Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0031/04/13

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0031/04/13

2015 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

Դատավորներ`

Ի. Վարդանյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱնտոնՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Վարդան Բեժանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի ընդդեմ Զորակ Հովհաննիսյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Զորակ Հովհաննիսյանին սնանկ ճանաչել:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2013 թվականի որոշմամբ հաստատվել է Զորակ Հովհաննիսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

Զորակ Հովհաննիսյանը 11.03.2014 թվականին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագիր, ըստ որի` իր ունեցած պարտավորությունները նախատեսում է մարել մեկ տարի ժամկետում:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 01.04.2014 թվականի որոշմամբ հաստատվել է Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.04.2014 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 74-րդ և 75-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, ծանուցելով Բանկին Զորակ Հովհաննիսյանի ֆինանսական առողջացման ծրագրի մասին, սահմանել է, որ դրա դեմ առարկություն ներկայացնելու վերջնաժամկետը 31.03.2014 թվականն է, և Բանկը, օգտվելով օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունից, 31.03.2014 թվականին ներկայացրել է իր առարկությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված առարկությունը Դատարան ուղարկելու փաստը հավաստող 31.03.2014 թվականի փոստային անդորրագիրը, հանգել է անհիմն հետևության առ այն, որ Բանկի կողմից առարկությունը ներկայացվել է 07.04.2014 թվականին:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ապացույցները բավարար հիմք չեն տալիս հաստատելու վերջինիս ֆինանսական առողջացման ծրագիրը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.06.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` մերժել Զորակ Հովհաննիսյանի ֆինանսական առողջացման ծրագիրը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Զորակ Հովհաննիսյանը 11.03.2014 թվականին ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր` 12 ամսվա վճարման ժամանակացույցով (Հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 32-70):

2) Դատարանը 11.03.2014 թվականի թիվ ՇԴ/0031/04/13 գրությամբ Բանկին տեղեկացրել է, որ ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Բանկը դրանք կարող է Դատարան ներկայացնել մինչև 31.03.2014 թվականը (Հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 71):

3) Բանկը` որպես թիվ ՇԴ/0031/04/13 սնանկության գործով պարտատեր, 28.03.2014 թվականին կազմել է Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկություն, որը փոստային բաժանմունք է հանձնել 31.03.2014 թվականին (Հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 88-93):

 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետը սխալ մեկնաբանելու և կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի շրջանակներում ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու ժամկետների խնդրին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` նույն օրենքով կամ երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և նույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի «Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները» վերտառությամբ 11-րդ գլխում տեղ գտած 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիր կարող է ներկայացնել միայն պարտապանը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից չի քվեարկվում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատիրոջ (պարտատերերի) կողմից կարող է վիճարկվել, եթե`

ա) այն չի համապատասխանում նույն օրենքով սահմանված պահանջներին.

բ) ծրագրի ժամկետը պակաս է 3 տարուց, և (որի արդյունքում) պարտատերերն իրենց պահանջների ամբողջական բավարարում չեն ստանում:

Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը նպատակ է հետապնդում հնարավորություն ընձեռելու բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել կենսունակությունը:

Միևնույն ժամանակ վկայակոչված իրավակարգավորումը կոչված է ապահովելու պարտատերերի շահերի պաշտպանությունը` այդ իսկ նկատառումով սահմանելով ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի ծանոթանալու իրավունքը, իրավաբանական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից քննարկելու և քվեարկությամբ ընդունելու կամ չընդունելու հնարավորությունը: Ընդ որում, օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանել է նաև իրավաբանական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից քննարկելու և դրա վերաբերյալ քվեարկության միջոցով դիրքորոշումը հայտնելու ժամկետը:

Վերոգրյալով հանդերձ, ֆիզիկական անձի սնանկության առանձնահատկություններից ելնելով, օրենսդիրը վերջինիս ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ պարտատերերի կողմից քվեարկության հնարավորություն չի նախատեսել, այդուհանդերձ, հնարավորություն է տվել պարտատերերին` ծանոթանալու ֆինանսական առողջացման ծրագրին, և իրենց իսկ շահերի պաշտպանությունից ելնելով՝ նաև վիճարկել այն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով (տե′ս, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանն ընդդեմ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թիվ ԵՇԴ/0023/04/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08052014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրին ծանոթանալու և այն վիճարկելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով որևէ ժամկետ սահմանված չէ, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումները, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետը, համաձայն որի՝ դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում: Դրանց բացակայության դեպքում դատավարական գործողությունների կատարման ժամկետները սահմանում է դատարանը:

Հաշվի առնելով, որ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ պարտատերերի կողմից քվեարկություն օրենքը չի նախատեսում, և ֆիզիկական անձ պարտապանի կողմից ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու դեպքում պարտատերերի շահերի պաշտպանության իրականացումը նշված փուլում դրսևորվում է միայն վերջիններիս կողմից ֆինանսական առողջացման ծրագիրը վիճարկելու հնարավորությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վիճարկելու ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնեն պարտատերերի շահերի պաշտպանությունը՝ այդ իրավունքի իրականացման համար ապահովելով իրական երաշխիքներ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 13.08.2013 թվականի վճռով Զորակ Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Զորակ Հովհաննիսյանը 11.03.2014 թվականին ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր` 12 ամսվա վճարման ժամանակացույցով: Դատարանը 11.03.2014 թվականի թիվ ՇԴ/0031/04/13 գրությամբ Բանկին տեղեկացրել է, որ ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Բանկը դրանք կարող է Դատարան ներկայացնել մինչև 31.03.2014 թվականը: Բանկը 31.03.2014 թվականին փոստային կապի միջոցով Դատարան է ուղարկել առարկություն` Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի դեմ:

Դատարանը Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին 01.04.2014 թվականի որոշմամբ պատճառաբանել է, որ պարտապան Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին և չի խախտում այլ անձանց շահերը, և բացի այդ, ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի մասին Դատարանի կողմից ծանուցվել են պարտատերերը և Կառավարիչը, սակայն վերջիններիս կողմից ֆինանսական առողջացման ծրագրի կապակցությամբ առարկություններ չեն ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ Բանկը զրկված չի եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հնարավորությունից, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ի թիվս այլ պարտատերերի, ներգրավվել է սնանկության գործընթացին, այդուհանդերձ, պատշաճ ծանուցված լինելով մինչև 31.03.2014 թվականն օրենքով սահմանված կարգով ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկություններ ներկայացնելու հնարավորության մասին, նշված ժամկետում որևէ առարկություն չի հայտնել ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ, ավելին, ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ իր առարկությունները ներկայացրել է պարտապան Զորակ Հովհաննիսյանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելուց հետո, այն է` 07.04.2014 թվականին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի հաշվառմամբ արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել: Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

Վերոհիշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանված փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն (տե′ս, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Տիգրան Հարությունյանի թիվ 3-1614(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկը Դատարանի նախանշած ժամկետում` 31.03.2014 թվականին, Զորակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկությունը փոստային ծառայություն ներկայացնելով, պատշաճ կերպով իրացրել է օրենսդրությամբ իրեն տրված՝ ֆինանսական առողջացման ծրագիրը սահմանված ժամկետում վիճարկելու իր իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ ատյանում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու պահին գործող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Մինդեռ Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, նշել է, որ վերջինս սահմանված ժամկետում առարկություն չի հայտնել ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ՝ առանց պատճառաբանելու, թե ինչու փոստային ծառայության կողմից Բանկի ծրարի վրա դրված կնիքի վրա առկա 31.03.2014 թվագրումը հիմք չի ընդունել սահմանված ժամկետում Բանկի կողմից առարկություն ներկայացրած լինելու փաստը հաստատելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոստային ծառայության կողմից Բանկի ծրարի վրա դրված կնիքի վրա առկա 31.03.2014 թվագրումը հաստատում է Բանկի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ առարկությունը Դատարան սահմանած ժամկետում ուղարկելու հանգամանքը, որպիսի պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Բանկը, ծանուցված լինելով մինչև 31.03.2014 թվականը ֆինանսական առողջացման ծրագրի դեմ առարկություններ ներկայացնելու հնարավորության մասին, սահմանված ժամկետում որևէ առարկություն չի հայտնել ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ, և նման պայմաններում Դատարանը, իրավացիորեն փաստելով, որ ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ֆինանսական առողջացման ծրագրերին ներկայացվող պահանջներին, եկել է հետևության առ այն, որ Զորակ Հովհաննիսյանի ֆինանսական առողջացման ծրագիրը հարկ է հաստատել:

Ստորադաս դատարանների կողմից ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ Բանկի կողմից ներկայացված առարկությունը չգնահատելու տեսքով դատավարական իրավունքի խախտում թույլ տալու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքին Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը` պարտապան Զորակ Հովհաննիսյանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասով, նոր քննության ուղարկելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240- 2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2014 թվականի որոշումը և գործը` պարտապան Զորակ Հովհաննիսյանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասով, ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան