Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0062/04/13

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0062/04/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Կ. Հակոբյան

Դատավորներ`

Ի. Վարդանյան

Գ. Մատինյան   

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մերուժան Պետրոսյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Մերուժան Պետրոսյանի դիմումի ընդդեմ Հերիքնազ Ղազարյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մերուժան Պետրոսյանը պահանջել է Հերիքնազ Ղազարյանին սնանկ ճանաչել։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 10.04.2014 թվականի վճռով դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.06.2014 թվականի որոշմամբ Մերուժան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մերուժան Պետրոսյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 2-րդ կետը, նույն օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 130-132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ պարտապան Հերիքնազ Ղազարյանը չի առարկում վճարային պարտավորության դեմ: Հետևաբար, տվյալ դեպքում, վճարային պարտավորությունն անվիճելի է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելիս ուսումնասիրել է դիմումին կից ներկայացված 01.05.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը և, «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշում կայացնելով, ըստ էության, ընդունել և ճանաչել է տվյալ փաստաթուղթը` որպես պահանջը հիմնավորող պատշաճ ապացույց, որից հետո պատասխանողը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում գրավոր կերպով չի վիճարկել իր սնանկությունը:

Հետևաբար ակնհայտ է, որ սույն գործով վճարային պարտավորությունը վիճելի չէ, որպիսի պայմաններում առկա են օրենքով նախատեսված բոլոր պայմաններն անձին սնանկ ճանաչելու համար: Հակառակ դեպքում, եթե Դատարանը դիմումը վարույթ ընդունելուց դիմումին կից ներկայացված պայմանագրի պատճենը չհամարեր որպես պահանջը հիմնավորող ապացույց, ապա Դատարանը դիմումը չպետք է վարույթ ընդուներ և օրենքով սահմանված կարգով պետք է այն վերադարձներ:

Վերաքննիչ դատարանը սխալ եզրակացություն է կատարել նաև 01.05.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրի բնօրինակի վերաբերյալ, որը Վերաքննիչ դատարանը համարել է որպես նոր ապացույց և, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը, եզրակացրել է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում: Վերաքննիչ դատարանը տվյալ պարագայում անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ դիմող կողմը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է արդեն իսկ առաջին ատյանի դատարան ներկայացված ապացույցի` պայմանագրի բնօրինակը պատճենի հետ համեմատելու համար, այլ ոչ թե որպես նոր ապացույց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` դիմումը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 13.11.2013 թվականի դիմումի համաձայն` Մերուժան Պետրոսյանը պահանջել է սնանկ ճանաչել Հերիքնազ Ղազարյանին և դատարանի հայեցողությամբ նշանակել սնանկության կառավարիչ (գ.թ. 2-4):

2) Դիմումին կից ներկայացվել է Մերուժան Պետրոսյանի և Հերիքնազ Ղազարյանի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը (գ.թ. 96):

3) Դատարանի 13.11.2013 թվականի որոշմամբ Մերուժան Պետրոսյանի դիմումն ընդունվել է վարույթ (գ.թ. 1):

4) ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից ուղարկված 31.03.2014 թվականի ստացականի համաձայն` Հերիքնազ Ղազարյանը 31.03.2014 թվականին պատշաճ կարգով ստացել է սնանկության մասին դիմումի օրինակը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և ծանուցագիրը (գ․թ․ 71-72):

5) Հերիքնազ Ղազարյանը չի առարկել իր սնանկության վերաբերյալ:

6) Մերուժան Պետրոսյանը 30.04.2014 թվականի վերաքննիչ բողոքում որպես վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ նշել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 103-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների խախտումները, իսկ որպես նշված խախտումների հիմնավորում` նշել է այն, որ դիմումին կից ներկայացվել է 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը, որը դիմումի հետ միասին Դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրվելուց հետո ընդունվել է վարույթ (գ․թ․ 90-95):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, դրա արդյունքում նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն (…) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերը նշված իրավանորմերի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մերուժան Պետրոսյանը, որպես Հերիքնազ Ղազարյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջը հիմնավորող ապացույց, ներկայացրել է Մերուժան Պետրոսյանի և Հերիքնազ Ղազարյանի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը, որը Դատարանի կողմից չի կարող դիտվել վճարային պարտավորությունը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույց:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 219-րդ հոդվածի 2-րդ կետը, պատճառաբանել է, որ Մերուժան Պետրոսյանը չի հիմնավորել 01.05.2011 թվականի փոխառության պայմանագրի բնօրինակն առաջին ատյանի դատարանում իրենից անկախ պատճառներով չներկայացնելու հանգամանքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` նույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ դիմումն ստանալու օրը: (...) Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության, դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակության մեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սնանկության վարույթը դիտելով քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող առանձին վարույթ, իմպերատիվ ձևով ամրագրել է դիմումատուի պարտականությունը դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, փաստաթղթերի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինության ապացուցման պարտականությունն օրենսդրի կողմից դրվել է դիմողի վրա: Միաժամանակ դատարանին իրավունք է վերապահվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով վերադարձնել դիմումը, եթե վերը նշված պայմանը դիմողի կողմից չի պահպանվել, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը: Այսպիսով, հաշվի առնելով քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլի դերը, նշանակությունն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործի հարուցման փուլի նպատակը հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու հարցի լուծումն է: Օրենսդիրն այդ իսկ նկատառումով սահմանել է, որ այն պետք է ավարտվի որոշակի իրավակիրառ ակտի ընդունմամբ, այն է` դատարանի կողմից հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու, ընդունումը մերժելու կամ վերադարձնելու մասին որոշում կայացնելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես դատավարության յուրաքանչյուր փուլ, այնպես էլ քաղաքացիական գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը: Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է inter alia, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, պարբ. 61):

Սույն գործով Մերուժան Պետրոսյանը Հերիքնազ Ղազարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին 13.11.2013 թվականին դիմումին կից ներկայացրել է նաև կողմերի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը: Տվյալ դիմումը Դատարանի 13.11.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ըստ գործում առկա 31.03.2014 թվականի ստացականի` Հերիքնազ Ղազարյանը պատշաճ կարգով ստացել է սնանկ ճանաչելու մասին դիմումը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և ծանուցագիրը: Հերիքնազ Ղազարյանն օրենքով սահմանված կարգով չի առարկել իր սնանկության վերաբերյալ:

Վերոնշյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դիմումատու Մերուժան Պետրոսյանը, ունենալով Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» 13.11.2013 թվականի որոշումը, որով նրա դիմումը (որին կցվել էր 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը) ընդունվել է վարույթ, ըստ էության, ստացել է որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և դատարանի կողմից, որպես այդ հարցի կապակցությամբ կայացված դատական ակտ, կարող էր համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իմպերատիվ ձևով ամրագրել է դատավորի պարտականությունը դիմումն ընդունել վարույթ, եթե պահպանվել են նույն օրենքով նախատեսված պահանջները:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատարանի կողմից կայացվել է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, ապա դիմողի մոտ արդեն ձևավորվում է այն համոզմունքը, որ դիմումը ներկայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, այդ թվում` պահպանված է նաև օրենքով սահմանված կարգով դիմումին կից ներկայացված փաստաթղթերին ներկայացվող պահանջը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մերուժան Պետրոսյանի և Հերիքնազ Ղազարյանի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը դիմումին կից ներկայացված լինելու և Դատարանի կողմից 13.11.2013 թվականին դիմումը վարույթ ընդունելու պայմաններում Մերուժան Պետրոսյանի մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ դիմումը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունը` 01.05.2011 թվականի փոխառության պայմանագրի պատճենը լինելու հանգամանքը, որպես դիմումի մերժման հիմք, իրավաչափ չէ, քանի որ դրանով իսկ կասկածի տակ է դրվում Դատարանի 13.11.2013 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» որոշումը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որն անտեսվել և պատշաճ գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Վճռաբեկ դատարանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթը մեկնաբանելով նաև թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականին իր նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը սնանկության մասին դիմումի վարույթ ընդունմամբ արձանագրել է նշված դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին, պարտապանի կողմից սեփական սնանկության վերաբերյալ չառարկելու և պարտապանի անվճարունակության մասին վկայող մյուս երկու հիմքերի (60-օրյա ժամկետով կետանցի և այդպիսի կետանցի շարունակվելու) դեպքում պետք է վճիռ կայացնի պարտապանին սնանկ ճանաչելու մասին:

Սույն գործով Դատարանը, վարույթ ընդունելով Մերուժան Պետրոսյանի դիմումը, այսինքն` ըստ էության արձանագրելով վերջինիս դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրի կողմից սահմանված պահանջներին, Հերքինազ Ղազարյանի կողմից սեփական սնանկության վերաբերյալ առարկությունների բացակայության պայմաններում մերժել է Մերուժան Պետրոսյանի դիմումը՝ կից ներկայացված ապացույցի` օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով՝ արդյունքում թույլ տալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածների խախտում, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Մինչդեռ, վերոգրյալի հաշվառմամբ ինչպես Դատարանի գործողությունները (դիմումը վարույթ ընդունելը), այնպես էլ պարտապանի անգործությունը (առարկություն չներկայացնելը) հավասարապես հիմնավորում են վճարային պարտավորության առկայության և դրա անվիճելիության փաստը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին, անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ