Գլխավոր տեղեկություն
Համար
N 1372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.06.2015-16.06.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1389
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1372-Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգով (այսուհետ` կարգ) կանոնակարգվում է դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների օդային փոխադրման, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող (փաթեթավորող և փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող) կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 21.05.15 N 551-Ն)

2. Կարգը մշակվել է` հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 37-րդ հոդվածը, կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածը (այսուհետ` N 18 հավելված) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ԴՈԿ 9284 ԱՆ/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգը» (այսուհետ` տեխնիկական հրահանգ):

3. Կարգի իմաստով օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, ընդգրկված են տեխնիկական հրահանգով սահմանված վտանգավոր բեռների ցանկում, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:

4. Կարգի դրույթները չեն տարածվում այն նյութերի և միացությունների վրա, որոնք վտանգավոր են, սակայն, ելնելով օդանավի թռիչքային պիտանիության պահանջներից և օդանավի շահագործման պայմաններից, անհրաժեշտ են օդանավում գտնվելու համար:

5. Կարգի պահանջները տարածվում են դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

(5-րդ կետը փոփ. 21.05.15 N 551-Ն)

6. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ազատում` պետության լիազորված մարմնի համապատասխան մեկանգամյա որոշում, որը թույլ է տալիս վտանգավոր բեռների օդային փոխադրումների գործընթացն իրականացնել առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման.

2) վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններ` օդանավ շահագործողներ և օդանավ շահագործողների բեռնափոխադրումների գրանցված գործակալներ։ Վերջիններս օդանավ շահագործողի համար և նրա անունից պայմանագրային հիմունքներով սպասարկում են բեռները կամ ձևակերպումներ իրականացնում.

3) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ` կազմակերպություններ, որոնք օդանավակայանի բեռնային համալիրում իրականացնում են օդանավակայանից առաքվող և օդանավակայան ժամանող վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ.

4) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որն ունի օդանավ շահագործողի վկայական.

5) օտարերկրյա օդանավ շահագործող` օտարերկրյա կազմակերպություն, որն ունի օդանավ շահագործողի վկայական.

6) Միավորված ազգերի կազմակերպության ցանկով սահմանված քառանիշ համարանիշ` այն տրվում է Միավորված ազգերի կազմակերպության վտանգավոր բեռների փոխադրման փորձագետների կոմիտեի կողմից, վտանգավոր նյութերի կամ դրանց խմբաքանակի նշագրման համար.

7) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման սկզբունքները սահմանող միջազգային նորմատիվ իրավական փաստաթուղթ.

8) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգ» (9284 ձեռնարկ)` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ընդունված ձեռնարկ, որը սահմանում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման պայմանները:

7. Օդանավերով որոշակի տեսակների վտանգավոր բեռները կարող են փոխադրվել` առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման, միայն շահագրգիռ երկրների կողմից նրանց ազատում հայտարարելու դեպքերում:

8. Ազատման բացակայության դեպքում օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռներ են համարվում վարակակիր կենդանիները և այն արտադրատեսակներն ու նյութերը, որոնց փոխադրումը սովորական պայմաններում օդային տրանսպորտով տեխնիկական հրահանգով արգելվում է:

9. Վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններն ապահովում են, որպեսզի վտանգավոր բեռներն օդային փոխադրման համար ընդունվեն միայն այն դեպքում, երբ`

1) դրանք ուղեկցվում են վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման համար լրացված փոխադրման փաստաթղթերով.

2) վտանգավոր բեռների նշագրումը, փաթեթավորումը և փոխադրման ընդունման ընթացակարգերը համապատասխանում են տեխնիկական հրահանգով սահմանված պայմաններին.

3) վտանգավոր բեռներն օդանավ բարձելու դեպքում պահպանվեն տեխնիկական հրահանգով սահմանված ընթացակարգերը:

10. Վտանգավոր բեռ փոխադրող օդանավի հրամանատարն օդանավի թռիչքից առաջ տեղեկացվում է փոխադրվող վտանգավոր բեռի մասին:

11. Վտանգավոր բեռ փոխադրող օդանավում պետք է առկա լինի ԻԿԱՕ-ի 9481 ԱՆ/928 փաստաթղթի պահանջներին համապատասխան մշակված «Օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված արտակարգ իրավիճակներում գործողությունների ուղեցույցը»:

12. Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքները և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումներն իրականացվում են N 18 հավելվածի դրույթների, տեխնիկական հրահանգով սահմանված պայմանների և սույն կարգի համաձայն:

 

II. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) թույլտվության հիման վրա:

(13-րդ կետը փոփ. 21.05.15 N 551-Ն)

14. Դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվության համար Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալները նախատեսված փոխադրումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ գլխավոր վարչություն են ներկայացնում հայտ, որում նշվում են փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, Միավորված ազգերի կազմակերպության կողմից վտանգավոր բեռին տրված ծածկագիրը, բեռի քաշը, քանակը, փաթեթավորման տեսակը և փոխադրման ուղղությունը: Հայտին կցվում է վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրումների թույլտվության պատճենը:

(14-րդ կետը փոփ., լրաց. 21.05.15 N 551-Ն)

15. Հայտատուի կողմից հայտը գլխավոր վարչություն է ներկայացվում հայերենով, ռուսերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով, կամ ՍԻՏԱ և ԱՖՏՆ ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:

16. Հայտի մուտքագրման օր է համարվում գլխավոր վարչություն հայտը մուտք լինելու օրը:

17. Գլխավոր վարչություն մուտք եղած հայտը տրվում է գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրության նպատակով:

18. Հայտում ներկայացված տվյալները սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` դրա մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո մեկօրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` դրա մասին տեղեկացնելով գլխավոր վարչությանը:

19. Անհրաժեշտության դեպքում հայտը մեկօրյա ժամկետում համաձայնեցվում է նաև գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

20. Հայտը գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո չորս օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ, թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն կամ մերժում է հայտը: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

21. Հայտը մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի դրույթների պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են։

22. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

23. (կետն ուժը կորցրել է 21.05.15 N 551-Ն)

 

III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

24. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին գլխավոր վարչության կողմից տրվում է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն` համաձայն N 1 ձևի:

25. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները սույն կարգի 24-րդ կետում նշված թույլտվությունն ստանալու համար գլխավոր վարչություն են ներկայացնում հայտ` նշելով կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը: Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) անձնակազմի վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ գլխավոր վարչության կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները.

3) վտանգավոր բեռների պահեստարանի առկայության մասին տեղեկանքը.

4) վտանգավոր բեռների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների առկայության մասին տեղեկանքը.

5) ԻԿԱՕ-ի ԴՈԿ 9284 ԱՆ/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը.

6) օդանավ շահագործողների հետ կնքված բեռնափոխադրումների սպասարկման պայմանագրի պատճենը:

(25-րդ կետը խմբ. 25.08.11 N 1247-Ն, լրաց. 09.10.14 N 1094-Ն)

26. Հայտը գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ներկայացվում է գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության համար, որոնք տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Եթե ներկայացված հայտում առկա են թերություններ, ապա գլխավոր վարչությունը հայտը մուտք լինելու օրվանից տասնօրյա ժամկետում առկա թերությունների մասին գրավոր հայտնում է հայտատուին, որը դրանք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում վերացնում կամ շտկում է դրանք:

27. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, այն գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից երեսնօրյա ժամկետում, դրական եզրակացության դեպքում հայտատուին գլխավոր վարչության պետի հրամանով տրվում է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն:

28. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվությունը տրվում է մինչև մեկ տարի գործողության ժամկետով, որը լրանալուց հետո թույլտվություն ստացած կազմակերպությունը կարող է սույն կարգի պահանջներին և պայմաններին համապատասխան գլխավոր վարչություն ներկայացնել հայտ` վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար:

29. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվության ստացման նպատակով տրված հայտը քսանհինգօրյա ժամկետում մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

3) հայտատուն միջոցներ չի ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար։

30. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն տեղեկացվում է տասնօրյա ժամկետում` համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

31. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին` օդանավ շահագործողներին գլխավոր վարչության կողմից տրվում է վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն` համաձայն N 2 ձևի:

32. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները` օդանավ շահագործողները, սույն կարգի 31-րդ կետում նշված թույլտվությունն ստանալու համար գլխավոր վարչություն են ներկայացնում հայտ` նշելով կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը: Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի վկայականի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի հետ գործակալի կնքած բեռնափոխադրումների մասին պայմանագրի պատճենը.

2) օդանավի անձնակազմի անդամների և օդանավ շահագործողի բեռնային փոխադրումների ծառայության առնվազն երկու աշխատողի` վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ գլխավոր վարչության կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները.

3) «Տեխնիկական հրահանգի» պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը։

(32-րդ կետը խմբ., լրաց. 09.10.14 N 1094-Ն)

33. Հայտը գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ներկայացվում է գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության համար, որոնք տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Եթե ներկայացված հայտում առկա են թերություններ, ապա գլխավոր վարչությունը հայտը մուտք լինելու օրվանից տասնօրյա ժամկետում առկա թերությունների մասին գրավոր հայտնում է հայտատուին, որն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վերացնում կամ շտկում է դրանք:

34. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, այն գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից քսանօրյա ժամկետում, հայտատուին գլխավոր վարչության պետի հրամանով տրվում է վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն:

35. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվությունը տրվում է մինչև մեկ տարի գործողության ժամկետով, որը լրանալուց հետո թույլտվություն ստացած կազմակերպությունը կարող է սույն կարգի պահանջներին և պայմաններին համապատասխան գլխավոր վարչություն ներկայացնել հայտ` վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների նոր թույլտվության տրամադրման համար:

36. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվության ստացման նպատակով տրված հայտը քսանհինգօրյա ժամկետում մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

3) հայտատուն միջոցներ չի ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար:

37. Հայտի մերժման դեպքում հայտատուն դրա մասին տեղեկացվում է մերժման օրվանից տասնօրյա ժամկետում` համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ
(գլուխը լրաց. 04.07.12 N 887-Ն)

 

38. Դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս ուղևորային կամ բեռնատար օդանավերով փոխադրման ոչ ենթակա վտանգավոր բեռի փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողը, որն ունի նման փոխադրման պատվեր, տվյալ փոխադրումից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան հայտ վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատման տրամադրման մասին.

1) ուղևորային օդանավերով փոխադրման ոչ ենթակա վտանգավոր բեռի փոխադրման սահմանված կարգից ազատումը կարող է լինել միայն տվյալ չվերթում ուղևորների բացակայության պայմանով.

2) օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը գլխավոր վարչություն են ներկայացնում դիվանագիտական ուղիներով.

3) սույն կետի իմաստով ծայրահեղ անհրաժեշտության դեպքեր են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող այն անհետաձգելի միջոցառումները, որոնք ուղղված են պետության պաշտպանության, հանրային անվտանգության, ազգային անվտանգության, տնտեսության և առողջապահության ապահովմանը:

(38-րդ կետը փոփ. 21.05.15 N 551-Ն)

39. Ազատումը կարող է ձևակերպվել վտանգավոր բեռների մեկանգամյա կամ մի քանի նմանատիպ փոխադրումների համար` որոշակի ազատման ժամանակահատվածով, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամանակահատվածը:

40. Հայտատուի կողմից հայտը գլխավոր վարչություն, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողի դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվում է հայերենով, ռուսերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով, կամ ՍԻՏԱ և ԱՖՏՆ ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:

41. Հայտի մուտքագրման օր է համարվում գլխավոր վարչությունում հայտը մուտքագրվելու օրը:

42. Գլխավոր վարչությունում մուտքագրված հայտը տրվում է գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրության նպատակով:

43. Ազատման հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք պարունակում են ստորև ներկայացված տեղեկությունները՝

1) ուղևորային կամ բեռնատար օդանավով վտանգավոր բեռների փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության հիմնավորումը` տրված համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից.

2) բեռն առաքողի անվանումը և գտնվելու վայրը.

3) բեռն ստացողի անվանումը և գտնվելու վայրը.

4) վտանգավոր բեռի ցանկը և բնութագիրը, դրա վտանգավորության բնութագրումը.

5) բեռնաթափվող բեռի անվանումը և Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) կողմից տվյալ տեսակի բեռին շնորհված համարը.

6) փաթեթավորման հավաքածուի տեսակը և քանակը ՄԱԿ-ի կողմից շնորհված յուրաքանչյուր համարի համար.

7) օգտագործված փաթեթավորման ուղեցույցների համարները և փաթեթավորման տեսակը.

8) ՄԱԿ-ի կողմից շնորհված յուրաքանչյուր համարի որակավորման հիմքը (տեղեկություններ բեռի և փաթեթավորման հավաքածուի դասակարգման փորձարկումների մասին)՝ կցելով համապատասխան փորձարկումների վերաբերյալ արձանագրությունները.

9) լրացուցիչ սարքավորումների առկայության և օգտագործման անհրաժեշտության մասին տեղեկություններ.

10) օդանավ շահագործողի անվանումը.

11) օդանավ շահագործողի կողմից վտանգավոր բեռների փոխադրման թույլտվության առկայության մասին տեղեկություն.

12) փոխադրման պլանավորված ժամանակացույցը.

13) փոխադրման պլանավորված ուղին.

14) թռիչքներ, վայրէջքներ և նշված բեռների մշակման վերաբերյալ օդանավակայանների համաձայնության մասին տեղեկության առկայությունը՝ կցելով փաստաթղթերի պատճենները.

15) պլանավորված օդանավի տեսակը.

16) հիմնական և լրացուցիչ օդանավերի գործարանային համարները.

17) հիմնական և լրացուցիչ օդանավերի թռիչքային և խցիկային անձնակազմերի մասին տեղեկատվությունը.

18) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնք մասնակցելու են բեռների՝ օդանավ բեռնմանը, բեռնաթափմանը, ընդունմանը և պահպանմանը, և դրանց՝ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու թույլտվությունների պատճենները.

19) վթարային իրավիճակների դեպքերի համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ հատուկ տեսակի մշակումների և ցանկացած հատուկ գործողությունների նկարագիր և վթարային իրավիճակում գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն։

(43-րդ կետը լրաց. 21.05.15 N 551-Ն)

44. Հայտում ներկայացված տվյալները սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` դրա մասին սույն կարգի 40-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնելով գլխավոր վարչությանը: Օտարերկրյա օդանավ շահագործողներին գլխավոր վարչության կողմից տրամադրվող դիտողությունների ցանկը և նրանց կողմից կատարված շտկումների մասին տեղեկատվությունը գլխավոր վարչություն են ներկայացվում դիվանագիտական ուղիներով:

45. Հայտը երկօրյա ժամկետում համաձայնեցվում է նաև գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

46. Հայտը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո չորս օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն կամ մերժում է հայտը: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

47. Հայտը մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի դրույթների պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված:

48. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որում նշվում են մերժման պատճառները:

49. Վտանգավոր բեռների փոխադրման ազատումը ձևակերպվում և առաքվում է հայտատուին դրա իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձի կողմից՝ համապատասխան փաստաթղթի միջոցով, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) առաքողի և ստացողի տվյալները.

2) առաքվող բեռների ցանկը և բնութագրերը.

3) վտանգավորության բնութագրերը, ՄԱԿ-ի կողմից շնորհված համարները.

4) փաթեթավորման քանակը և տեսակը.

5) առաքման օդանավակայանների անվանումները, նշանակումը և տարանցիկ վայրէջքները.

6) փոխադրման ժամանակացույցը և թույլատրված երթուղին.

7) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց թույլատրվում է մասնակցել բեռների՝ օդանավ բեռնման, ընդունման և պահպանման աշխատանքներում.

8) փոխադրման նպատակակետի և տարանցիկ երկրների կողմից ազատման առկայության անհրաժեշտության մասին տեղեկատվություն.

9) ցուցումներ փոխադրման պայմանների, բեռնման առանձնահատկությունների, բեռի ամրացման, հավելյալ սարքավորումների առկայության և օդանավի վրա կամ բեռնման ու բեռնաթափման օդանավակայաններում հնարավոր պատահարի չեզոքացման գործողությունների վերաբերյալ.

10) նշանակման և տարանցիկ օդանավակայաններում վայրէջքի թույլտվության պարտադիր առկայության փաստը:

50. Գլխավոր վարչությունը դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս ուղևորային կամ բեռնատար օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման համար տրված թույլտվության, ինչպես նաև օդանավի թռիչքի և վայրէջքի ժամի, թռիչքի երթուղիների, փոխադրվող վտանգավոր բեռների մասին տեղեկատվությունը փոխադրումից առնվազն 3 օր առաջ էլեկտրոնային կապի միջոցներով կամ հեռախոսագրով հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն:

(50-րդ կետը փոփ. 21.05.15 N 551-Ն)

(4-րդ գլուխը լրաց. 04.07.12 N 887-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

R E P U B L I C  OF  A R M E N I A

G E N E R A L  D E P A R T M E N T  O F  C I V I L  A V I A T I O N

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ

_________________________________________________________

_________________________________________________________

______________________________

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS

РАЗРЕШЕНИЕ НА ОБСЛУЖИВАНИЕ ОПАСНЫХ ГРУЗОВ

 

DG N _____

 

Կազմակերպություն` .....................................................................................
Organization .....................................................................................
Организация .....................................................................................
   
Գտնվելու վայրը` .....................................................................................
Location: .....................................................................................
Местонахождение .....................................................................................
   
Սպասարկման աշխատանքների բնույթը ` փաթեթավորում, բեռների վերգետնյա փոխադրում
Type of conveyance: packaging, groսnd transportation of dangeroսs goods
Тип транспортировки: упаковка, перевозка опасных грузов
   
Թույլտվության գործողության
ժամկետը`
.....................................................................................
Permission validity: .....................................................................................
Разрешение действительно до: .....................................................................................
   
Տալու ամսաթիվը` .....................................................................................
Date of issսe: .....................................................................................
дата выдачи .....................................................................................

 

Լրացուցիչ պայմաններ` բացի միջուկային տարանջատվող նյութերի փոխադրումներից
Additional conditions: exclսding transportation of nսclear divisible materials
Дополнительные условия: за исключением транспортировки ядерных делимых материалов

 

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

D I R E C T O R G E N E R A L

Начальник главного управления

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

R E P U B L I C  OF  A R M E N I A

G E N E R A L  D E P A R T M E N T  O F  C I V I L  A V I A T I O N

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ

_________________________________________________________

_________________________________________________________

______________________________

 

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS AIR TRANSPORTATION

 РАЗРЕШЕНИЕ НА ОБСЛУЖИВАНИЕ ВОЗДУШНОЙ ПЕРЕВОЗКИ ОПАСНЫХ ГРУЗОВ

DG N _____

 

Կազմակերպություն` ................................................................................................
Company: ................................................................................................
Компания ................................................................................................
Գտնվելու վայրը` ................................................................................................
Location: ................................................................................................
Местонахождение ................................................................................................
Բեռների սպասարկման տեսակը`   վտանգավոր բեռների փոխադրում
Type of service: transportation of dangeroսs goods
Тип обслуживания:
 
перевозка опасных грузов
 
Թույլտվության գործողության ................................................................................................
ժամկետը` ................................................................................................
Permission validity: ................................................................................................
Разрешение действительно до:
 
................................................................................................
 
Տալու ամսաթիվը` ................................................................................................
Date of issսe: ................................................................................................
дата выдачи ................................................................................................
Լրացուցիչ պայմաններ` բացի միջուկային տարանջատվող նյութերի փոխադրումներից
Additional conditions: exclսding transportation of nսclear divisible materials
Дополнительные условия: за исключением транспортировки ядерных делимых материалов

 

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

D I R E C T O R G E N E R A L

Начальник главного управления

 

(հավելվածը խմբ. 25.08.11 N 1247-Ն, փոփ., լրաց. 04.07.12 N 887-Ն, լրաց., խմբ. 09.10.14 N 1094-Ն, փոփ., լրաց. 21.05.15 N 551-Ն)