Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.36
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ  
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6781/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/6781/05/12

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գիթա Հեյդարիմարանջեհի ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ՝ Ոստիկանություն)` 03.10.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գիթա Հեյդարիմարանջեհը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.05.2014 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.10.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետը, չի կիրառել «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի «ժե» կետը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը, ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 134-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 1-ին կետի 1-ին ենթակետը և թիվ 2-րդ հավելվածով հաստատված կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տրամադրելը մերժելու հիմք սահմանել է միմյանցից անկախ երեք պայմաններ, և նշված վավերապայմաններից մեկի առկայությունը հիմք է օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը մերժելու համար, սակայն անհասկանալի կերպով բողոքը մերժել է: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի 3 վավերապայմաններից յուրաքանչյուրն էլ առնչվում է ՀՀ ազգային անվտանգության ոլորտի հետ, հետևաբար, Ոստիկանությունը, ստանալով օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տրամադրելու նպատակահարմարության վերաբերյալ պատասխանը, գործել է տվյալ իրավահարաբերությունների ոլորտը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Բացի այդ, վերոնշյալ վավերապայմաններից որևէ մեկի առկայության պարագայում օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի տրամադրումը բացառապես մերժվում է` ազգային անվտանգության ապահովման առաջնահերթության տրամաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գիթա Հեյդարիմարանջեհը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Վերջինս 07.09.2012 թվականի դիմումով խնդրել է իրեն տալ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ։ (հատոր 1-ին, գ.թ. 80-82).

2) Ոստիկանության կողմից կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` համաձայնեցման։ (հատոր 1-ին, գ.թ. 84).

3) ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից 26.09.2012 թվականին տրվել է տեղեկատվություն այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Գիթա Հեյդարիմարանջեհին, ծնված 1971 թվականին, համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը նպատակահարմար են գտնում մերժել (հատոր 1-ին, գ.թ. 87).

4) Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Գիթա Հեյդարիմարանջեհին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու միջնորդագիրը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 85-86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական ակտի հիմնավորվածության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու վերաբերյալ վարչական վարույթի նկատմամբ.

2. արդյո՞ք վարչական ակտը, որը չի պարունակում բոլոր էական փաստական հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման բովանդակությամբ վարչական ակտ կայացնելու համար, սակայն չի խախտում շահագրգիռ անձանց սուբյեկտիվ իրավունքները և ազատությունները, միանշանակ ենթակա է անվավեր ճանաչման:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են oրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի «ժե» կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և քաղաքացիությունը դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու նրա սահմաններից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը:

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» 07.02.2008 թվականի թիվ 134-Ն որոշման (այսուհետ` Որոշում) թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) համար օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն) ներկայացնում են դիմում:

 Որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցն անձնագրային և վիզաների վարչությունը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի և դիմում-հարցաթերթիկի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող օտարերկրացիների դեպքում` միայն ցուցակները:

Որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու հարցի վերաբերյալ 7-օրյա ժամկետում անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում իր համաձայնության կամ առարկության վերաբերյալ տեղեկատվություն:

Որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում նշված կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում անձնագրային և վիզաների վարչության կողմից ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են մերժվել: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու մասին անձնագրային և վիզաների վարչության որոշումն օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու և այն մերժելու իրավասությունը վերապահված է Ոստիկանությանը: Օրենսդիրը «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում նախատեսել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում իրավասու վարչական մարմինը կարող է կացության կարգավիճակ տալը մերժել: Օտարերկրացու կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերից են նաև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետում օրենսդրի կողմից սահմանված հետևյալ հիմքերը՝ եթե կացության կարգավիճակ հայցողն իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը:

Օրենսդիրն ազգային անվտանգության մարմինների համար սահմանել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու նրա սահմաններից դուրս գալուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը մասնակցելու պարտականություն: Հայաստանի Հանրապետությունում անձին կացության կարգավիճակ տալու իրավական գործընթացին մասնակցում է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` Ծառայություն): Անձին կացության կարգավիճակ տալու կամ այն մերժելու ընթացքում Ծառայությունը պարտավոր է կացության կարգավիճակ հայցողի վերաբերյալ հայտնել դիրքորոշում:

Վերոնշված իրավական կարգավորումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու գործընթացին մասնակցում է նաև Ծառայությունը, սակայն նման կարգավիճակ տալու կամ նման կարգավիճակի տալը մերժելու իրավասությունը վերապահված է Ոստիկանությանը, որն էլ օրենքով սահմանված կարգով ընդունում է համապատասխան որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Նշված իրավանորմում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում։ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում օտարերկրացուն կացության կարգավիճակ տալուն ուղղված վարչական վարույթի իրականացման կարգը և առանձնահատկությունները կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտի հիմնավորմանը վերաբերող որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ գրավոր վարչական ակտի հիմնավորման պահանջի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

Օրենսդիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն: Օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն՝ վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտը հիմնավորելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների՝ սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը: Նման եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական, և թե՛ իրավական առումներով, մասնավորապես` այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով՝ գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի թիվ ՎԴ/03/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Ինչպես արդեն նշվել է, օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական հիմքերը: Օրենսդրի կողմից սահմանված՝ վարչական ակտում բոլոր էական փաստական հանգամանքները նշելու վարչական մարմնի պարտականությունն ինքնանպատակ չէ, քանի որ իրավական նորմում ամրագրված իրավական հետևանքներն անձի նկատմամբ կիրառելու նախապայման է հանդիսանում իրավական նորմում առկա փաստակազմի առկայության բացահայտումը: Իրավական նորմերում օրենսդիրն ամրագրում է որոշակի փաստակազմեր, որոնց գործնականում առկայությունն է միայն անձանց համար կոնկրետ գործով առաջացնում օրենքով սահմանված իրավական հետևանքները, այսինքն՝ վարչական մարմինն իրավասու է ընդունելու վարչական ակտ, որով իրավական նորմում ամրագրված իրավական հետևանքները կիրառվում են կոնկրետ անձի նկատմամբ, եթե առկա է օրենքում նկարագրված փաստակազմը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի իրավաչափության իրավական հիմքերը սահմանվում են նյութական և ընթացակարգային իրավական նորմերում: Իրավաչափ վարչական ակտը պետք է համապատասխանի իր նկատմամբ կիրառելի բոլոր նյութական և ընթացակարգային իրավական նորմերին: Վարչական դատարանը վարչական ակտի իրավաչափությունն ստուգելիս պետք է պարզի` արդյո՞ք տվյալ վարչական ակտը համապատասխանում է օրենսդրի կողմից սահմանած վարչական ակտի նյութական իրավաչափությանը ներկայացվող պահանջներին, այսինքն` համապատասխանում է նյութական իրավական նորմերին, թե` ոչ և պետք է պարզի նաև` արդյոք տվյալ վարչական ակտը համապատասխանում է օրենսդրի կողմից սահմանած վարչական ակտի ձևական իրավաչափությանը ներկայացվող պահանջներին, այսինքն` համապատասխանում է ընթացակարգային նորմերին, թե` ոչ: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի տարբերություն նյութական իրավունքի պահանջների խախտման, ընթացակարգային պահանջների խախտումը միշտ չէ, որ պետք է անվերապահորեն հանգեցնի վարչական ակտի վերացմանը` հետևյալ պատճառաբանությամբ.

Թեև իրավական պետության պայմաններում մասնավոր անձանց առնչվող վարչական մարմինների կողմից իրականացվող գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ և վարչական մարմնի գործունեությունը նաև պետք է համապատասխանի օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին, սակայն միաժամանակ ընթացակարգային պահանջները ՀՀ իրավական համակարգում ունեն օժանդակ գործառույթ: Ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթի իրավական բնույթը կայանում է նրանում, որ ընթացակարգային պահանջներին հետևելու նպատակն իրավաչափ որոշում կայացնելն ու շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանությունն ապահովելն է, և այն իրավահարաբերություններում որտեղ ընթացակարգային պահանջների պահպանման և իրավաչափ որոշում կայացնելու և շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանելու միջև անմիջական կապը բացակայում է, ընթացակարգային պահանջները և դրանց խախտման իրավական հետևանքները հարաբերական բնույթ են կրում: Այսինքն` նյութական իրավունքի համեմատությամբ ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթն արտահայտվում է նրանում, որ ընթացակարգային սխալները որոշիչ չեն, եթե չեն ազդում որոշման նյութական իրավաչափության վրա և չեն խախտում շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները:

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ վարչական ակտում համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական հանգամանքները նշելու հիմնական նպատակը վարչական վարույթի մասնակիցների՝ սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունն է, ինչպես նաև վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին իրական հնարավորություն ընձեռելը` պարզելու այն փաստական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում: Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վարչական վարույթի ընթացակարգային պահանջների պահպանման և իրավաչափ որոշում կայացնելու և շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանություն ապահովելու միջև ուղղակի կապի բացակայության դեպքում ընթացակարգային պահանջների և դրանց խախտման իրավական հետևանքները կրում են հարաբերական բնույթ: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պայմաններում, երբ վարչական մարմինն ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա փաստական հանգամանքները, այսինքն` բացահայտելով կիրառելի իրավական նորմում առկա փաստակազմը` իրավաչափորեն վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ կիրառում է իրավական նորմում նախատեսված իրավական հետևանքները, այսինքն, երբ անձին իրավաչափորեն տրամադրում է իրավունք կամ անձի վրա իրավաչափորեն դնում է որևէ պարտականություն, սակայն վարչական ակտի տեքստում չի նշում իր կողմից, արդեն իսկ բացահայտված փաստական հանգամանքները, այդպիսի վարչական ակտը ենթակա չէ անվավեր ճանաչման: Այսինքն` չնայած այն հանգամանքին, որ վարչական ակտում այն ընդունելու բոլոր էական փաստական հանգամանքները նշված չեն, այդ վարչական ակտը չի կարող համարվել անվավեր, քանի որ գործնականում չի խախտում շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները և ազատությունները, անձանց հնարավորություն է ընձեռում գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում, քանի որ այդ փաստական հանգամանքները առկա են վարչական գործում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, վարչական ակտի ձևական իրավաչափության վերաբերյալ ընդհանուր հայեցակարգային մոտեցումները և օրենսդրի կողմից ՀՀ իրավական համակարգում ներդրված վարչական ակտի ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթի իրավական բնույթը, գտնում է, որ այն պայմաններում, երբ վարչական ակտում նշված չեն այդ ակտն ընդունելու համար բոլոր էական փաստական հանգամանքները, սակայն դրա արդյունքում որևէ կերպ չի խախտվում շահագրգիռ անձանց սուբյեկտիվ իրավունքները և ազատությունները և տվյալ ակտը համապատասխանում է օրենսդրի կողմից սահմանած վարչական ակտի նյութական իրավաչափությանը ներկայացվող բոլոր պահանջներին, ապա այդ վարչական ակտը ենթակա չէ անվավեր ճանաչման:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գիթա Հեյդարիմարանջեհը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Վերջինս 07.09.2012 թվականի դիմումով խնդրել է իրեն տալ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ: Ոստիկանության կողմից կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ծառայություն: Ծառայությունը նպատակահարմար է գտել Գիթա Հեյդարիմարանջեհին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը մերժել: Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշմամբ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի հիման վրա Գիթա Հեյդարիմարանջեհին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը մերժվել է:

Դատարանը, հայցը բավարարելով և Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչելով, պատճառաբանել է, որ վարչական ակտ կայացնելիս և անձանց իրավունքներ տրամադրելիս կամ դրանք մերժելիս, վարչական մարմինն օրենքով կրում է իր կողմից կայացված վարչական ակտը հիմնավորելու պարտականություն, որը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածներով: Դատարանը վերը նշված հոդվածների վերլուծության արդյունքում եզրակացրել է, որ վարչական ակտում բավարար չէ նշել միայն դրա կայացման իրավական հիմքը, այլ նույն կերպ անհրաժեշտ է նշել բոլոր փաստական հանգամանքները, որոնք հիմք են տվել կայացնելու նման բովանդակությամբ որոշում։

Վերաքննիչ դատարանը, Ոստիկանության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, նշել է, որ վիճարկվող ակտում կիրառված նորմը պարունակում է երեք վավերապայման, հետևաբար վիճարկվող ակտը պետք է պարունակի ոչ միայն համապատասխան կետի խախտման հիմնավորումը, այլ նաև այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք հիմք են տվել վարչական մարմնին նման բովանդակությամբ որոշում կայացնելու համար, ինչը տվյալ դեպքում բացակայում է։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Գիթա Հեյդարիմարանջեհին ՀՀ կացության կարգավիճակ տրամադրելու հարցը վարչական վարույթի շրջանակներում քննարկելու և դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասություն ունի Ոստիկանությունը: Գիթա Հեյդարիմարանջեհին ՀՀ կացության կարգավիճակ տրամադրելու իրավական գործընթացին մասնակցելու պարտականություն է սահմանված նաև Ծառայության համար, որը, կատարելով իր վրա օրենսդրի կողմից դրված պարտականությունը, «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 134-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն իրավասու մարմնին ներկայացրել է Ծառայության առարկության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Տվյալ դեպքում, թեև Ոստիկանությունը վիճարկվող վարչական ակտում չի նշել այդ ակտն ընդունելու համար հիմք հանդիսացած բոլոր էական փաստական հանգամանքները, սակայն վերը շարադրված պատճառաբանություններից հետևում է, որ միայն տվյալ հանգամանքը բավարար չէ Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչելու համար: Նշված որոշումը ենթակա է անվավեր ճանաչման միայն այն դեպքում, եթե իրավասու վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում չի բացահայտել տվյալ գործի համար բոլոր էական փաստական հանգամանքները՝ չապահովելով վարչական վարույթի շրջանակներում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը:

Վերը նշվածից հետևում է, որ մինչև Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչելը Դատարանը պարտավոր էր պարզել՝ արդյոք վարչական վարույթի ընթացքում Ոստիկանությունն ինքնուրույն, ինչպես նաև Ծառայության միջոցով բացահայտել է տվյալ գործի համար բոլոր էական փաստական հանգամանքները, ապահովել է վարչական վարույթի ընթացքում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Մինչդեռ Դատարանը, առանց վերը նշված հանգամանքները պարզելու, անհիմն և ոչ իրավաչափորեն հայցը բավարարել է և անվավեր է ճանաչել Ոստիկանության 03.10.2012 թվականի որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ, անտեսելով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտումը, մերժել է Ոստիկանության վերաքննիչ բողոքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սույն գործի լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, հետևաբար գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ գործի փաստական հանգամանքները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. ՊետրոսՅԱՆ

Ե. ՍողոմոնՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան