Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1791/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1791/02/11

2015 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Իսահակյանի և Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստանիսլավ Հովակիմյանի ընդդեմ Արտաշես Դավթյանի, Նաիրա Իսահակյանի և սնանկության գործով նախկին կառավարիչ Արման Սարգսյանի` առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու համար բռնագանձումը պատասխանողի գույքի, այդ թվում` նրա աշխատավարձի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ստանիսլավ Հովակիմյանը պահանջել է 25.07.2008 թվականի թիվ 5327 ամուսնական և 25.07.2008 թվականի թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ, այն է` դադարեցնել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը, նշված բաժնեմասի նկատմամբ վերականգնել Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը և իրեն պատճառված վնասը` 44.000.000 ՀՀ դրամը, հատուցելու համար բռնագանձումը տարածել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի վրա` ի կատարումն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ 1-15/2005 դատավճռի պահանջների, ինչպես նաև բռնագանձումը տարածել Արտաշես Դավթյանի դրամական միջոցների, այդ թվում` աշխատավարձի նկատմամբ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 11.12.2012 թվականի վճռով հայցը` 25.07.2008 թվականի թիվ 5327 ամուսնական և 25.07.2008 թվականի թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը դադարեցնելու և նշված բաժնեմասի նկատմամբ Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը վերականգնելու մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` ի կատարումն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ 1-15/2005 դատավճռի պահանջների` Ստանիսլավ Հովակիմյանին պատճառված վնասը` 44.000.000 ՀՀ դրամը հատուցելու համար բռնագանձումը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի, ինչպես նաև Արտաշես Դավթյանի դրամական միջոցների, այդ թվում` աշխատավարձի նկատմամբ տարածելու մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան) 25.04.2013 թվականի որոշմամբ Ստանիսլավ Հովակիմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.12.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործը լրիվ ծավալով ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.06.2013 թվականի որոշումներով սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի և Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) (այսուհետ` Դատարան) 11.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրի նկատմամբ մասնակիորեն` Ստանիսլավ Հովակիմյանի մասով` որպես Ստանիսլավ Հովակիմյանի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման երաշխիք` կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ 1/4 մասով դադարեցնել Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը և նշված բաժնեմասի նկատմամբ ճանաչել Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը: Թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղաքացիական գործի վարույթը` 44.000.000 ՀՀ դրամը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսները հատուցելու համար բռնագանձումը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի և Արտաշես Դավթյանի աշխատավարձի, ինչպես նաև դրամական միջոցների վրա տարածելու մասով ի կատարումն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ 1-15/2005 դատավճռի պահանջների` կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2014 թվականի որոշմամբ Նաիրա Իսահակյանի և Ստանիսլավ Հովակիմյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 11.02.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նաիրա Իսահակյանը և Ստանիսլավ Հովակիմյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 304-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստանիսլավ Հովակիմյանը Դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ վիճարկվող պայմանագրերը կեղծ են, այսինքն` կնքվել են առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածը, հաշվի չի առել, որ անվավեր գործարքը, որոնցից է նաև առոչինչ գործարքը, չի հանգեցնում իրավական հետևանքների և անվավեր է կնքման պահից: Բացի այդ, եթե ամուսնական պայմանագիրն անվավեր է, ապա այն անվավեր է ամբողջությամբ, այլ ոչ թե` Ստանիսլավ Հովակիմյանի մասով:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածը և ամուսնական պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելով, անտեսել է, որ պարտապան ամուսնու` Արտաշես Դավթյանի պարտավորությունների չկատարման համար վրա հասնող հետևանքների ծանր բեռն ըստ էության կրում է ոչ պարտապան ամուսինը (կինը)` կորցնելով իր սեփականությունը, որի արդյունքում խախտվում է որևէ պարտավորություն չունեցող անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, հանգել է սխալ հետևության, քանի որ ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագիրը չի կարող դիտարկվել նշված հոդվածի իմաստով կայացված համաձայնություն: Այսպես, կնքված ամուսնական պայմանագիրը ոչ թե պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին համաձայնություն է, այլ օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական ռեժիմից տարբերվող կարգավորում սահմանելու մասին գործարք է, ըստ որի` ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը նրա անձնական սեփականությունն է և չի կարող համարվել ընդհանուր համատեղ սեփականություն:

Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի մեկնաբանությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ այդ հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է պարտավորության մասնակիցների միջև նախապես կնքված համաձայնություններին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ արդեն իսկ օրենքի ուժով համատեղ սեփականություն ճանաչված գույքը կրկին չի կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով ճանաչվել համատեղ սեփականություն մեկ ամուսնու կողմից մյուսի բաժինը ձեռք բերելու դեպքում: Նման անտրամաբանական մոտեցման պարագայում կստացվի, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկը, օտարելով իր բաժինը, մնում է նույն գույքի սեփականատեր, ինչը հակասում է սեփականության իրավունքի և դրա` տնօրինման իրավազորության էությանը: Բացի այդ, Արտաշես Դավթյանի բաժնի դիմաց վճարված գումարն ուղղվել է հենց Արտաշես Դավթյանի պարտավորությունների մարմանը սնանկության վարույթի շրջանակներում:

Ավելին, Արտաշես Դավթյանի բաժնեմասի ձեռքբերման գործարքը կնքվել է` բացառապես վստահելով թիվ ԵՔԴ/0361/04/10 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականին կայացված որոշման վերջնականությանը, որը, սակայն, նույն դատական համակարգի մեկ այլ ատյանի կողմից անտեսվում է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2014 թվականի որոշումը»:

 

2.1 Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը, 199-րդ հոդվածի 2-րդ կետը, 201-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի նախորդ քննության փուլում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, իր 25.04.2013 թվականի որոշմամբ դատական ակտը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, հաստատված է համարել Նաիրա Իսահակյանի և սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի միջև 25.07.2008 թվականին կնքված թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առարկայի բացակայությունը, որի շրջանակներում սույն քաղաքացիական գործի նոր քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան պետք է քննարկվեր նշված պայմանագիրն օրենքի պահանջներին համապատասխանելու հարցը և հետևություն արվեր այդ պայմանագրի անվավերության հետևանքների կիրառման արդյունքում վիճելի բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կկազմեր վիճելի բնակարանի 1/2 մասը: Մինչդեռ սույն քաղաքացիական գործի նոր քննությանն առաջադրված հարցերը չեն պարզաբանվել և այդ հարցերի ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի, 304-րդ հոդվածի 1-ին կետի և 448-րդ հոդվածի 1-ին կետի համադրմամբ դատական ակտ չի կայացվել: Այսինքն` անտեսվել են նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները, որպիսի պայմաններում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցները համադրելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջներին, չնայած եզրահանգել է, որ Արտաշես Դավթյանի գործողությունները, այդ թվում` ամուսնական պայմանագիր կնքելը, ուղղված են եղել նրա կողմից Ստանիսլավ Հովակիմյանին հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելուց խուսափելուն, այնուամենայնիվ, վերականգնել է Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ ունեցած բաժնի 1/4 մասի նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ դադարեցնել Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը և այդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանն ամուսնացել են 03.04.1987 թվականին, որի վերաբերյալ տրվել է թիվ III-ՍL300927 ամուսնության վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 104):

2) 22.09.1998 թվականին տրված թիվ 022190 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Արտաշես Դավթյանի անվամբ, որի համար հիմք է հանդիսացել 02.09.1998 թվականի թիվ 1-1747 առուծախի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 11-13):

3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 1-15/2005 քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռով Արտաշես Դավթյանը և Բորիս Առաքելյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, միաժամանակ նշված դատավճռով մասնակիորեն` 44.000.000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է Ստանիսլավ Հովակիմյանի գումարի բռնագանձման մասին քաղաքացիական հայցն ընդդեմ Արտաշես Դավթյանի և Բորիս Առաքելյանի և վճռվել է Արտաշես Դավթյանից և Բորիս Առաքելյանից հօգուտ Ստանիսլավ Հովակիմյանի բռնագանձել 44.000.000 ՀՀ դրամ` դրան հաշվեգրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները (հատոր 1-ին, գ.թ. 18-41):

4) ՀՀ տնտեսական դատարանի թիվ ՏՍ-903 քաղաքացիական գործով 01.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արտաշես Դավթյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 46-47):

5) 23.10.2007 թվականին Նաիրա Իսահակյանը դիմում է ներկայացրել Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարչին, որով հայտնել է, որ ինքը հանդիսանում է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի համասեփականատեր և խնդրել է, որ նշված գույքի նկատմամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելիս հաշվի առնվի իր` գույքի ձեռքբերման նախապատվության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 10):

6) Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը 27.06.2008 թվականին «Զեկուցագիր-Միջնորդություն» է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, որով միջնորդել է թույլատրել Արտաշես Դավթյանի բաժնեմասն ուղղակի գործարքով 11.500.000 ՀՀ դրամով վաճառել Նաիրա Իսահակյանին (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

7) Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշման համաձայն` Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին թույլատրվել է պարտապանին պատկանող` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի բաժնեմասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նաիրա Իսահակյանին ոչ պակաս 11.500.000 ՀՀ դրամից` համաձայն «Պարտեր» ՍՊԸ-ի և «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման ակտերի (հատոր 1-ին, գ.թ. 48-49):

8) Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը (այսուհետ` Վաճառող), գործելով ՀՀ տնտեսական դատարանի 01.08.2007 թվականի վճռի և Երևանի քաղաքացիական դատարանի 28.06.2008 թվականի թիվ ԵՔԴ/0361/04/08 որոշման հիման վրա, վաճառում է, իսկ Նաիրա Իսահակյանը (այսուհետ` Գնորդ) ձեռք է բերում Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ ընդհանուր սեփականության իրավունքի բաժինը: Նույն պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` պայմանագրով նախատեսված գույքի արժեքը կազմել է 11.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 14-16):

9) Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանը (այսուհետ` Կողմեր) պայմանավորվել են, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերման որևէ գործարքի նկատմամբ չի տարածվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի պահանջները, և Կողմերից յուրաքանչյուրը լինելու է իր ձեռքբերած գույքի միանձնյա սեփականատերը (հատոր 1-ին, գ.թ. 104):

10) 17.09.2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 260316 վկայականի համաձայն` Նաիրա Իսականյանը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 110):

11) Երևանի քաղաքացիական դատարանի 08.08.2008 թվականի թիվ ԵՔԴ/0361/04/08 օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվել է Արտաշես Դավթյանի սնանկության գործը (հատոր 1-ին, գ.թ. 50-52):

12) Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ 25.07.2008 թվականին ամուսնական պայմանագիր կնքելու մասին Արտաշես Դավթյանը ծանուցել է Ստանիսլավ Հովակիմյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

1) Քննելով Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, բացահայտելով ամուսնական պայմանագրի դերը և նշանակությունը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

ա. արդյո՞ք ամուսնական պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի իրավանորմի իմաստով կարող է դիտարկվել որպես պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին նախապես կնքված համաձայնություն և այդ հիմքով անվավեր ճանաչվել.

բ. արդյո՞ք ամուսնության ընթացքում ամուսինների միջև կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա մի ամուսնու` մյուս ամուսնուց ձեռք բերված գույքի նկատմամբ կարող է գործել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված համատեղ սեփականության իրավական ռեժիմն ընդհանրապես, և մասնավորապես, այն դեպքում, երբ այդպիսի պայմանագրի կնքումն ամուսիններից մեկի համար կրել է պարտադիր բնույթ:

 

ա. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` ամուսնական պայմանագիրն ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականություններն ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն` գործարքների անվավերության մասին քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, դրա փոփոխման կամ լուծման մասին: Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ամուսնական պայմանագիրը գործարք է, որն ունի առանձնահատուկ սուբյեկտային կազմ և կարգավորման առարկա: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել բացառապես ամուսնացող կամ արդեն իսկ ամուսնացած անձանց միջև` համապատասխանաբար ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է: Մասնավորապես, կնքելով նման պայմանագիր, ամուսինները կարող են փոփոխել համատեղ սեփականության օրենքով սահմանված ռեժիմը` նախատեսելով ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի նկատմամբ ամուսինների բաժնային կամ յուրաքանչյուրի անհատական սեփականության իրավունքը: Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նաև որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտների ստեղծմանը մասնակցելու, նրանցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսերը հոգալու կարգը:

Վերը շարադրվածը վկայում է ամուսնական պայմանագրի կարգավորիչ գործառույթի մասին: Ամուսնական պայմանագիրը, սակայն, իրականացնում է ոչ միայն կարգավորիչ, այլև` ապահովող գործառույթ: Ամուսնական պայմանագրի ապահովող գործառույթը նախ և առաջ արտահայտվում է ամուսիններից յուրաքանչյուրի գույքային ինքնուրույնության երաշխավորմամբ, որը հատկապես կարևորվում է քաղաքացիական շրջանառությանը մասնակցելիս, ինչպես նաև ամուսնության լուծման դեպքում:

Միևնույն ժամանակ օրենսդիրը, ելնելով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների հավասարության սկզբունքից, նկատի ունենալով հասարակական հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև հաշվի առնելով, որ ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրի մոտ կարող են ծագել պարտավորական իրավահարաբերություններ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածով նպատակ է հետապնդել պաշտպանելու պարտատերերի գույքային իրավունքներն ու օրինական շահերը` սահմանելով, որ ամուսնական պայմանագրի կնքման, փոփոխման կամ լուծման մասին պարտապան ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտապան ամուսնու կողմից ամուսնական պայմանագրի կնքման, փոփոխման կամ լուծման (դրանց բովանդակության) մասին պարտատիրոջ ծանուցումը կարևոր երաշխիք է վերջինիս շահերի պաշտպանության առումով, քանի որ այդպիսի պայմանագրի կնքման, փոփոխման կամ լուծման հետևանքով կարող է արմատապես փոփոխվել ամուսինների գույքի իրավական ռեժիմը, արդյունքում նաև` պարտապան ամուսնու գույքային դրությունը, որն իր հերթին կանդրադառնա պարտավորության կատարման ընթացքի վրա:

Պարտապան ամուսնու կողմից ամուսնական պայմանագրի կնքման, փոփոխման կամ լուծման մասին պարտատիրոջը չծանուցելու դեպքում նա պատասխանատվություն է կրում պարտատիրոջ առջև` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից, ինչը նշանակում է, որ շարունակում է գործել մինչև նման պայմանագրի կնքումը, փոփոխումը կամ լուծումն ամուսինների միջև գործող գույքային ռեժիմը:

Ինչպես արդեն նշվեց, ամուսնական պայմանագիրը գործարք է, հետևաբար օրենսդրի կողմից ամրագրվել է կանոն առ այն, որ ամուսնական պայմանագրի նկատմամբ գործում են գործարքների անվավերության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պարտապան ամուսնու կողմից պարտատիրոջն ամուսնական պայմանագրի կնքման, փոփոխման կամ լուծման (դրանց բովանդակության) մասին չծանուցելու հանգամանքն ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմք չէ, այլ հանգեցնում է այլ իրավական հետևանքների առաջացման, մասնավորապես` իրավունք է վերապահում պարտատիրոջը պահանջել պարտապան ամուսնուց կատարելու իր պարտավորությունները` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:

Սույն գործով Դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի և 417-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառմամբ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրն Արտաշես Դավթյանի մասով առոչինչ ճանաչելով, նշել է. «…Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից, ինչը Դատարանի գնահատմամբ հանգեցնում է նշված պայմանագրի` որպես պատասխանատվությունից խուսափելու վերաբերյալ համաձայնության առոչնչության, որից էլ հետևում է, որ Արտաշես Դավթյանը` որպես պարտապան պատասխանատու է իր գույքով, որը դրսևորվում է վիճելի գույքի 1/4 բաժնեմասում»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամուսնական պայմանագիրը կնքվել է վերջիններիս ամուսնության այն ընթացքում, երբ Արտաշես Դավթյանն ունեցել է դրամական պարտավորություններ, բացի այդ, պայմանագրից հետո վերջինս շարունակել է բնակվել և մինչ օրս էլ հաշվառված է տվյալ բնակարանում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանն ամուսիններ են, ամուսնացել են 03.04.1987 թվականին: 02.09.1998 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1-1747 պայմանագրով Արտաշես Դավթյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանը, որի համար տրվել է 22.09.1998 թվականի թիվ 022190 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 1-15/2005 քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Արտաշես Դավթյանը և Բորիս Առաքելյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված դատավճռով մասնակիորեն` 44.000.000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է Ստանիսլավ Հովակիմյանի գումարի բռնագանձման մասին քաղաքացիական հայցն ընդդեմ Արտաշես Դավթյանի և Բորիս Առաքելյանի և վճռվել է Արտաշես Դավթյանից և Բորիս Առաքելյանից հօգուտ Ստանիսլավ Հովակիմյանի բռնագանձել 44.000.000 ՀՀ դրամ` դրան հաշվեգրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

ՀՀ տնտեսական դատարանի 01.08.2007 թվականի թիվ ՏՍ-903 օրինական ուժի մեջ մտած վճռով Արտաշես Դավթյանը ճանաչվել է սնանկ: Նաիրա Իսահակյանը, դիմելով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարչին, հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի համասեփականատերն է և խնդրել է, որ նշված գույքի նկատմամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելիս հաշվի առնվի իր` գույքի ձեռքբերման նախապատվության իրավունքը:

Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ թույլատրվել է Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին պարտապանին պատկանող, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի բաժնեմասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նաիրա Իսահակյանին ոչ պակաս 11.500.000 ՀՀ դրամից` համաձայն «Պարտեր» ՍՊԸ-ի և «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման ակտերի:

25.07.2008 թվականին կնքված թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը Նաիրա Իսահակյանին վաճառել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: Նշված պայմանագրի հիման վրա վիճելի բնակարանի նկատմամբ 17.09.2008 թվականին կատարվել է Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրով Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանը պայմանավորվել են, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերման որևէ գործարքի նկատմամբ չեն տարածվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի պահանջները, և կողմերից յուրաքանչյուրը լինելու է իր ձեռք բերած գույքի միանձնյա սեփականատերը:

Սույն գործով հայցվորը, որպես գործարքների առոչնչության իրավական հիմք, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը և 417-րդ հոդվածի 4-րդ կետը:

Վերը նշված իրավական վերլուծությունների հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ 1-15/2005 քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա Արտաշես Դավթյանի և Ստանիսլավ Հովակիմյանի միջև ծագել են պարտավորական իրավահարաբերություններ: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց պարտապան ամուսնու` Արտաշես Դավթյանի կողմից իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, ամուսնական պայմանագրի կնքման մասին ծանուցելու մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտաշես Դավթյանը պատասխատվություն է կրում պարտատիրոջ` Ստանիսլավ Հովակիմյանի առջև` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից: Այսինքն` ամուսնական պայմանագրի դրույթները, որոնցով փոփոխվել է ամուսինների գույքային ռեժիմը, կիրառելի չեն Ստանիսլավ Հովակիմյանի և Արտաշես Դավթյանի միջև ծագած պարտավորական իրավահարաբերությունների նկատմամբ և չեն առաջացնում որևէ իրավական հետևանք (ամուսնական պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու), բացառությամբ այն հետևանքի, որն իրավունք է վերապահում պարտատիրոջը պահանջել պարտապան ամուսնուց կատարելու իր պարտավորություններն անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:

Միաժամանակ անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման հիմքով 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրն առոչինչ ճանաչելուն` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն` գործարքների անվավերության մասին քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին նախապես կնքված համաձայնությունն առոչինչ է:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք են պայմանագրերը, վնաս պատճառելը (դելիկտային պարտավորություններ) և օրենքով նախատեսված դեպքերում ծագած այլ հիմքերը: Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով պարտավորությունը պատշաճ կատարելու պարտապանի պարտականությունը, միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանել է, որ համաձայնությունը, որը վկայում է պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվության վերացման կամ սահմանափակման մասին, առոչինչ է:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով պարտավորական իրավահարաբերությունների բնույթը, դրա սուբյեկտային կազմը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը կարգավորում է անմիջականորեն պարտապանի և պարտատիրոջ փոխհարաբերությունները: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված դրույթով օրենսդիրն ըստ էության ամրագրել է հստակ իրավական հետևանք նախապես կնքված այնպիսի համաձայնության վերաբերյալ, որը վերացնում կամ սահմանափակում է պարտապանի և պարտատիրոջ միջև արդեն իսկ ծագած պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը: Օրենսդիրը նման համաձայնությունը կնքման պահից ճանաչում է առոչինչ:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով նախատեսված համաձայնությունը կարող է կնքվել բացառապես պարտավորության կողմերի` պարտապանի և պարտատիրոջ միջև, այլ ոչ թե նրանցից յուրաքանչյուրի և երրորդ անձի միջև:

Սույն գործով 14.11.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա պարտավորական իրավահարաբերությունները ծագել են պարտապան Արտաշես Դավթյանի և պարտատեր Ստանիսլավ Հովակիմյանի միջև:

25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրով Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանը կարգավորել են ամուսնության ընթացքում իրենց գույքային դրությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրով, ըստ էության,

ա. համաձայնություն է կնքվել ամուսինների միջև, որոնցից միայն մեկն է պարտավորական իրավահարաբերությունների սուբյեկտ` պարտապան ամուսին Արտաշես Դավթյանը, և

բ. համաձայնությունը կնքվել է ամուսինների գույքային իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որն իր հերթին կարգավորում է նրանց միջև առկա ամուսնաընտանեկան իրավահարաբերությունները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով պարտավորության կողմերի միջև նախապես կնքված պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնող կամ սահմանափակող համաձայնություն չէ, որպիսի պայմաններում ամուսնական պայմանագիրն այդ հիմքով չի կարող առոչինչ ճանաչվել, մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով վերոգրյալը, կողմերի հարաբերությունների սխալ իրավական գնահատման արդյունքում սխալ եզրահանգման են եկել նաև ամուսնական պայմանագրի` մասնակի առոչինչ լինելու վերաբերյալ:

 

բ. Երկրորդ հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում` ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե´ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Վերը նշված հոդվածի իմաստով բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը (տե´ս, Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Սաղումյանի և այլոց թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2006 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումներն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսանալու և այդ հարցում առկա բացառությունների վերաբերյալ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ և իրավական դիրքորոշում արտահայտել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք ամուսինների միջև առուվաճառքի իրավահարաբերությունների պարագայում կարող է գործել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Վկայակոչված սկզբունքների հռչակումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ: Ամրագրելով քաղաքացիական իրավահարաբերությունների հիմնարար, ելակետային դրույթները` օրենսդիրը նպատակ է հետապնդել առավելագույնս երաշխավորելու քաղաքացիական իրավահարաբերությունների բնականոն ընթացքը և շարունակական զարգացումը` միաժամանակ երաշխավորելով նաև այդ հարաբերությունների կայունությունը, խթանելով շուկայական տնտեսության ամրապնդումը:

Վերը նշված սկզբունքների դրսևորումներից է այն, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցները սեփական հայեցողությամբ են ընտրում միմյանց, ինչպես նաև ընտրում այն իրավահարաբերության տեսակը, որը ցանկանում են ծավալել միմյանց հետ փոխհարաբերություններում: Ընդ որում, նրանք կարող են կատարել օրենքով չարգելված ցանկացած գործողություն, ինչպես նաև կնքել ցանկացած գործարք:

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթները, արձանագրում է, որ գործող իրավակարգավորումը որևէ արգելք չի նախատեսում ամուսինների միջև առուվաճառքի իրավահարաբերությունների ծագման առումով: Հետևաբար ամուսինները, որպես քաղաքացիական շրջանառության մասնակիցներ, ղեկավարվելով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներով, կարող են ազատորեն միմյանց միջև առաջացնել առուվաճառքի հարաբերություններ համապատասխան գործարքի կնքմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առուվաճառքի պայմանագիրն այն իրավական միջոցն է, որն ապահովում է ապրանքադրամական փոխանակության իրականացումը: Նշված պայմանագիրը կնքվում է գույքը սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով, ընդ որում` գույքը փոխանցվում է դրամական հատուցմամբ: Առուվաճառքի պայմանագրի առանձնահատկությունն այն է, որ վաճառողը, վաճառելով իրեն սեփականության իրավունքով պատկանող որևէ ապրանք, իսկ գնորդը, դրամական հատուցմամբ գնելով այն, երկուստեք դադարեցնում են իրենց սեփականության իրավունքը համապատասխանաբար ապրանքի և դրամական միջոցների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով առուվաճառքի իրավահարաբերությունների` վերը նշված առանձնահատկությունը, գտնում է, որ այն դեպքում, երբ նման հարաբերություններ ծավալվում են ամուսինների միջև, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող: Հակառակ պարագայում խաթարվում է քաղաքացիական շրջանառության և մասնավորապես` առուվաճառքի բուն էությունը: Այսպես, գույքը վաճառող ամուսինը, վաճառելով իր գույքը և ստանալով դրա դիմաց փոխհատուցում և միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա դառնալով վաճառված գույքի համասեփականատեր, ըստ էության, կշարունակի մնալ իր իսկ կողմից օտարված գույքի սեփականատեր, և, ընդհակառակը, գույքը գնած ամուսինը, դառնալով առուվաճառքի առարկայի սեփականատեր, միաժամանակ կշարունակի մնալ իր իսկ կողմից վճարված դրամական միջոցների սեփականատեր` նկատի ունենալով, որ գործող իրավակարգավորումների համաձայն` դրամը ևս գույք է և կարող է ներառվել ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում (տե'ս, Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Մինչդեռ նման մոտեցումն առուվաճառքի իրավահարաբերություններում անթույլատրելի է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քաղաքացիական օրենսդրությունը, հիմնվելով կողմերի կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության սկզբունքների վրա, այդուհանդերձ, որոշակի իրավահարաբերությունների շրջանակներում նախատեսել է պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականություն: Պարտադիր կարգով պայմանագրի կնքումը կախված չէ կողմի կամ կողմերի ազատ կամահայտնությունից: Դրա կնքումը պարտադիր է կամ մեկ կամ երկու կողմի համար: Պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականությունը կարող է անմիջականորեն բխել օրենքից:

Վերը նշվածը հատկապես դրսևորվում է սնանկության վարույթի շրջանակներում: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը նույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո կառավարիչը ձեռնամուխ է լինում վերջինիս գույքի հարկադիր վաճառքին: Ընդ որում, վաճառքը կարող է իրականացվել կամ հրապարակային սակարկությունների միջոցով, կամ ուղղակի եղանակով: Այդպիսի վաճառքի արդյունքում ստացված միջոցները սնանկության վարույթի շրջանակներում բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Վերը շարադրվածից հետևում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը սնանկ է ճանաչվել, և նրա լուծարման վարույթի շրջանակներում կառավարիչը հարկադիր կարգով իրականացնում է վերջինիս պատկանող գույքի վաճառք, այդ կապակցությամբ կնքվող պայմանագրերը չեն կարող լինել սնանկ ճանաչված ամուսնու ազատ կամահայտնության արդյունք և վերջինիս համար կրում են պարտադիր բնույթ: Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ այդպիսի պայմանագրերի նկատմամբ ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող, ինչը մի կողմից բխում է վերը շարադրված պատճառաբանություններից, մյուս կողմից պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկություններով: Այսպես, սնանկության վարույթի շրջանակներում պարտապան ամուսնու գույքը մյուս ամուսնուն վաճառելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը կիրառելու արդյունքում կստացվի, որ պարտապան ամուսինը ձեռք է բերում որոշակի գույք, որը ևս պետք է ընդգրկվի սնանկության վարույթի շրջանակներում վերջինիս գույքային զանգվածում և կրկին պետք է հարկադիր կարգով իրացվի, ինչը հակասում է այս գործընթացի տրամաբանությանը: Մյուս կողմից` ոչ պարտապան ամուսինն է համատեղ սեփականության իրավունք ձեռք բերում պարտապան ամուսնու գույքի հարկադիր վաճառքից ստացված դրամական միջոցների նկատմամբ և կարող է ներկայացնել որոշակի հավակնություններ, ինչն էլ կարող է իր հերթին հանգեցնել պարտատերերի իրավունքների խախտման: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նկատառումով պետք է բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի կիրառումն այն դեպքում, երբ սնանկ ճանաչված ամուսնուն սեփականության իրավունքով պարտականող գույքը հարկադիր կարգով վաճառվում է մյուս ամուսնուն:

Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արման Սարգսյանը վաճառել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ առուվաճառքի արդյունքում Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել համատեղ սեփականություն հանդիսացող գույքի` Արտաշես Դավթյանի 1/2 բաժնեմասը, ըստ որի նույնպես հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը` Նաիրա Իսահակյանի կողմից ձեռք բերված գույքի 1/2 բաժնեմասի 1/4 բաժնեմասը համարվում է Արտաշես Դավթյանի սեփականությունը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, համաձայնել է Դատարանի վերը նշված եզրահանգմանը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշես Դավթյանն ամուսնական պայմանագրի մասին չի ծանուցել իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պայմանագրի դրույթները ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կիրառելի չեն վերջիններիս հարաբերություններում: Միաժամանակ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 25.07.2008 թվականի պայմանագրով ամուսիններ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, մասնավորապես` Արտաշես Դավթյանը դրամական հատուցման դիմաց օտարել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված պայմանագրի կնքումն Արտաշես Դավթյանի համար կրել է պարտադիր բնույթ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինիս պատկանող գույքը հարկադիր կարգով օտարվել է սնանկության վարույթի շրջանակներում` դատարանի համապատասխան որոշման և սնանկության կառավարչի կողմից կնքված պայմանագրի հիման վրա:

Ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների դեպքում, և մասնավորապես, սնանկության վարույթի շրջանակներում նման իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության վերաբերյալ վերը նշված դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտաշես Դավթյանը նշված առուվաճառքի պայմանագրի կնքմամբ դադարեցրել է իր համատեղ սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ և նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմն իրավահարաբերության նման տեսակում կիրառելի չէ, վերջինս չէր կարող 1/2 բաժնեմասով սեփականության իրավունք ձեռք բերել իր իսկ կողմից օտարված գույքի նկատմամբ` մնալով այդ գույքի 1/4 մասի սեփականատեր: Մինչդեռ ստորադաս դատարաններն առուվաճառքի ինստիտուտի էության սխալ բացահայտման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ինչն ազդել է նաև գործի ելքի վրա:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է բավարարման:

 

4.2 Քննելով Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին մասը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)` առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում հավանաբար կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե′ս, նաև Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի որոշումը` կետ 34)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երևակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երևակայական կամ անիրական իրավունքներ և ազատություններ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ և ազատություններ: Այսինքն` իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը:

Միևնույն ժամանակ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Ավելին, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված հոդվածով, օրենսդիրը, նախատեսելով առուվաճառքի պայմանագրի պարտադիր կնքման դեպք, այդպիսի պայմանագրի կնքումը բացառապես պայմանավորել է դատարանի կողմից պարտապանի գույքի հարկադիր վաճառքը թույլատրելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին որոշման կայացման հանգամանքով: Ընդ որում, նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի այդպիսի որոշումը պետք է դրույթներ բովանդակի օտարման ենթակա գույքի, այսինքն` պայմանագրի առարկայի, դրա վաճառքի գնի և հնարավոր գնորդի վերաբերյալ:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է դատարանի որոշման հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիր, դատարանները պարտավոր են ղեկավարվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափության կանխավարկածով` բավարարվելով միայն պայմանագրում և դատական շարադրված դրույթների` առուվաճառքի առարկայի և գնի վերաբերյալ, համապատասխանության ստուգումով:

Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ: Սնանկության վարույթի շրջանակներում 28.06.2008 թվականին Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա թույլատրվել է Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին պարտապանին պատկանող` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի բաժնեմասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նաիրա Իսահակյանին ոչ պակաս 11.500.000 ՀՀ դրամից` համաձայն «Պարտեր» ՍՊԸ-ի և «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման ակտերի:

Ի կատարումն նշված որոշման` այդ որոշման եզրափակիչ մասում շարադրված առուվաճառքի առարկայի և գնի վերաբերյալ պայմաններին համապատասխան` 25.07.2008 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5328 պայմանագիրը, որի հիման վրա 17.09.2008 թվականին Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Հաշվի առնելով վերը նշված իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Իսականյանի` սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքում ընկած է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որպիսի պայմաններում վերջինս ունեցել է բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այդ դատական ակտի իրավաչափ լինելուն, որն իր հերթին ուղղված է եղել նրա համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, այն է` վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ծագմանը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 28.06.2008 թվականի թիվ ԵՔԴ/0361/04/08 օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում 25.07.2008 թվականի թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներն ըստ էության առարկայազուրկ են` նկատի ունենալով, որ նշված պայմանագրի կնքումն ուղղված է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը, հակառակ պարագայում` կասկածի տակ կդրվի օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտը, ինչն իր հերթին կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ստանիսլավ Հովակիմյանի հայցը մասնակիորեն բավարարելով` ստորադաս դատարանների կողմից անտեսվել է Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որի հետևանքով խախտվել է նաև Նաիրա Իսահակյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

Այսպիսով, Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ստանիսլավ Հովակիմյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարվել է օրենքով սահմանված 40.000 ՀՀ դրամ պետական տուրքը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ բավարարվել է Նաիրա Իսահակյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:

Սույն գործով նկատի ունենալով, որ Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքը` բավարարման, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքրի 73-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Իսահակյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի չվճարված և հետաձգված պետական տուրքի գումարը` 40.000 ՀՀ դրամը, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Ստանիսլավ Հովակիմյանից: Միաժամանակ Ստանիսլավ Հովակիմյանից հօգուտ Նաիրա Իսահակյանի ենթակա է բռնագանձման վերջինիս կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Ստանիսլավ Հովակիմյանի հայցը` 25.07.2008 թվականի թիվ 5327 ամուսնական և 25.07.2008 թվականի թիվ 5328 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, նշված բաժնեմասի նկատմամբ Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով, մերժել:

2. Ստանիսլավ Հովակիմյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ստանիսլավ Հովակիմյանից հօգուտ Նաիրա Իսահակյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան