Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-13-Ո-16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.360.17
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.04.2015
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-13-Ո-16

2015 թ.

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՎՈՆ ԱՐԱԶՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արդարադատության խորհուրդը

 

հետեվյալ կազմով`

 

 նախագահությամբ`  Ա. Մկրտումյանի
   
 մասնակցությամբ` ԱԽ անդամներ  Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,
   Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
   Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,
   Գ. Ղազինյանի, Ե. Սողոմոնյանի,
   Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի
   
 մասնակցությամբ` դատավոր  Լ. Արազյանի
   

 ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 

 էթիկայի և կարգապահական հարցերի 

 հանձնաժողովի անդամ

 

Մ. Մարտիրոսյանի

   
 քարտուղարությամբ`  Շ. Վարդանյանի

 

2015 թվականի ապրիլի 13-ի նիստում, քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 23.02.2015թ. թիվ N-ԷԿ-2/2015 որոշմամբ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Լ. Արազյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել դատական պրակտիկայի ամփոփման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում Նադիկ Միքայելյանի դիմումի հիման վրա 14.03.2014թ. հարուցվել է թիվ 26151914 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Թիվ 26151914 քրեական գործով 21.03.2014թ. Նադիկ Միքայելյանը ճանաչվել է որպես տուժող:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Է. Խաչիկյանի կողմից 21.04.2014թ. թիվ 26151914 քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվել է Գայանե Գևորգյանը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Է. Խաչիկյանը, նկատի ունենալով, որ Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացված գումարների օրդերները, որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրը կարող են նշանակություն ունենալ թիվ 26151914 քրեական գործի համար, 2014 թվականի ապրիլի 22-ին կայացրել է «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» վերտառությամբ որոշում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար առգրավում կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին:

Դատարանը թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով 23.04.2014թ. կայացված որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը՝ թույլատրելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխամասում կատարել խուզարկություն՝ Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացած գումարների օրդերները՝ որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրն առգրավելու համար:

1. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ»:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0015/07/13 դատական գործով 13.09.2013թ. կայացված որոշմամբ նշել է, որ «(…) խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Այլ խոսքով՝ անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե՝

ա) անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

բ) առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկ այլ` թիվ ԵԿԴ/0223/01/14 դատական գործով 15.08.2014թ. կայացված որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում տեղ գտած «քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» հասկացության վերլուծությունը վկայում է, որ խոսքը ոչ թե սոսկ կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ, այլ նրան մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավաբանական անձի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից»:

Մեջբերված օրենսդրական դրույթներից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը, ինչպես նաև կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող և այն իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:

Հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով 23.04.2014թ. կայացված որոշմամբ Դատարանը բավարարել է թիվ 26151914 քրեական գործով որպես տուժող ճանաչված Նադիկ Միքայելյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Վերոգրյալի արդյունքում Հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված»:

Նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ԵԿԴ/0058/11/09 դատական գործով 26.03.2010թ. կայացված որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման»:

Հանձնաժողովն արձանագրում է, որ Դատարանի կողմից թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով կայացված որոշման մեջ բացակայում է պատճառաբանական մասը:

Այսպես` Դատարանը, թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով կայացված որոշման մեջ մասնավորապես նշել է. «Դատարանը քննության առնելով ներկայացված միջնորդությունը, լսելով քննիչի բացատրությունը, հետազոտելով միջնորդության հիմնավորվածությունը ստուգելու նպատակով ներկայացված նյութերը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ հնարավոր է Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացած գումարների օրդերները՝ որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրը նշանակություն ունենան քրեական գործի համար»:

Նման պայմաններում Հանձնաժողովը գտնում է, Դատարանի դատավոր Լ. Արազյանը, դատական ակտում նշված հետևությունները չպատճառաբանելով, թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանի դատավոր Լ. Արազյանը, թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով կայացված որոշմամբ թույլատրելով ստանալ թիվ 26151914 քրեական գործով որպես տուժող ճանաչված Նադիկ Միքայելյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, ինչպես նաև չպատճառաբանելով նշված դատական գործով կայացված որոշումը, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Այսպիսով, Դատարանի դատավոր Լ. Արազյանը կոպիտ անփութությամբ թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Լ. Արազյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«(...) Դատարան 22.04.2014թ. մուտք է եղել Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Է. Խաչիկյանի միջնորդությունը՝ թիվ 26151916 քրեական գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխամասից Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսն ստացած գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրն առգրավելու համար խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:

ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Նադիկ Միքայելյանի դիմումի շուրջ նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքում պարզվել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի «Արարատ» մասնաճյուղի անհայտ աշխատակիցը 23.02.2009-01.08.2012թթ. ընկած ժամանակահատվածում կենսաթոշակառու Վեդի քաղաքի բնակչուհի Նադիկ Միքայելյանի անվամբ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից որպես թոշակ փոխանցված 902.460 ՀՀ դրամ գումարից յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի 99.460 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 14.03.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է թիվ 26151914 քրեական գործը և ուղարկվել Արարատի քննչական բաժանմունք:

Նախաքննության ընթացքում տուժող Նադիկ Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի «Արարատ» մասնաճյուղում իր բոլոր գործարքները կատարել է նույն բանկի աշխատակից Գայանե Գևորգյանը, և ինքը կասկածում է, որ նա յուրացրած կլինի իր 100.000 դրամ գումարը:

21.04.2014թ. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի «Արարատ» մասնաճյուղի աշխատակից Գայանե Գևորգյանը հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քննիչ Է. Խաչիկյանի կողմից միջնորդությանը կից ներկայացվել է.

● Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Խ. Սահակյանի կողմից 14.03.2014թ. կայացված որոշման պատճենը՝ քրեական գործ հարուցելու և նախաքննության ուղարկելու մասին,

● Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Է. Խաչիկյանի կողմից 17.03.2014թ. կայացված որոշման պատճենը՝ թիվ 26151914 քրեական գործը վարույթ ընդունելու մասին,

● տուժող ճանաչելու մասին 21.03.2014թ. արձանագրության պատճենը,

● տուժողի լրացուցիչ հարցաքննության 15.04.2014թ. արձանագրության պատճենը,

● կասկածյալի հարցաքննության 21.04.2014թ. արձանագրության պատճենը:

Դատարանի կողմից 23.04.2014թ. կայացվել է թիվ ԱՎԴ/0024/07/14 որոշումը, այն է՝ միջնորդությունը բավարարել: Թույլատրել 23.04.2014թ. թիվ 26151914 քրեական գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխամասում կատարել խուզարկություն՝ Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացած գումարների օրդերները՝ որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրը, առգրավելու համար:

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը և ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է անհրաժեշտ և բավարար փաստեր, որոնք Դատարանին հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ տվյալները, որոնք ակնկալվում են ստանալ համապատասխան քննչական գործողության կատարման արդյունքում, անմիջականորեն առնչվում են կասկածյալին մեղսագրվող հանցավոր արարքին:

Միջնորդության առիթ հանդիսացող տեղեկատվությունը իրենից ներկայացրել է բանկային գաղտնիք, և այդ տեղեկությունները մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար հասու դառնալու անհրաժեշտությունը բխում է ենթադրյալ հանցագործության բացահայտման, կանխման և այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավաչափ նպատակից:

Տուժող Նադիկ Միքայելյանն ի սկզբանե համաձայն է եղել, որպեսզի Բանկից վերցվի իր ներդրած ավանդի հետ կապված փաստաթղթերը և ներկայացվի նախաքննական մարմին, բայց քանի որ պահանջվելիք փաստաթղթերի պատճենները վերցնելու և նախաքննական մարմին ներկայացնելու համար հարկավոր էր կատարել վճարումներ, և վճարման համար պահանջվել է շուրջ 30.000 դրամ, նա հրաժարվել է վճարում կատարելուց:

Պահանջվելիք փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով նախաքննական մարմինը, քանի որ այլ կերպ դրանք չէր կարող ստանալ, միջնորդությամբ դիմել է Դատարան:

Հաշվի առնելով այն, որ կասկածյալին մեղսագրվող հանցավոր արարքն անմիջականորեն առնչվում էր տուժողի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հետ և այն, որ Բանկի աշխատակից, քրեական գործով կասկածյալ ճանաչված Գայանե Գևորգյանի կողմից էր կատարվել Նադիկ Միքայելյանի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ներդրված ավանդի հետ կապված բոլոր բանկային գործարքները, քրեական գործով մի շարք հարցերի պարզաբանման անհրաժեշտության դեպքում փորձաքննությունների նշանակման, նաև այն, որ փորձաքննությունների նշանակման համար անհրաժեշտ են բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերի բնօրինակները, նախաքննության բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` Դատարանը բավարարել է միջնորդությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 25.04.2014թ. մերժել է նախաքննական մարմնին և պահանջվելիք փաստաթղթերը չի տրամադրել:

28.04.2014թ. կենսաթոշակառու Նադիկ Միքայելյանը ստիպված շուրջ 30.000 ՀՀ դրամ իր թոշակից վճարում է կատարել Բանկին և ստացել պահանջվելիք փաստաթղթերի մի մասը:

Նախաքննական մարմինը ստացված անդորրագրերի և այլ փաստաթղթերի զննությամբ պարզել է, որ Նադիկ Միքայելյանի ներդրած ավանդներից յուրացում չի կատարվել և 11.06.2014թ. որոշում է կայացվել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Դատարանը միջնորդությունը բավարարելիս նույնպես գտել է, որ առանց մատնանշված փաստաթղթերի ուսումնասիրության հնարավոր չէ հանգել վերջնական հետևության, այդ իսկ պատճառով բավարարել է միջնորդությունը:

Պետք է նշել նաև, որ Դատարանի կողմից կայացված որոշմամբ որևէ իրավական հետևանք չի առաջացել, որևէ մեկի իրավունք չի խախտվել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում Նադիկ Միքայելյանի դիմումի հիման վրա 14.03.2014թ. հարուցվել է թիվ 26151914 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2) Թիվ 26151914 քրեական գործով 21.03.2014թ. Նադիկ Միքայելյանը ճանաչվել է որպես տուժող:

3) Թիվ 26151914 քրեական գործի շրջանակներում որպես տուժող հարցաքննվելիս Նադիկ Միքայելյանը մասնավորապես նշել է, որ իր ներդրած ավանդի հետ կապված փաստաթղթերը ստանալու խնդրանքով դիմել է բանկին, սակայն բանկը դրանք չի տրամադրել` պահանջելով դրանց համար վճարել համապատասխան գումար, որն ինքը չունի:

4) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Է. Խաչիկյանի կողմից 21.04.2014թ. թիվ 26151914 քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվել է Գայանե Գևորգյանը:

5) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Է. Խաչիկյանը, նկատի ունենալով, որ Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացված գումարների օրդերները, որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրը կարող են նշանակություն ունենալ թիվ 26151914 քրեական գործի համար, 2014 թվականի ապրիլի 22-ին կայացրել է «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» վերտառությամբ որոշում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար առգրավում կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին:

6) Դատարանի թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով 23.04.2014թ. կայացված որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը՝ թույլատրելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխամասում կատարել խուզարկություն՝ Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացած գումարների օրդերները՝ որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրն առգրավելու համար:

7) Դատարանը թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով կայացված որոշման մեջ մասնավորապես նշել է. «Դատարանը քննության առնելով ներկայացված միջնորդությունը, լսելով քննիչի բացատրությունը, հետազոտելով միջնորդության հիմնավորվածությունը ստուգելու նպատակով ներկայացված նյութերը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ հնարավոր է Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացած գումարների օրդերները՝ որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրը նշանակություն ունենան քրեական գործի համար»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Լ. Արազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ՝

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0015/07/13 դատական գործով 13.09.2013թ. կայացված որոշմամբ նշել է, որ «(…) խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Այլ խոսքով, անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե՝

ա) անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

բ) առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը» (տե՛ս թիվ ԱՎԴ/0015/07/13 դատական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.09.2013 թվականի որոշումը, կետ 12):

ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկ այլ` թիվ ԵԿԴ/0223/01/14 դատական գործով 15.08.2014թ. կայացված որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում տեղ գտած «քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» հասկացության վերլուծությունը վկայում է, որ խոսքը ոչ թե սոսկ կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ, այլ նրան մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավաբանական անձի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից» (տե՛ս թիվ ԵԿԴ/0223/01/14 դատական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.08.2014 թվականի որոշումը, կետ 26):

Մեջբերված օրենսդրական դրույթներից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը, ինչպես նաև կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող և այն իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով 23.04.2014թ. կայացված որոշմամբ բավարարել է թիվ 26151914 քրեական գործով որպես տուժող ճանաչված Նադիկ Միքայելյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով 23.04.2014թ. կայացված որոշմամբ թույլատրելով ստանալ քրեական գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված»:

Նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ԵԿԴ/0058/11/09 դատական գործով 26.03.2010թ. կայացված որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման» (տե՛ս թիվ ԵԿԴ/0058/11/09 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.03.2010 թվականի որոշումը, կետեր 17-19):

ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկ այլ` թիվ ԵԷԴ/0030/01/12 քրեական գործով 18.10.2013թ. կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(…) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (...)» (տե՛ս թիվ ԵԷԴ/0030/01/12 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2013 թվականի որոշումը, կետ 14):

Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը և այլն):

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ չպատճառաբանված դատական ակտերը չեն կարող ապահովել դատական իշխանության և դատարանների կողմից կայացված դատական ակտերի նկատմամբ հանրության վստահությունը, այլ ընդհակառակը` չպատճառաբանված, չհիմնավորված դատական ակտերը նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը և խաթարում են արդարադատության բուն էությունը:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով կայացված որոշման մեջ նշել է. «Դատարանը քննության առնելով ներկայացված միջնորդությունը, լսելով քննիչի բացատրությունը, հետազոտելով միջնորդության հիմնավորվածությունը ստուգելու նպատակով ներկայացված նյութերը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ հնարավոր է Նադիկ Միքայելյանի կողմից 2009 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը ստացած գումարների օրդերները՝ որպես ավանդ ներդրված գումարների օրդերները, կենսաթոշակային հաշվի գրքույկը և ժամկետային ավանդի պայմանագիրը, նշանակություն ունենան քրեական գործի համար»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի դատավոր Լ. Արազյանը, թույլատրելով ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի պատճառաբանել նման եզրահանգման գալը:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Լ. Արազյանը, չպատճառաբանելով թիվ ԱՎԴ/0024/07/14 դատական գործով կայացված որոշումը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Միաժամանակ Խորհուրդը, որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրելով, որ կարգապահական վարույթի նյութերով հաստատվում է Դատարանի դատավոր Լ. Արազյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը, սակայն նկատի ունենալով, որ հարցի քննության ընթացքում պարզվել է, որ փաստացի առկա է եղել (նաև միջնորդության քննության պահին) տուժող Նադիկ Միքայելյանի համաձայնությունն իր բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու վերաբերյալ, որն արտահայտվել է դրանք իր կողմից բանկից ստանալու և ներկայացնելու պատրաստակամությամբ, սակայն չի ներկայացվել բանկային ծառայությունների վճարները կատարելու անհնարինության պատճառով (վճարումներ կատարելու հնարավորություն` գումար չունենալու պատճառով) և հաշվի առնելով, որ թույլ տրված խախտման արդյունքում փաստացի որևէ հետևանք չի առաջացել, քանի որ Դատարանի որոշման հիման վրա այդ տեղեկությունները չեն տրամադրվել, գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

 Ա. Բաբայան

 Գ. Բադիրյան

 Ռ. Բարսեղյան

 Ա. Դարբինյան

 Ա. Խաչատրյան

 Մ. Հարթենյան

 Գ. Ղազինյան

 Ե. Սողոմոնյան

 Վ. Ստեփանյան

 Հ. Փանոսյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան