ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0632/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0632/02/13 2015 թ. |
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան |
Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Գարիկ, Էդգար և Գայանե Նազարյանների` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Էդգար Նազարյանի օրինական ներկայացուցիչներ Գարիկ Նազարյանի և Գայանե Նազարյանի ընդդեմ Բանկի` գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Գարիկ Նազարյանից բռնագանձել 111.389,85 ԱՄՆ դոլար (ներառյալ` տոկոսներ, տույժեր ու տուգանքներ), որից` 66.666,80 ԱՄՆ դոլարը՝ որպես վարկի մայր գումար, 20.988,10 ԱՄՆ դոլարը՝ վարկի գումարի նկատմամբ 16.04.2013 թվականի դրությամբ հաշվարկված պայմանագրային տոկոսներ (տարեկան 18% չափով), 21.734,95 ԱՄՆ դոլարը՝ 16.04.2013 թվականի դրությամբ հաշվարկված տուգանային տոկոսներ (տարեկան 28,75% չափով), 2.000 ԱՄՆ դոլարը և 300.000 ՀՀ դրամ` որպես տուգանք, ինչպես նաև Գարիկ Նազարյանից բռնագանձել 66.666,80 ԱՄՆ դոլար վարկի գումարի և 20.988,10 ԱՄՆ դոլար տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրվող տուգանային տոկոսադրույք` տարեկան 28,75 տոկոսի չափով` սկսած 17.04.2013 թվականից մինչև վարկային պարտավորությունն ամբողջությամբ կատարելու օրը` բռնագանձումը տարածելով Գայանե և Գարիկ Նազարյաններին սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված` Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 112/1 հասցեում գտնվող արտադրամասի (418,9քմ) և Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված` Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի (64,5քմ) վրա, բացի այդ, Գարիկ Նազարյանից հօգուտ Բանկի բռնագանձել նաև 450.000 ՀՀ դրամ և 4.455,59 ԱՄՆ դոլար՝ որպես պատճառված վնաս, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը։
12.11.2013 թվականին հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էդգար Նազարյանի օրինական ներկայացուցիչներ Գարիկ և Գայանե Նազարյանները պահանջել են անվավեր ճանաչել 31.10.2008 թվականին Բանկի և Էդգար Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի՝ Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա հասցեում գտնվող բնակարանի գրավի թիվ LGL 20081385 պայմանագիրը՝ անվավերության հետևանքները տարածելով պետական գրանցման վրա։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Գարիկ Նազարյանից հօգուտ Բանկի բռնագանձվել է 89.654,9 ԱՄՆ դոլար, որից 66.666,80 ԱՄՆ դոլար՝ որպես վարկի գումար, 20.988,10 ԱՄՆ դոլար՝ որպես 16.04.2013 թվականի դրությամբ հաշվարկված պայմանագրային տոկոսի գումար, 2.000 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ՝ որպես տուգանքի գումար, 17.04.2013 թվականից մինչև վարկի փաստացի մարումը Գարիկ Նազարյանից բռնագանձվել է վարկի մնացորդի գումարի նկատմամբ հաշվարկված տարեկան 18 տոկոս տոկոսադրույք, ինչպես նաև բռնագանձումը տարածվել է Գայանե և Գարիկ Նազարյաններին սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված գույքի՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 112/1 հասցեում գտնվող արտադրամասի (418,9քմ) վրա: Գարիկ Նազարյանից հօգուտ Բանկի բռնագանձվել է 758.400 ՀՀ դրամ` նախապես վճարված պետական տուրքի գումարը և 450.000 ՀՀ դրամ` որպես իրավունքները վերականգնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Բանկից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 08.05.2014 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվեգրվելիք տուգանային տոկոսների 3 տոկոսը՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի մնացած մասի գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 372-րդ և 444-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ստորադաս դատարանները մերժել են Բանկի կողմից ներկայացված տուգանային տոկոսների (տույժ) և մինչև վարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու օրը տուգանային տոկոսների բռնագանձման հայցապահանջը՝ հաշվի չառնելով, որ կողմերի միջև կնքված վարկային և բանկային ծառայությունների պայմանները միանալու պայմանագրեր չեն: Տվյալ պարագայում գործ ունենք վարկային հարաբերությունների հետ, որի դեպքում մի կողմը (վարկառու) ունի դրամական միջոցներ ստանալու իրավունք և դրանք տոկոսներով վերադարձնելու պարտականություն, իսկ մյուս կողմը (Բանկ) պարտավոր է տրամադրել պահանջվող դրամական միջոցները և իրավունքի ունի պահանջել հետ վերադարձնել դրանք և վճարել տոկոսներ: Օրենսդիրը միանալու պայմանագիրը բնորոշող առաջնային պայման է համարել այն, որ այդ պայմանագրի պայմանները պետք է սահմանված լինեն միակողմանիորեն: Ընդ որում, օրենսդիրը միանալու պայմանագրի առկայության համար էական է համարում ոչ թե պայմանագրի միայն մեկ պայմանի միակողմանի սահմանված լինելու հանգամանքը, այլ անհրաժեշտ է, որ պայմանագրի բոլոր պայմանները սահմանված լինեն միակողմանիորեն՝ բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով: Ըստ այդմ, կողմը, որը ցանկանում է միանալ այդ պայմանագրին, ուղղակի կնքում է այդ պայմանագիրը կամ՝ ոչ:
Անհասկանալի է նաև, թե ինչ իրավական հիմնավորմամբ պետք է վճարվի մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը հաշվեգրվող տուգանային տոկոսների չափով պետական տուրքի գումար, երբ տուգանային տոկոսների հետագա հաշվեգրման կապակցությամբ ներկայացված հայցապահանջը մերժվել է: Եթե չկա մինչև գումարի փաստացի վերադարձման օրը տուգանային տոկոսների բռնագանձման վերաբերյալ դատական ակտ, ապա ինչպես պետք է կատարվի չհաշվարկվող այդ գումարի 3 տոկոսի չափով պետական տուրքի վճարումը՝ հաշվարկը կատարելով գումարի փաստացի վերադարձման օրով: Նման պայմաններում փաստացի վերադարձման օր, ըստ էության, առկա չէ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-27(ՏԴ) որոշմանը: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը սահմանում է տուժանքի պակասեցման հնարավորություն, այնինչ բողոքարկվող դատական ակտով տուժանքը ոչ թե պակասեցվել է, այլ դրա բռնագանձումն ամբողջությամբ մերժվել է:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 332-րդ, 335-րդ և 344-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցը ենթակա էր մերժման հայցային վաղեմության կիրառման հիմքով, որպիսի պայմաններում բռնագանձումը պետք է տարածվեր նաև գրավի առարկա՝ Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի նկատմամբ:
Պատասխանողները գրավի պայմանագիրը վիճարկում են որպես օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարք, այսինքն` տվյալ պարագայում գրավի պայմանագիրը նրանց կողմից դիտարկվում է որպես վիճահարույց գործարք: Տվյալ պարագայում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված 1 (մեկ) տարվա հայցային վաղեմության ժամկետը: Ընդ որում, գրավի պայմանագիրը կնքվել է հենց պատասխանողների կողմից և վերջիններս այդ պահից սկսած էլ պարտավոր էին իմանալ իրենց կամ իրենց երեխայի իրավունքների ենթադրյալ խախտման մասին և իրավունքի պաշտպանության պահանջը դատարան ներկայացնել սահմանված ժամկետների ընթացքում: Ցանկացած պարագայում պատասխանողների կողմից հակընդդեմ հայցը ներկայացվել է թե՛ հայցային վաղեմության 1 (մեկ), թե՛ 3 (երեք) տարվա ժամկետը լրանալուց հետո: Պատասխանողները ներկայացրել են պայմանագրի անվավերության հայցապահանջ, որը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում սահմանված իրավունքի պաշպանության ինքնուրույն եղանակ և որը որևէ կերպ չի կարող նույնացվել նեգատոր հայցապահանջի հետ, հետևաբար հաշվի առնելով, որ գրավի պայմանագիրը կնքվել է 31.10.2008 թվականին, իսկ հակընդդեմ հայցը դատարան է ներկայացվել 12.11.2013 թվականին, հակընդդեմ հայցը ենթակա էր մերժման՝ հայցային վաղեմության կիրառման հիմքով:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ 39-րդ հոդվածները և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ գրավի պայմանագիրն անվավեր է, քանի որ առկա չէ ծնողների կողմից խնամակալության և հոգաբարձության մարմնից ստացած համաձայնությունը (թույլտվությունը), սակայն հաշվի չի առել, որ կոնկրետ տվյալ գործարքի համար խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնություն (թույլտվություն) ստանալու անհրաժեշտություն առկա չէ և նման համաձայնության բացակայությունը չի կարող պայմանագրի անվավերության հիմք հանդիսանալ: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետում նշել է, որ անչափահասի փոխարեն գործարքները կնքում են միայն նրա ծնողները, այսինքն՝ երեխայի ծնողներին տրվում է վերջինիս գույքը տնօրինելու բացառիկ լիազորություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը՝ 16.04.2013 թվականի դրությամբ հաշվեգրված 21.734,95 ԱՄՆ դոլար տուգանային տոկոսների և 17.04.2013 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվեգրվելիք տուգանային տոկոսների բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկա՝ Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի նկատմամբ տարածելու մասով, բավարարել, փոփոխել նաև Բանկից ՀՀ պետական բյուջե մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվեգրվելիք տուգանային տոկոսների 3 տոկոսի չափով պետական տուրքի բռնագանձման մասը, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 31.10.2008 թվականին Բանկի և անհատ ձեռնարկատեր Գարիկ Նազարյանի միջև կնքված թիվ LGL 20081384 բանկային ծառայության (վարկային) պայմանագրի համաձայն՝ Բանկն անհատ ձեռնարկատեր Գարիկ Նազարյանին «Ինեկոբանկից ստացված վարկի մնացորդի մարման և արտադրատարածքի ընդարձակման նպատակով» հինգ տարի մարման ժամկետով, «բանկի հաշվարկային տոկոսադրույք+9,25% տարեկան» տոկոսադրույքով տրամադրել է վարկ՝ 200.000 ԱՄՆ դոլարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11-13):
2) Բանկի և Գարիկ ու Գայանե Նազարյանների միջև 31.10.2008 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեք) թիվ LGL 20081385 պայմանագրի համաձայն՝ Գարիկ և Գայանե Նազարյանները Երևանի Դավիթ Բեկ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող 64,6քմ մակերեսով խանութը և Երևանի Դավիթ Բեկ փողոցի 112/1 հասցեում գտնվող 418,9քմ մակերեսով արտադրամասը գրավադրել են Բանկում (հատոր 1-ին, գ.թ. 26-29)։
3) Բանկի և անչափահաս Էդգար Նազարյանի (որի անունից հանդես են եկել ծնողները՝ Գարիկ և Գայանե Նազարյանները) միջև 31.10.2008 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ LGL 20081386 պայմանագիրը, որի համաձայն՝ սեփականության իրավունքով Էդգար Նազարյանին պատկանող Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա հասցեում գտնվող 64,5քմ մակերեսով բնակարանը, ի ապահովումն 31.10.2008 թվականին Բանկի և Գարիկ Նազարյանի միջև կնքված թիվ LGL 20081384 պայմանագրի կատարման, գրավադրվել է Բանկում (հատոր 1-ին, գ.թ. 30-33):
4) Բանկի և անհատ ձեռնարկատեր Գարիկ Նազարյանի միջև 31.10.2008 թվականին կնքված թիվ LGL 20081383 բանկային ծառայությունների պայմանների համաձայն` Բանկի կողմից հաճախորդին տրամադրվող վարկային գծի և այլ բանկային ծառայությունների նկատմամբ կիրառվում են նշված պայմանները և համապատասխան բանկային ծառայության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 17):
5) 07.04.2010 թվականի թիվ LGL 20100434 պայմանագրի համաձայն՝ ի փոփոխումն 31.10.2008 թվականի թիվ LGL 20081383 բանկային ծառայության պայմանների, նույն պայմանագրի նկատմամբ կիրառվել են կողմերի միջև ստորագրված 07.04.2010 թվականի թիվ LGL 10100433 բանկային ծառայության պայմանները (հատոր 1-ին, գ.թ. 20-21, 22-24):
6) Էդգար Նազարյանի օրինական ներկայացուցիչներ Գարիկ և Գայանե Նազարյանները հակընդդեմ հայցադիմումը Դատարան են ներկայացրել 12.11.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 95-98):
7) Բանկը 05.12.2013 թվականին հակընդդեմ հայցադիմումի պատասխան է ներկայացրել Դատարան՝ պահանջելով հակընդդեմ հայցը մերժել նաև հայցային վաղեմության կիրառմամբ (հատոր 1-ին, գ.թ. 114-116):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով 29.02.2008 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ հոդվածին տրված մեկնաբանությանը.
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի և 444-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը բողոքի 1-ին և 2-րդ հիմքերում բարձրացված հարցերին պատասխանելու համար հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդիրներին․
1․ բացահայտելով միանալու պայմանագրի առանձնահատկությունները, պատասխանել այն հարցադրմանը, թե արդյո՞ք սույն գործով վարկային պայմանագիրը և բանկային ծառայության պայմանները հանդիսանանում են միանալու պայմանագիր, և
2․արդյո՞ք անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով չի կարող կիրառվել հայցային վաղեմություն:
Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ միանալու է համարվում այն պայմանագիրը, որի պայմանները կողմերից մեկը սահմանել է բանաձևային կամ այլ ստանդարտ ձևերով, իսկ մյուս կողմը դրանք կարող է ընդունել առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ միանալու պայմանագիրն այն պայմանագիրն է, որը կնքվում է մի կողմի՝ բանաձևային կամ ստանդարտ ձևերով սահմանած պայմաններին մյուս կողմին միանալու միջոցով: Այսինքն՝ միանալու պայմանագիրը մյուս քաղաքացիաիրավական պայմանագրերից տարբերվում է պայմանագիր կնքելու եղանակով:
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունը հնարավորություն է տալիս ընդգծել միանալու պայմանագրի երկու հիմնական առանձնահատկություն․
- նախ՝ միանալու պայմանագրի բոլոր պայմանները պետք է սահմանված լինեն միակողմանի՝ բանաձևային կամ այլ ստանդարտ ձևերով: Ընդ որում, բանաձևային կամ այլ ստանդարտ ձևեր չեն կարող համարվել միասնական նմուշի ձևով (ձևաթղթով) կազմված պայմանագրերը, որոնք հաճախ օգտագործվում են քաղաքացիական շրջանառությունում, քանի որ նշված դեպքում պայմանագրի մյուս կողմը իրավունք ունի և կարող է իր անհամաձայնությունը հայտնել պայմանագրի առանձին դրույթների կամ ամբողջ պայմանագրի նկատմամբ, ինչի արդյունքում պայմանագրի պայմանները ենթակա կլինեն սահմանման ընդհանուր կանոնի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ: Մինչդեռ միանալու պայմանագրի դեպքում պայմանագրի բոլոր պայմանները սահմանելու իրավունքն անվերապահորեն տրամադրված է դրա միայն մի կողմին,
- և երկրորդ՝ մյուս կողմը պայմանագրի արդեն իսկ սահմանված պայմանները կարող է ընդունել ոչ այլ կերպ, քան առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով, ինչը նշանակում է, որ միանալու պայմանագրի դեպքում բացառվում է կողմերի համաձայնությամբ պայմանագրի՝ ստանդարտ ձևում նշված պայմաններից տարբերվող այլ պայմանների ձևակերպումը, իսկ միացող կողմի համար բացառված է սահմանված պայմանների նկատմամբ անհամաձայնություն հայտնելու հնարավորությունը: Վերջինս կարող է արդեն իսկ սահմանված պայմաններն ամբողջությամբ ընդունել կամ չընդունել, և ըստ այդմ, միանալ կամ չմիանալ պայմանագրին:
Սույն գործի փաստերի համաձայն` 31.10.2008 թվականին Բանկի և Գարիկ Նազարյանի միջև կնքվել է թիվ LGL 20081384 բանկային ծառայության (վարկային) պայմանագիր, որով Բանկն անհատ ձեռնարկատեր Գարիկ Նազարյանին հինգ տարի ժամկետով տրամադրել է վարկ՝ 200.000 ԱՄՆ դոլարի չափով:
Նույն օրը կողմերի միջև կնքված թիվ LGL 20081383 բանկային ծառայությունների պայմանների 1-ին կետի համաձայն՝ Բանկի կողմից հաճախորդին տրամադրվող վարկային գծի և այլ բանկային ծառայությունների նկատմամբ կիրառվում են նշված պայմանները և համապատասխան բանկային ծառայության պայմանագիրը:
Բանկի և անհատ ձեռնարկատեր Գարիկ Նազարյանի միջև 07.04.2010 թվականի թիվ LGL 20100434 պայմանագրի համաձայն՝ ի փոփոխումն 31.10.2008 թվականի թիվ LGL 20081383 բանկային ծառայության պայմանների՝ դրա նկատմամբ սկսել են կիրառվել կողմերի միջև ստորագրված 07.04.2010 թվականի թիվ LGL 10100433 բանկային ծառայության պայմանները, որի 7.4-րդ կետով սահմանվել են նախատեսված ժամկետներում վարկի գումարի և/կամ տոկոսագումարի վճարումները չկատարելու դեպքում տուգանային տոկոսագումարի հաշվարկման կարգը և պայմանները, իսկ 7.5-րդ կետով նախատեսվել է պայմանագրով նախատեսված բանկային ծառայության հիմնական գումարի կամ դրա որևէ մասի կամ որևէ տոկոսագումարի կամ դրա որևէ մասի վճարումը հինգ բանկային օրվա ընթացքում չկատարելու դեպքում հաճախորդի կողմից տուգանքի վճարում՝ տրամադրված ծառայության գումարի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը՝ յուրաքանչյուր այդպիսի դեպքի համար, իսկ յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակահատվածում վճարումները հինգ անգամ ուշացնելու դեպքում հաճախորդը բանկին վճարում է տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար:
Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ կողմերը կնքել են երկու փաստաթուղթ՝ վարկային պայմանագիր, որտեղ սահմանվել է վարկային պայմանագրով սահմանված գումարի չափը, պայմանագրի ժամկետը, տոկոսադրույքի չափը և տուգանային տոկոսադրույքի չափը, իսկ երկրորդ փաստաթուղթը սահմանել է բանկային ծառայությունների պայմանները: Դատարանը գտել է, որ պայմանագրով սահմանված պայմանները համապատասխանում են միանալու պայմանագրին բնորոշ հատկանիշներին, այսինքն՝ պայմանները սահմանվել են միակողմանիորեն Բանկի կողմից և վարկի պայմանները սահմանվել են բանկային ծառայության պայմաններով, այլ ոչ թե պայմանագրով: Դատարանը պատճառաբանել է նաև, որ 28,75 տուգանային տոկոս սահմանելը Գարիկ Նազարյանի համար հանդիսացել է ակնհայտ ծանր պայման:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ ինչպես վարկային պայմանագրի նախագիծը, այնպես էլ բանկային ծառայությունների պայմանները հանդես գալով որպես մեկ միասնական պայմանագիր, կրել են միանալու պայմանագրի հատկանիշներ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ նկատի ունենալով, որ արդեն իսկ Գարիկ Նազարյանի նկատմամբ Բանկը սահմանել է 2.000 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ տուգանք, ապա ևս 28,5 տոկոս սահմանելը Գարիկ Նազարյանի համար հանդիսացել է ակնհայտ ծանր պայման:
Մինչդեռ, միանալու պայմանագրի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով Բանկի և անհատ ձեռնարկատեր Գարիկ Նազարյանի միջև կնքված վարկային պայմանագրին և բանկային ծառայությունների պայմաններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք, հանդես գալով որպես մեկ միասնական պայմանագիր, այնուամենայնիվ չեն հանդիսանում միանալու պայմանագիր, քանի որ դրանց պայմանները չեն սահմանվել միակողմանի՝ բանաձևային կամ ստանդարտ ձևով, այլ սահմանվել են այնպիսի պայմանների շուրջ փոխադարձ համաձայնության հիման վրա, ինչպիսիք են՝ վարկի գումարի չափը, վարկի մարման ժամկետը, վարկի տրամադրման նպատակը և այլն: Մասնավորապես՝ վարկային պայմանագրի 3.1-րդ կետում առկա վարկի տրամադրման նպատակը պայմանի համաձայն՝ վարկը տրամադրվել է վարկառուի՝ «Ինեկոբանկից» ստացված վարկի մնացորդի մարման և արտադրատարածքի ընդարձակման նպատակով: Այսինքն՝ հաճախորդն է Բանկին առաջարկել և նրա հետ համաձայնեցրել վարկ ստանալու իր նպատակը, ինչպես նաև վարկի չափը: Այլ կերպ ասած՝ հաճախորդն առաջարկել է պայմաններ, որոնք ընդունվել և/կամ քննարկվել են Բանկի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, երբ հաճախորդը հնարավորություն է ունեցել մասնակցելու վարկային պայմանագրի պայմանների որոշմանը, ստորադաս դատարանների պատճառաբանությունն այն մասին, որ վարկային պայմանագիրը և բանկային ծառայությունների պայմանները միասին վերցրած հանդիսանում են միանալու պայմանագիր, անհիմն է: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ վարկային պայմանագիրը միանալու պայմանագիր չհանդիսանալու պայմաններում անհիմն են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հիման վրա միանալու պայմանագիրը ձեռնարկատիրության ոլորտում կնքված լինելու, միանալու պայմանագրով կողմի համար ակնհայտ ծանր պայմաններ նախատեսված լինելու, հետևաբար նաև այդ հիմքով պայմանագրի լուծման հիմքերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները, հատկապես այն դեպքում, երբ սույն գործով պատասխանողները պայմանագրի լուծման պահանջ չեն ներկայացրել:
Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից տուգանային տոկոսադրույքի պահանջը մերժելուն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կապակցությամբ ևս ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:
⚖ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ և 372-րդ հոդվածների իրավական վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Տուժանքը պակասեցնելու դատարանի իրավունքը կոչված է կանխելու անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը (տե՛ս, «Թամամ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
Զարգացնելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ թեև տուժանքի չափը նվազեցնելը դատարանի իրավունքն է, այդուհանդերձ իրավունքի չարաշահումը կանխելու տեսանկյունից այն, ըստ էության, նաև դատարանի պարտականությունն է, քանի որ բոլոր դեպքերում խոսքը գնում է սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների միջև հավասարակշռության կամ ողջամիտ հարաբերակցության ապահովման մասին:
Հետևաբար յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանն առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքի չափի նվազեցումը չի կարող նշանակել տուժանքի վճարումից ընդհանրապես ազատում: Հակառակ դեպքում տուժանքի ինստիտուտը կիմաստազրկվի և, հանդիսանալով պարտավորությունների կատարման երաշխիք, չի ծառայի իր նպատակին (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Սույն գործով վարկի գումարը և չվճարված տոկոսը տուգանային տոկոսով վճարելու՝ վարկային պայմանագրով և բանկային ծառայությունների պայմաններով սահմանված պատասխանողի պարտավորությունը Դատարանի կողմից որակվել է որպես պատասխանողի համար ակնհայտ ծանր պայման՝ հաշվի առնելով նաև, որ պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար «Բանկային ծառայությունների պայմաններով» նախատեսված են նաև տուգանքի գումարներ, իսկ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի վերոհիշյալ պատճառաբանությունը, մինչդեռ վարկային պայմանագրի և բանկային ծառայությունների պայմանների՝ միանալու պայմանագիր չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարանները չեն հիմնավորել, թե վարկային պարտավորությունների խախտման պայմաններում հաշվարկված տուժանքի չափը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին, քանի որ դատարանը կարող է պակասեցնել տուժանքի չափը, երբ կպարզվի, որ խախտված է հաշվարկված տուժանքի և պարտավորության խախտման հետևանքների միջև ողջամիտ համաչափությունը:
Նման պարագայում ստորադաս դատարանների կողմից 16.04.2013 թվականի դրությամբ հաշվեգրված 21.734,95 ԱՄՆ դոլար տուգանային տոկոսների և 17.04.2013 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվեգրվելիք տուգանային տոկոսների բռնագանձման պահանջի մերժումը Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն և ոչ իրավաչափ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված պահանջի մասով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, որի ընթացքում դատարանը պետք է քննության առարկա դարձնի վարկային պարտավորությունների խախտման պայմաններում հաշվարկված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների համաչափությունը:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313-րդ հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Վկայակոչված իրավադրույթից հետևում է, որ օրենսդիրը վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու համար սահմանել է կրճատ ժամկետ` մեկ տարի: Ընդ որում, պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ հիմքով է ներկայացվել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է բռնության կամ սպառնալիքի ազդեցության դադարման կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող այլ հանգամանքների մասին (տե՛ս, Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանն ընդդեմ Տատյանա Սաֆոնովայի թիվ ԵԱՔԴ/1240/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):
⚖ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի վելուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, և
2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:
Առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ նորմը չի կարող կիրառվել, եթե հայցվորը չի հանդիսանում այն գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում: ՀՀ վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը հիմնավորել է քննարկվող նորմի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:
Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջներին, այլ միայն այն խախտումներին, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Այս հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավանորմի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին):
Եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում: Մինչդեռ, քննարկվող հոդվածը նման կարգավորում չի նախատեսել, հետևաբար սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմությունը տարածվում է, իսկ քննարկվող նորմի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում միայն սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների վերացման պահանջների վրա: Նման իրավակարգավորումը պայմանավորված է նեգատոր հայցի առանձնահատկություններով: Մասնավորապես` նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են, ինչն էլ պայմանավորել է սեփականության իրավունքի պաշտպանության այս միջոցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման բացառումը: Այսինքն` եթե սեփականատերը կամ այլ տիրապետողը ինչ-որ ժամանակահատվածում չի պահանջել նման խախտումների վերացում, ապա դա դեռևս հիմք չէ, որպեսզի նա հետագայում ևս զրկվի այդ խախտումներից պաշտպանվելու հնարավորությունից (տե՛ս, Կարինե և Սամվել Զարգարյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/0181/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նեգատոր հայցը և վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոցներ են, ընդ որում, եթե առաջինը հանդիսանում է սեփականության իրավունքի պաշտպանության ուղղակի միջոց, անմիջականորեն բխում է այդ իրավունքից, ապա երկրորդը սեփականության իրավունքի պաշտպանության ածանցյալ եղանակ է, որը հիմնվում է ոչ թե անմիջականորեն սեփականության իրավունքի վրա, այլ բխում է քաղաքացիաիրավական այլ ինստիտուտներից, տվյալ պարագայում` գործարքի անվավերության ինստիտուտից: Վերոգրյալից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության նշված միջոցներից յուրաքանչյուրն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, ըստ այդմ` տարբեր իրավակարգավորում, հետևաբար դրանց նույնականացումն անթույլատրելի է (տե՛ս, Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանն ընդդեմ Տատյանա Սաֆոնովայի թիվ ԵԱՔԴ/1240/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ 31.10.2008 թվականին Բանկի և անչափահաս Էդգար Նազարյանի (որի անունից հանդես են եկել ծնողները՝ Գարիկ և Գայանե Նազարյանները) միջև կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ LGL 20081386 պայմանագիրը, որի համաձայն՝ սեփականության իրավունքով Էդգար Նազարյանին պատկանող Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա հասցեում գտնվող 64,5քմ մակերեսով բնակարանը գրավադրվել է Բանկում:
Էդգար Նազարյանի օրինական ներկայացուցիչներ Գարիկ և Գայանե Նազարյանները հակընդդեմ հայցադիմումը Դատարան են ներկայացրել 12.11.2013 թվականին:
Բանկը 05.12.2013 թվականին հակընդդեմ հայցադիմումի պատասխան է ներկայացրել Դատարան՝ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն և հակընդդեմ հայցը մերժել:
Դատարանը, վերոնշյալ միջնորդությունը մերժելով, նշել է, որ հակընդդեմ հայցվոր Էդգար Նազարյանը հակընդդեմ հայցի հիմքում դրել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայիով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված իր սեփականության իրավունքի խախտումը, ուստի նշված պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառվել չի կարող:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 8-րդ հոդվածի իրավակարգավորումը, համաձայն որի` ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում, պատճառաբանել է, որ երեխայի գույքային իրավունքները, ներառված լինելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ գլխում, իրավական կարգավորման տակ են վերցնում ինչպես երեխայի ապրուստի, ալիմենտի, ծնողների և երեխաների գույքի և գույքային իրավունքների տարանջատման ռեժիմների սահմանման, այնպես էլ երեխայի գույքի կառավարման` այդ թվում նաև տնօրինման, հարաբերությունները: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ հարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ ընտանեկան օրենսգրքի պահանջներին համապատասխան: Միաժամանակ հաշվի առնելով, որ նշված հարաբերությունների դատական պաշտպանության դիմելու իրավունքից օգտվելու առումով օրենսդիրն ընտանեկան օրենսդրությամբ որևէ ժամանակային սահմանափակում չի նախատեսել, Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հակընդդեմ հայցի կապակցությամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառման պահանջը չի բխում վերը ներկայացված իրավակարգավորման դրույթներից:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցով Դատարան է ներկայացվել գրավի պայմանագրի անվավերության պահանջ, որը քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող պահանջ է, քանի որ հակընդդեմ հայցի հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործարքի անվավերությունը, իրավահարաբերության հիմք է հանդիսացել քաղաքացիաիրավական գործարք հանդիսացող գրավի պայմանագիրը, իսկ գրավի պայմանագրի կողմեր են հանդիսացել Բանկը և Էդգար Նազարյանը՝ հանձինս իր օրինական ներկայացուցիչներ Գարիկ և Գայանե Նազարյանների: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջը քաղաքացիական կամ ընտանեկան հարաբերություններից բխող գնահատելու համար դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեին իրավահարաբերությունների ծագման հիմքը, սուբյեկտները, իրավական կարգավորումները: Տվյալ դեպքում ընտանեկան իրավահարաբերություններ կարող են համարվել Էդգար Նազարյանի և նրա օրինական ներկայացուցիչներ Գարիկ և Գայանե Նազարյանների միջև առկա հարաբերությունները, մինչդեռ, Էդգար Նազարյանի և Բանկի միջև ծագած գրավի իրավահարաբերությունները զուտ քաղաքացիաիրավական հարաբերություններ են, հետևաբար ներկայացված պահանջի նկատմամբ կիրառելի են հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավանորմերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցը ենթակա է մերժման, քանի որ հակընդդեմ հայցվորները բաց են թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հայցային վաղեմության մեկամյա ժամկետը, մասնավորապես՝ անշարժ գույքի գրավի պայմանագիրը կնքվել է 31.10.2008 թվականին, այն որպես օրինական ներկայացուցիչներ կնքել են հակընդդեմ հայցվորի ծնողները, որոնք գործարքի կնքման պահից պետք է իմացած լինեին իրենց երեխայի իրավունքի ենթադրյալ խախտման մասին, սակայն հակընդդեմ հայցը դատարան են ներկայացրել 12.11.2013 թվականին:
Հակընդդեմ հայցի մերժման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի փաստարկները՝ բռնագանձումը գրավի առարկա Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի նկատմամբ տարածելու վերաբերյալ:
Հակընդդեմ հայցադիմումը հայցային վաղեմության կիրառման հիմքով մերժման ենթակա լինելու պարագայում Վճռաբեկ դատարանն այլևս անհրաժեշտ չի համարում անդրադառնալ բողոքում նշված երրորդ հիմքին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Տուգանային տոկոսների հաշվեգրման և բռնագանձման, ինչպես նաև` բռնագանձումը Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի նկատմամբ տարածելու հայցապահանջների մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Հակընդդեմ հայցի մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` հակընդդեմ հայցի մասով նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործը` 16.04.2013 թվականի դրությամբ հաշվեգրված 21.734,95 ԱՄՆ դոլար տուգանային տոկոսների և 17.04.2013 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվեգրվելիք տուգանային տոկոսների բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկա Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի նկատմամբ տարածելու պահանջների մասերով, ենթակա է նոր քննության, որպիսի պարագայում նշված պահանջների մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ մասերով դատական ծախսերի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Միաժամանակ նկատի ունենալով, որ Բանկը, հակընդդեմ հայցի մասով դատական ակտերը բողոքարկելով, վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, որից 10.000 ՀՀ դրամը՝ վերաքննիչ բողոքի, իսկ 20.000 ՀՀ դրամը՝ վճռաբեկ բողոքի համար, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի կողմից հակընդդեմ հայցի մասով բերված բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով համապարտության կարգով ենթակա է հատուցման հակընդդեմ հայցով հայցվորներից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշումը. հակընդդեմ հայցի մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2014 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով այն փոփոխել. Էդգար Նազարյանի օրինական ներկայացուցիչներ Գարիկ Նազարյանի և Գայանե Նազարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի` գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել.
Քաղաքացիական գործը՝ 16.04.2013 թվականի դրությամբ հաշվեգրված 21.734,95 ԱՄՆ դոլար տուգանային տոկոսների և 17.04.2013 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվեգրվելիք տուգանային տոկոսների բռնագանձման և բռնագանձումը Էդգար Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի թիվ 17ա բնակարանի նկատմամբ տարածելու հայցապահանջների մասերով, ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Էդգար Նազարյանի օրինական ներկայացուցիչներ Գարիկ և Գայանե Նազարյաններից հօգուտ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի համապարտության կարգով բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
Տուգանային տոկոսների բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |