ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 հունիսի 2015 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 231-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` դիմող Հ. Սահակյանի ներկայացուցիչ Ռ. Այվազյանի, դիմող Կ. Հաջիյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Կարապետ Հաջիյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի և 231-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացիներ Հ. Սահակյանի և Կ. Հաջիյանի` համապատասխանաբար 16.02.2015թ. և 23.03.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:
Սահմանադրական դատարանի 07.04.2015թ. ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացի Կարապետ Հաջիյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի և 231-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և ՍԴ-ի կողմից քննության ընդունված` «Քաղաքացի Հովհաննես Սահակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի և 231-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը միավորվել են:
Ուսումնասիրելով միավորված գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 223-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 3-րդ մասը սահմանում է.
«3. Գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով»:
ՀՀ Ազգային ժողովի կողմից վերոնշյալ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, իսկ վիճարկվող դրույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.14 ՀՕ-49-Ն ՀՀ օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությամբ 231-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 4-րդ և 5-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.
«4. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը»:
ՀՀ Ազգային ժողովի կողմից վերոնշյալ հոդվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, իսկ վիճարկվող դրույթները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.14 ՀՕ-49-Ն ՀՀ օրենքով:
2. Միավորված գործերի դատավարական նախապատմությունները հանգում են հետևյալին.
Դիմողներից Հովհաննես Սահակյանի դեմ հայց ներկայացնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քաղաքացի Գառնիկ Իսաղուլյանը պահանջել է Երևան քաղաքի Օրբելու փողոցի 12-րդ շենքի թիվ 1 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով՝ բռնագանձումը տարածելով Հովհաննես Սահակյանի բաժնի վրա: Դատարանը 23.04.2014թ. վճռով հայցը բավարարել է: Դիմող Հովհաննես Սահակյանը և Սիլվա Ստեփանյանն ընդհանուր իրավասության դատարանի՝ 23.04.2014թ. վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 17.09.2014թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 23.04.2014թ. վճիռը թողել օրինական ուժի մեջ: Հովհաննես Սահակյանի, Սիլվա Ստեփանյանի և Ռուբեն Այվազյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 17.09.2014թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 12.11.2014թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում՝ որոշումը ստանալու պահից որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով տասնհինգօրյա ժամկետ: Հիշյալ որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ «Տվյալ դեպքում Հովհաննես Սահակյանը և Սիլվա Ստեփանյանը, …, վճռաբեկ բողոքը չեն ներկայացրել փաստաբանի միջոցով: … Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք բերած անձինք վճռաբեկ բողոքին չեն կցել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը»: Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 14.01.2015թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:
Դիմողներից Կարապետ Հաջիյանը` որպես երրորդ անձ, ներգրավված է եղել թիվ ԵԱՔԴ/1517/02/14 քաղաքացիական գործում, որով, հայց ներկայացնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացի Նունե Զաքարյանը պահանջել է վերացնել սեփականության իրավունքի խախտումները և վերականգնել սեփական հողամասը տնօրինելու իրավազորությունը: Դատարանը 10.10.2014թ. որոշմամբ Կարապետ Հաջիյանի դիմումը՝ պարզաբանում տալու վերաբերյալ, մերժել է: Կարապետ Հաջիյանն ընդհանուր իրավասության դատարանի՝ 10.10.2014թ. որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 30.10.2014թ. որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը: Կարապետ Հաջիյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 03.12.2014թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում՝ որոշումը ստանալու պահից որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով տասնհինգօրյա ժամկետ: Հիշյալ որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ` «Բացի այդ, բողոք բերած անձը, …, վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով…»: Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 18.02.2015թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:
3. Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը և 231-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, քանի որ բացառում են ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից իր անունից անձամբ կամ իր ընտրած անձի միջոցով վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը:
Նշելով, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը չի կարող պարտադրված լինել և հատկապես այն պարագայում, երբ անձն ի վիճակի չէ վճարել փաստաբանի մատուցած ծառայությունների համար, դիմողները գտնում են, որ վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարան փաստաբանի միջոցով բերելու իրավանորմը խախտում և անհամաչափորեն սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը՝ այդ դատարանում իրավունքների պաշտպանությունից օգտվելու` դատավարության մասնակցի հնարավորությունը գործնականում պայմանավորելով նրա ֆինանսական հնարավորություններով: Միաժամանակ, փաստելով, որ նախկինում անձը կարող էր առանց որևէ խոչընդոտի վճռաբեկության կարգով բողոքարկել դատական ակտերը, դիմողներն այն համոզմունքն են հայտնում, որ ներկայումս վերացվել է «ՀՀ վճռաբեկ դատարան անմիջապես դիմելու կարգը՝ սահմանափակելով իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունները: Իրենց պահանջը հիմնավորելու համար դիմողները նշում են նաև, որ «ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկման ենթակա ակտերը բացառապես փաստաբանի միջոցով ներկայացնելու օրենսդրական արգելքի պայմաններում անհրաժեշտ է օրենքով կարգավորել փաստաբանների կողմից անվճար հիմունքներով երաշխավորված իրավաբանական օգնության տրամադրման որևէ մեխանիզմ՝ անկախ կողմի նյութական դրությունից»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ սույն գործով դիմող Հովհաննես Սահակյանի փաստարկները հանգում են նրան, որ օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, և 42-րդ հոդվածներին:
Իր պահանջը հիմնավորելու համար դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքին էլեկտրոնային կրիչը կցելու պահանջը լրացուցիչ նյութական միջոցների վատնում է նախատեսում, ինչն անձի իրավական վիճակը վատթարացնող իրավակարգավորում է, քանի որ օրենսդրությամբ արգելված չէ վճռաբեկ բողոքի ձեռագիր տարբերակը: Դիմողը գտնում է նաև, որ առկա իրավակարգավորման պայմաններում ձեռագիր գրվածը պետք է թվայնացվի, բացի դրանից, ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է ունենա այնպիսի համակարգիչ, որը կընթերցի ներկայացված վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը:
4. Պատասխանողը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և հատկապես բողոքի ընդունելիության պայմանների կապակցությամբ կարող է ենթարկվել սահմանափակումների: Բոլոր դեպքերում, պետություններն այս կապակցությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Ասվածի հետ մեկտեղ, պատասխանող կողմը նաև ընդունում է, որ, այնուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը:
Պատասխանողը գտնում է, որ հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային նշանակության իրավական դիրքորոշումները` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պարտադիր պահանջն ուժը կորցրած ճանաչելու նպատակով ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-6331-09.10.2014,03.04.2015-ՊԻ-010/0), որն ընդգրկվել է հերթական նստաշրջանի օրակարգում:
Պատասխանողը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի վիճարկվող իրավադրույթների սահմանադրականության հարցին, գտնում է, որ թեև դատավարական օրենսգրքերում չեն կոնկրետացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափն ու էլեկտրոնային կրիչի տեսակը, սակայն այդ հանգամանքը գործող իրավակիրառական պրակտիկայի պայմաններում չի կարող իրավունքների խախտման տեղիք տալ: Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը կարող է հասանելի դառնալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը կրելու ունակ որևէ կրիչի միջոցով: Օրենսդիրը, կրիչի տեսակը չորոշակիացնելով, ըստ էության, որպես ընդունելի տարբերակ է դիտել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը պահպանելու և փոխանցելու համար պիտանի կրիչի ցանկացած տեսակ: Օրենսգրքով էլեկտրոնային կրիչի տեսակը չկոնկրետացնելը վճռաբեկ բողոք բերող անձին ընտրության լայն հնարավորություն է տալիս` նվազագույնի հասցնելով էլեկտրոնային կրիչի ձեռքբերման կապակցությամբ կատարվելիք ծախսերը: Պատասխանողը գտնում է, որ դիմողի այն պնդումը, որ վճռաբեկ բողոքն էլեկտրոնային կրիչով ներկայացնելու պարտադիր պահանջը լրացուցիչ ներդրումներ է պահանջում, ուստի այդ առումով անհնարին է դարձնում դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, հիմնավոր չէ, քանզի վճռաբեկ բողոքի ներկայացումն ինքնին բողոքաբերից որոշակի ծախսեր է պահանջում` պետական տուրք, բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելը և այլն, որոնք իրենց ամբողջության մեջ ներառված են դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայմաններում:
Պատասխանողի կարծիքով, ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի պահանջները չպահպանելը չի կարող արգելակել վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը: Նշված հոդվածի պահանջները չպահպանելը վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք է, որը հնարավորություն է տալիս դատարանի կողմից մատնանշված թերությունները վերացնելուց հետո կրկին դիմել դատարան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն:
Պատասխանողի եզրահանգումն այն է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը և 231-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներն այնքանով, որքանով փոխկապակցված են փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու իրավակարգավորման հետ /ներկայացուցչին վերաբերող մասով/, հակասում են ՀՀ Սահմանադրությանը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»:
5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ, դիմող Հ. Սահակյանի բարձրացրած հարցը, ըստ էության, վերաբերում է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին` ամբողջությամբ, այլ միայն հիշյալ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությանը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը 223-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսելով միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու իրավունքը` 231-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում օգտագործում է «ներկայացուցիչ» եզրույթը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ներկայացուցչին առնչվող դրույթները վերաբերելի են փաստաբանին:
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի, 231-րդ հոդվածի 4-րդ մասի և 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթների առնչությամբ կիրառելի են և վերահաստատման ենթակա ՍԴՈ-765, ՍԴՈ-833, ՍԴՈ-1192 և ՍԴՈ-1196 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները: Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու ներկա օրենսդրական կարգավորման առնչությամբ իր հիշյալ որոշումներում արդեն ձևակերպել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք, ի թիվս այլնի, էական նշանակություն ունեն նաև սույն գործի լուծման համար: Մասնավորապես, հաշվի առնելով ՍԴՈ-1192 որոշմամբ և սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճերի միջև որոշակի ընդհանրությունը` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կրկին վկայակոչել այդ որոշումների մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները.
ա) «...պայմանավորված վճռաբեկ դատարանի գործառնական առանձնահատկություններով՝ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը կարող է իրավաչափ համարվել, եթե բխում է ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից՝ ներկայացուցչությունն իրականացնելով արհեստավարժ և փորձառու մասնագետների միջոցով: Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը՝ որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար՝ անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից (ՍԴՈ-765)»,
բ) «... վիճարկվող նորմում փաստաբանի միջոցով ներկայացուցչության վերաբերյալ պարտադիր պահանջը, փաստաբանների կողմից՝ դատական ակտերի վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու կապակցությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություն չնախատեսելու պայմաններում, անհամաչափորեն սահմանափակում է անձի խախտված սահմանադրական և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ...՝ վտանգելով անձի թե՛ սահմանադրական արդարադատության իրավունքի և թե՛ իր խախտված իրավունքները միջազգային ատյաններում դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը» (ՍԴՈ-833)»:
Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1192 որոշման մեջ նաև արձանագրել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունն ինչպես այլ, այնպես էլ վճռաբեկ վարույթում գնահատելու առումով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի՝ որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ»:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հաշվի առնելով ՍԴՈ-1192 և ՍԴՈ-1196 որոշումներում քննության առարկա դարձած դրույթների (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4141-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի) և սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող դրույթների բովանդակային համարժեքությունը, հիմք է ընդունվում նաև հիշյալ որոշումներում քննության առարկա դարձած դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած մյուս իրավական դիրքորոշումները: Դա վերաբերում է հատկապես այն սկզբունքային մոտեցմանը, համաձայն որի` առաջադրված իրավաչափ նպատակը պետք է իրացվի իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման շրջանակներում, ինչը ենթադրում է, որ օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից՝ դրա արդյունքում չապահովելով անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը միանշանակ ճանաչում է յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչն օրենքով նախատեսված դեպքերում ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R(2000)21 հանձնարարականն անդամ երկրներին նույնպես առաջարկում է բացառել «տնտեսապես վատ վիճակում գտնվող անձանց» դատարանի մատչելիության իրավունքի հնարավոր արգելափակումը:
Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև ՀՀ դատական դեպարտամենտի 22.04.2015թ. թիվ ԴԴ-1 Ե-2262 պատասխան գրության մեջ ներկայացված վիճակագրական տվյալները: Համաձայն այդ վիճակագրության` 03.07.2014թ. մինչև 21.04.2015թ. ընկած ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացված 849 վճռաբեկ բողոքներից 120-ը վերադարձվել է, 170-ը թողնվել է առանց քննության, 506-ով վարույթ ընդունելը մերժվել է և միայն 53 դիմում է ընդունվել վարույթ, որը կազմում է ստացված վճռաբեկ բողոքների ընդամենը 6.24 տոկոսը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջանում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 4-րդ մասը` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին փաստաբան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած` գործին մասնակցող անձանց մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված՝ «Վճռաբեկ բողոքին կցվում են նաև … վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 հունիսի 2015 թ. ՍԴՈ-1220 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|