիչ հատատեղ (հատատեղեր)՝ սույն կարգի դրույթներին համապատասխան:

 

III. ՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

7. Հատման նշանակված ծառերի փայտանյութի հաշվարկը, կախված հատման եղանակից, կատարվում է՝

1) ըստ տարածքի (հա).

2) հատման նշանակված ծառերի քանակով.

3) մթերված փայտանյութի ծավալով:

8. Հաշվարկը՝ ըստ տարածքի, կատարվում է համատարած հատումների ժամանակ:

9. Հաշվարկը՝ ըստ հատման նշանակված ծառերի քանակի, կատարվում է՝

1) անտառավերականգնման հատումների.

2) խնամքի` նոսրացման, անցումային հատումների.

3) սանիտարական` ընտրովի.

4) այլ հատումների (առանձին ծառերի) ժամանակ:

10. Մթերված փայտանյութի ծավալով հաշվարկը կատարվում է՝

1) խնամքի` լուսավորման և մաքրման հատումների ժամանակ.

2) խնամքի` նոսրացման և անցումային հատումների ժամանակ, եթե հատման նշանակված ծառերի միջին տրամագիծը պակաս է 8 սմ-ից:

11. Մթերված փայտանյութի ծավալով հաշվառման ժամանակ անտառահատման տոմսում փայտանյութի մթերման նախատեսվող պաշարը նշվում է փորձահրապարակներից ստացված տվյալների հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշման 37-րդ և 38-րդ կետերի:

12. Հաշվառման բոլոր տեսակների դեպքում փայտանյութի ծավալը որոշվում է խտացված (խիտ) խորանարդ մետրերով:

13. Հատման նշանակված ծառերի տրամագիծը հարթ տեղանքում` չափվում է հողի մակերեսից կրծքավանդակի (միջին` 1,3 մ) բարձրության վրա, իսկ լանջի դեպքում կրծքավանդակի (միջին` 1,3 մ) բարձրությունը չափվում է հորիզոնականով, ծառի կողքից: Չափումները կատարվում են չափիչ երկմատով (ծառի տրամագիծը չափող գործիք, որը կազմված է մեկ շարժական և մեկ անշարժ մատից ու քանոնից): Ճշգրիտ տրամագիծն ստանալու նպատակով չափումը կատարվում է միմյանց հակադիր կողմերից և դուրս է բերվում միջինը: Չափիչ երկմատից որպես տրամագծային ցուցանիշ վերցվում է այն թվանշանը, որը երևում է շարժական մատի ներսի կողմից:

14. Հաշվառման ենթակա ծառերի համարակալումն ու դրոշմումը կատարվում են հողի մակերեսից կրծքավանդակի (միջին` 1,3 մ) բարձրության վրա 8 սմ և ավելի հաստությամբ տրամագծից սկսած, ըստ հերթականության՝ ծառի արմատավզիկի վրա կեղևը նախապես տաշելով: Համարակալումը կատարվում է յուղաներկով և ընթեռնելի՝ բացառելով սպիտակ և դեղին գույները:

15. Հատման ենթակա, բայց չհամարակալված և չդրոշմված՝ մինչև 8 սմ տրամագիծ ունեցող ծառերի տրամագծերը չեն չափվում և չեն հաշվառվում հաշվեգնահատման ցուցակում, սակայն բնի կենտրոնական մասում կատարվում է թեթև տաշվածք կամ ներկվում է, որպեսզի հատատեղի շահագործման ժամանակ լինեն նշմարելի:

16. Անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում հատատեղերի շահագործման ավարտից հետո կամ հատմանը զուգահեռ կատարվում են հատատեղերի մաքրման աշխատանքներ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշման V բաժնի:

 

IV. ՀԱՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄԸ

 

17. Հատատեղի շահագործումից (հատում, քարշակում և փայտանյութի դուրսբերում) հետո, կազմակերպության և անտառտնտեսության կողմից մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը կատարվում է հատատեղի տեղազննություն:

18. Հատատեղի տեղազննության արդյունքում կազմվում է հատատեղի տեղազննման ակտ:

19. Հատատեղերի տեղազննման արդյունքում գրանցված թերությունների շտկման ուղղությամբ անտառտնտեսությունն իրականացնում է համապատասխան միջոցառումներ, իսկ թերհատների շահագործումն իրականացվում է կազմակերպության որոշմամբ՝ անտառահատման տոմսի ժամկետի երկարաձգման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.02.2024, N 294-Ն 01.03.2024, N 1072-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան