ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 311-Ն
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻ ՁԵՎԸ ՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1361-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) տեսչական մարմինների միասնական հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգը սահմանում է տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կարգը:
2. Հանձնաժողովը ստեղծվում է տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքների քննության և լուծման, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վերադաս մարմնի որոշումների դեմ բերված բողոքների քննության և լուծման նպատակով:
3. Հանձնաժողովի հիմնական գործառույթը հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների և դրանց վերաբերյալ տեսչական մարմինների ու դրանց ծառայողների գործողության կամ անգործության, նրանց կողմից ընդունված վարչական ակտերի, հարկային և մաքսային վերադաս մարմինների որոշումների քննարկումն ու դրանց վերաբերյալ որոշումների ընդունումն է:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով՝ ազատ քննարկման պայմաններում: Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական շենքում:
5. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ գրավոր (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով) ծանուցվում են հանձնաժողովի հերթական նիստի օրվա և օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներին ծանուցագրի հետ միասին էլեկտրոնային կարգով ուղարկվում են նաև օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճենները:
6. Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստերին մասնակցում է անձամբ:
7. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ վերջինիս նշանակած անձը:
8. Հանձնաժողովի նախագահը տալիս է Հայաստանի Հանրապետության դատարաններում որպես հանձնաժողովի ներկայացուցիչ հանդես գալու լիազորագրեր:
9. Հանձնաժողովի նախագահը հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը:
10. Հանձնաժողովի անդամը հանձնաժողովում բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցչից հանձնաժողովի քարտուղարության (այսուհետ՝ քարտուղարություն) միջոցով կարող է պահանջել դիմում-բողոքին առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք ստանալուց հետո քարտուղարության միջոցով ոչ ուշ, քան դրանք ստանալուն հաջորդող օրը, ուղարկվում են հանձնաժողովի բոլոր անդամներին:
11. Բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը դիմում-բողոքին առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ քարտուղարության հարցումը ստանալուց հետո լրացուցիչ տեղեկատվությունը և փաստաթղթերը քարտուղարություն է ներկայացնում հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:
12. Քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
13. Քարտուղարությունը`
1) ընդունում է հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքները.
2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը.
3) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
4) հանձնաժողովի անդամի կողմից բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցչից լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր պահանջելու դեպքում համապատասխան հարցում է ուղարկում բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմին.
5) բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնից լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու դեպքում դրանք ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող օրը, ուղարկում է հանձնաժողովի բոլոր անդամներին.
6) ծանուցում է դիմում-բողոք ներկայացրած անձին և հանձնաժողովի անդամներին համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին.
7) քննարկման է ներկայացնում հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը.
8) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, կազմում և հանձնաժողովի անդամների համաձայնեցմանն է ներկայացնում հանձնաժողովի որոշումների նախագծերը.
9) դիմում-բողոք ներկայացնողին է ուղարկում հանձնաժողովի ընդունած որոշումը.
10) կազմում է դիմում-բողոքի գործը, վարում հանձնաժողովի գործերի հաշվառման և ընդունված որոշումների գրանցամատյանները:
14. Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը և (կամ) նրա լիազորած անձը:
15. Բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցվում է նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
16. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի որոշմամբ նիստին կարող է հրավիրվել նաև բողոքարկվող գործի բնագավառի անկախ մասնագետ:
17. Բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է բողոքարկման հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 5 անդամ:
18. Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
19. Եթե հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամը չի քվեարկում, ապա համարվում է հանձնաժողովի որոշման ընդունմանը դեմ քվեարկած:
20. Հանձնաժողովը դիմում-բողոքը քննության է առնում և դրա վերաբերյալ որոշում ընդունում դրա մուտքագրվելուն հաջորդող 30 օրվա ընթացքում:
21. Հանձնաժողովը կարող է ներկայացնել տեսչական մարմինների մասին օրենսդրության (այդ թվում՝ հարկային և մաքսային օրենսդրության), ինչպես նաև տեսչական մարմինների օրենսդրությունը կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ:
22. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օրով, որի մասին դիմումատուն իրազեկվում է երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունելու օրը:
23. Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում այն սահմանված կարգով ուղարկվում է դիմում-բողոքը ներկայացնողին:
24. Հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունմանը հաջորդող տասն օրվա ընթացքում, հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջում:
25. Հանձնաժողովի որոշումների լուսապատճենները էլեկտրոնային և թղթային եղանակով պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
26. Հանձնաժողովի որոշումների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում պահպանման և արխիվացման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) անդամների առաջադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովը բաղկացած է նախագահից և ինն անդամից: Հանձնաժողովի մշտական անդամներն են Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական, արդարադատության և ֆինանսների բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:
3. Հանձնաժողովի կազմում, սույն կարգի 2-րդ կետում նշված մշտական անդամներից բացի, ռոտացիոն կարգով ընդգրկվում են նաև`
1) բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.
2) համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների երեք ներակայացուցիչ, որոնցից՝
ա. մեկ ներկայացուցիչ՝ սպառողների շահերը ներկայացնող,
բ. երկու ներկայացուցիչ՝ համապատասխան բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումներից.
3) համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել լիազոր մարմնի կամ համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված անդամները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ ռոտացիոն կարգով, եթե քննվում է այդ ոլորտին առնչվող գործ:
5. Այն դեպքում, երբ բողոք է ներկայացվել տեսչական մարմնի դեմ, որի լիազոր մարմնի ներկայացուցիչը հանձնաժողովի մշտական անդամ է, հանձնաժողովի նախագահը փոխարինում է վերջինիս պետական կառավարման այլ մարմնի ներկայացուցչով:
6. Պետական կառավարման մարմինների ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ըստ համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից հանձնաժողովի քարտուղարություն ներկայացված թեկնածության:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պետական կառավարման մարմինը, ըստ հանձնաժողովներում բողոքարկվող գործի բնագավառի, կարող է ներկայացնել մեկից ավելի թեկնածություններ:
8. Հանձնաժողովի կազմում բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը ընդգրկվում է հանձնաժողովի քարտուղարության կողմից բողոքի մասին ծանուցվելու դեպքում:
9. Պետական կառավարման մարմինը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի անդամի թեկնածություն ներկայացնում է ծանուցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
10. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան բնագավառի հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով հանձնաժողովի քարտուղարությունը ԶԼՄ-ներով և ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն:
11. Հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունները կամ գիտական կազմակերպությունները կարող են դիմում ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն:
12. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ 15-ից ոչ պակաս շահառուների շահեր ներկայացնող այն հասարակական կամ այն գիտական կազմակերպություններից, որոնք՝
1) ոչ պակաս, քան 5 տարի գրանցված են և փաստացի գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում.
2) քարտուղարություն են ներկայացրել իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների մանրամասն նկարագրություն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
13. Հանձնաժողովի քարտուղարությունը հասարակական կամ գիտական կազմակերպություններից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ օրենքով չարգելված այլ տեղեկատվություն կազմակերպությունների կողմից իրականացված կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
14. Հանձնաժողովի քարտուղարությունը հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացրած հասարակական կամ գիտական կազմակերպությունների ցանկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված անձին:
15. Հանձնաժողովի կազմում հասարակական կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդգրկելու հարցը որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ առաջնորդվելով սույն կարգի 12-րդ կետով:
16. Հանձնաժողովի անդամ հանդիսացող հասարակական կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցչի անդամությունը դադարեցվում է, եթե նա՝
1) գրավոր դիմում է ներկայացրել հանձնաժողովի քարտուղարություն.
2) երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
3) նա այլևս տվյալ հասարակական կամ գիտական կազմակերպության անդամ չէ.
4) առկա է օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռ՝ բողոքարկվող գործի բնագավառում կատարված իրավախախտման համար, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) առկա է օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով որպես պատիժ սահմանվել է ազատազրկում, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
6) նա մահացել է.
7) տվյալ հասարակական կամ գիտական կազմակերպությունը վերակազմակերպվել կամ լուծարվել է:
17. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակելուց հետո դիմում չներկայացնելու դեպքում հանձնաժողովի քարտուղարությունը հրավեր է ներկայացնում հասարակական կամ գիտական կազմակերպություններին սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկելու նպատակով ներկայացուցչի թեկնածություն տրամադրելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ձև
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
______________________________________________________________________
(այն վարչական մարմնի անվանումը, որի դեմ ներկայացվում է դիմում-բողոքը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(դիմում-բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու վայրը, նրա անունից դիմում-բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, հեռախոսա-
համարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(դիմում-բողոքի առարկան)
______________________________________________________________________
______________________________________________________________________
(դիմում-բողոք բերողի պահանջը)
______________________________________________________________________
(դիմում-բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)
______________________________________________________________________
(դիմում-բողոք կազմելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը)
______________________________________________________________________
(դիմում-բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից դիմում-
բողոք բերող անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը (առկայության դեպքում)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
Ձև
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(դիմում-բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու վայրը, նրա անունից դիմում-բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(դիմում-բողոքի առարկան)
______________________________________________________________________
______________________________________________________________________
(դիմում-բողոք բերողի պահանջը)
______________________________________________________________________
(բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամանակը)
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ |
____________________________ |
(պատասխանատու անձի ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |