Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.37
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ  
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9358/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/9358/05/12

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

Դատավորներ`

Հ. Բեդևյան

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. ԲարսեղյանԻ

Մ. ԴրմեյանԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.12.2013 թվականի որոշման դեմ ըստ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Նախարարության, ՀՀ առողջապահության նախարարի (այսուհետ` Նախարար)` Ընկերության կողմից ներկայացված այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու հայտը մերժելու մասին 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա, թիվ 2759-Ա հրամաններն անվավեր ճանաչելու կամ վերացնելու և Ընկերության ներկայացրած թիվ 6/24593-12, թիվ 6/24591-12, թիվ 6/25095-12 հայտերով այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել կամ վերացնել իր կողմից ներկայացված այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու հայտը մերժելու մասին Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա, թիվ 2759-Ա հրամանները և պարտավորեցնել տրամադրելու Ընկերության ներկայացրած թիվ 6/24593-12, թիվ 6/24591-12, թիվ 6/25095-12 հայտերով այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 17.04.2013 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերության կողմից ներկայացված այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու հայտը մերժելու մասին Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա, թիվ 2759-Ա հրամանները ճանաչվել են անվավեր, իսկ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Նախարարի` Ընկերության ներկայացրած թիվ 6/24593-12, թիվ 6/24591-12, թիվ 6/25095-12 հայտերով այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով, վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2013 թվականի որոշմամբ Դատարանի 17.04.2013 թվականի վճռի` Ընկերության հայցը բավարարելու մասի դեմ բերված Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.04.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-4.1-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 37-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ լիցենզիա ստանալու հայտի մերժման համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերի շարքում օրենսդիրն ընդգրկել է նաև «օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ դեպքերը», որոնք կարող են նախատեսված լինել ցանկացած օրենքում: Հետևաբար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված լիցենզիա ստանալու հայտի մերժման օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ դեպքերից է հանդիսանում նույն օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքը: Իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունը վերաբերում է միայն լիցենզիա ստանալու հայտի մերժման ընթացակարգին, իսկ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը չի կարող լիցենզիա ստանալու հայտի մերժման հիմք չհանդիսանալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն կարևոր հանգամանքը, որ մինչև այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու համապատասխան հայտը Նախարարություն ներկայացնելը, Ընկերությունն արդեն իսկ զրկված է եղել նման գործունեությամբ զբաղվելու իրավունքից` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, ինչն էլ հաստատված է ՀՀ վարչական դատարանի 27.03.2012 թվականի վճռով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակային սահմանափակումն առանց խտրականության կիրառվում է լիցենզավորված բոլոր սուբյեկտների նկատմամբ` անկախ այդ սուբյեկտների ունեցած լիցենզիաների թվից: Փաստորեն, սխալ մեկնաբանելով նշված օրենքի դրույթները` Վերաքննիչ դատարանն անհավասար մոտեցում է ցուցաբերել մեկից ավելի լիցենզիաներ ունեցող և ընդամենը մեկ լիցենզիա ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված դրույթը դարձրել է չգործող նորմ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 23.12.2013 թվականի որոշումը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ ՎԴ/0763/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 27.03.2012 թվականի վճռով ուժը կորցրած ճանաչելու միջոցով դադարեցվել է Ընկերությանը (ըստ լիցենզիայի գործունեության վայրը` Երևան քաղաքի Էրեբունի թիվ 18 հասցեում գտնվող տարածք) 26.12.2008 թվականին տրված թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը:

2) Լիցենզիա ստանալու մասին 02.10.2012 թվականի թիվ 24591 հայտով Ընկերությունը խնդրել է Նախարարությանն այլ վայրում` ՀՀ, Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, Մ. Մաշտոցի թիվ 104 հասցեում դեղատնային գործունեություն իրականացնելու համար տրամադրել լիցենզիա (հատոր 1-ին, գ.թ. 97):

3) Լիցենզիա ստանալու մասին 02.10.2012 թվականի թիվ 24593 հայտով Ընկերությունը խնդրել է Նախարարությանն այլ վայրում` քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու 12, թիվ 32ա հասցեում դեղատնային գործունեություն իրականացնելու համար տրամադրել լիցենզիա (հատոր 1-ին, գ.թ. 98):

4) Լիցենզիա ստանալու մասին 08.10.2012 թվականի թիվ 25095 հայտով Ընկերությունը խնդրել է Նախարարությանն այլ վայրում` ՀՀ, Արմավիրի մարզ, Արշալույս համայնք, 1-ին փողոց, թիվ 46 հասցեում դեղատնային գործունեություն իրականացնելու համար տրամադրել լիցենզիա (հատոր 1-ին, գ.թ. 96):

5) Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա հրամանով մերժվել է Ընկերության կողմից քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու 12, թիվ 32ա հասցեում ևս դեղատնային գործունեություն իրականացնելու համար ներկայացված հայտը (հատոր 1-ին, գ.թ. 51-53):

6) Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2758-Ա հրամանով մերժվել է Ընկերության կողմից ՀՀ, Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, Մ.Մաշտոցի թիվ 104 հասցեում ևս դեղատնային գործունեություն իրականացնելու համար ներկայացված հայտը (հատոր 1-ին, գ.թ. 57-59):

7) Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2759-Ա հրամանով մերժվել է Ընկերության կողմից ՀՀ, Արմավիրի մարզ, Արշալույս համայնք, 1-ին փողոց, թիվ 46 հասցեում ևս դեղատնային գործունեություն իրականացնելու համար ներկայացված հայտը (հատոր 1-ին, գ.թ. 54-56):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու հայտը մերժելու` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ամրագրված իրավական հիմքերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչափ է արդյո՞ք այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու հայտի մերժումն այն հիմքով, որ հայտատուի նախկին լիցենզիայի գործունեությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվելուց հետո մեկ տարվա ժամկետը չի լրացել:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ է, լիցենզավորումը գործընթաց է` կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ, հայտատուն (դիմողը) իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ է, որը դիմել է լիցենզավորող մարմին` լիցենզիայի ստացման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ ստանալու համար:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում նույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4.1) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.

5) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է, իսկ 7-րդ մասի համաձայն` լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտի մերժումն իրականացվում է նույն օրենքի 29-րդ հոդվածով` լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի պահանջը տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք նույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում, իսկ 8-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզավորման, այսինքն` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման իրավական գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի 33-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ այլ վայրում ևս զբաղվելու համար առանձին լիցենզիա ստանալու իրավական կառուցակարգերը: Ընդ որում, օրենքի նշված հոդվածում օրենսդրի կողմից նախատեսված կարգավորումները կիրառելի են միայն այն դեպքում, երբ հայտատուն ունի լիցենզավորման ենթակա համապատասխան գործունեությամբ զբաղվելու պաշտոնապես հաստատված իրավունք (լիցենզիա) և ցանկանում է այլ վայրում ևս իրականացնել լիցենզավորման ենթակա նույն գործունեությունը: Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում նախատեսված կարգավորումները տարածվում են միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:

Օրենսդիրը, սահմանելով, որ լիցենզավորման ենթակա են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում ընդգրկված գործունեության տեսակները, միաժամանակ ամրագրել է նաև, որ եթե նշված աղյուսակի 10-րդ սյունակում` լիցենզավորման ենթակա համապատասխան գործունեության անվանման դիմաց, նշված է «Վ» տառը, ապա լիցենզավորման ենթակա գործունեության այդ տեսակը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածում «Վ» տառով նշվում են գործունեության այն տեսակները, որոնց իրականացման համար տրվող լիցենզիայում նշված է այդ գործունեության իրականացման թույլատրելի վայրը, իսկ այլ վայրում նույն գործունեությամբ զբաղվելու դեպքում անհրաժեշտ է ստանալ նոր լիցենզիա (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ընդդեմ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի թիվ 3-1894(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում` «Առողջապահության բնագավառ» վերտառությամբ 3-րդ բաժնի «Դեղատնային գործունեություն» վերտառությամբ 2-րդ կետի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը: Հետևաբար դեղատնային գործունեության` որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակի իրականացման համար տրվող լիցենզիայում նշվում է դրա իրականացման թույլատրելի վայրը, իսկ այլ վայրում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու դեպքում անհրաժեշտ է ստանալ նոր լիցենզիա:

Անդրադառնալով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավադրույթով օրենսդիրը լիցենզիայի գործողության դադարեցումից բացի տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցիչ բացասական իրավական հետևանքներ առաջացնելու նպատակ է հետապնդում` ժամանակային սահմանափակում նախատեսելով նոր լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելու վերջիններիս իրավունքի իրացման նկատմամբ: Այսպես, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից բխում է, որ նույն հոդվածով սահմանված որոշ հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել լիցենզավորող մարմին միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո: Եթե համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ սուբյեկտը նոր լիցենզիա ստանալու համար դիմել է լիցենզիայի գործողությունն օրենքով սահմանված որոշ հիմքերով դադարեցվելուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է մերժել վերջինիս լիցենզիա ստանալու հայտը:

Այսպիսով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավադրույթի խախտման հիմքով նոր լիցենզիա ստանալու հայտը կարող է մերժվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) լիցենզավորման ենթակա որոշակի գործունեությամբ զբաղվող անձի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով,

բ) նոր լիցենզիա ստանալու համար այդ անձը դիմել է լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է: Իրավական պետությունում գործող կարևորագույն սկզբունքներից է նաև իրավահավասարության սկզբունքը: Վճռաբեկ դատարանը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը վերլուծելով իրավահավասարության համընդհանուր սկզբունքի լույսի ներքո, արձանագրում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված սահմանափակումը կիրառելի է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը դադարեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով, անկախ այն հանգամանքից, թե տվյալ տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի գործողության դադարեցումից հետո վերջինս շարունակում է հանդիսանալ լիցենզավորման ենթակա համապատասխան գործունեությամբ զբաղվող անձ, թե` ոչ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիցենզիաներից մեկի գործողության դադարեցումից հետո տնտեսվարող սուբյեկտի կողմից դեղատնային գործունեությամբ զբաղվող անձ հանդիսանալը բավարար չէ, որպեսզի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված սահմանափակումը կիրառելի չլինի տվյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա, թիվ 2759-Ա հրամանները: Այդ վարչական ակտերով Նախարարը մերժել է այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու մասին Ընկերության կողմից 02.10.2012 թվականին և 08.10.2012 թվականին ներկայացված հայտերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի 27.03.2012 թվականի վճռով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով դադարեցվել է Ընկերությանը տրված 26.12.2008 թվականի թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը: Նախարարը գտել է, որ տվյալ դեպքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Ընկերությունը կարող է դիմել նոր լիցենզիա ստանալու համար միայն 26.12.2008 թվականի թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո, ուստի ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով` Ընկերության կողմից ներկայացված հայտերը ենթակա են մերժման (հատոր 1-ին, գ.թ. 2-17):

Դատարանն իր 17.04.2013 թվականի վճռով բավարարել է Ընկերության վերը նշված հայցապահանջը և անվավեր է ճանաչել վերոգրյալ վարչական ակտերը` պատճառաբանելով, որ դրանք ընդունվել են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 33-րդ և 37-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, քանի որ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու հայտը կարող է մերժվել միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-4.1-րդ կետերով նախատեսված հիմքերով, իսկ դրանց բացակայության պայմաններում վարչական մարմինն իրավունք չունի հղում կատարելու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածին:

Վերաքննիչ դատարանը 23.12.2013 թվականի որոշմամբ մերժել է Նախարարի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի 17.04.2013 թվականի վճիռը հետևյալ պատճառաբանությամբ. ««(...) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված հայտի մերժման այլ դեպքերը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու հայտ ներկայացրած անձանց նկատմամբ կիրառելի չեն, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը կարող է մերժվել միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-4.1-րդ կետերով նախատեսված հիմքերով, որոնցում որպես հիմք նախատեսված չեն Նախարարի հրամաններում նշված` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը կամ դրանում ամրագրված դրույթները (...)»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախարարը պարտավոր էր մերժել Ընկերության կողմից ներկայացված` այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու հայտերն այն հիմքով, որ վերջինիս նախկին (26.12.2008 թվականի թիվ Կ-XX-001190) լիցենզիայի գործունեությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով դադարեցվելուց հետո մեկ տարվա ժամկետը չի լրացել: Հետևաբար Դատարանը, անվավեր ճանաչելով Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա, թիվ 2759-Ա հրամանները, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, խախտել են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը: Ինչ վերաբերում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավադրույթին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավանորմով նախատեսված բացառությունը չի վերաբերում այն դեպքերին, երբ տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով: Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բոլոր դեպքերում, երբ տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով, վերջինս իրավունք չունի դիմել նոր լիցենզիա ստանալու համար մինչև լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հետո օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը լրանալը, քանի որ հակառակը կհակասի իրավահավասարության սկզբունքին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների իրավական վերլուծությունն անհամատեղելի է իրավահավասարության սկզբունքի հետ, քանի որ նման իրավական վերլուծության պարագայում ստացվում է, որ համապատասխան լիազոր մարմինը պարտավոր է միատեսակ իրավիճակում հայտնված, սակայն մի դեպքում մեկ լիցենզիա, մեկ այլ դեպքում մեկից ավելի լիցենզիա ունեցող անձանց նկատմամբ դրսևորել չհիմնավորված տարբերակված մոտեցում` մի դեպքում կիրառելով տնտեսվարող սուբյեկտների նոր լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամանակային սահմանափակումները, մյուս դեպքում` ձեռնպահ մնալով դրանից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված սահմանափակումը կիրառելի է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը դադարեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով` անկախ այն հանգամանքից, թե տվյալ տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի գործողության դադարեցումից հետո վերջինս շարունակում է հանդիսանալ լիցենզավորման ենթակա համապատասխան գործունեությամբ զբաղվող անձ, թե` ոչ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիցենզիաներից մեկի գործողության դադարեցումից հետո Ընկերության կողմից դեղատնային գործունեությամբ զբաղվող անձ հանդիսանալը չի նշանակում, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված սահմանափակումն Ընկերության նկատմամբ կիրառելի չէ: Տվյալ կարգավորումը տարածվում է բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա, որոնց լիցենզիայի գործողությունը դադարեցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով, հետևաբար դեղատնային գործունեության մեկից ավելի լիցենզիաներ ունեցող Ընկերությունը նոր լիցենզիա ստանալու համար իրավունք ուներ դիմել լիցենզավորող մարմին` Նախարարություն, թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողության դադարեցումից միայն մեկ տարի հետո:

Մինչդեռ, Ընկերությունն այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու հայտերը Նախարարություն է ներկայացրել 02.10.2012 թվականին և 08.10.2012 թվականին, այսինքն` մինչև իր նախկին` թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողության դադարեցումից հետո մեկ տարվա ժամկետը լրանալը: Տվյալ դեպքում լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով պարտավոր էր մերժել Ընկերության կողմից ներկայացված այլ վայրերում ևս դեղատնային գործունեությամբ զբաղվելու հայտերը նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, քանի որ Ընկերության` թիվ Կ-XX-001190 լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հետո մեկ տարվա ընթացքում նոր լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու իրավունքը սահմանափակված է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անհիմն կերպով են հանգել այն եզրակացության, որ Նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա, թիվ 2759-Ա հրամաններն ընդունվել են օրենքի, մասնավորապես` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 33-րդ և 37-րդ հոդվածների խախտմամբ: Հետևաբար Նախարարի վերոնշյալ հրամանները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չեն կարող համարվել ոչ իրավաչափ վարչական ակտեր և ենթակա չեն անվավեր ճանաչման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատական ծախսերի կազմում ներառված է նաև պետական տուրքը: Սույն գործով նկատի ունենալով, որ Նախարարությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ, վճռաբեկ բողոքի համար` 60.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.12.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի հայցը` ՀՀ առողջապահության նախարարի 28.11.2012 թվականի թիվ 2757-Ա, թիվ 2758-Ա և թիվ 2759-Ա հրամաններն անվավեր ճանաչելու կամ վերացնելու պահանջների մասով, մերժել:

2. «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. ՍողոմոնՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀակոբՅան

Ռ. ՀակոբՅան

Տ. ՊետրոսՅԱՆ