Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1489/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1489/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Բարսեղյան 

Դատավորներ`

Ի. Վարդանյան

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Միքայել Խչեյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 61.731.748 ՀՀ դրամ` որպես պայմանագրային պարտավորությունները խախտելու հետևանքով պատճառված վնաս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.05.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը և 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 289-րդ հոդվածը, 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 296-րդ հոդվածի 1-ին կետը, 303-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 305-րդ հոդվածը, 345-րդ հոդվածի 1-ին կետը, 347-րդ և 408-րդ հոդվածները, 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 417-րդ հոդվածի 1-ին կետը, 423-րդ հոդվածի 1-ին կետը, 430-րդ հոդվածի 1-ին կետը, 436-րդ հոդվածի 1-ին կետը, 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 441-րդ հոդվածի 1-ին կետը, 448-րդ հոդվածի 1-ին կետը, 450-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 1058-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով 29.05.2012 թվականին կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2012 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնվելուց հետո Ընկերությունը և Կազմակերպությունը, հաշվի առնելով իրենց գործընկերային հարաբերությունները, չեն ցանկացել այլևս շարունակել իրենց միջև ծագած դատական վեճը և 24.12.2012 թվականին կնքել են հաշտության համաձայնագիր, որով դրա կողմերը կամովին հրաժարվել են թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով բոլոր պահանջներից և նախատեսել են պարտավորության կատարման այլ առարկա, դրա կատարման այլ եղանակ, պայմաններ և ժամկետ:

Նշված համաձայնագիրը, ըստ էության, իրենից ներկայացնում է պայմանագիր, քանի որ երկու իրավաբանական անձանց համաձայնություն է, որով վերջիններս իրենց համար սահմանել են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ` միաժամանակ դադարեցնելով վերը նշված վճռով իրավունքներն ու պարտականությունները, այն կազմվել է գրավոր ձևով, մեկ փաստաթղթի տեսքով, կողմերի ներքին կամքով և ազատ կամաարտահայտությամբ, ստորագրվել և կնքվել է վերջիններիս կողմից, որպիսի պայմաններում կնքված է համարվում ստորագրման պահից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հաշտության համաձայնագրի 3-րդ կետը 55.000.000 ՀՀ դրամի վճարումը նախատեսում է այն ստորագրելու պահից 3 բանկային օրվա ընթացքում: Այս կետի պատշաճ կատարմամբ է պայմանավորված եղել հաշտության համաձայնագրի մնացած կետերի կատարումը: Եթե 55.000.000 ՀՀ դրամն Ընկերության կողմից չվճարվեր նշված երեք բանկային օրվա ընթացքում, ապա հաշտության համաձայնագիրն իր էությունը կկորցներ, քանի որ Կազմակերպությունն այլևս այդ համաձայնագրով որևէ պարտավորություն չէր ունենա, իսկ Ընկերության պարտքը կկազմեր 110.000.000 ՀՀ դրամ` համաձայն հաշտության համաձայնագրի 4-րդ կետի:

Ընկերությունը պատշաճ կատարել է համաձայնագրում նշված իր պարտավորությունները` համաձայնագիրը ստորագրելու հաջորդ օրը` 25.12.2012 թվականին, Կազմակերպության հաշվեհամարին է փոխանցել 55.000.000 ՀՀ դրամը, թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա կատարողական թերթ չի վերցրել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հաշտության համաձայնագրի կողմերն ի սկզբանե դրա ուժի մեջ մտնելը պայմանավորել են այն ստորագրելով, 55.000.000 ՀՀ դրամը վճարելով, և ոչ թե դատարանի կողմից այն հաստատվելով, քանի որ դրանում բացակայել է ուժի մեջ մտնելը հետաձգող պայմանը:

Մինչդեռ Կազմակերպությունը խախտել է այդ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, քանի որ ակտիվ գործողություն չի կատարել վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չմտնելու և հաշտության համաձայնագիրը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվելու ուղղությամբ: Անգամ դիմում չի ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան` հաշտության համաձայնագիրը հաստատելու խնդրանքով: Ավելին, ստանալով 55.000.000 ՀՀ դրամը` պասիվ դեր է ստանձնել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ վճռաբեկ դատարանը չի վերադարձրել վճռաբեկ բողոքը և հաշտության համաձայնագիրը, իսկ այն պահից սկսած, երբ առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ` առանց ժամանակ կորցնելու վերցրել է կատարողական թերթ` դրանով իսկ պնդելով թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով իր բոլոր պահանջները:

Կազմակերպության կողմից հաշտության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները խախտելու հետևանքով Ընկերությանը պատճառվել է 61.731.748 ՀՀ դրամի չափով վնաս:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ըստ էության իրենից պայմանագիր ներկայացնող հաշտության համաձայնագիրը որևէ շահագրգիռ անձի կողմից չի վիճարկվել, դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել և չի հանդիսանում առոչինչ պայմանագիր, ուստի այն ունի իրավաբանական ուժ, գործում է և առաջացնում է իրավական հետևանքներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.05.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.05.2012 թվականին կայացված վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Կազմակերպությունից բռնագանձել 15.963.840 ՀՀ դրամ` որպես դատական գործերով վճարված պետական տուրքի գումար, մնացած մասով հայցը մերժվել է, իսկ Կազմակերպության հակընդդեմ հայցը բավարարվել է` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերության բռնագանձել 92.331.230 ՀՀ դրամ` որպես մատուցված ծառայությունների դիմաց մասամբ չվճարված և վճարման ենթակա գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարը` սկսած 17.06.2011 թվականից մինչև պարտքի գումարը փաստացի վճարվելու պահը (հատոր 1-ին, գ.թ. 34-54).

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2012 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 55-73).

3) Ընկերությունը և Կազմակերպությունը 24.12.2012 թվականին կնքել են «Հաշտության համաձայնագիր» վերնագիրը կրող փաստաթուղթը (այսուհետ՝ Համաձայնագիր) (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

4) Համաձայնագրի 3-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Համաձայնագիրն ստորագրելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցել 55.000.000 ՀՀ դրամ՝ ամբողջությամբ հրաժարվելով թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով իր պահանջից (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

5) Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետով նախատեսված պարտավորությունը թերի կատարելու կամ չկատարելու դեպքում Համաձայնագրի 3-րդ կետն ուժը կորցնում է և Ընկերության պարտավորությունը Կազմակերպության հանդեպ կազմելու է 110.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

 6) Համաձայնագրի 5-րդ կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետը կատարելուց հետո հրաժարվել թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով բոլոր պահանջներից (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

7) Համաձայնագրի 7-րդ կետում նշվել է, որ Համաձայնագրի կողմերը հավաստում են, որ Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց բացի, նշված քաղաքացիական գործով միմյանց նկատմամբ որևէ այլ գույքային կամ ոչ գույքային, այդ թվում` փաստաբանական ծառայության հետ կապված պահանջներ չունեն (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

8) Ընկերությունը 25.12.2012 թվականին Կազմակերպության հաշվարկային հաշվին է փոխանցել 55.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12, 13).

9) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Պողոսյանը, ուսումնասիրելով փաստաբան Լևոն Բաղդասարյանի դիմումը` կատարողական վարույթ հարուցելու մասին, 01.06.2013 թվականին որոշում է կայացրել թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի պահանջը կատարելու և բռնագանձման ենթակա գումարի 5%-ը որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 89).

 10) նույն հարկադիր կատարողը 01.06.2013 թվականին որոշում է կայացրել պարտապան Ընկերությանը պատկանող շարժական և անշարժ գույքի վրա արգելանք դնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 90).

11) նույն հարկադիր կատարողը 03.06.2013 թվականին որոշում է կայացրել 61.731.748 ՀՀ դրամ ընդհանուր գումարի, որից 56.173.094 ՀՀ դրամը որպես կատարողական թերթով բռնագանձման ենթակա գումար, 5.558.654 ՀՀ դրամը որպես կատարողական ծախս, չափով բռնագանձումը Ընկերությանը պատկանող դրամական միջոցների վրա տարածելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 37).

12) նույն հարկադիր կատարողը, պարզելով, որ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է, 11.06.2013 թվականին որոշումներ է կայացրել կատարողական վարույթը կարճելու և Ընկերությանը պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 91, 92):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 17-րդ, 345-րդ, 347-րդ, 409-րդ, 417-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է նույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.05.2012 թվականին կայացված վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Կազմակերպությունից բռնագանձել 15.963.840 ՀՀ դրամ` որպես դատական գործերով վճարված պետական տուրքի գումար, մնացած մասով հայցը մերժվել է, իսկ Կազմակերպության հակընդդեմ հայցը բավարարվել է` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերության բռնագանձել 92.331.230 ՀՀ դրամ` որպես մատուցված ծառայությունների դիմաց մասամբ չվճարված և վճարման ենթակա գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարը` սկսած 17.06.2011 թվականից մինչև պարտքի գումարը փաստացի վճարվելու պահը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2012 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Ընկերությունը և Կազմակերպությունը 24.12.2012 թվականին կնքել են Համաձայնագիր, որի 3-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Համաձայնագիրն ստորագրելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցել 55.000.000 ՀՀ դրամ՝ ամբողջությամբ հրաժարվելով թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով իր պահանջից: Նույն համաձայնագրի 4-րդ կետում նշվել է, որ Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետով նախատեսված պարտավորությունը թերի կատարելու կամ չկատարելու դեպքում Համաձայնագրի 3-րդ կետն ուժը կորցնում է և Ընկերության պարտավորությունը Կազմակերպության հանդեպ կազմելու է 110.000.000 ՀՀ դրամ: Համաձայնագրի 5-րդ կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետը կատարելուց հետո հրաժարվել թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով բոլոր պահանջներից: Համաձայնագրի 7-րդ կետում նշվել է, որ Համաձայնագրի կողմերը հավաստում են, որ Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց բացի, նշված քաղաքացիական գործով միմյանց նկատմամբ որևէ այլ գույքային կամ ոչ գույքային, այդ թվում` փաստաբանական ծառայության հետ կապված պահանջներ չունեն:

Ընկերությունը, ի կատարումն Համաձայնագրի 3-րդ կետով ստանձնած պարտավորության, Համաձայնագիրն ստորագրելու հաջորդ օրը` 25.12.2012 թվականին, 55.000.000 ՀՀ դրամը փոխանցել է Կազմակերպության հաշվարկային հաշվին: Ի տարբերություն Ընկերության` Կազմակերպությունը չի կատարել Համաձայնագրի 5-րդ կետով ստանձնած պարտավորությունը` Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետը կատարելուց հետո չի հրաժարվել թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով բոլոր պահանջներից: Դեռ ավելին, Ընկերությունից 55.000.000 ՀՀ դրամն ստանալուց և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.02.2013 թվականի ու 08.05.2013 թվականի որոշումներով Ընկերության վճռաբեկ բողոքները վերադարձվելուց հետո թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա ստացել է կատարողական թերթ, այն ներկայացրել է հարկադիր կատարման, որի հիման վրա իրականացված կատարողական գործողությունների արդյունքում Ընկերությունից բռնագանձվել է 56.173.094 ՀՀ դրամ` որպես կատարողական թերթով բռնագանձման ենթակա գումար, 5.558.654 ՀՀ դրամ` որպես կատարողական ծախս:

Մինչդեռ Ընկերությունը, ի կատարումն Համաձայնագրի 3-րդ և 7-րդ կետերով ստանձնած պարտավորության, կատարողական թերթ ստանալու դիմումով դատարան չի դիմել: Ավելին, 05.06.2013 թվականին հարկադիր կատարողին է ներկայացրել Համաձայնագիրը` խնդրելով կասեցնել կատարողական վարույթը և դիմել կատարողական թերթ տված դատարան, սակայն հարկադիր կատարողը դատարան չի դիմել:

Սույն գործով Ընկերությունը, պատճառաբանելով, որ Կազմակերպության կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով Ընկերությանը պատճառվել է ընդհանուր 61.731.748 ՀՀ դրամի չափով վնաս, խնդրել է Կազմակերպությունից բռնագանձել նշված գումարը:

Դատարանը, պատճառաբանելով, որ Համաձայնագիրն իր իրավական բնույթով, ձեռք բերված բոլոր էական պայմաններով և կնքված ձևով համապատասխանում է պայմանագրի հասկացությանը, Համաձայնագրով կողմերը կամովին հրաժարվել են թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով բոլոր պահանջներից և նախատեսել են պարտավորության կատարման այլ եղանակ, պայմաններ և ժամկետ, Ընկերությունը կատարել է Համաձայնագրի 3-րդ կետում նշված իր պարտավորությունը, Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կողմերը չեն պայմանավորել այն դատարանի կողմից հաստատելու փաստով, Համաձայնագիրը դատարանի կողմից հաստատված չլինելու հիմքով առոչինչ լինելու վերաբերյալ Կազմակերպության պնդումն իրավաչափ չէ, դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Կազմակերպությունը նույնպես, Համաձայնագիրը ներկայացնելով ՀՀ վճռաբեկ դատարան, խնդրել է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և հաստատել կողմերի միջև կնքված Համաձայնագիրը, Կազմակերպության կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները խախտելը` թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով պահանջներից չհրաժարվելը և կատարողական թերթ ստանալը, կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելը, հանգեցրել է Ընկերությունից 61.731.748 ՀՀ դրամ բռնագանձելուն, 06.05.2014 թվականին Ընկերության հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը Դատարանի 06.05.2014 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ Համաձայնագիրը չի կարող դիտվել որպես պայմանագիր, քանի որ այն ուղղված է եղել ոչ թե կողմերի միջև քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, այլ կողմերը, ցանկանալով իրենց միջև առկա վեճն ավարտել հաշտությամբ, կնքել են հաշտության համաձայնություն, որի 10-րդ կետով ուղղակիորեն ամրագրվել է կողմերի ցանկությունը` հիշյալ հաշտության համաձայնությունը դատական կարգով հաստատելու վերաբերյալ, որի պայմաններում Դատարանի հետևություններն այն մասին, որ կողմերը Համաձայնագրի ուժի մեջ մտնելը չեն պայմանավորել այն դատարանի կողմից հաստատելու փաստով` անհիմն են: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ կնքված հաշտության համաձայնագիրը երկկողմանի ստորագրելը և կնքելը դեռևս չի նշանակում, որ այն լիարժեք իրավական ուժ ունեցող, իրավական հետևանքներ առաջացնող փաստաթուղթ է, քանի որ այն պետք է հաստատվի դատարանի կողմից կայացվելիք դատական ակտով և դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն հաշտության համաձայնագրի պայմանները կարող են գործել որպես իրավունքներ և պարտականություններ առաջացնող: Ավելին, Դատարանն անտեսել է, որ թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և ենթակա է պարտադիր կատարման:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.

3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.

6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.

7) անհիմն հարստացման հետևանքով.

8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.

9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, Համաձայնագիրը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, գտնում է, որ անկախ թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.05.2012 թվականին կայացված վճռի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2012 թվականի որոշման առկայությունից ու բովանդակությունից` Ընկերությունը և Կազմակերպությունը, դրսևորելով իրենց կամքի ինքնավարությունն ու պայմանագիր կնքելու ազատությունը, իրենց կամքով և ի շահ իրենց, իրենց իսկ հայեցողությամբ կնքել են Համաձայնագիր, որով իրենց իրական ընդհանուր կամքը, հաշվի առնելով Համաձայնագրի նպատակը, ուղղել են դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերով որոշված` մի դեպքում միմյանց նկատմամբ առաջացած դրամական պարտավորությունները մեկ այլ պարտավորությամբ փոխարինելուն, իսկ մյուս դեպքում` դրամական պարտավորությունը կատարելուց մասնակի ազատելուն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Համաձայնագիրն ուղղված չի եղել կողմերի միջև քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն` անհիմն է:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կողմերը պայմանավորել են այն դատարանի կողմից հաստատելու փաստով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չէր կարող հիմք հանդիսանալ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և Դատարանի 06.05.2014 թվականի վճիռը բեկանեու համար հետևյալ պատճառաբանությամբ. ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Համաձայնագրի 3-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Համաձայնագիրն ստորագրելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցել 55.000.000 ՀՀ դրամ՝ ամբողջությամբ հրաժարվելով թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով իր պահանջից: Նույն համաձայնագրի 4-րդ կետում նշվել է, որ Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետով նախատեսված պարտավորությունը թերի կատարելու կամ չկատարելու դեպքում Համաձայնագրի 3-րդ կետն ուժը կորցնում է, և Ընկերության պարտավորությունը Կազմակերպության հանդեպ կազմելու է 110.000.000 ՀՀ դրամ: Համաձայնագրի 5-րդ կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության կողմից Համաձայնագրի 3-րդ կետը կատարելուց հետո հրաժարվել թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով բոլոր պահանջներից: Համաձայնագրի 7-րդ կետի համաձայն` Համաձայնագրի կողմերը պայմանավորվել են, որ Համաձայնագրում նախատեսված պարտավորությունները կատարելուց բացի, նշված գործով միմյանց նկատմամբ որևէ գույքային կամ ոչ գույքային, այդ թվում` փաստաբանական ծառայության հետ կապված պահանջներ չեն ունենալու: Նշված կետերի վերլուծությունից բխում է, որ Համաձայնագրի կողմերը Կազմակերպության հաշվարկային հաշվին 55.000.000 ՀՀ դրամ փոխանցելու պարտավորության ծագումը պայմանավորել են Համաձայնագիրն իրենց կողմից ստորագրվելու պահի հետ, թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով Ընկերության ներկայացրած պահանջներից վերջինիս հրաժարվելը` վերը նշված գումարը Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցելու հետ, Ընկերության պարտքը Կազմակերպության հանդեպ 110.000.000 ՀՀ դրամ կազմելը` 55.000.000 ՀՀ դրամը Համաձայնագիրն ստորագրելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում Կազմակերպության հաշվարկային հաշվին չփոխանցելու կամ մասնակի փոխանցելու հետ, թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով Կազմակերպության կողմից ներկայացված պահանջներից վերջինիս հրաժարվելը` 55.000.000 ՀՀ դրամը Համաձայնագիրն ստորագրելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցելու հետ, «միմյանց նկատմամբ որևէ այլ գույքային կամ ոչ գույքային, այդ թվում` փաստաբանական ծառայության հետ կապված պահանջներ» չունենալը` վերը նշված պարտավորությունները պատշաճ կատարելու հետ: Այսինքն` վերը թվարկված գործողություններից և որևէ մեկի կատարումը Համաձայնագրի կողմերը չեն պայմանավորել Համաձայնագիրը դատարանի կողմից հաստատվելու մասին դատական ակտի կայացմամբ. դրա վերաբերյալ նշում չի պարունակում նաև Համաձայնագիրը: Նման պայմաններում անհիմն է և Համաձայնագրի բովանդակությունից չի բխում Վերաքննիչ դատարանի նաև այն պատճառաբանությունը, որ «հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն Համաձայնագրի պայմանները կարող են գործել որպես իրավունքներ և պարտականություններ առաջացնող»: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Համաձայնագրի 10-րդ կետով նախատեսվել է, որ այն ենթակա է դատարանի կողմից հաստատման, ապա վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո նշվածը չէր կարող հիմք հանդիսանալ հետևություն անելու, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և այն որոշակի իրավական հետևանքներ առաջացնելը կողմերը պայմանավորել են այն դատարանի կողմից հաստատելու փաստով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, իսկ 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից նաև հետևում է, որ վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությամբ պարտատերն իրավունք ունի վնաս պատճառած անձից պահանջելու կատարել իր` վնասը հատուցելու պարտավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 17-րդ հոդվածի 1-ին կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե'ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով ապացուցման առարկայի ճիշտ որոշման հարցին և գտել է, որ դատարանները նախևառաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե'ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:

Հիմք ընդունելով այն փաստերը, որ Ընկերությունը, ի կատարումն Համաձայնագրի 3-րդ կետով ստանձնած պարտավորության, Համաձայնագիրն ստորագրելու հաջորդ օրը` 25.12.2012 թվականին, 55.000.000 ՀՀ դրամը փոխանցել է Կազմակերպության հաշվարկային հաշվին, իսկ Կազմակերպությունը, Ընկերությունից ստանալով 55.000.000 ՀՀ դրամը, չի հրաժարվել իր պահանջներից, դեռ ավելին` Ընկերությունից 55.000.000 ՀՀ դրամը ստանալու պայմաններում դիմել և թիվ ԵԿԴ/0976/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա ստացել է կատարողական թերթ, այն ներկայացրել է հարկադիր կատարման, որի հիման վրա իրականացված կատարողական գործողությունների արդյունքում Ընկերությունից բռնագանձվել է 56.173.094 ՀՀ դրամ` որպես կատարողական թերթով բռնագանձման ենթակա գումար, 5.558.654 ՀՀ դրամ` որպես կատարողական ծախս, ուստի Վճռաբեկ դատարանն ապացուցված և հաստատված է համարում, որ, տվյալ դեպքում, սույն գործի փաստական կազմի առանձնահատկություններից ելնելով, առկա են Ընկերությանը պատճառված վնասի հատուցման համար պարտադիր պայմանները, մասնավորապես` Կազմակերպության ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու վերջինիս մեղքի միաժամանակյա առկայությունը: Ի հակառակ վերոգրյալի՝ Կազմակերպությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որևէ կերպ չի ապացուցել, որ վնասն իր մեղքով չի պատճառվել, ուստի և վերջինս չի կարող ազատվել այն հատուցելու պարտականությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով առկա է Ընկերության գույքին պատճառված վնաս, հետևաբար վերջինիս մոտ ծագել է վնասի հատուցում պահանջելու իրավունք:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 17-րդ, 345-րդ, 347-րդ, 409-րդ, 417-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գուքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գուքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բավարարելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Կազմակերպության միջնորդությունը, 02.07.2014 թվականին որոշում է կայացրել «Պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին»` միաժամանակ որոշելով պետական տուրքի հարցին անդրադառնալ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: Վերաքննիչ դատարանի 01.10.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է` Դատարանի 06.05.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության` միաժամանակ որոշելով դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, բավարարելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Ընկերության միջնորդությունը, 14.01.2015 թվականին որոշում է կայացրել «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին»` միաժամանակ որոշելով հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ: Նման պայմաններում նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Կազմակերպությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 1.851.952 ՀՀ դրամ (61.731.748 ՀՀ դրամ*3%)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Ինչպես նաև հաշվի առնելով գույքային պահանջի գործերով վճռաբեկ բողոքների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետով նախատեսված՝ բազային տուրքի հազարապատիկը չգերազանցելու սահմանափակումը, միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով հայցագնի 3 տոկոսը գերազանցում է բազային տուրքի հազարապատիկը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2014 թվականի վճռին։

2. «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.851.952 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. Աբելյան

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ