Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2015-25.12.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.15/12(524) Հոդ.117
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 88-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն առաջին անգամ հաշվարկվող սակագներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, իսկ այն կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության 6 ամիս ժամկետը լրանում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա՝ այդ ժամկետից:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ուժի մեջ մտնող սակագները հաշվարկելիս սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի 4-րդ կետում նշված՝ գործող սակագների մեծությունները (T1) ընդունվում են՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր խմբի կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագնի մեծությանը հավասար,

2) հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից հողմային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագնի մեծությանը հավասար:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն որոշումը,

2) 2007 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 353-Ն որոշումը,

3) 2007 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 531-Ն որոշումը,

4) 2008 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 637-Ն որոշումը,

5) 2010 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 386-Ն որոշումը,

6) 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 448-Ն որոշումը,

7) 2013 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 388-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
 նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2015 թ. ապրիլի 22-ի

N 88-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող հետևյալ կայաններից (այսուհետ` Կայաններ) առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները.

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով ամբողջությամբ, մասնակիորեն կամ համատեղության կարգով չեն օգտագործում այլ անձանց պատկանող հիդրոկառույցներ և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2004 թվականի փետրվարի 9-ից հետո.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է ոռոգման համակարգերից և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է խմելու ջրատարներից և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո` բացառությամբ խմելու ջրատարների վրա կառուցված այն փոքր հիդրոէլեկտրակայանների, որոնց կառուցման լիցենզիան տրվել է մինչև 2005 թվականի նոյեմբերի 8-ը.

4) հողմային էլեկտրակայաններ, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2004 թվականի փետրվարի 9-ից հետո.

5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2003 թվականի սեպտեմբերի 9-ից հետո.

6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.

ա. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ հաշվարկային տարվա սակագների մեծությանը և չի կիրառվել այդ մեթոդիկայի 3.4 կետը.

բ. առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունն առ այն, որ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվի հավասար սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ հաշվարկային տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և հետագայում փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվի ու վերանայվի սույն մեթոդիկայի համաձայն:

2. Սույն մեթոդիկայի իմաստով՝ հաշվարկային տարի է համարվում օրացուցային տարվա հուլիս ամսից մինչև հաջորդ օրացուցային տարվա հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածը:

3. Սույն մեթոդիկայի համաձայն՝ սակագները հաշվարկվում են.

1) մինչև 2013 թվականի հուլիսի 27-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից`

ա. փոքր հիդրոէլեկտրակայանների համար՝ 15 տարվա ընթացքում.

բ. հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար՝ 20 տարվա ընթացքում:

2) 2013 թվականի հուլիսի 27-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար՝ էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից`

ա. փոքր հիդրոէլեկտրակայանների համար` 15 տարվա ընթացքում.

բ. հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար` 20 տարվա ընթացքում:

4. Հանձնաժողովը Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

 

T = T1  [   K1 *  CPI  + K2 *  R1  ]
 100  R2

 

որտեղ՝

T-ն սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ),

T1-ը գործող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ),

K1-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման՝ սղաճի տեմպով պայմանավորված և ընդունվում է հավասար 0,35-ի,

CPI-ն Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա սպառողական գների ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից,

K2-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և ընդունվում է հավասար 0,65-ի,

R1-ը Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքն է ընթացիկ տարում՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից,

 R2-ը R1 մեծության որոշման համար ընդունված ամսվան համապատասխանող ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքն է նախորդ տարում՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:

5. Սակագների վերանայումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը: Վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում տվյալ տարվա հուլիսի 1-ից, իսկ այն Կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության 6 ամիս ժամկետը լրանում է տվյալ տարվա հուլիսի 1-ից հետո, ապա՝ այդ ժամկետից:

6. Եթե Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ընդունվում է՝

1) մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, ապա սահմանվող սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվան նախորդող տարվա հուլիսի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար.

2) տվյալ տարվա հունիս ամսին, ապա սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար:

7. Եթե սակագների սահմանումից կամ վերանայումից հետո R1 մեծության և մինչև հաշվարկային տարվա նոյեմբերի 1-ը որևէ ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքի շեղումը կազմում է ավելի քան 15 տոկոս, ապա Հանձնաժողովը վերանայում է սակագները հաշվարկային տարվա հունվարի 1-ից` սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում հաշվարկային տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների հաշվարկման համար փոխելով միայն R1 մեծությունը (բացառությամբ այն սակագների, որոնց գործողության 6 ամիսը չի լրացել): Այդ դեպքում R1 մեծությունն ընդունվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքին հավասար:

8. Սույն մեթոդիկայի 7-րդ կետով սահմանված սակագների գործողության 6 ամիսը լրանալուց հետո դրանց հաջորդ վերանայման ժամանակ սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում R2 մեծությունն ընդունվում է հավասար R1 մեծությանը։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան